Նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ կպայքարի նորովի՝ խորհրդի նոր կազմով.ankakh.com
31/05/2014
Իրավական պետության կայացման հարցում առանցքային դեր ունեն օրինավորության հաստատումը հանրային կառավարման համակարգում և կոռուպցիայի դեմ պայքարը: Չնայած այն հանգամանքին, որ դա կառավարության ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման հսկողություն ապահովող և այդ գործունեությունն իրականացնելու լիազորություններով օժտված մարմինը ներկայումս բացակայում է: Նման հիմնավորմամբ էլ նոր կառավարությունն ընդունել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու և խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» որոշում: Ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը. ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ դրան վերապահելով հակակոռուպցիոն բարեփոխումների կատարման համակարգումն ու վերահսկողությունը, ինչպես նաև խորհրդի` բարձրորակ մասնագետներով համալրված, մշտապես գործող քարտուղարություն, որի աշխատանքներում կներգրավվեն նաև անկախ փորձագետներ: Խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, ՀՀ ֆինանսների, արդարադատության նախարարներին, գլխավոր դատախազին, Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահին, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների մեկական ներկայացուցչի, Հանրային խորհրդի նախագահին, համայնքների միության մեկ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների: Խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը: Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծվել է 2004 թ. հունիսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով: Իսկ մինչ այդ՝ 2001-2003 թթ., կառավարությունն ամբողջականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի պետական քաղաքականությունը, օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմնական շրջանակները։ Այնուհանդերձ հայտնի չէ, թե այս 10 տարիների գործողությունների արդյունքում որքանով է Հայաստանում նվազել կոռուպցիան, քանի որ, ինչպես գիտենք, մինչ օրս էլ դա համարվում է երկրի լրջագույն մարտահրավերներից մեկը: Նաև նշենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ գործող կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը սկսեց ակտիվանալ 2012 թ. վերջին՝ նախագահական ընտրություններից առաջ: Այն ժամանակ խորհրդի նիստերին մասնակցելու հրավեր ուղարկվեց խորհրդարանական ոչ իշխանական ուժերին, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը մերժեցին՝ նշելով, որ դա իմիտացիոն բնույթ ունի, իսկ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» մասնակցեցին` ելնելով քաղաքական էթիկայից: ՀՅԴ-ն կարծում էր, որ Հայաստանում պետք է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի գործակալություն, ոչ թե խորհուրդ, որը զբաղվում է միայն նիստեր անելով և կոռուպցիայի փաստն արձանագրելով: Ինչևէ: Նոր կառավարությունը պարտավոր է շարունակել նախորդներից մնացած ծրագրային ժառանգությունը, և ապրիլի 10-ին հաստատել է Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, որի շրջանակներում մինչև 2014 թ. հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկմանը պետք է ներկայացվի հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ են համարվել կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքման, ոստիկանության ոլորտները՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով: Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կառույցների հետ մշակել հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագիծը: Ankakh.com- ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նորանշանակ փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ նախարարությունն այս հարցով կոնկրետ հանձնարարականներ է ստացել և հիմք ընդունելով հայեցակարգը՝ պետք է երկամսյա ժամկետում մշակի կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր և միջոցառումների ժամանակացույց: «Պետությունը կոռուպցիայի դեմ պայքարը ծրագրային փուլերով իրականացնում է: Հիմա մենք մտել ենք նոր փուլ, որը նոր մոտեցումներ է ամրագրել: Մասնավորապես, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումն այսօր պետք է հիմնված լինի փոփոխության տեսության վրա, ինչը ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքարի վերաիմաստավորում, նոր արժեքների ու սկզբունքների ամրագրում: Ամենաառաջինը քաղաքական կամքն է: Պետության բոլոր ճյուղերը լիովին պետք է գիտակցեն կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու կարևորությունն ու համագործակցեն այդ դաշտում: Ամրագրված է նաև, որ իշխանության և հանրային ինստիտուտների ներկայացուցիչներն իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնահերթությունը պետք է տան հանրային շահին»,- ասաց Քրմոյանը: Հարցին, թե նախկինում այդ սկզբունքներն ամրագրված չե՞ն եղել, Սուրեն Քրմոյանը պատասխանեց. «Մենք նորովի ենք դրանք ներկայացնում, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները պետությունները շատ երկարատև փուլերով են իրականացնում, և դա վերջացող պրոցես չէ: Խորհրդի ներկայիս կազմն էլ շատ ներկայացուցչական է, մենք բազմակարծության հիման վրա պետք է այդ բոլոր միջոցառումներն իրականացնենք»: Իսկ խորհրդի կազմում ընդգրկված անձինք տվել են արդեն ներգրավվելու համաձայնությունը, թե ոչ, Քրմոյանն ասաց, որ այո, հարցը քննարկվել է պաշտոնատար անձանց հետ: