Արման Թաթոյան,Քրեական դատավարության նոր օրենսգիրքը կօգնի բարձրացնել վստահությունը դատարանների հանդեպ. Iravaban.net

13/03/2014

 1999 թվականին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքն արդեն հնացել է: ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունները չէին համապատասխանում գործող օրենսգրքի հետ: Արդյունքում ի հայտ եկան  խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեին: Հենց այդ ժամանակ էլ առաջացավ քրեական դատավարության նոր օրենսգիրք ունենալու գաղափարը: Նոր օրենսգրքի նախագիծը մշակելու նպատակով 2010 թվականին ձևավորվեց աշխատանքային խումբ: Շատ դրույթներ սահմանելիս աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է այս կամ այն նորմը կիրառելի մեր իրականության մեջ: Իրավաբան.net-ի զրուցակիցը Արդարադատության փոխնախարար, Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ Արման Թաթոյանն է:

-Պարոն Թաթոյան, նոր օրենսգրքի նախագծով ներդրվում է լրիվ նոր ինստիտուտ՝ ցուցմունքների դեպոնացումը: Այն բավական բուռն քննարկումների առարկա էր դարձել վերջին շրջանում: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և որքանո՞վ է կիրառելի մեր իրականության մեջ:

 Ինքնին դեպոնացումը չի կարող ավելի վատը լինել, քան գործող համակարգը: Դեպոնացված խոստովանական ցուցմունքը ընդամենն ապացույց է, և հետագայում մեղադրյալը կարող է հրաժարվել դրանից կամ տալ այլ ցուցմունք։ Եթե դրանից հրաժարվելու հիմնավորումը համոզիչ է կամ նոր ցուցմունքը՝ առավել արժանահավատ, ապա դատարանը կարող է դեպոնացված ցուցմունքով հավաստված փաստերը հաստատված չհամարել։ Միայն դեպոնացված խոստովանական ցուցմունքի հիման վրա անձը չի կարող դատապարտվել։ Այն կարող է անձին դատապարտելու հիմք հանդիսանալ, միայն եթե հիմնավորվել է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցների բավարար ամբողջությամբ: Եթե անձը դատապարտվել է միայն դեպոնացված խոստովանական ցուցմունքի հիման վրա, ապա վերաքննիչ վարույթում դա դատավճռի բեկանման անվերապահ հիմք է։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը պարտավոր է այդ հիմքով բեկանել դատավճիռը, նույնիսկ եթե վերաքննիչ բողոքը այդ հարցին չի վերաբերում։ Եթե Վերաքննիչ դատարանում սխալը չի ուղղվել, ապա դա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու անվերապահ հիմք է՝ անկախ օրենքի միատեսակ կիրառության հարցից Վճռաբեկ դատարանը պարտավոր է այդ հիմքով բեկանել դատավճիռը, նույնիսկ եթե վճռաբեկ բողոքը այդ հարցին չի վերաբերում։ Եթե անգամ վճռաբեկ դատարանում սխալը չի ուղղվել, ապա առանց ժամկետի սահմանափակման՝ դա հիմնարար խախտման հիմքով վերանայման բողոք բերելու հիմք է:

-Դեպոնացման ինստիտուտի ներդրմանը դեմ արտահայտվողներից շատերը, հիմնականում իրենց նման մոտեցումը պատճառաբանում են այն հանգամանքով, որ  Հայաստանում այդ ինստիտուտը կարող է չարաշահվել: Դրանից խուսափելու համար ի՞նչ նորմեր կան սահմանված:

 Խոստովանական ցուցմունքի դատական դեպոնացումը չի կարող չարաշահվել: Այն իրականացվում է բացառապես այն դեպքում, երբ անձը պաշտպան չունի: Ի տարբերություն գործող դատավարական օրենսգրքի՝ պաշտպանից կարելի է հրաժարվել միայն պաշտպանի ներկայությամբ: Խոստովանական ցուցմունքի դեպոնացման դեպքում դատավորը նաև մեկուսի հանդիպում է մեղադրյալի հետ և բացատրում վերջինիս իրավունքները: Նշեմ նաև, որ դատավորը մեղադրյալին լրացուցիչ պարզաբանող հարցեր կարող է տալ ոչ միայն մեկուսի, այլ նաև դատական նիստի ընթացքում: Հարցերը կարող են վերաբերել, օրինակ, հնարավոր բռնություն գործադրելուն. արդյո՞ք նման բան եղել է, թե՝ ոչ: Մեկուսի հանդիպումը չի ձայնագրվում, բայց դատական նիստի ընթացքում դատավորը տալիս է նույն հարցերը և պարզաբանում մեղադրյալի իրավունքները, որն արդեն ձայնագրվում է: Դեպոնացման ինստիտուտը նախաքննության  փուլում հնարավորություն է տալիս մեղադրյալին ծանոթանալու վարույթի նյութերին, որը պաշտպանության առումով շատ կարևոր հնարավորություն է  ընձեռում: 

Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: