Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի կրկնությունն է․ Փաշինյանը այլ բան է խոստացել
15/01/2019
Շարունակվում են քննարկումները և քննադատությունները Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ միջոցառումների ծրագրի նախագծի շուրջ: Հաճախ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը, սկսած «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրից, հեղափոխությունից և վերջացրած ԱԺ արտահերթ ընտրություններով, պնդել է, որ անհրաժեշտ է ստեղծել հակակոռուպցիոն մեկ միասնական, անկախ, ունիվերսալ մարմին: Կարծիք կա, որ ներկայացված նախագիծն ավելի շուտ իրավապահ և կանխարգելիչ գործառույթներ իրականացնող մարմին ստեղծելու մասին է, քան ունիվերսալ անկախ մարմին:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Ս. Քրմոյանի խոսքով՝ ռազմավարության նախագծում արտացոլվել է ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը, ընդ որում՝ հիշատկավել է թե՛ կանխարգելիչ գործառույթների իրականացումը, թե՛ իրավապահ համակարգը նոր ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու մասին: Միևնույն ժամանակ գործող ժամանակավոր, արդեն նախկին կառավարության ձևակերպումները տեղ են գտել ռազմավարության նախագծում: «Կարծում եմ՝ վարչապետի հայտարարությունները համապատասխան ձևաչափով տեղ կգտնեն նոր կառավարության ծրագրում, և անհրաժեշտության դեպքում նախագծում փոփոխություններ կկատարվեն,- նշեց Քրմոյանը: – Թե ինչ մոդելի մարմին պետք է լինի, դա քաղաքական որոշման հարց է, պետք է որոշվի վարչապետի գլխավորությամբ՝ կառավարության կողմից: Այս նախագիծը աշխատանքային փաստաթուղթ է, ներկայացվել է քաղհասարակությանը՝ կարծիքներ ստանալու համար: Մենք սպասում ենք կառավարության ծրագրին»:
Կ. Զադոյանի հավաստմամբ՝ ապրիլյան պատերազից հետո, երբ նախատեսվում էր հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնել, «Իրավաբանների հայկական ասոցիացիան» և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նախկին կառավարությանը ներկայացրել են ճանապարհային քարտեզ, որտեղ առաջարկվում է անցնել կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնացված համակարգի՝ մասնագիտացված մարմնի միջոցով. առաջարկվել է երկու տարբերակ, առաջին՝ ստեղծել ունիվերսալ մարմին, որը կունենա կրթական, կանխարգելիչ և պատժի անխուսափելիության գործառույթ իրականացնելու իրավասություններ, և երկրորդ՝ եթե քաղաքական կամքը չբավարարի, ստեղծել կանխարգելիչ և նախաքննության մարմիններ: Նախկին կառավարությունը ընտրել էր երկրորդ տարբերակը:
Սկզբնաղբյուրը՝https://www.1in.am/2491107.html?fbclid=IwAR0TX1F0--Q7RVfSfbcDrd21QYN81EDCXR5ITxJP86Tgv6mW5lHhGSwz0xY