Հայտարարություն՝ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Իրավական վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածություններ առաջադրելու վերաբերյալ

27/08/2018

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի պայմանագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովում կողմերի հավասար ներկայացվածության սկզբունքի համաձայն՝ նախատեսվում է, որ ԵՏՀ Իրավական վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: Նշված գործընթացի անաչառությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ԵՏՀ Իրավական վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացնել թեկնածություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) ԵՏՄ անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացիություն,

բ) ռուսերենի գերազանց իմացություն,

գ) համապատասխան մասնագիտական որակավորում և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,

դ) բարձրագույն իրավաբանական կրթություն,

ե) անդամ պետությունների համապատասխան ոլորտի՝ Միության իրավունքի մաս կազմող օրենսդրության և միջազգային պայմանագրերի իմացություն,

զ) անդամ պետություններում օրենսդրության կիրառման պրակտիկայի և առաջատար միջազգային փորձի իմացություն,

է) պաշտոնական պարտականություններին համապատասխանող հատուկ գիտելիքների իմացություն,

ը) կառավարչական հմտություններ, տեղեկատվական և վերլուծական նյութերի պատրաստման, գիտավերլուծական աշխատանքի հմտություններ, ինչպես նաև գործարար բանակցությունների վարման և նամակագրության հմտություններ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2018 թվականի օգոստոսի 30-ի ժամը 13:00-ն:

Վերոնշյալ պահանջներին բավարարող անձինք կարող են իրենց տվյալները (CV) ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ international@moj.am.