ԱՆ-ն կարգավորում է սնանկության ոլորտը. նոր նախագիծն ընդունվեց

02/06/2016

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և դրանք անհետաձգելի համարելու մասին փաթեթը, որը ներկայացրել էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ըստ նախագծի` սնանկության ոլորտը կարգավորող իրավական դաշտի ուսումնասիրման և օրենսդրական դաշտի կարգավորման նպատակով 2015 թվականի մարտի 10-ին N 191-Ա Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մասնակիցները համատեղ քննարկումների արդյունքում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում կատարել են հետևյալ լրացումները և փոփոխությունները` «Սնանկության վտանգի» հնարավորության ներմուծումը առաջնահերթ կերպով հնարավորություն կտա շատ պարտապանների խուսափել վերահաս սնանկությունից և կառավարչի աջակցությամբ հաղթահարել դժվարությունները և վերադառնալ բնականոն գործունեության: Սա նաև կարող է զգալիորեն թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը սնանկության գործերով: Նախագծի 2.1 գլխով սահմանվել է առանձին «Սնանկության վտանգի վարույթ», որտեղ նկարագրված է սնանկության վտանգի դիմումի քննության կարգը, դիմումի բավարարման հետևանքները, պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիումի) կարգը սնանկության վտանգի վարույթում, ֆինանսական  առողջացման ծրագրի ներկայացման կարգը, պայմանները, ավարտման պահը և այլն: Նոր ֆինանսավորողների ներգրավումը զգալիորեն կբարելավի սնանկության գործընթացի և մասնավորապես` պարտապանի ֆինանսական առողջացման հնարավորությունը (61-րդ հոդվածի 5-րդ մաս): Ժամանակի սղությունը այլևս առողջացման ծրագրի ձախողման պատճառ չի լինի (59-րդ հոդված) : Կսահմանվի ապահովված իրավունքի առարկայի իրացման արտադատական մեխանիզմ, որը հնարավորություն  կընձեռի ապահովված պարտատիրոջը ավելի ճկուն և արագ իրականացնել իր իրավունքները՝ դրանով հանդերձ հավելյալ չծանրաբեռնելով դատարաններին: Ապահովված իրավունքների պարագայում մորատիորումը չի տարածվի ապահովված իրավունքի առարկայի վրա այն դեպքում, երբ դատարանը թույլատրել է վերջինիս իրացումը արտադատական կարգով: Հիշյալ կարգավորումը կնախատեսի նաև բացառություններ՝ տրամադրելով համարժեք պաշտպանություն (հոդված 41) պարտատիրոջը այն պայմանով, երբ առանց ապահովված իրավունքի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել (39.1 և 39.2-րդ հոդվածներ): Ապահովված պարտատերերի իրավունքների երաշխիքները ապահովելու համար նույնաբովանդակ դրույթ է նախատեսվել նաև սնանկության վտանգի վարույթում։  Այսինքն, եթե սնանկության վտանգի վարույթում ֆինանսական առողջացման ծրագրի համար անհրաժեշտ է ապահովված պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի օգտագործում, ապա դատարանը կարող է բավարարել սնանկության վտանգի դիմումը և հաստատել ֆինանսական առողջացման ծրագիրը, եթե ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն։ Այս առումով համապատասխան փոփոխություններ են կատարվել 41-րդ հոդվածում, որով հնարավորություն է ընձեռվում համարժեք պաշտպանություն տրամադրել նաև ֆինանսական առողջացման ծրարգրի գործողության ընթացքում։ Նախատեսվել են սնանկության կառավարչի վարքագծի լրացուցիչ կանոններ (Հոդված 23.1): Սնանկության գործընթացի արդյունատվետությունը ապահովելու նպատակով կառավարիչների համար սահմանվել են ամենամյա վերապատրաստումներ նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ (26-րդ հոդվածի 5-րդ մաս): Սնանկության գործընթացի թափանցիկությունը ապահովելու նպատակով 29-րդ հոդվածի 1-ին մասի ժա.2) կետով նախատեսվել է պարտապանի,  պարտատերերի կամ ֆինանսական առողջացման ծրագրով ներգրավված ֆինանսավորողի պահանջով վերջիններիս տրամադրել տեղեկություններ պարտապանի սնանկության վարույթի կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ: 29.1 և 29.2 հոդվածներով նախատեսվել են սնանկության կառավարչի գործունեության կասեցման, ինչպես նաև լիազորությունների դադարեցման դեպքերը: Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությամբ նախատեսվել է կառավարչի վարձատրության կարգի և չափի փոփոխություն, որի նպատակն է սնանկության կառավարիչներին շահագրգռել իրավաբանական անձի վերակազմավորման և առողջացման: 99 և 100-րդ հոդվածներում նախատեսված փոփոխությունները նպատակ ունեն պարտապանին հնարավորություն ընձեռել հետագայում վերադառնալ բիզնես միջավայր և շարունակել կամ նորից սկսել բիզնես գործունեությունը: Չապահովված պարտատերերի մեջ առաջնահերթություն է նախատեսվում այն ֆինանսավորողներին, ովքեր ֆինանսավորում կտրամադրեն պարտապանին ֆինանսական առողջացման ծրագիրը ներկայացնելուց մինչև դատարանի կողմից դրա հաստատումը ընկած ժամանակահատվածում: ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն պարզ իրողությամբ, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կեղծ սնանկության համար որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կանխամտածված սնանկություն հանցակազմի համար որպես պատժատեսակ նախատեսվում է միայն ազատազրկում 2-6 տարի ժամկետով: Նման պայմաններում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ իրավիճակներում կանխամտածված սնանկության հանցակազմը իր հանրային վտանգավորության բնույթով ոչ պակաս վտանգավորություն է ներկայացնում, քան կեղծ սնանկությունը, ուստի առաջարկվում է կանխամտածված սնանկության համար պատժատեսակը համահունչ դարձնել կեղծ սնանկության համար նախատեսված պատժատեսակին: «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսված է լրացում 9-րդ հոդվածի 3-րդ մասում, մասնավորապես` «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կրում է պատասխանատվություն իր՝  որպես անհատ ձեռնարկատեր ստանձնած պարտավորությունների կատարման համար»: Այս օրենքում փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն նախագծով նախատեսվում է, որ եթե սնանկ ճանաչված ֆիզիկական անձը նաև անհատ ձեռնարկատեր է, ապա նրա՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հետ կապված պարտավորություններով պարտատերերը իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով: և այլն: Տվյալ կարգավորումների ընդունմամբ կլրացվեն օրենսդրական բացերը, որոնք օրենքի տարաբնույթ մեկնաբանությունների և կիրառման տեղիք են տալիս: Պարտապաններին հնարավորություն կընձեռվի առանց սնանկության հասնելու վերադառնալ բնականոն գործունեության՝ հակաճգնաժամային կառավարման օգնություն ստանալով կառավարչի կողմից: Պարտապանի ֆինանսական առողջացման համար ավելի լայն հնարավորություններ կտրվեն ու ավելի երկար ժամկետներ, ինչը զգալիորեն կարող է մեծացնել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացման և շուկա վերադառնալու, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության մակարդակը: Արդյունքում շահելու է նաև սնանկության վարույթի արդյունավետությունը: Սնանկության կառավարիչների գործունեությունը կդառնա առավել արդյունավետ և վերահսկելի՝ ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության տեսանկյունից: Կլուծվեն սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված խնդիրները, իսկ ֆինանսական առողջացման համար սնանկության կառավարչի վարձատրության նոր կարգը կխրախուսի նրանց ավելի շատ հակվելու պարտապանի ֆինանսական առողջացմանը, քան լուծարմանը: 

 

Սկզբնաղբյուրը ՝ http://iravaban.net/129332.html