Արդարադատության նախարարությունն արձագանքում է. մակարոնեղենի առաջարկվող գինը համարժեք է. Փաստինֆո

24/03/2015

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է «Փաստինֆո»-ի՝ «346.6 մլն դրամի հաց ու մակարոնեղեն` դատապարտյալների համար» վերտառությամբ հոդվածին: Ստորև ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ. «Փաստինֆո»  գործակալության «346.6 մլն դրամի հաց ու մակարոնեղեն` դատապարտյալների համար» վերտառությամբ նյութն անդրադառնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջև կնքված պայմանագրին, համաձյան որի՝ պետական բյուջեից այս տարի հիմնադրամին է վճարվելու 346 600 000 դրամ` ՔԿՀ-ներին հաց ու մակարոն մատակարարելու համար: Հրապարակման մեջ նաև ասվում է, որ հացի գինը հաշվարկվել է 1 կգ դիմաց З24 դրամ, մակարոնեղենինը` 403 դրամ: Խմբագրությունը նկատում է, որ Ռուսաստանից ներկրված մակարոնի մանրածախ գինն այս պահին խանութներում 350 դրամ է` 50 դրամով էժան: Վերոնշյալ պայմանագրի կնքման ժամանակահատվածը համընկել է արտարժույթի փոխարժեքի տատանումների և հացամթերքի հումքի և ընդհանրապես սննդամթերի թանկացման շրջանի հետ: Կարևոր է նշել, որ պայմանագրում ամրագրված է մակարոնեղենի սակագնի նոմինալ արժեքը, այսինքն՝ կախված շուկայի գներից մակարոնեղենի գինը կարող է փոփոխվել, այս իմաստով հիմնադրամը որդեգրել է գնային ճկուն քաղաքականություն: Ուշադրություն դարձնելով նաև հացի գնին՝ կարող ենք վկայել, որ մեկ կիլոգրամ հացի գինն ավելի քան 100 դրամով պակաս է շուկայականից, ինչը սակայն չի երևում հրապարակման մեջ: Այս դեպքում միանգամից պատասխանենք առաջացած այն հարցին, թե ինչու է հացի գինն ավելի էժան մակարոնի գնից: Նախ՝ մակարոնի դեպքում ոչ միայն օգտագործվում է բարձր կարգի ալյուր, այլև, ի տարբերություն հացի, պատրաստման եղանակով պայմանավորված քաշի կորուստ է գրանցվում:  Ձեր հրապարակումից անմիջապես հետո միջոցներ են ձեռք առնվել հացամթերքի շուկայի ուսումնասիրության համար: Մարտի  23-ին մինչև ժամը 18-ը չենք հանդիպել հրապարակման մեջ առկա այն դիտարկմանը, որ Ռուսաստանից ներկրված մակարոնի մանրածախ գինն այս պահին խանութներում 350 դրամ է` 50 դրամով էժան: Հիմնադրամի կողմից իրականացված  ուսումնասիրությունները թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ շուկայում ցույց են տվել, որ մակարոնեղենի առաջարկվող գինը համարժեք է հիմնադրամի առաջարկածին: Առանձին դեպքերում գնային տարբերությունը մեկ կիլոգրամի համար  20 ՀՀ դրամ է: Այնուամենայնիվ մեկ անգամ ևս փաստենք, որ շուկայի վերլուծության դեպքում գնային տարբերությունների առկայությամբ պայմանավորված՝ պայմանագրում անպայմանորեն գնային փոփոխություններ կլինեն: Ինչ վերաբերում է, նրան, որ պայմանագրում ոչ մի խոսք չկա դատապարտյալների կողմից հացի և մակարոնեղենի արտադրություն կազմակերպելու մասին, ապա,  պայամանգրում դա ամրագրելու կարիք ու նպատակ չկար, քանի որ դատապարտյալներն ընդհանրապես աշխատում են միայն իրենց ցանկությամբ և կամքով:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: