ՄԻԵԴ դիմելու ժամկետը կարող է կրճատվել երկու ամսով. Եվրոպական կոնվենցիայում համապատասխան փոփոխություններ նախատեսող բանաձևը քննարկվում է. Փաստինֆո
09/09/2014
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Հայաստանից ստացված գանգատների, դրանցով կայացված վճիռների և դրանց կատարման ընթացքի մասին «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է ՀՀ Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը:
- Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ-ն, այսպես ասենք, համագործակցում է ԵԴ-ի հետ: Այս տարիների ընթացքում ի՞նչ ունենք և ի՞նչ դեռ պիտի անի ՀՀ-ն, որպեսզի Եվրոպայում շատ վատ երկրի տպավորություն չթողնի:
- 2002թ. ապրիլի 26-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն դարձավ: Այդ ժամանակից ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեցան դիմել ԵԴ: Առաջին վճիռը ՀՀ-ի դեմ, որ կայացվեց, 2007թ. էր, և առ այսօր մենք ունենք ՀՀ վերաբերյալ կայացված 49 վճիռ: Ասեմ, որ 2002 թվականից մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը մենք ունեցել ենք ավելի քան 2000 գանգատ, որոնցին շուրջ կեսը ԵԴ կողմից հանվել են քննությունից:
ԵԴ գանգատների թիվը, վճիռների քանակը, ըստ էության, կարևոր են այնքանով, որ պետությունը նախ տեսնի, թե ինչ խնդիր ունի իրավական դաշտում և պրակտիկայում, և երկրորդը` ինչ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի նմանատիպ դեպքեր չկրկնվեն, որովհետև ԵԴ-ի համար, ԵԽ նախարարների կոմիտեի համար շատ ավելի կարևոր է, թե դու ինչ քայլեր ես ձեռնարկում, որպեսզի հետագայում նմանատիպ խախտումներ քո պետության մեջ չկրկնվեն: Այս առումով՝ շատ կարևոր է ԵԴ-ի վճիռների կատարումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը ունի 2 խնդիր: Առաջինը` գանգատների վերաբերյալ ներկայացնել դիրքորոշում, նախապատրաստել կառավարության պաշտոնական դիրքորոշման նախագիծը, երկրորդ` ապահովել ԵԴ-ի կողմից կայացված վճիռների կատարումը: ԵԴ-ի վճիռների կատարման առումով պետք է ասեմ, որ 2010թ. Շվեյցարական Ինտերլակեն քաղաքում կայացավ կոնֆերանս, որտեղ ԵԽ անդամ պետությունները որոշեցին հստակեցնել ԵԴ վճիռների կատարումն ապահովող մեխանիզմները:
Քանի որ ՄԻ եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ վճիռների կատարման դերն ստանձնում է Նախարարների կոմիտեն, նրանք ևս իրենց աշխատանքային մեթոդները հստակեցրեցին, և 2011 թվականից արդեն նոր չափորոշիչներ են ի հայտ եկել, և պետություններին պարտավորեցնում են ապահովել այդ չափանիշների կատարումը: 2013թ. ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալի մասնակցությամբ, ով ի պաշտոնե նաև արդարադատության փոխնախարարն է, Ստրասբուրգում տեղի ունեցան երկկողմանի բանակցություններ` Նախարարների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման` Վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարության հետ: Դրա շրջանակներում մենք որոշեցինք ապահովել համապատասխան շփումը և զարգացնել համագործակցությունը:
Ամբողջական հոդվածը և տեսանյութը՝ սկբնաղբյուր կայքում: