ՄԻԵԴ-ը փոխհատուցման 16 վճիռ է կայացրել 2012 թվականին. lragir.am

29/01/2013

Հարցազրույց ՀՀ արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալ Ռուբեն Մելիքյանի հետ

 

 2000 թվականից հետո քանի՞ վճիռ է կայացվել ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ որքա՞ն գումար է տրամադրվել տուժողներին որպես փոխհատուցում:

 Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո մենք այսօրվա դրությամբ ունեցել ենք 46 վճիռ 43 վարույթներով: Ընդհանուր 566,694 եվրո գումարի փոխհատուցման պահանջ է ներկայացվել Հայաստանի Հանրապետությանը, եւ ուզում եմ նշել, որ այդ գումարը 3.5 տոկոսն է կազմում այն գումարի, որ կոնկրետ դիմումատուներն այս գործերով ներկայացրել են դատարանին: Այն կազմել է մոտավորապես 15 միլիոն 700 հազար եվրո: Բոլորիս հայտնի հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում քաղաքացիների սեփականությունը վերցնելու գործընթացի հետ կապված գործերով կա համաձայնություն, որ այդ գումարները վճարվեն կառուցապատողների կողմից, քանի որ նրանք եւս մասնակցել են սեփականության իրավունքի սահմանափակման գործընթացին: Այսինքն, ամբողջ գումարը պետական բյուջեից չի վճարվել: Այժմ մենք փոխհատուցում ենք տրամադրել մոտ 400,000 եվրոյի չափով ու մնացած մասով էլ գտնվում ենք վճարման փուլում, քանի որ 16 վճիռներ կայացվել են 2012 թվականին:

 

 Վճիռներից բացի, քանի՞ որոշում է կայացվել:

 Շատ ավելի փոքր է որոշումների թիվը, որի ուղղությամբ մենք վիճակագրություն չենք վարում: Որոշումները վերաբերում են երկու դեպքերի, երբ լինում է համաձայնություն երկու կողմերի միջեւ, եւ դատարանը դրա վերաբերյալ որոշում է կայացնում, եւ երկրորդ, երբ պետությունը որեւէ առաջարկ է անում, որը դատարանի կողմից արդարացի է գնահատվում:

 

 «Խաչատրյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով 17-ի դիմումների բավարարումը ՄԻԵԴ կողմից ի՞նչ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի դատաիրավական համակարգի գործունեության վրա:Ի՞նչ եք կարծում, արդյոք «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության այլ անդամներ կդիմե՞ն նման գործերով ՄԻԵԴ ապագայում, թե՞ ոչ, թե՞ վերամշակված օրենքը կկարգավորի իրավիճակը:

 Այդ գործը շատ յուրահատուկ է, եւ այլեւս այս գործի փաստերը մեզանում կրկնվել չեն կարող: Նախ, 19 դիմումատուներից 2-ի գանգատները չբավարարվեցին, բացի այդ, բավարարվեցին միայն ազատության իրավունքի վերաբերյալ գանգատները, բազմաթիվ այլ հոդվածների ներքո գանգատներ էին ներկայացված՝ մասնավորապես կրոնական ազատության հետ կապված, որը ՄԻԵԴ-ը քննության չառավ ու համարեց, որ այստեղ խախտում տեղի չի ունեցել: Մենք ունեինք քրեական օրենսգիրք, որտեղ քրեական պատասխանատվություն էր նախատեսված զորամասն ինքնակամ լքելու համար: Երբ մենք ընդունեցինք «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, եւ որոշակի թվով քաղաքացիներ մեկնեցին այլընտրանքային ծառայության, որոշակի ժամանակ հետո նրանք ինքնակամ լքեցին ծառայության վայրը եւ հայտարարեցին, որ չեն պատրաստվում շարունակել ծառայությունն ինչ-ինչ պատճառներից ելնելով: ՄԻԵԴ-ը այստեղ ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ն իրականացրեց վարույթ այս անձանց նկատմամբ, եւ նրանց արարքը նախնական որակեց որպես զորամասը ինքնակամ լքելը: Այնուհետեւ մեր պետությունը գտավ, որ այսպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ, որովհետեւ մենք կիրագործենք քրեական իրավունքին ոչ բնորոշ անալոգիա, իսկ քրեական իրավունքի կիրառման համար շատ կարեւոր է, որ օրենքում արարքի նկարագրությունը համընկնի փաստական արարքի հետ: Որոշակի ժամանակ հետո նրանց նկատմամբ քրեական գործերը կարճվեցին այն հիմքով, որ նրանց արարքը փաստացի հանցակազմ չէր պարունակում, եւ անմիջապես քրեական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, որը քրեականացրեց այն արարքները, որոնց համար նրանց նկատմամբ վարույթ էր սկսվել, բայց այն ժամանակ, երբ նրանք դա կատարել էին դա՝ դեռ քրեականացված չէր: Այդ ընթացքում այդ 19-ից 17-ը անազատության մեջ հայտնվեցին քրեական օրենսդրության սահամանած կարգով: Այստեղ ՄԻԵԴ-ը հաշվի առավ այն հանգամանքը, որ հետագայում այս մեկնաբանությունները, որ տրվեցին այդ ամեն ինչի լույսի ներքո, մեր ներպետական դատարանների մեկնաբանություններն արդեն իրավաչափ համարվել չեն կարող, այսինքն այն պայմաններում, երբ արարքը հանցագործություն չէ, անձը չի կարող կալանքի վերցվել այդ արարքի համար: Իհարկե, այս դրույթը ոչ ոք չի վիճարկում: 2011թ հուլիսի 7-ի Մեծ պալատը վճիռ կայացրեց Բայադյանի վերաբերյալ, որտեղ ՄԻԵԴ-ը Հայաստանի օրինակով առհասարակ փոխեց այս հարցի վերաբերյալ իր ամբողջ իրավաբանությունը: Այս գործերը վերաբերում էին այն ժամանակներին, երբ ՀՀ-ն չուներ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենք: Մենք տեղեկացրեցինք Եվրոպայի խորհրդին, որ պատրաստվում ենք բարեփոխել այդ օրենքը եւ մեր ազգային չափանիշներին համապատասխան այն համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:

 

 «Այլընտրանքյաին ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում է գտնվում 2012 թվականի փետրվարից, որի ընդունելու անհրաժեշտության մասին ՀՀ արդարադատության նախարարը սկսեց բարձրաձայնել ՄԻԵԴ վերջին վճռից հետո: ՄԻԵԴ վճիռն ըստ էության չի անդրադառնում կրոնական սահմանափակումներին, քանի որ միայն բարոյական վնասի մասով է դիրքորոշում արտահայտված: Իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը եւ փաստաբան Արա Ղազարյանը կարծում են, որ օրենքի փոփոխությունը պարզապես քաղաքական դիրքորոշում է: Ո՞րն է ՀՀ արդարադատության նախարարության մեկնաբանությունը այս հարցի կապակցությամբ:

 Ինձ համար մի փոքր զարմանալի է այդ պատճառահետեւանքային կապը, որը գոյություն չունի, բայց գոյություն ունի պատճառահետեւանքային կապ Բայադյանի վճռի հետ: Այն, որ դրա հրապարակումը ժամանակային առումով համընկավ, չի նշանականում, որ այդ գործընթացները միմյանցով պայմանավորված են:

 

 Բյուզանդի բնակիչների գործերով ՄԻԵԴ-ը պարբերաբար վճիռներ ու որոշումներ է կայացնում, որոնց համաձայն տրվող փոխհատուցումը ոչնչով չի տարբերվում այն գումարից, որն առաջարկվում էր նախկինում կառուցապատողների կողմից: Այս գործերով փաստաբան Վահե Գրիգորյանը գլխավոր պատճառներից մեկը համարում է այն, որ ՄԻԵԴ-ին չեն տրամադրվում պաշտոնական տեղեկություններ այն մասին, թե որքան է հողի կամ բնակտարածքի արժեքը կենտրոնում, ու ՄԻԵԴ-ը, անհայտ աղբյուրից օգտվելով, չնչին փոխհատուցում է նշանակում: ՄԻԵԴ-ին ինչու՞պաշտոնական թվեր չեն տրամադրվում:

 Իմ մեկնաբանությունները մեկնաբանելիս ցանակցած ընթերցող պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ ես ՀՀ ներկայացուցչի տեղակալն եմ ՄԻԵԴ-ում եւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը: Նույն կերպ իմ կողմից շատ հարգված իմ գործընկերոջ մեկնաբանությունները մեկնաբանելիս պետք է հաշվի առնենք, որ նա ոչ միայն շատ լավ իրավաբան է, այլ նաեւ կոնկրետ գործերով մասնակից: Ես ընդամենը մի քանի փաստ այստեղ կարող եմ ասել, որովհետեւ պարզապես ինչ որ հերքումներ տալով չեմ ուզում սահմանափակվել, բայց երբեւէ չի եղել, որ ՄԻԵԴ-ը ինֆորմացիա պահանջի մեզնից ու արձանագրած լինի, որ մենք չենք համագործակցել ու բարեխիղճ գործընկեր չենք եղել: Երկրորդը, սա մրցակցային գործընթաց է, ու այդ ինֆորմացիան ոչ թե պետական բնույթի ինֆորմացիա է, այլ շուկայական բնույթի: Այդ տեղեկությունը իմ գործընկերը կարող է ինքը ներակայացնել դատարանին, եւ հավասարության սկզբունքով գնահատվի այն ամենը, ինչ որ ներկայացվում է երկու կողմերից: Մենք պետք է հաշվի առնենք նաեւ ժամանակահատվածը. ՄԻԵԴ-ը հաշվի է առել ոչ թե այսօր առկա գները, այլ այն ժամանակ առկա գները, երբ այդ գործընթացներն իրականացվում էին:

 

 Այսինքն, օրինակ Սաֆյանների՝ ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ գտնվող 120 քմ շինությունն այն ժամանակ գնահատվել 30,000 եվրո՞:

 Պետք է հաշվի առնել, որ հանվում է այն գումարը, որը որպես փոխհատուցում այն ժամանակ արդեն իսկ վճարվել էր, ու մենք գործ ունենք հիմնականում այն գործերի հետ, որտեղ օգտագործման իրավունքի մասին է խոսքը գնում:

 

 Բայց Սաֆյանների ընտանիքը միակ ընտանիքն է, ում վտարել են իրենց բնակարանից 2005 թ-ին՝ չտալով և ոչ մի փոխհատուցում:

 ՄԻԵԴ-ի կողմից տված արդարացի փոխհատուցման գումարները որոշվում են ՄԻԵԴ-ի կողմից սահմանված բանաձեւով, որը ոչ միայն Հայաստանի վրա է տարածվում, այլեւ բազմաթիվ գործերով է կիրառվել: Այսինքն, մենք առաջինը չենք, որ այս խնդիրը ունեցել ենք, ՄԻԵԴ-ը ուղղակի կիրառում եւ որոշ դեպքերում զարգացնում է իր նախադեպային իրավունքը, եւ ՄԻԵԴ-ի վճիռները ձեւավորելիս փաստական տվյալները ներակայացվում են ազատորեն ինչպես կառավարության, այնպես էլ մեր հարգելի գործընկերների կողմից:

 

 ՄԻԵԴ կայացրած վճիռներն ու որոշումները կարո՞ղ են արդյոք օգնել, որ Հայաստանում սեփականության իրավունքը պաշտպանված լինի: Ինչպե՞ս եք գնահատում հենց սեփականության իրավունքի ոլորտը Հայաստանում:

 Ես միշտ իմ հարցազրույցների ժամանակ ընդգծում եմ ՄԻԵԴ իրավաբանության պրոսպեկտիվ եւ ոչ թե ռետրոսպեկտիվ ազդեցությունը, այսինքն մենք պետք է այն առաջին հերթին դիտենք որպես մեր իրավական համակարգը բարեփոխող կարեւոր ուղենիշ եւ եվրոպական իրավական ընտանիքին ավելի խորը ինտեգրվելու համար կարեւոր գործոն: Բոլոր որոշումները եւ վճիռները, որ ունենք, վերաբերում են մինչեւ 2005 թվականը կատարված գործողություններին , դրանից հետո մենք չունենք որեւէ Եվրոպական դատարանի վճիռ կամ որոշում: Ամենաառաջին պատճառն այն է, որ մենք դրանից հետո ընդունեցինք հատուկ օրենսդրական ակտ, որը կարգավորում էր հասարակության եւ պետական կարիքների համար հասարակության սեփականության օտարման հարցերը, որն ուժի մեջ է մտել 2006թ.-ին: Այս օրենքով հստակ կարգավորումներ են նախատեսվում այս դեպքերի համար, եւ մենք լավ կլինի, որ մտածենք, որ մեր առաջին պաշտպանը հենց մեր իսկ օրենսդրությունն է, եւ այս օրենքը բավարար հնարավորություն է տալիս, որպեսզի մենք խուսափենք սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակման այլ դեպքերից:

 

 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է, որ եթե անմխիթար պայմաններում անազատության մեջ գտնվող մարդիկ որոշեն բանտային պայմանների վերաբերյալ բողոքներով դիմել ՄԻԵԴ, Հայաստանը կկանգնի շատ վատ վիճակի առջեւ, քանի որ ՄԻԵԴ-ում նման նախադեպեր կան:

 Այն նախադեպը, երբ Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի գործով ձեւավորվեց, այդտեղ շատ կոնկրետ հանգամանքներ կան, որ պետք է հաշվի առնենք: Այսինքն, քանի մենք չունենք կոնկրետ դիմում, մենք չենք կարող տեսականորեն դատողություններ կատարել, բայց մենք բավական փաստարկներ ունենք, որովհետեւ իմ կարծիքով մեր պայմաններն ավելի բարվոք են, քան այն պայմանները, որոնք ՄԻԵԴ շատ որոշումներով 3-րդ հոդվածի խախտում են ճանաչվել: ՄԻԵԴ-ի նշանակությունն այն է, որ մենք կարող ենք կանխատեսել, թե որ ոլորտներում կարող ենք խնդիրներ ունենալ: Նաեւ այդ հանգամանքը հաշվի առնելով, քանի որ դա առաջնային երբեք չպետք է լինի, որովհետեւ մենք մեր համար ենք աշխատում եւ ոչ թե եվրոպացիների: Մեզ մոտ այդ մտայնությունը կա չէ՞, որ եվրոպական ընտանիքի համար ենք մենք աշխատում. ո՛չ, մեզ համար ենք աշխատում: ՀՀ արդարադատության նախարարը բազմիցս հայտարարել է բարեփոխումների մասին, մասնավորապես մենք ընտրել ենք ոչ թե փոքր քայլեր կատարելու, այլ բոլորովին նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցելու գործելաոճը: Մենք լիահույս ենք, որ 2013-ին Արմավիրի քրեակատարողական հիմնարկը կկարողանա գործել, եւ մեր խնդիրներն այս ոլորտում էապես կկարգավորվեն:

 

 Գեւորգ Կոստանյանը ՀՀ զինվորական դատախազ դառնալուց հետո շարունակում է ՀՀ կառավարության ներակյացուցիչը լինել ՄԻԵԴ-ում. կարծում եք, որ դա ճի՞շտ է եւ չպե՞տք է այլ մարդ զբաղվի այդ գործով:

 Ես սովորություն չունեմ մեկնաբանել այնպիսի հարցեր, որոնք իմ իրավասությունից դուրս են, ու այստեղ էթիկայի խնդիր կա նաեւ: Բայց զինվորական դատախազ լինելն ինքնին չի բացառում այլ աշխատանք կատարելը, եւ չկա կոնկրետ շահերի բախում: Մենք գործ ունենք պետության շահերի ներկայացման հետ: Ընդհակառակը, զինվորական դատախազ լինելը կարող է նաեւ օգնել, որ ինքը կարողանա ավելի ճիշտ դիրքորոշում ցուցաբերել կոնկրետ գործերով: