Նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ընդգծել է, որ անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությունն ուղղված է ապահովելու երեխայի շահերի պաշտպանությունը
28/03/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին:
Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանում ներկայացուցչության գրասենյակի ներկայացուցիչ տիկին Վիկտորյա Օհանյանին՝ Անչափահասների արդարադատության խորհրդի կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում օրենքի հետ առնչվող անչափահասների (երեխաների) իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգերի կայացմանն ու կատարելագործմանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ այդ ամենի վառ օրինակ կարող է հանդիսանալ 2022 թվականից ուժի մեջ մտած քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ընդունումը, որտեղ երեխայի լավագույն շահերի պաշտպանությունն առաջնային դիրքում է գտնվում:
Լևոն Բալյանն ընդգծել է, որ ներկայիս արագ փոփոխվող աշխարհում՝ ուր թվային տեխնոլոգիաների գերարագ զարգացման արդյունքում ջնջվում են ֆիզիկական և վիրտուալ սահմանները, կարևորագույն խնդիր է դառնում երեխայի լավագույն շահերի պաշտպանությունը, քանի որ պայմանավորված երեխայի հոգեֆիզոլոգիական առանձնահատկություններով՝ նա մշտապես խոցելի դիրքում է գտնվում մեծահասակների հետ շփվելիս:
Ըստ նախարարի տեղակալի՝ անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությունն ուղղված է ապահովելու երեխայի լավագույն շահերի պաշտպանությունը՝ բազմաոլորտային համագործակցության շնորհիվ: