Հասարակական կազմակերպությունները դրական են գնահատել «ՀԿ-ների մասին» օրենքի փոփոխված տարբերակը. Արմենպրես

31/03/2015

 ՀՀ արդարադատության նախարարությունը մարտի 24-ին հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի փոփոխված տարբերակը: Օրենքի նախագծի վերաբերյալ ՀԿ-ների կարծիքը պարզելու նպատակով «Արմենպրես»-ը զրուցեց «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ նախագահ Տիրայր Մուրադյանի և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ» ՀԿ փաստաբան Արման Խաչատրյանի հետ:  «Հասարարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում կոնկրետ ինձ համար ամենադրականը համարում եմ այն, որ այժմ ՀԿ-ները կարող են իրենց իրավաբանների միջոցով (հիմնականում հասարակական հիմունքներով) պաշտպանել իրենց շահառուների իրավունքները դատարանում. նախկինում մենք նման լիազորություն չունեինք:

Բացի այդ` ՀՀ արդարադատության նախարարության առաջարկվող նախագծում հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռվում իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն կամ վճարովի ծառայություններ մատուցել, ինչը ՀԿ- ներին թույլ է տալիս լուծել ֆինանսական կայունության խնդիրը, որը յուրաքանչյուր հասարակական կազմակերպության գերնպատակն է»,-նշեց «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ նախագահ Տիրայր Մուրադյանը: Նա նկատեց, որ օրենքի նախագծում ՀԿ-ներում կամավորների ներգրավվածության հետ կապված որոշակի փոփոխություններ են կատարվել: «Մեզ մոտ ցանկացած կամավորի առկայությունը հարկային մարմինները կարող են որպես ստվերային աշխատուժ համարել: Այս խնդիրը կարգավորելու համար օրենքի նախագծով առաջարկվում է կամավորներին ներգրավել ոչ թե որպես վարձու աշխատողների, այլ կազմակերպության համար 5 օր անընդմեջ աշխատելու համար, նրա հետ կնքվում է ոչ աշխատանքնային պայմանագիր, և նա այդ օրերի համար վարձատրվում է, ինչը տրամաբանական է»,-շեշտեց Տիրայր Մուրադյանը: Նա նաև դրական գնահատեց օրենքի նախագծի նախնական տարբերակում առկա պարտադիր աուդիտի վերաբերյալ կետի վերացումը:

«Ըստ օրենքի նախագծի նախկին կարգավորման, եթե ես միջազգային որևէ կազմակերպությունից դրամաշնորհ եմ ստանում, ապա պետք է հաշվետու լինեմ ոչ միայն այդ կազմակերպությանը և հարկային մարմիններին, այլև ՀՀ արդարադատության նախարարությանը, ինչն անընդունելի էր»,- ընդգծեց Մուրադյանը և հավելեց, որ պետությանը պարտադիր հաշվետվություն պետք է ներկայացնեն միայն պետական կառույցների տրամադրած ֆինանսական միջոցների դեպքում: «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում: Իհարկե, դեռևս որոշակի կետերի շուրջ պետք է աշխատանքներ տարվեն, օրինակ` հասարակական կազմակերպությունների գրանցման հետ կապված մեկ օրինակելի ձևի ընդունումը, որից բոլորը կօգտվեն և նման այլ տեխնիկական խնդիրներ, սակայն, իմ կարծիքով, վերը նշված օրենքի նախագիծը չի խոչընդոտում հասարակական կազմակերպությունների գործունեությանը»,-ասաց նա:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: