Ո՞վ կարող է դիմել նոտարի որակավորման ստուգման համար
Նոտարի որակավորման ստուգման (այսուհետ՝ որակավորման ստուգում) համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
1. անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝
2. ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝
3. չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Դիմորդը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում`
1. դիմում. 2. 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.
3. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրանց պատճենները (բնօրինակը վերադարձվում է անձի ինքնությունը ստուգելուց հետո).
4. բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.
5. նոտարական գործունեության ստաժավորում անցած լինելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը, որում պետք է նշված լինեն ստաժավորման ժամկետի սկիզբը և վերջը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները, վերապատրաստման դասընթացներ անցած լինելու հանգամանքը և վերապատրաստման դասընթացների ժամերի քանակը, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված ստաժավորումը, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու պատրաստ է հանձնել որակավորման քննությունները և (կամ) իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի վկայական.
6) որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի անդորրագիրը:
Որքա՞ն է կազմում պետական տուրքի չափը
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման համար պետական տուրքը կազմում է 20000 (քսան հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005163622:
Ի՞նչ կարգով և փուլերով է իրականացվում որակավորումը
Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով և դռնբաց: Որակավորման ստուգման ընթացակարգի աշխատանքներին հետևելու համար կարող են հրավիրվել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ:
Որակավորման ստուգումն անցկացվում է երեք փուլով՝ թեստավորում, գործնական խնդիրների լուծում և հարցազրույց:
Թեստերը կազմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Թեստերի նմուշը ոչ ուշ, քան թեստավորումն անցկացվելուց տասն օր առաջ հրապարակվում է www.azdarar.am և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքերում: Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր: Ըդ որում, յուրաքանչյուր դիմորդի թեստը բաղկացած է 100 հարցից, որոնց լուծման համար դիմորդին տրվում է երկու ժամ ժամանակ: Թեստավորման փուլի ժամանակ դիմորդներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել և օգտվել տպագիր կամ ձեռագիր նյութերից, տեխնիկայի, հեռահաղորդակցության միջոցներից:Թեստավորման փուլի արդյունքների մասին դիմորդը պատշաճ ձևով տեղեկացվում է ոչ ուշ, քան թեստավորման փուլի ավարտին հաջորդող մեկ ժամվա ընթացքում:
Գործնական խնդիրների լուծման փուլում դիմորդի գիտելիքների ստուգման նպատակով նրան տրվում են նոտարական գործողություններին առնչվող խնդիրներ: Խնդիրները լուծելիս դիմորդն իրավունք ունի օգտվելու ձեռագիր ու տպագիր նյութերից և համակարգչային տեխնիկայից: Դիմորդին արգելվում է օգտվել հեռահաղորդակցության միջոցներից:Խնդիրների լուծման փուլի ժամանակ դիմորդներին լուծելու համար տրվում է տասը խնդիր, յուրաքանչյուրը՝ տասը միավոր: Խնդիրները լուծելու համար տրվում է չորս ժամ: Դիմորդը գործնական խնդիրների լուծման փուլի արդյունքների մասին պատշաճ ձևով տեղեկացվում է ոչ ուշ, քան գործնական խնդիրների լուծման փուլի ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:
Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում գործնական խնդիրների լուծումից առնվազն ութսունհինգ միավոր հավաքած դիմորդները: Դիմորդների հետ հարցազրույց անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ՝ հարցազրույցին կարող են ներկա գտնվել նաև այլ անձինք: Հարցազրույցի փուլը հաղթահարած են ճանաչվում այն դիմորդները, որոնց բարոյահոգեբանական տվյալները բավարար են պետության անունից հանդես գալու և նոտարական գործողություններ ու ծառայություններ իրականացնելու համար: Հարցազրույցի արդյունքների մասին դիմորդը պատշաճ կերպով տեղեկացվում է հարցազրույցի փուլի ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:
Ի՞նչ կարգով է իրականցվում ստուգման արդյուքների բողոքարկումը
Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կարգով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատական կարգով՝ դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:
Նոտարներիի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 789-Ն որոշմամբ, որը վերախմբագրվել է ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1463-Ն որոշմամբ:
Հրապարակվում է նոտարների որակավորման ստուգման թեստերի նմուշը (2016)