«Ազատությունից զրկելու մեխանիզմների առումով մենք պետք է ունենանք չափազանց մեծ հստակություն և որոշակիություն». Արման Թաթոյան

31/07/2014

 Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Հայաստանից ստացված դիմումների ու նաև դրանց հիման վրա մեր երկրի դեմ կայացված վճիռների մի ստվար մասը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին ազատությունից զրկելու դեպքերին: ՄԻԵԴ- ի պահանջով ՀՀ օրենսդրության մեջ պետք է սահմանվեն անձին ազատությունից զրկելու` բերման ենթարկելու, ձերբակալելու, հստակ կարգավորումներ, այդ թվում նաև` ժամանակային սահմանափակումներ:  Նոր Քրեական դատավարության օրենսգրքում փորձ է արվել ներառել Եվրոպական դատարանի և եվրոպական այլ կառույցների այդ պահանջները: Արդյունքում՝ օրենսգրքի նախագծում առկա են նոր հասկացություններ ու կարգավորումներ, որոնք նախկինում չեն եղել ՀՀ քրեական ու քրեադատավարական օրանսդրություններում: Ուստի՝ ՄԻԵԴ-ի վճիռներին ու դրանց կատարմանը նվիրված շարքի հերթական հրապարակումը «Փաստինֆո»-ն որոշեց նվիրել հենց այդ նոր հասկացությունների բացահայտմանը: Որքանո՞վ այս նոր կարգավորումները թույլ կտան կանխարգելել անձին ազատությունից զրկելու պարագայում նրա իրավունքների հնարավոր խախտումները: Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ Արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանի հետ: 

- Այսօր դատական, հատկապես` հասարակական հնչեղություն ստացած գործերով նիստերում խնդիր է դարձել նիստին ներկաների պահվածքը, վերաբերմունքը դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ: Այս առումով ի՞նչ նոր լուծումներ է առաջարկում նոր Քրեական դատավարության օրենսգիրքը:

 - Այո', լինում են դեպքեր, երբ վարույթի մասնակիցների կողմից դրսևորվում են իրավունքի չարաշահումների կամ պարտականությունները չկատարելու դեպքեր, և վարույթ իրականացնող մարմինը պետք է դրան ողջամտորեն արձագանքելու հնարավորություն ունենա, որը պետք է նաև համաչափ լինի վարույթի մասնակցի համապատասխան վարքագծին, հետևանքներին: Գործող ՔԴՕ-ն ունի որոշակի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս կանխարգելել, արգելել ոչ իրավաչափ վարքագիծը, բայց դրանք համակարգային լուծումներ չեն պարունակում: Օրինակ` մինչդատական փուլերի առումով մենք չունենք որևէ կարգավորում, և այս առումով խնդրահարույց է դառնում այդ համապատասխան անձանց վարքագծի ապահովումը: Իհարկե', պետք է լինեն նաև համակարգային կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն հենց պատական մարմիններին,այսինքն` վարույթն իրականացնող մարմինները նույնպես պետք է դրսևորեն համապատասխան վարքագիծ: Քանի որ գործող ՔԴՕ-ում առկա լուծումները, մասնավորապես` խոսքը վերաբերում է հենց դատական սանկցիաներին, հատվածական են, ըստ էության, և ամբողջությամբ չեն ներառում քրեական դատավարության բոլոր փուլերը և այդ առումով նաև չեն հավակնում լուծելու քրեական դատավարության  առջև ծառացած համակարգային խնդիրները, Քրեական դատավարության  նոր օրենսգրքի նախագծում խնդիր դրվեց հիմնարար լուծում տալու այս հարցին, և առաջնահերթ նախագծում սահմանվեց մի սկզբունք, որը կոչվում է «ոչ իրավաչափ վարքագծի արգելքը», այսինքն` նախատեսվում է, որ արգելվում է իրավունքների չարաշահում, որը կարող է հանգեցնել անձի իրավունքների կամ արդարադատության շահերի վնասման:   Ընդ որում, նախատեսվում է հիմնարար պարտականություն վարույթի մասնավոր մասնակիցների կամ վարույթին օժանդակող անձանց համար իրենց իրավունքներից օգտվելու կամ պարտականությունները կատարելու բարեխղճորեն: Իսկ թե ովքեր են վարույթի մասնավոր մասնակիցները կամ օժանդակող անձինք, հստակ սահմանվում է նախագծով. վարույթի մասնավոր մասնակիցներ են մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, նրա պաշտպանը, տուժողը, գույքային պատասխանողը, նրանց օրինական ներկայացուցիչները և լիազոր ներկայացուցիչը:  Վարույթին օժանդակող անձինք են համարվում վկան, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, ընթերական, և այս առումով այս սուբյեկտները նույնպես պարտավոր են համապատասխան վարքագիծ դրսևորել:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում: