«Պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե՛ տուժողների, թե՛ հանցագործություն կատարած անձի համար». Սուրեն Քրմոյան (Տեսանյութ). Փաստինֆո

27/02/2015

Մինչև 2016թ-ը ՀՀ-ում նախանշված է ներդնել նոր` Պրոբացիայի ծառայություն: Թե ինչ փուլում են ծառայության ներդրման նախապատսատական աշխատանքները, և երբ հասարակությունը կտեսնի այն գործողության մեջ, «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: 

- Պարոն Քրմոյան, պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ քննարկումները, կարծես արդեն իրականությանը մոտենալու եզրագծեր են ձեռք բերում: Ե՞րբ կունենանք ավելի կոնկրետ պատկեր, թեկուզ օրենսդրական ակտերի մակարդակով: Ե՞րբ ՀՀ-ում պարզ կդառնա, թե ինչ է պրոբացիոն ծառայությունը:
 - Իրո'ք, արդեն ժամանակն է եկել, որ գործնական քայլեր կատարենք: Նախորդ տարվա ընթացքում մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել` պրոբացիայի ծառայության ներդրման հետ կապված, այս տարի արդեն գործնական քայլերի ժամանակն է: Մենք արդեն իսկ կառավարություն ենք ներկայացրել պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը, որը, հուսով ենք, կառավարությունն արձանագրային որոշման տեսքով կհաստատի, և, որը ուղենիշ կլինի և’ Արդարադատության նախարարության, և' իրավապահ մարմինների համար` պրոբացիայի ծառայության ներդրման հարցում: Բացի այդ, տեղեկացնեմ, որ մենք մշակել ենք համապատասխան օրենսդրական ակտեր: Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերում փոփոխությունների նախագծեր ենք մշակել, որը թույլ կտա պրոբացիայի ծառայությունը ներդնել և այլընտրանքային պատժատեսակները կիրառել հենց պրոբացիայի ծառայության կողմից: Մշակման փուլում է գտնվում նաև Պրոբացիայի ծառայության մասին օրենքը, որ ամբողջական կարգավորում կնախատեսի այդ բոլոր հարաբերությունների համար: Հուսով ենք, որ մարտի կեսերին մենք այդ օրենքը շրջանառության մեջ կդնենք, և ապրիլ ամսին կներկայացնենք ԱԺ քննարկմանը: Որպես գործնական քայլ, ուզում եմ նշել, որ մենք մայիս ամսից արդեն պիլոտային ծրագրեր ենք իրականացնելու 2 մարզերում: Փորձարարական այդ ծրագրի տեսքով մենք փորձելու ենք ներդնել և պրոբացիայի ծառայությունը պիլոտային ռեժիմով աշխատեցնել, որից հետո կներդնենք նաև ամբողջ հանրապետությունում: Պետք է նշեմ, որ մենք ունենք որպես ուղենիշ ՀՀ նախագահի կողմից հաստատված իրավական և դատական ոլորտի բարեփոխումների ծրագիրը` 2012-16թթ համար, որտեղ հստակ նշված է, որ պետք է ստեղծվի քրեակատարողական ծառայությունից անջատ պրոբացիայի ծառայություն, և ժամկետները սահմանված են մինչև 2016թ.-ը: Եվ մենք այս տարվա ընթացքում բոլոր անհրաժեշտ գործնական և օրենսդրական քայլերը պետք է անենք, որ ծառայությունը գործի: 

- Մտավախություն չկա՞, որ մեր հասարակությունը գիտակցական մակարդակով դեռ պատրաստ չէ այս ծառայությանը: Չէ՞ որ տեսակետ կա, որ եթե մարդը հանցանք է գործել, նա պետք է իր պատիժն անպայման կրի ազատազրկման վայրում: Արդարադատության համակարգից դա են պահանջում նաև տուժողները: Մտավախություն չկա՞, որ մարդիկ դա չեն ընդունի: - Այդ մտավախությունը կա, և մենք դա կանխատեսում ենք, որ ծառայության գաղափարախոսությունը կարող են չհասկանալ թե’ մեր ազգաբնակչությունը, թե’ հենց պրոբացիայի ծառայություն իրականացնողը: Քանի որ անձնակազմի մի մասը մենք վերցնելու ենք Քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումից, մենք պետք է այս ժամանակահատվածում` մինչև ծառայության ներդրումը, ակտիվ տեղեկատվական ծրագրեր իրականացնենք, որպեսզի իրազեկենք մեր քաղաքացիներին և, ինչու չէ` ուսուցանենք մեր աշխատակիցներին պրոբացիայի ծառայության առավելությունների մասին: Միայն շեշտեմ, որ պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե’ տուժողների, թե’ հանցագործություն կատարած անձի համար, որովհետև բերում է նրանց հաշտեցման, տուժողների խնդիրների ավելի արդյունավետ և արագ լուծման: Չէ՞ որ ոչ բոլոր դեպքերում է, երբ որ անձը պատժվում է, դրանով հարթվում են բոլոր պատճառված վնասները, իսկ այս համակարգը թույլ է տալիս բանակցելու, մեդիացիայի, նրանց` և’ տուժողի, և’ հանցագործություն կատարող անձի շահերը հաշվի առնելով, նաև ապագայում նշված անձի կողմից հանցագործությունների կատարումը կանխարգելելու նպատակով որոշակի գործողություններ կատարեն, որպեսզի պատճառված վնասը ավելի շուտ հարթվի և, կարծում եմ, այս պարագայում, տուժողները ավելի գոհունակությամբ կհեռանան այս ծառայությունից, իրենց շահերն ավելի շատ հաշվի կառնվեն, քան գործող համակարգի պայմաններում: 

Հարցազրույցն ու տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում: