Քրդատը գրվել է զրոյից. ՀՐԱՊԱՐԱԿ
04/10/2013
Քրեադատավարական նոր օրենսգրքի նախագիծն արդեն պատրաստ է և ԱԺ օրակարգում է: Ինչպես ամեն նոր բան, այս նախագիծը նույնպես բուռն քննարկումների պատճառ է դարձել: Հիմնական արձագանքը Մարդու իրավունքների պաշտպանի և փաստաբանների կողմից է, ովքեր իրենց մտահոգություններն են հայտնում նոր նախագծի, փոփոխված դրույթների վերաբերյալ: Հենց այդ մտահոգությունների մասին է «Հրապարակ» օրաթերթը զրուցել նախագծի վրա աշխատած, արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանի հետ:
- Պարոն Մելիքյան, ի՞նչ փոփոխություններ են կատարվել քրդատում: Հիմնականում ո՞ր ուղղություններով են փոփոխությունները: Դրանց հետ կապված՝ արդեն իսկ մտահոգություններ կան: Ինչո՞վ են պայմանավորված այդ մտահոգությունները:
- Կարծում եմ` մեր հասարակությունը խնդրի հետ կապված ամբողջապես իրազեկված չէ, և պատճառներից մեկն էլ այն է, որ նախագիծը դեռ չի դրվել քննարկման ԱԺ-ում: Ասեմ, որ խոսքը չի վերաբերում օրենքի փոփոխություններին: Բոլորովին նոր օրենսգիրք է մշակվել, որի գործընթացը վաղուց է սկսվել: Փոփոխությունը պայմանավորված է եղել նրանով, որ քրեադատավարությունն իրավունքի ճյուղերի մեջ առավել շատ զարգացում ապրող իրավունքի ճյուղերից է: Պայմանավորված նրանով, որ թե միջազգային չափանիշներն են այստեղ շատ արագ փոփոխվում, թե կարևորությունն է մեծանում:
Մասնավորապես, ՄԻԵԴ-ի իրավաբանության մեծ մասը վերաբերում է քրեադատավարական ոլորտին: Հայաստանի վերաբերյալ կայացված 45 գործերով վճիռների մեծ մասը վերաբերում է հենց քրեադատավարությանը: Այսինքն՝ պահն արդեն հասունացել էր, և 99 թվականին ուժի մեջ մտած գործող քրեադատավարության օրենսգիրքն իր հիմքով այլևս ունակ չէր փոփոխությունների միջոցով համապատասխանեցվել միջազգային չափորոշիչներին: Այդ պատճառով մի քանի տարի առաջ սկսվեց գործընթացը, որը ներկայում եզրափակիչ փուլում է:
Ձևավորվել է հանձնաժողով, զուգահեռ նաև աշխատանքային խումբ և աշխատանքային խումբը նախ աշխատել է հայեցակարգի վրա, ապա օրենքի բուն տեքստի վրա: Եթե տեքստուալ համեմատություն անենք գործող օրենսգրքի հետ, ես հավաստիացնում եմ, որ 10-15 տոկոս տեքստուալ համընկնում չի լինի: Ամբողջովին փոխված է թե կառուցվածքը, թե բովանդակությունը: Սա ժամանակակից քրեադատավարական լեզու ունեցող փաստաթուղթ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրից: