«Ոչ»-ի ճակատից հնչող քննադատությունները քաղաքական հայտարարություններ են. Արփինե Հովհաննիսյան
24/11/2015
«Հատուկ ուզում եմ ընդգծել նախագծով ամրագրված անձանց ազատ գործելու իրավունքն, ըստ որի, մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին Panorama.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ձեր նախկին պատգամավոր գործընկերները մարզեր են այցելում, շփվում բնակչության հետ, «ռեալիթի շոուի» ձևաչափում համոզում են «այո» ասել, «Ոչ»-ից էլ են միացել: Հետևո՞ւմ եք և ինչ կարծիքի եք:
Ցավոք, ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում ամբողջությամբ հետևել իրադարձություններին, սակայն, կարծում եմ, որ մարզային այցերն ու բնակչության հետ անկեղծ զրույցի միջոցով նախատեսվող փոփոխությունների մասին խոսելը բավականին լավ հնարավորություն է ներկայացնելու երկու կողմերի՝ «այո»-յի և «ոչ»-ի կողմնակիցների, մեկնաբանությունները: Արդյունքում քաղաքացիներին հասանելի են դառնում սահմանադրական փոփոխությունների նախագծին «այո» և «ոչ» ասելու բոլոր հիմնավորումները, և իրենք հնարավորություն են ստանում անմիջական շփման միջոցով, հարցեր ուղղելով երկու ճակատներին, կայացնել ճիշտ որոշում: Կարծում եմ ցանկացած ձևաչափ, որը կարող է օգնել, որ հանրությունը ավելի իրազեկ որոշում կայացնի, օգտակար է:
«Ոչ»-ի ճակատից կա՞ հնչող քննադատություն նախագծի վերաբերյալ, որ իսկապես մտահոգիչ է կամ ունի հիմքեր:
Կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ցանկացած քննադատություն իր մեջ պետք է ունենա լուրջ մասնագիտական հիմնավորում, որի շրջանակներում քննադատություն անողը փորձ կկատարի այս կամ այն կերպ հիմնավորել սահմանադրական կարգավորումների խնդրահարույց կողմերը: Հակառակ պարագայում՝ դա վերածվում է ուղղակի առօրյա զրույցի կամ քաղաքական գնահատականի, որը չի կարող հիմք ընդունվել սահմանադրական նորմերի գնահատման տեսանկյունից: «Ոչ»-ի ճակատից հնչող քննադատությունները հիմնականում համարում եմ քաղաքական հայտարարություններ:
Իրավապաշտպանների մի խումբ հայտարարում է, թե Նախագծի մարդու իրավունքների գլուխը սահմանափակում է Հայաստանում մարդու իրավունքները: Ավելին, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, թե այդ կապակցությամբ պատրաստվում են դիմել ՍԴ, այնուհետ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դուք ի՞նչ կարծիքի եք:
Հարցին սպառիչ պատասխանելու համար առաջարկում եմ համադրության մեջ դիտարկել 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի երկրորդ գլուխները:
Նախ՝ անզեն աչքով ակնհայտ է, որ նախագծով հստակեցվում է մարդու և քաղաքացու սահմանադրական բոլոր իրավունքների և պարտականությունների ծավալները: Բացի այդ՝ ի տարբերություն գործող խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի կարգավորման՝ յուրաքանչյուր իրավունքի մասով հստակեցվում են սահմանափակման հիմքերը և նպատակները: Միաժամանակ՝ նախատեսվել են այնպիսի իրավունքներ, որոնք գործող Սահմանադրությամբ նախատեսված չեն ինչպես օրինակ՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, վնասի հատուցման իրավունքը, անձանց ամուսնանալու ազատությունը, պատշաճ վարչարարության իրավունքը, քաղաքական ապաստանի իրավունքը:
Նախագծով հստակ ամրագրում են ստացել նաև իրավունքների և ազատությունների սահմանափակման այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են համաչափության սկզբունքը և որոշակիության սկզբունքը:
Բացի այդ, հատուկ ուզում եմ ընդգծել նախագծով ամրագրված անձանց ազատ գործելու իրավունքն, ըստ որի՝ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները, և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Քաղաքացիական հասարակություն ձևավորելու ճանապարհին կարևոր է սահմանադրական մակարդակի բարձրացնել այնպիսի դրույթներ, ինչպիսիք են օրինակ` բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա անցկացնելը: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:
Նախագծի ընդդիմախոսների հիմնական քննադատությունը իշխանության վերարտադրությունն է: Նման պնդումների համար հիմքեր կա՞ն, այսինքն՝ մտահոգվելու առիթ կա՞:
Այս հարցի հիմնավոր լինելու հանգամանքը ստուգելու համար պետք է պատասխանել մեկ հարցի՝ ի՞նչ նոր մեխանիզմներ, ինստիտուտներ են սահմանված Նախագծով, որոնք բացակայում են գործող Սահմանադրության մեջ՝ որոնք պետք է նպաստեն իշխանությունների վերարտադրությանը:
Միջազգային պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ վերարտադրության համար գործող համակարգը ամենաբարենպաստներից մեկն է: Եթե հարցը վերաբերում է գործող Նախագահի իշխանության մնալուն, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ավելի քան սպառիչ պատասխան է տվել վերարտադրության մասին հարցին՝ հայտարարելով, որ Խորհրդարանական համակարգի անցնելու պայմաններում ինքը չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ ԱԺ նախագահի, ոչ էլ երկրի նախագահի պաշտոններին: Ուստի այս մասով վերարտադրության պնդումները հիմնազուրկ են:
Հարցը պետք է քննարկել նաև հետևյալ համատեքստում, ինչպիսի նոր ինստիտուտներ են ներմուծվել Նախագծով, որոնք գործող Սահմանադրությունում առկա չեն, և որոնք էլ նպաստելու են վերարտադրությանը:
Եթե մնում է գործող համակարգը և 2017 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ իշխանությունները ստանում են մեծամասնություն, ձևավորում կառավարություն, ապա, ստանձնելով վարչապետի պաշտոնը ևս հնարավոր է կենտրոնացնել ողջ իշխանությունը իր ձեռքում:
Տեսեք, նախորդ ԱԺ ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծամասնական ընտրակարգով ընդդիմությունը գրեթե մանդատներ չի ստանում, գրեթե բոլոր մանդատները բաժին են հասնում իշխանության ներկայացուցիչներին և հակառակը՝ համամասնական ընտրակարգով երբեք իշխանական ուժերի ստացած մանդատները չեն գերազանցել 40 տոկոսը: Այս մասով ևս վերարտադրության վերաբերյալ պնդումները չի կարելի հիմնավոր համարել:
Իշխանությունների վերարտադրությանը նպաստող հաջորդ քայլը կարող էր լինել հավասարակշռված քաղաքական իշխանությունից, քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող ուժային կառույցներից, անկախ ու անաչառ դատական իշխանությունից անցում կատարելը դեպի կենտրոնացված, անձնակենտրոն քաղաքական համակարգ, միանձնյա կառավարվող ուժային կառույցներ ու անկախության պատշաճ աստիճան չունեցող դատական իշխանության: Նախագիծը սահմանում է հավասարակշռված քաղաքական համակարգ, որը արդար ընտրությունների անցկացման կարևոր երաշխիք է:
Ամփոփելով ասեմ, որ խնդիրը չպետք է դիտարկել այս համատեքստում, քանի որ Սահմանադրության՝ որպես պետության հիմնական օրենքի խնդիրը ոչ թե այս կամ այն իշխանական կամ ընդդիմադիր թևի, կուսակցական կամ քաղաքական ուժի վերարտադրության ապահովումն է, այլ այն, թե ինչքանով է Սահմանադրությունն իր կարգավորումներով և երաշխիքներով, զսպումներով և հակակշիռներով ունակ է ապահովել պետական իշխանության ամբողջ համակարգի կայունությունը, գործունեության շարունակականությունը և սահմանադրական հավասարակշռությունը, ինչը, իմ խորին համոզմամբ, ապահովված է ներկայացված նախագծով:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: