Անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի վարչական կամ դատական կարգով բողոքարկելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և նրա պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները (անգործությունը):
Վարչական կարգ
Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին կամ վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:
Վարչական բողոքը կարող է բերվել`
- վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
- վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
- վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 3 ամսվա ընթացքում.
- գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Վարչական բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում ակտը դառնում է անբողոքարկելի, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոքարկման ժամկետը բաց թողնելը ճանաչվում է հարգելի և վերականգնվում է: Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:
Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ):
Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:
Վարչական բողոքը ներկայացվում է գրավոր, որը պետք է պարունակի. - այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է բողոքը. - բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
- բողոքարկման առարկան.
- բողոք բերողի պահանջը.
- բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
- բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
- բողոք բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:
Բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է բողոքը վարչական մարմնում մուտքագրելու օրը:
Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, հարգելի չի ճանաչվել:
Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ`
- օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
- այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով:
Քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝ - բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ. - մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։
Քննարկելով վարչական մարմնի գործողությունների դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի գործողությունները բողոքարկվել են, իրավասու է՝
- բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ ճանաչելով բողոքարկվող գործողությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրավաչափ և դադարեցնելով տվյալ գործողությունը, եթե բողոքի վերաբերյալ դիմում ընդունելու պահին այն շարունակվել է.
- մերժելու բողոքը՝ գործողության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։ Քննարկելով վարչական մարմնի անգործության դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի անգործությունը բողոքարկվել է, իրավասու է՝
- բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն և կատարելու հայցվող գործողությունը համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն.
- մերժելու բողոքը՝ անգործության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։
Դատական կարգ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և նրա պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`
1. խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`
- խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
- չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2. նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3. նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Այն դեպքում, երբ վարչական ակտը բողոքարկվել է վարչական և դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության, որի դեպքում վարչական մարմնում հարուցված վարույթը կարճվում է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք
ՀՀ օրենքը վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին