Ազգային փոքրամասնությունների մասին առաջին համապարփակ օրենքը Հայաստանում ավելի լսելի կդարձնի նրանց ձայնը
13/03/2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մշակվել և հանրությանն է ներկայացվել ազգային փոքրամասնություններին վերաբերող առանձին համապարփակ օրենքի նախագիծ: Հանրային քննարկման փուլում գտնվող «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ:
-Պարոն Քոչարյան, անկախության հռչակումից ի վեր տարբեր օրենքներում և իրավական ակտերում տեղ են գտել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ դրույթներ, սակայն չենք ունեցել առանձին օրենք ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին: Ինչի՞ն է ուղղված այս օրենքը:
-Անկախության հռչակումից ի վեր մենք նման համապարփակ օրենսդրական կարգավորումներ ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում իսկապես չենք ունեցել: Դրա փոխարեն ունեցել ենք որոշակի դրույթներ տարբեր օրենսդրական ակտերում: Ինչ-որ ժամանակում նման լուծումները կարող էին համարվել ընդունելի, քանի որ հիմնականում համապատասխանում էին ոլորտում առկա կարիքներին: Նոր Սահմանադրությամբ՝ 2015-ից հետո իրավիճակը փոխվեց, պահանջ դրվեց օրենսդրական կարգավորումները դարձնել ավելի համակարգված, միասնական օրենսդրական ակտում սահմանված: Հաշվի առնելով սահմանադրական պահանջը՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար անհրաժեշտություն առաջացավ պատրաստել այս օրենսդրական նախագիծը: Մասնավորապես պետք է հստակ սահմանել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը և իրավունքները, այս ոլորտում պետական մարմինների խնդիրները: Առկա են ևս մի շարք խնդիրներ, որոնք համակարգված օրենսդրական լուծումների են սպասում: Մեր հիմնական նպատակադրումը ազգային փոքրամասնությունների խոսքն ավելի լսելի և իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելն է:
-Կհստակեցվե՞ն արդյոք, թե որոնք են ազգային փոքրամասնությունները և որոնք էթնիկ խմբերը: Ի՞նչ չափանիշներ են լինելու ազգային փոքրամասնություններին սահմանելու համար:
- Օբյեկտիվ անհրաժեշտություն կար նաև հստակ սահմանել այն անձանց շրջանակը, որն անվանում ենք ազգային փոքրամասնություններին պատկանող: «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքն ընդունելով՝ ակնկալում ենք նախ հստակեցնել այդ անձանց շրջանակը, ինչպես նաև «ազգային փոքրամասնություն» հասկացությունը: Մինչ օրս մեր օրենսդրությունն այն հստակ չի սահմանել, և պարզ չէ, թե ովքեր են այդ մարդիկ Հայաստանում: Օրենքում խոսվում է ուրույն ազգային կամ էթնիկ ինքնությունն ունեցող Հայաստանում պատմականորեն ձևավորված խմբի մասին: Այս մոտեցումը լիովին համապատասխանում է գոյություն ունեցող չափանիշներին: Օրենքը նաև կոնկրետ սահմանում է, թե որ խմբերն են համապատասխանում այդ չափանիշներին: Այսօր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն են ասորիները, բելառուսները, եզդիները, գերմանացիները, լեհերը, հրեաները, հույները, ռուսները, վրացիները, ուկրաինացիները և քրդերը: Ազգային փոքրամասնությունների շրջանակը որոշելիս հաշվի չի առնվել նրանց անդամների քանակը, քանի որ անձանց իրավունքների իրականացումը չպետք է պայմանավորված լինի նրանց թվով: Մենք որդեգրել ենք շատ ներառական մոտեցում, որպեսզի յուրաքանչյուր ազգային խումբ, որը պատմականորեն ապրում է Հայաստանում, ճանաչված և ներկայացված լինի:
Իսկ այլ էթնիկ ինքնություն ունեցող անձանց իրավական կարգավիճակը տարբերվում է ազգային փոքրամասնությունների անդամների արտոնություններից: Այսպիսի անձանց վրա պետք է տարածվի մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր մեխանիզմը առանց որևէ խտրականության:
Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/925828/azgayin-poqramasnutyunneri-masin-arajin-hamaparpak.html