12/07/2018
ՀՀ Ան Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու մասին արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-իՆ N 336-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 336-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«12» ՀՈՒԼԻՍԻ 2018 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 14-րդ և «Պրոբացիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
- Հաստատել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Սահմանել, որ՝
1) մինչև «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդնումը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև փաստաթղթաշրջանառությունը վարվում է թղթային եղանակով.
2) մինչև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրում է պատիժը կատարող հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժինը.
3) սույն հրամանի N 1 հավելվածի III բաժնի դրույթները տարածվում են դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցների կազմման վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: