«Քայլ առ քայլ պիտի շարժվենք առաջ, արդյունքները կերևան ավելի ուշ»

08/01/2018

Քանի՞ շահառու ունի ծառայությունը ներկայումս, քանի՞սն են կանայք և անչափահասներ, և ի՞նչ պատժատեսակների նկատմամբ է վերահսկողություն իրականացնում:

Ծառայությունում 2017թ. դեկտեմբերի 22-ի դրությամբ 3098 շահառու ունենք, որից 332-ը կին են, 48-ը՝ անչափահաս: Վերահսկողություն ենք իրականացնում հանրային աշխատանքների, տուգանք պատժատեսակի դատապարտվածների նկատմամբ, որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պատոններ զբաղեցնելու իրավունքից զրկված դատապարտյալների, ինչպես նաև այն դատապարտյալների, ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են կամ ում պատժի կատարումը հետաձգվել է: Հիմնականում սրանք են մեր շահառուները:

Պրոբացիայի ներդրման հայեցակարգով և պրոբացիայի օրենսդրությամբ նախատեսվում էր, որ Պրոբացիայի ծառայությունը պետք է գործի 4 փուլերում՝ մինչդատական, դատական, պենիտենցիար և հետպենիտենցիար, բայց ներկայումս գործում է միայն պենիտենցիար՝ պատժի կրման փուլում: Ինչո՞ւ:

Որովհետև դեռ օրենսդրական լուծումների անհրաժեշտություն կա: Պրոբացիայի օրենքով նախատեսված է, որ ծառայությունը պետք է վերահսկողություն իրականացնի այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների կիրառման դեպքում, սակայն համապատասխան փոփոխություններ պետք է արվեն Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում: Երբ որ նոր օրենսգրքերն ընդունվեն, այդ ժամանակ մենք կներգրավվենք: Հուսով ենք, որ եկող տարվա սկզբին այդ փոփոխությունները կընդունվեն:

Ծառայության գործարկումից՝ 2016 թվականի սեպտեմբերից մինչ օրս ի՞նչ ձեռքբերումներ եղան և ի՞նչ մարտահրավերներ կան, որ լուծման կարիք ունեն:

Պրոբացիայի ծառայությունը, ինչպես գիտեք, ստեղծվեց Քրեակատարողական ծառայության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի վրա: Աշխատակիցների մի մասը մնաց, մի մասը՝ հրաժարվեց: Ամենակարևոր հիմնական խնդիրներից մեկն այդ անձնակազմի վերապատրաստումն էր, քանի որ աշխատանքի բնույթը փոխվել էր, նոր մոտեցում էր անհրաժեշտ:

Սկզբնաղբյուրը ՝ http://hra.am/hy/interview/2017/12/25/probation