Դիտորդների խումբ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնում է հասարակական դիտորդների խումբը: Հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ) պահվող անձանց (այսուհետ՝ ազատազրկվածներ), ինչպես նաև քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների և ազատությունների պահպանման խնդիրներով զբաղվող վերահսկող մարմին է:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը գործում է 2005 թվականից՝ ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով։
Կարգի համաձայն՝ հասարակական դիտորդական խմբի գործունեությունը նպատակաուղղված է ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկմանը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավմանը, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական օրենսդրության մեջ փոփոխություններով և լրացումներով հանդես գալուն: