Հայաստանը փոքր պետություն է, դժվար է սեփականատերերի ով լինելը գաղտնի պահել

24/08/2016

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հինգշաբթի, ամփոփելով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկու ամսվա աշխատանքը, մեր իրականության համար, կարելի է ասել, հեղափոխական ելույթ ունեցավ կառավարության նիստում, որից հետեւում է, որ ՀՀ-ում գործող հակակոռուպցիոն մարմինները թերի են, եւ պետք է դրանք վերափոխել, նաեւ պետք է մշակել նոր օրենքներ, որոնք կօգնեն կանխել պաշտոնյաների ապօրինի հարստացումը, բացահայտել նրանց եւ նրանց փոխկապակցված անձանց իրական եկամուտներն ու դրանց աղբյուրները, ընկերությունների իրական սեփականատերերին եւ այլն։ «Օրենսդրական փաթեթի մշակումը մի քանի ուղղություն է ունենալու՝ ինչ մարմին պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, այսինքն՝ մոդելի ընտրության թեման է, երկրորդը՝ ապօրինի հարստացման, երրորդը՝ իրական սեփականատերերի թեման եւ արդեն դրան առնչվող հարակից այլ փաթեթներ, որոնցից մեկն արդեն ԱԺ-ում է: Խոսքը վարչական իրավախախտումների եւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի մասին է, որոնցով եւ վարչական, եւ քրեական պատասխանատվություն է սահմանվում կեղծ եւ թերի հայտարարագրման համար։ Սա շղթայի մի մասն է, բայց մեծ մասը՝ փաթեթների ձեւով, դեռ պետք է ներկայացվեն կառավարություն»,- ասում է նախարարը։ Երեկ Արփինե Հովհաննիսյանը «բացեց» թեման «Հրապարակի» համար։

- Ճի՞շտ է, որ խորհրդի նիստերի ժամանակ եղել է առաջարկ՝ կոռուպցիայի դեմ պայքարող մեկ պետական մարմին ստեղծելու, բայց կանգ եք առել բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովն ուժեղացնելու տարբերակի վրա։ - Այս պահին որեւէ մոդել ընտրված չէ. կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում ներկայացվել են երկու մոդելներ։ Մեկը ՀԿ-ների կողմից Կարեն Զադոյանն էր ներկայացնում՝ քաղաքացիական հասարակության համակարգող խորհրդի քարտուղարը, եւ մյուսը՝ արդարադատության նախարարությունը։ Ներկայացրեցինք՝ պարզապես առանց որեւէ մոդելի վրա շեշտադրում անելու, թե միջազգային պրակտիկան ինչպիսի մոդելներ է առաջարկում, ինչ մարմիններ կան աշխարհում։ Եվ մեզ տրվեց հանձնարարական՝ մշակել եւ երկու գործուն տարբերակներ ներկայացնել խորհրդի նիստ, որտեղ կկայացվի վերջնական որոշումը։ Որոշում դեռեւս չկա։ Հանձնարարական չկա, թե որ ուղղությամբ ենք գնում։ Մոդելներից մեկը՝ ունիվերսալ մոդելը, ենթադրում է, որ միեւնույն մարմինը կրթական, կանխարգելիչ եւ քննչական գործառույթներ է իրականացնում։ Մյուսն ապակենտրոնացված մոդելն է, որն ընդունված է նաեւ Հայաստանում, երբ քննչական գործառույթը մեկ մարմին է իրականացնում, իսկ մյուս երկուսը՝ մեկ այլ մարմին։ Առաջիկա օրերին ներկայացնելու ենք կառավարությանը երկու հավասարաչափ գործող մոդելներ՝ ցույց տալով, թե երկու դեպքում էլ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ լինելու։

- Դուք անձամբ ո՞ր մոդելի կողմնակիցն եք։ - Իմ կարծիքով, ունիվերսալ մոդելը տարբեր երկրներում իր կենսունակությունն ապացուցել է, բայց, նայելով այն երկրներին, որտեղ ապակենտրոնացված մոդելն է գործում, չեմ կարող չնկատել, որ այնտեղ էլ հաջողված փորձ կա, եւ դա կապված է նրանից, թե իրենք ինչ խնդիր են դրել այդ մարմնի առջեւ։ Փորձը ցույց է տալիս, իսկ մենք ուսումնասիրել ենք 30-ից ավելի երկրների փորձը, որ իրականում ամեն ինչ կախված է ոչ այնքան մոդելի ընտրությունից, որքան նրանից, թե ինչ երաշխիքներ ունի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը, ինչ գործառույթներ, եւ ինչ կարգավիճակ է դրան տրվել, անկախության ինչ աստիճան։ Կարեւոր է միանձնյա ղեկավարման գործոնը՝ պատասխանատվություն կրելու ու հանրային հաշվետվողականությունը բարձրացնելու, որովհետեւ, պատկերացրեք մի իրավիճակ, երբ նախարարությունները ղեկավարում են ոչ թե նախարարները, այլ մի քանի հոգի, եւ այստեղ հանրային հաշվետվողականության մակարդակն ավելի ցածր է:

 

Սկզբնաղբյուրը  ` http://hraparak.am/?p=121136&l=am%2F