25/06/2020
Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ Հայաստանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների վերաբերյալ Սահմանադրական փոփոխությունների նախագծի համատեքստում ներկայացված երեք իրավական հարցերի վերաբերյալ
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
(ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ)
ՀԱՅԱՍՏԱՆ
ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՐԵՔ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից 2020 թվականի հունիսի
19-ին՝ գրավոր ընթացակարգով, որը փոխարինել է 123-րդ լիագումար նիստին
հետեւյալ անձանց կողմից ներկայացված մեկնաբանությունների հիման վրա՝
պրն Ֆիլիպ ԴԻՄԻՏՐՈՎԻ (անդամ, Բուլղարիա)
պրն Միքայել ՖՐԵՆԴՈՅԻ (անդամ, Մալթա)
պրն Քրիստոֆ ԳՐԱԲԵՆՎԱՐՏԵՐԻ (անդամ, Ավստրիա)
պրն Այրիկ ՀՈԼՄՈՅՎԻԿԻ (փոխարինող անդամ, Նորվեգիա)
_________________________________________________________________________
Սույն փաստաթուղթը չի բաժանվելու հանդիպմանը: Խնդրում ենք Ձեզ հետ բերել սույն օրինակը:
www.venice.coe.int
Բովանդակություն
I. Ներածություն. 3
II. Իրավական եւ փաստական հիմքերը. 3
Ա. Իրավական հիմքերը. 4
Բ. Փաստական հիմքերը. 8
III. Իշխանությունների կողմից ներկայացված հատուկ հարցերը եւ բացատրությունները 14
IV. Վերլուծությունը. 17
Ա. Առաջին հարց. Ներկա իրավիճակում ո՞րն է Սահմանադրությամբ (2015 թվականի փոփոխություններով) սահմանված՝ Սահմանադրական
դատարանի նոր մոդելն ամբողջությամբ կյանքի կոչելու
լավագույն եղանակը։ 17
1. Կիրառելի միջազգային չափանիշները եւ նախկին կարծիքները. 17
2. Անցումային դրույթների 213-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները 21
Բ. Երկրորդ հարց. Եվրոպական լավագույն չափանիշների տեսանկյունից
արդյո՞ք ընդունելի կհամարվի Դատարանի լիազորությունների շրջանակը փոփոխությունների՝ փոփոխման ոչ ենթակա սահմանադրական հոդվածների հետ համապատասխանության նախնական (ex ante) սահմանադրական քննությամբ սահմանափակելը եւ դրա համար հարաբերականորեն կարճ ժամկետ սահմանելը: 34
Գ. Երրորդ հարց. Արդյո՞ք Ազգային ժողովը չպետք է ունենա համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության հետեւանքով կասեցված՝
ավելի վաղ նշանակված հանրաքվեն չեղարկելու լիազորություն: 40
V. Եզրահանգումները. 41
I. Ներածություն
1. 2020 թվականի մայիսի 12-ի գրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար պրն Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովից խնդրել է կարծիք տրամադրել Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների նախագծի համատեքստում ներկայացված երեք իրավական հարցերի վերաբերյալ (CDL-REF(2020)025)։
2. Պրն Դիմիտրովը, պրն Ֆրենդոն, պրն Գրաբենվարտերը եւ պրն Հոլմոյվիկը որպես զեկուցողներ են հանդես են եկել սույն կարծիքի կապակցությամբ:
3. 2020 թվականի մայիսի 25-ից 27-ը զեկուցողները եւ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարությունն անցկացրել են տեսակոնֆերանս-հանդիպումների շարք Սահմանադրական դատարանի, խորհրդարանական երեք խմբակցությունների, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի [մշտական] հանձնաժողովի նախագահի, Արդարադատության նախարարի եւ Երեւանում գտնվող դիվանագիտական հանրության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Վենետիկի հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում իշխանություններին եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին՝ հանդիպումները կազմակերպելու համար։
4. Սույն կարծիքը մշակվել է զեկուցողների կողմից ներկայացված մեկնաբանությունների եւ տեսակոնֆերանս-հանդիպումների արդյունքների հիման վրա։ Այն ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից 2020 թվականի հունիսի 19-ին՝ գրավոր ընթացակարգով, որը COVID-19 վարակի հետեւանքով փոխարինել է Վենետիկի հանձնաժողովի 123-րդ լիագումար նիստին։
II. Իրավական եւ փաստական հիմքերը
Ա. Իրավական հիմքերը
5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի հանրաքվեով, վերջին 25 տարիների ընթացքում անցել է երկու հիմնական բարեփոխումների գործընթաց, այդ թվում՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեի միջոցով ներդրված փոփոխությունները եւ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի միջոցով ներդրված փոփոխությունները։ Վենետիկի հանձնաժողովը երկու բարեփոխումների վերաբերյալ տրամադրել է մի շարք կարծիքներ։[1]
6. Սահմանադրական դատարանի կազմին վերաբերող սահմանադրական դրույթները նույնպես էականորեն փոփոխվել են սահմանադրական բարեփոխումների արդյունքում, որոնք վերաբերում էին մասնավորապես Սահմանադրական դատարանի դատավորներ նշանակող մարմիններին եւ այդ դատավորների պաշտոնավարման ժամկետներին։ 1995 թվականի Սահմանադրության (նախքան 2005 թվականի փոփոխությունները) 99-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից, որից հինգին նշանակում է Ազգային ժողովը, չորսին` Հանրապետության Նախագահը»: 96-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում է մինչեւ 70 տարին լրանալը:
7. 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով Սահմանադրական դատարանի դատավորների նշանակման կարգում եւ պաշտոնավարման ժամկետներում կատարվեցին որոշակի փոփոխություններ։ 99-րդ հոդվածի (2005 թվականի փոփոխությունների արդյունքում փոփոխված) համաձայն՝ Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից։ Չորս անդամ նշանակվում էր Հանրապետության նախագահի կողմից (55-րդ հոդվածի 10-րդ կետ), իսկ հինգ անդամ նշանակվում էր Ազգային ժողովի կողմից՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ (83-րդ հոդվածի 1-ին կետ)։ 96-րդ հոդվածի համաձայն՝ «Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը:»։
8. 2015 թվականի փոփոխությունների արդյունքում էական փոփոխություններ կատարվեցին Սահմանադրական դատարանի դատավորների նշանակման կարգում, նրանց նշանակող մարմիններում եւ պաշտոնավարման ժամկետներում, որոնցով ներդրվեց «Դատարանները եւ Բարձրագույն դատական խորհուրդը» վերտառությամբ նոր՝ 7-րդ գլուխը, որը մանրամասն դրույթներ է ներառում Սահմանադրական դատարանի վերաբերյալ։ Սահմանադրության 7-րդ գլխի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով։ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
9. Վենետիկի հանձնաժողովն իր 2015 թվականի «Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկրորդ կարծիքի» մեջ համարել է, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության համար խորհրդարանականների ընդհանուր ձայների առնվազն երեք հինգերորդի որակյալ մեծամասնության նոր պահանջի ներդնումը խիստ ողջունելի է։[2] Այդ փոփոխությունն անշուշտ հետեւում էր Հանձնաժողովի՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ առաջին կարծիքի մեջ արած նախորդ առաջարկությանը[3]։ Հանձնաժողովը համարել է, որ սահմանադրական դատարանի դատավորների նշանակման համար ձայների որակյալ մեծամասնության պահանջով ինչպես մեծամասնությունը, այնպես էլ ընդդիմությունը կառաջարկեն բարձր որակավորում ունեցող թեկնածուներ, որոնք ընդունելի են մյուս կողմի համար։[4] Վերջապես, Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի եւ կենսաթոշակային տարիքի առնչությամբ Հանձնաժողովն իր առաջին կարծիքի մեջ համարել է, որ 166-րդ հոդվածում առկա դրույթը, որով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնավարում են 12 տարի, մինչեւ 70 տարին լրանալը, եւ չեն կարող վերընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, համահունչ է եվրոպական գործելակերպին։[5]
10. Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությանը վերաբերող սահմանադրական դրույթները նույնպես զգալիորեն վերանայվել են սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ 1995 թվականի Սահմանադրության համաձայն, մինչեւ 2005 թվականի փոփոխությունները, Սահմանադրական դատարանի նախագահը նշանակվում էր Ազգային ժողովի կողմից՝ Դատարանի կազմից (83-րդ հոդվածի 2-րդ կետ)։ Եթե Սահմանադրական դատարանի կազմավորումից հետո երեսնօրյա ժամկետում Ազգային ժողովը սահմանադրական դատարանի նախագահ չէր նշանակում, ապա վերջինս նշանակվում էր Հանրապետության Նախագահի կողմից (83-րդ հոդվածի 2-րդ կետ եւ 55-րդ հոդվածի 10-րդ կետ): Դատարանի նախագահ նշանակելու այս մեթոդը 2005 թվականին ընդհանուր առմամբ պահպանվել է՝ այն տարբերությամբ, որ 2005 թվականի տարբերակում Ազգային ժողովը նախագահ է նշանակում Դատարանի կազմից, նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո երեսնօրյա ժամկետում՝ «Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ» (2005 թվականի տարբերակի 83-րդ հոդվածի 2-րդ կետ)։
11. 2015 թվականի բարեփոխումների արդյունքում ամբողջովին փոփոխվեց նախագահի նշանակման մեթոդը եւ բացառվեց Ազգային ժողովի մասնակցությունը նշանակման կարգում։ Նոր 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից ընտրում է Դատարանի նախագահ եւ փոխնախագահ։ Մեկ այլ կարեւոր տարբերություն վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետին։ Սահմանադրության 1995 թվականի եւ 2005 թվականի տարբերակներով չէր նախատեսվում նախագահի պաշտոնավարման որեւէ կոնկրետ ժամկետ եւ, հետեւաբար, նախագահի պաշտոնավարման ժամկետի նկատմամբ կիրառվում էր դատավորների եւ Դատարանի անդամների կենսաթոշակային տարիքի վերաբերյալ ընդհանուր դրույթը։ Այժմ նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: Հանձնաժողովն իր 2015 թվականի կարծիքի մեջ համարել է, որ Դատարանի նախագահի ընտրության այս մոդելը Դատարանի անկախության լավ երաշխիք է։[6]
12. Թեեւ այս հիմնական փոփոխությունները ներդրվել են 2015 թվականի փոփոխություններով, Սահմանադրության 16-րդ գլխի (Եզրափակիչ եւ անցումային դրույթներ) անցումային դրույթների 213-րդ հոդվածով նախատեսվում է, որ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:» եւ «Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը:»։ Համանման անցումային դրույթ առկա էր նաեւ 2005 թվականի Սահմանադրության մեջ (117-րդ հոդվածի 13-րդ կետ)։
13. Անցումային դրույթների 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլուխը (որը ներառում է Սահմանադրական դատարանի դատավորների եւ նախագահի նշանակմանը վերաբերող դրույթները) «ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը։ Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները։»։ Նախագահ Սարգսյանն ընտրվել է 2018 թվականի մարտի 2-ին եւ պաշտոնը ստանձնել է 2018 թվականի ապրիլի 9-ին։ Հետեւաբար, Սահմանադրական դատարանում մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը կատարված նշանակումների (այդ թվում՝ դատավորների եւ նախագահի) նկատմամբ կիրառելի էին Սահմանադրության 2005 թվականի տարբերակի համապատասխան դրույթները։ 2015 թվականի փոփոխությունների արդյունքում ընդունված նոր դրույթները կիրառվում են միայն այդ ամսաթվից հետո կատարված նշանակումների նկատմամբ։
Բ. Փաստական հիմքերը
14. Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում, որոնք Հայաստանում ստացել են «թավշյա հեղափոխություն» անվանումը, նախորդ կառավարությունը խաղաղ ճանապարհով իշխանազրկվեց, իսկ նախկին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսին նշանակվեց Վարչապետի պաշտոնում։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանին սատարող «Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովում 132 մանդատից ստացավ 88 մանդատ (ինչը կազմում է սահմանադրական մեծամասնություն), իսկ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը ոչ մի մանդատ չստացավ:
15. «Թավշյա հեղափոխությունից» առաջ՝ 2018 թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց երեք շաբաթ եւ իր կենսաթոշակային 70 տարին լրանալուց կարճ ժամանակ առաջ։ Արդյունքում, 2018 թվականի մարտի 21-ին Հրայր Թովմասյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ՝ համաձայն 2005 թվականի Սահմանադրության դրույթների՝ մինչեւ իր կենսաթոշակային 65 տարին լրանալու ժամկետով։ Հրայր Թովմասյանը, ով 2010 թվականի դեկտեմբերից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը եղել է Արդարադատության նախարարը, 2017 թվականի ապրիլից հանդիսացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելուց կարճ ժամանակ առաջ։
16. Ներկայումս Սահմանադրական դատարանի ինը դատավորներից երկուսն ընտրվել են 2015 թվականի [Սահմանադրության] դրույթների համաձայն. Արման Դիլանյանն ընտրվել է 2018 թվականի սեպտեմբերի 13-ին, Վահե Գրիգորյանն ընտրվել է 2019 թվականի հունիսի 18-ին՝ 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո։ Մնացած յոթ դատավորներն ընտրվել են մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը՝ 1995 թվականի եւ 2005 թվականի [Սահմանադրությունների] դրույթների համաձայն։
17. 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է կարծիք պատրաստել «Դատական բարեփոխումների փաթեթի» վերաբերյալ։ Այդ փաթեթում ներառված փոփոխություններից մեկը կապված էր «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի հետ եւ դրանով ներդրվում էր ցանկության դեպքում եւ որոշակի արտոնություններով մինչեւ իրենց լիազորությունների ավարտը հրաժարական տալու հնարավորություն Սահմանադրական դատարանի այն դատավորների համար, որոնց լիազորությունները գործում են մինչեւ կենսաթոշակի անցնելը։ Իշխանությունները վկայակոչել են 2015 թվականին վերանայված Սահմանադրության կիրարկումը հետհեղափոխական համատեքստում եւ համարել են, որ սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշտոնավարումից անցումը ֆիքսված ժամկետով պաշտոնավարման պետք է կիրառվի անհապաղ։
18. 2019 թվականի հոկտեմբերի ընդունած իրենց համատեղ կարծիքում[7] Վենետիկի հանձնաժողովը եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրինությունը համարել են, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները պետք է օգտվեն նույն կարգավիճակից՝ անկախ նրանից, թե նրանք նշանակվել են մինչեւ Սահմանադրության 2015 թվականի վերանայումը, թե դրանից հետո (60-րդ պարբերություն)։ Նրանք այնուհետեւ նշել են, որ սկզբունքորեն, եթե վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու մեխանիզմը լինի իրապես կամավոր, այսինքն՝ բացառի որեւէ անհարկի (քաղաքական կամ անձնական) ճնշումը տվյալ դատավորների վրա, եւ եթե այն նախատեսված չլինի քննվող գործերի արդյունքների վրա ազդելու նպատակով, չկա որեւէ չափանիշ, որը կստիպի Վենետիկի հանձնաժողովին դեմ արտահայտվել այդ մեխանիզմին։
19. Համապատասխան փոփոխություններն[8] ուժի մեջ են մտել 2019 թվականի դեկտեմբերի 11-ին, եւ դրանցով դատավորների համար նախատեսվել է երկու ամիս ժամկետ, որպեսզի վերջիններս ընդունեն վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու առաջարկը։ Նրանցից ոչ ոք չի ընդունել այս առաջարկությունը։
20. 2020 թվականի փետրվարի սկզբներին իշխող մեծամասնությունն առաջարկեց անցումային դրույթների 213-րդ հոդվածի սահմանադրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ այն դատավորների պաշտոնավարման ժամկետները, որոնք նշանակվել են մինչեւ 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը, դադարում են (յոթ դատավոր, այդ թվում՝ նախագահը)։[9] Այդ փոփոխությունների նախնական նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ «Սահմանադրական դատարանի գործող կազմի պայմաններում առկա է էական տարբերություն Սահմանադրության 2015 թվականի տարբերակի 7-րդ գլխով սահմանված դրույթների համաձայն նշանակված դատավորների պաշտոնավարման ժամկետի եւ մինչ այդ նշանակված դատավորների պաշտոնավարման ժամկետի միջեւ։ Եթե նորանշանակ դատավորները պաշտոնավարելու են 12 տարի, ապա նախկինում՝ Սահմանադրության 1995 թվականի տարբերակի դրույթների համաձայն նշանակված անդամները (2 դատավոր) պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը, իսկ Սահմանադրության 2005 թվականի տարբերակի դրույթների համաձայն նշանակված անդամները (5 դատավոր)՝ մինչեւ 65 տարեկանը լրանալը։» Հիմնավորման համաձայն, այս փոփոխության նպատակն է ապահովել Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան ձեւավորված կազմի սահմանադրականությունը եւ վերացնել Սահմանադրական դատարանի կազմի նկատմամբ ինչպես հանրության, այնպես էլ իշխանության այլ ճյուղերի վստահության բացակայությունը։
21. Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 169-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունները պետք է ներկայացվեն Սահմանադրական դատարան՝ քննելու համար դրանց՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։[10] Բացի այդ, փետրվարի սկզբներին Ազգային ժողովի անդամներից մեկն առաջարկեց փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, «Հանրաքվեի մասին» օրենքում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, որոնցով կվերացվեին համապատասխան դրույթները, որոնցով նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով պարտադիր քննություն Սահմանադրական դատարանի կողմից՝ առանց, այնուամենայնիվ, փոփոխելու Սահմանադրության համապատասխան դրույթները (այսինքն՝ 168-րդ հոդվածի 2-րդ կետը եւ 169-րդ հոդվածի 2-րդ մասը)։ Խորհրդարանն այդ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկություն չի անցկացրել։
22. 2020 թվականի փետրվարի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել են անցումային դրույթների 213-րդ հոդվածի սահմանադրական փոփոխությունները։ Հարկ է նշել, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի («Սահմանադրության ընդունումը եւ փոփոխությունը») առաջին մասով նախատեսվում է այն սահմանադրական դրույթների ցանկը, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով։[11] Նույն դրույթի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության մյուս հոդվածներում[12] փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Երրորդ մասի համաձայն՝ «Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի։»։ Ստացվում է, որ թեեւ Ազգային ժողովի փետրվարի 6-ի արտահերթ նիստում իշխող կուսակցությունն ուներ այս սահմանադրական փոփոխությունն անմիջապես ընդունելու համար անհրաժեշտ բավարար մեծամասնություն (այսինքն՝ ձայների երկու երրորդի մեծամասնություն), փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ բավարար թվով ձայներ չստացավ, եւ Խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդով որոշեց սահմանադրական փոփոխությունների հարցը դնել հանրաքվեի՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։ Ըստ մի շարք զրուցակիցների, որոնց հանդիպել է պատվիրակությունը, իշխող մեծամասնության նպատակն էր նաեւ շրջանցել Սահմանադրական դատարանի կողմից նախապես իրականացվող սահմանադրական քննությունը։ Իշխող մեծամասնությունն առարկել է, որ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանին դիմում են Դատարանի դատավորների լիազորությունների վերաբերյալ փոփոխության սահմանադրականությունը քննելու հարցով, կարող է լինել շահերի բախում, որը թույլ չի տա, որ այդ դատավորները քննեն սահմանադրական փոփոխությունը։
23. Հանրաքվեն ապրիլի 5-ին անցկացնելու մասին օրինագիծը հաստատվել է Նախագահի փետրվարի 9-ի որոշմամբ, սակայն հանրաքվեն հետաձգվել է COVID 19-ի համաճարակի հետեւանքով առաջացած իրավիճակին լուծում տալու համար հայտարարված արտակարգ դրության հետեւանքով։
24. Վենետիկի հանձնաժողովին տեղեկացրել են, որ մայիսի 25-ին Ազգային ժողովի [Պետական-] իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում մի շարք նոր փոփոխությունների նախագիծ։ Մասնավորապես պարզվում է, որ փոփոխությունների նախագծով Ազգային ժողովին տրվում է լիազորություն չեղյալ հայտարարել արդեն իսկ նշանակված հանրաքվեն (սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ), որը հետաձգվել է ռազմական դրության կամ արտակարգ դրության հետեւանքով։ Ավելին, Սահմանադրական դատարանի կողմից քննվելիք սահմանադրական փոփոխությունների շրջանակը կսահմանափակվի սահմանադրական փոփոխությունների՝ փոփոխման ոչ ենթակա սահմանադրական դրույթների հետ համապատասխանության քննությամբ։[13] Բացի այդ, Սահմանադրական դատարանը պետք է այդ քննությունը պարտադիր իրականացնի դիմում ներկայացնելուց հետո տասնհինգ օրվա ընթացքում։ Ազգային ժողովը 2020 թվականի հունիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունները։
III. Իշխանությունների կողմից ներկայացված հատուկ հարցերը եւ բացատրությունները
25. Հաշվի առնելով նախկինում նկարագրված իրավական համատեքստը, իշխանությունները հարցերին կից ներկայացված օժանդակ տեղեկատվական փաստաթղթում (CDL-REF(2020)025) եկել են այն եզրահանգման, որ գործող Սահմանադրության անցումային դրույթները որեւէ կերպ չեն ապահովել Սահմանադրական դատարանի ձեւավորման նոր համակարգը, որը դեռեւս լիովին կյանքի չի կոչվել։ Իշխանությունների համոզմամբ Սահմանադրական դատարանի շուրջ առկա ճգնաժամի առանցքային խնդիրը Սահմանադրական դատարանի՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը եւ դրանից հետո նշանակված նախագահի եւ դատավորների ակնհայտ տարբերվող կարգավիճակն է նշանակման կարգի, նշանակող [առաջադրող] մարմինների եւ նրանց պաշտոնավարման ժամկետների մասով։ Նկատելով, որ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից 5 տարի հետո նոր ընթացակարգով ընտրվել է Դատարանի միայն երկու դատավոր, նրանք գալիս են այն եզրահանգման, որ այն եղանակը, որով կիրարկվել են անցումային դրույթները, ունեցել է Դատարանի կազմի վերաբերյալ դրույթների լիարժեք իրագործումը բացառիկ երկար ժամկետով հետաձգելու ազդեցություն։
26. Հետեւաբար, իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրում են կարծիք տրամադրել հետեւյալ հարցերի եւ բացատրությունների վերաբերյալ.
«
1. Ընթացիկ իրավիճակում ո՞րն է Սահմանադրությամբ (2015 թվականի փոփոխություններով) սահմանված՝ Սահմանադրական դատարանի նոր մոդելն ամբողջությամբ կյանքի կոչելու լավագույն եղանակը։
Հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել փոփոխված Սահմանադրությունը մինչեւ նոր Սահմանադրության ընդունումն ընտրված՝ Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ կիրառելը։ Մասնավորապես, Դատարանի այն անդամները, որոնք մինչեւ նոր Սահմանադրության 7-րդ գլուխն (Դատարանները եւ Բարձրագույն դատական խորհուրդը) ուժի մեջ մտնելու պահը (2018 թվականի ապրիլի 9) պաշտոնավարել են 12 տարի, կավարտեն իրենց պաշտոնավարումը, իսկ նրանք, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կշարունակեն պաշտոնավարել համապատասխանաբար մինչեւ իրենց պաշտոնավարման 12 տարին ավարտվելը։
Ինչ վերաբերում է Դատարանի նախագահին, ապա Դատարանի նախագահի լիազորությունները պետք է դադարեն, եւ նրա գործընկերների կողմից պետք է ընտրվի նոր նախագահ՝ 6 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի՝ նոր Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգին համապատասխան։ Այս լուծումը կհամապատասխանի նոր Սահմանադրությամբ (215-րդ հոդված) Սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաեւ սովորական դատարանների նախագահների համար սահմանված կարճաժամկետ պաշտոնավարման տրամաբանությանը։
Ասվածը հնարավոր է ապահովել Սահմանադրության անցումային դրույթները (213-րդ հոդված) փոփոխելու միջոցով՝ հաշվի առնելով, որ այդ դրույթներն ուղղված են Սահմանադրության փոփոխությունների արագ եւ ամբողջական իրագործմանը։
2. Եվրոպական լավագույն չափանիշների տեսանկյունից արդյո՞ք ընդունելի կհամարվի Դատարանի լիազորությունների շրջանակը Սահմանադրության անփոփոփելի հոդվածների հետ համապատասխանության նախնական քննությամբ սահմանափակելը եւ դրա համար հարաբերականորեն կարճ ժամկետ սահմանելը։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով չի նախատեսվում Դատարանի քննության հստակ շրջանակ սահմանադրական փոփոխությունների դեպքում, ինչն ակնհայտորեն ստեղծում է մեծ անորոշություն։ Իրավական որոշակիություն ապահովելու համար նախ կարելի է Դատարանի քննության շրջանակը սահմանել որպես հնարավորինս սեղմ ժամկետում (օրինակ՝ 10 օր) Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության ապահովման նպատակով իրականացվող քննություն։ Եվ երկրորդ, Դատարանի քննության հստակեցված շրջանակը Ազգային ժողովին հնարավորություն կտա առաջարկվող փոփոխությունների մասին Դատարանի եզրակացությունը ստանալուց հետո հստակ դիրքորոշում ունենալ Սահմանադրության փոփոխությունները քվեարկելիս։
3. Արդյո՞ք Ազգային ժողովը չպետք է ունենա ավելի վաղ նշանակված, սակայն համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության հետեւանքով կասեցված հանրաքվեն չեղարկելու լիազորություն
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով նախատեսվում է, որ նշանակված, սակայն արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է արտակարգ դրության ավարտից հետո։ Օրենքով չի նախատեսվում մինչեւ արտակարգ դրությունը հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորություն։
Այո, կարծում ենք, որ հանրային առողջության եւ անվտանգության համար Խորհրդարանը պետք է ունենա ավելի վաղ հայտարարված, սակայն այնուհետեւ համավարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության հիմքով կասեցված հանրաքվեն անցկացնելու մասին իր որոշումը չեղյալ հայտարարելու լիազորություն։
IV. Վերլուծությունը
Ա. Առաջին հարց. Ներկա իրավիճակում ո՞րն է Սահմանադրությամբ (2015 թվականի փոփոխություններով) սահմանված՝ Սահմանադրական դատարանի նոր մոդելն ամբողջությամբ կյանքի կոչելու լավագույն եղանակը։
1. Կիրառելի միջազգային չափանիշները եւ նախկին կարծիքները
27. Առաջին հարցի գնահատման ղեկավար սկզբունքներն են դատարանների եւ դրանց անդամների անկախությունը, դատավորների միջեւ ցանկացած անհարկի աստիճանակարգությունից կամ անհավասարությունից խուսափելը եւ կառույցի նկատմամբ վստահությունը։
28. Վենետիկի հանձնաժողովը նախկինում բազմիցս քննադատել է դատավորների կենսաթոշակային տարիքի կամ պաշտոնավարման ժամկետների փոփոխությունները՝ նույնիսկ եթե այն եղել է դատական իշխանության ընդհանուր բարեփոխման մաս՝ հատկապես, եթե այդ փոփոխությունները կատարվել են հապշտապ կերպով եւ առանց համոզիչ հիմնավորման։[14] Դատավորների կենսաթոշակային տարիքի կամ պաշտոնավարման ժամկետի` հետադարձ ուժ ունեցող (ռետրոակտիվ) փոփոխություններն ազդում են դատավորների անկախության վրա եւ, կախված դատավորների թվից, որոնց վրա ազդում են այդ փոփոխությունները, կարող են նաեւ բացասական ազդեցություն ունենալ դատարանի արդյունավետության վրա։ Ահա, թե ինչու դատավորների անկախության միջազգային չափանիշներով հստակ երաշխավորվում է պաշտոնավարման ժամկետի երաշխավորվածությունը մինչեւ պարտադիր կենսաթոշակային տարիքը կամ պաշտոնավարման ժամկետի ավարտը եւ, միեւնույն ժամանակ, սահմանափակվում են անգործունակության կամ մասնագիտական գործառույթների ոչ պատշաճ կատարման հետեւանքով պաշտոնից ազատման հիմքերը։[15] Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) բազմիցս ընդգծել է դատավորների պաշտոնավարման ժամկետների եւ նրանց անկախության միջեւ սերտ կապը։[16] Անշուշտ, դատավորների պաշտոնավարման ժամկետի երաշխավորվածությունը համընդհանուր ճանաչված սկզբունք է իրավունքի գերակայությունը հարգող բոլոր երկրներում, եւ դրանից բացառությունների համար պահանջվում են համոզիչ պատճառներ։[17] Բական ընդդեմ Հունգարիայի [Baka v. Hungary] գործով ՄԻԵԴ-ն անդրադարձել է դատավորների պաշտոնավարման ժամկետի՝ հետադարձ ուժով կրճատման խնդրին.
«Ավելին, թեեւ դիմումատուն շարունակել է պաշտոնավարել որպես դատավոր եւ նոր Կուրիայի քաղաքացիական բաժանմունքի նախագահ, նրան հեռացրել են Գերագույն դատարանի նախագահի պաշտոնից իր ընտրության պահին գործող օրենսդրության համաձայն կիրառելի՝ ֆիքսված ժամկետի ավարտից երեքուկես տարի առաջ։ Սա դժվար թե համատեղելի լինի այն հատուկ հոգածության հետ, որը պետք է ցուցաբերել դատական գործառույթների բնույթի՝ որպես պետական իշխանության անկախ ճյուղի, եւ դատավորների անփոփոխելիության սկզբունքի նկատմամբ, որը, համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի եւ միջազգային ու Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի, առանցքային տարր է դատավորների անկախության ապահովման համար […]։»[18]
29. Հենց այս համատեքստում է, որ Վենետիկի հանձնաժողովն իր 2019 թվականի հոկտեմբերի կարծիքում ընդգծել է պաշտոնավարման ժամկետի երաշխավորվածության եւ դատավորների անկախության միջեւ կապը.
«Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի երաշխավորվածությունը նրանց անկախության կարեւոր երաշխիք է։ Անփոփոխելիությունը նախատեսված է սահմանադրական դատարանի դատավորներին օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե ամեն նոր կառավարություն կարողանար իր հայեցողությամբ գործող դատավորներին փոխարինել նորընտիր դատավորներով։»[19]
30. Այդ կարծիքում պարզորոշ նկարագրվում է, թե որն է դատավորների անփոփոխելիության նպատակը, այն է՝ դատավորները, այդ թվում՝ սահմանադրական դատարանի դատավորները, չպետք է փոխարինվեն, երբ նոր կառավարություն է գալիս իշխանության։ Նախկին կառավարության ժամանակ նշանակված լինելը պարզապես համոզիչ պատճառ չէ դատավորին փոխարինելու համար։
31. Վերջին կարծիքներում Վենետիկի հանձնաժողովը շեշտել է դատական համակարգի կայունության կարեւորությունը դրա անկախության տեսանկյունից։[20] Դատական իշխանության նկատմամբ վստահությունը պահանջում է կայուն իրավական դաշտ եւ, թեեւ երբեմն դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության մակարդակը բարձրացնելու համար պահանջվում են դատական բարեփոխումներ, «շարունակական ինստիտուցիոնալ անկայունությունն այն դեպքում, երբ քաղաքական իշխանության փոփոխություններին հետեւում են բարեփոխումներ, նույնպես կարող է վնասակար լինել դատական իշխանության՝ որպես անկախ եւ անաչառ կառույցի նկատմամբ հանրային վստահության համար»։2[21]
2. Անցումային դրույթների 213-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները
ա. Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ
32. Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական զարգացման գործընթացը ցույց է տալիս շարունակական պայքար ժողովրդավարական չափանիշների բարելավման եւ իրավունքի գերակայության խթանման համար։ Այդ գործընթացն ուղեկցվել է Վենետիկի հանձնաժողովից պարբերաբար ստացված առաջարկություններով եւ զերծ չի եղել քաղաքական բախումներից։ Այս գործընթացում պաշտոնավարող դատավորների անկախության մասով մտահոգությունը շատ ընդգծված էր։
33. Անշուշտ, Սահմանադրության՝ 2015 թվականի փոփոխություններով ներդրված 7-րդ գլուխը (Դատարանները եւ Բարձրագույն դատական խորհուրդը) ներառում է մի շարք դրույթներ, որոնցով համարվում է, որ սահմանվում է իրավունքի գերակայությամբ ղեկավարվող ժողովրդավարական համակարգում հնարավոր անկախության եւ անաչառության ամենաբարձր մակարդակը՝ հատկապես դատավորների կարգավիճակի եւ ընտրության ու նշանակման ընթացակարգի մասով (մասնավորապես՝ 164-167-րդ հոդվածներ)։
34. Կոնկրետ Սահմանադրական դատարանի դատավորների առնչությամբ Խորհրդարանի կողմից նրանց ընտրության համար ընդհանուր ձայների առնվազն երեք հինգերորդի որակյալ մեծամասնության նոր պահանջի ներդնումն ուղղված է ապահովելուն, որ իշխող մեծամասնությունը չգտնվի նշանակումները հսկողի դիրքում։ Այդպիսով, այն Սահմանադրական դատարանի դատավորներին պաշտպանում է քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Ի հավելումն, վերընտրվելու հնարավորության բացառումն (նոր 166-րդ հոդվածի 1-ին մաս) անկասկած նպաստում է դատավորների անկախությանը։ Թեեւ առկա են մեխանիզմներ, որոնցով նախատեսվում է դատավորների վերընտրվելու հնարավորություն, ինչպես Լիխտենշտեյնի սահմանադրական դատարանի (Staatsgerichtshof) դեպքում (Լիխտենշտեյնի սահմանադրության 105-րդ հոդված՝ հղում կատարելով 102-րդ հոդվածի 2-րդ մասին) կամ Եվրոպական միության արդարադատության դատարանի դեպքում, եվրոպական չափանիշն այն է, որ սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետները նորացվող չեն, եւ վերընտրվելու հնարավորությունը բացառվում է։
35. Մյուս կողմից, պաշտոնավարման ժամկետների սահմանափակումները հաճախ հանդիպող են բազմաթիվ սահմանադրական համակարգերում՝ այնքանով, որքանով վերաբերում են սահմանադրական դատարանի դատավորներին (ի տարբերություն քաղաքացիական եւ քրեական դատարանների սովորական դատավորների, որտեղ դատավորի պաշտոնավարումը սահմանափակվում է միայն կենսաթոշակային տարիքով)։ Տասներկու տարի ժամկետը լիովին համահունչ է եվրոպական չափանիշներին։ Անկասկած, այդպիսի սահմանափակ ժամկետը Դատարանի կազմի պարբերական եւ մասնակի թարմացման հնարավորություն է տալիս՝ ներկայացվածության առումով ոչ միատարրության եւ բազմակարծության [բարձր] աստիճանի եւ ավելի բարձր հավասարակշռվածության հասնելու նպատակով։ Այն փոփոխվող խորհրդարանական մեծամասնությանը հնարավորություն է տալիս ընտրել մեկ այս կամ այն [տենդենցին] ուղղությանը հարող դատավորներ եւ ավելի լավ արտացոլել հասարակության փոփոխվող քաղաքական եւ հասարակական տեսակետները։
36. Հայաստանում ընթացող լայնածավալ եւ դրական զարգացումներին զուգահեռ, 2015 թվականի փոփոխություններով երաշխավորվեց Սահմանադրական դատարանի գործող դատավորների պաշտոնավարման ժամկետը՝ պահպանելով նրանց նշանակման սկզբնական ժամկետները։ Հետեւաբար, դրանով երաշխավորվում էր այդ դատավորների պաշտոնավարման շարունակականությունը մինչեւ կենսաթոշակային տարիքը՝ առանց նրանց լիազորությունները սահմանափակելու նոր ներդրված տասներկուամյա ժամկետով (անցումային դրույթների 213-րդ հոդված)։ Հետեւաբար, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրական դատարանի բարեփոխումը եւ ֆիքսված ժամկետի ներդնումը չհանգեցրին Սահմանադրական դատարանի դատավորների՝ պաշտոնից անհապաղ եւ կտրուկ ազատման։
37. Անցումային դրույթների 213-րդ հոդվածի դրույթը 2015 թվականի փոփոխություններով ներդրված նորույթ չէ, ոչ էլ բացառիկ բնույթ է կրում։ Համանման անցումային դրույթ առկա է եղել նաեւ 2005 թվականի Սահմանադրության մեջ (117-րդ հոդվածի 13-րդ կետ), որով Սահմանադրական դատարանի դատավորների նշանակման եղանակն այնուամենայնիվ էականորեն չի փոխվել։[22] Ավելին, 2015 թվականի Սահմանադրության անցումային դրույթների 215-րդ հոդվածով[23] նույն երաշխիքը նախատեսված է նաեւ սովորական դատավորների համար (սակայն ոչ՝ նախագահների), որոնք նշանակվել են մինչեւ 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար, որոնց նշանակման ընթացակարգը համապատասխան փոփոխությունների արդյունքում կարեւոր փոփոխությունների է ենթարկվել, մինչդեռ նրանց պաշտոնավարման ժամկետը (մինչեւ կենսաթոշակի անցնելը) նույնն է մնացել։[24]
38. Թեեւ սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման սահմանափակ ժամկետի ներդնումը չի կարող բացառվել եւ, հակառակը, խրախուսելի է, Հանձնաժողովն այն կարծիքին է, որ սկզբունքորեն պատշաճ է Դատարանի կազմում աստիճանաբար փոփոխություն կատարելու հնարավորություն տվող անցումային ժամկետը, որը կկանխի, որ այդ սահմանափակումն օգտագործվի որպես քաղաքական մեծամասնության տրամադրության տակ գտնվող գործիք Դատարանի կազմը փոխելու համար կամ ընկալվի որպես այդպիսին։ Այդպիսի անցումային միջոցը ծառայում է այն մտայնությունը ցրելու համար, որ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը փաստորեն կապված է այդ դատավորների կողմից իրենց այն պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ կապված գործողությունների հետ, որոնք դուր չեն գալիս իշխող մեծամասնությանը։ Ավելին, դատավորների լիազորությունների ֆիքսված ժամկետի ներդնումը, որը հանգեցնում է նրանց պաշտոնից անհապաղ հեռացնելուն՝ առանց նրանց պաշտոնավարման ժամկետի երաշխիքի նկատմամբ վստահությունը պաշտպանելու անցումային ժամանակահատվածի, չի համապատասխանում դատավորների անփոփոխելիության սկզբունքին։
39. Վենետիկի հանձնաժողովի համար դատավորների անփոփոխելիությունը դատական իշխանության անկախության կարեւոր տարր է։ Հաշվի առնելով դատավորների պաշտոնավարման ժամկետի երաշխիքին տրվող կարեւորությունն ինչպես պարտադիր բնույթի, այնպես էլ ոչ պարտադիր բնույթի միջազգային չափանիշներով, եւ հաշվի առնելով մասնավորապես դատական իշխանության, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի անկախությունը պաշտպանելու աճող կարեւորությունը, պատշաճ կլինի, որ եթե Սահմանադրական դատարանի դատավորների նշանակման եւ պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ սահմանադրական դրույթները փոփոխվեն, ապա պաշտոնավարման ժամկետի ցանկացած նվազեցում կիրառվի միայն այն դատավորների նկատմամբ, որոնք նշանակվելու են նոր դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո։ Հետեւաբար, 213-րդ հոդվածը համահունչ է միջազգային չափանիշներին, եւ սահմանված անցումային կարգավորումներից ցանկացած շեղում պետք է ուսումնասիրվի ծայրահեղ զգուշությամբ։
40. Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին նախագծով, որը սկզբնապես դրվել էր 2020 թվականի ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեի, նախատեսվում էր պաշտոնից ազատել բոլոր այն 7 դատավորներին (այդ թվում՝ նախագահին), որոնք նշանակվել էին մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ին 2015 թվականի փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12-ամյա ժամկետը դեռ ամբողջությամբ չէր լրացել՝ համաձայն 2015 թվականի փոփոխությունների: Հղում պարունակող նմանօրինակ միջոցառումը՝ առանց անցումային կարգավորումների, հակասում է ՄԻԵԴ-ի 6-րդ հոդվածին (տե՛ս Բական ընդդեմ Հունգարիայի): Հետեւաբար, Հանձնաժողովը ողջունում է այն փաստը, որ դիմումով առաջարկվող մոտեցումը չի հանգեցնում մինչեւ 2015 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելը նշանակված բոլոր դատավորների՝ ինքնաբերաբար եւ անհետեւողական պաշտոնից ազատմանը:
41. Իշխանությունների կողմից ներկայացված սույն դիմումով առաջարկվում է բովանդակային առումով այլ եւ պակաս միջամտող մոտեցում: Հետեւաբար, անցումային դրույթների 213-րդ հոդվածի փոփոխությամբ 2015 թվականին ներդրված՝ պաշտոնավարման նոր ժամկետը (տասներկու տարի) կարող է ուժի մեջ մտնել բոլոր դատավորների մասով՝ ներառյալ այն դատավորների, որոնք նշանակվել են մինչեւ 2015 թվականի փոփոխությունների ուժի մեջ մտնելը: Սա նշանակում է, որ արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորները կազատվեն պաշտոնից, մինչդեռ մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված, սակայն պաշտոնավարման 12-ամյա ժամկետը չլրացած դատավորները կշարունակեն պաշտոնավարել մինչեւ պաշտոնավարման 12 տարին ամբողջությամբ լրանալը: Ներկայումս գործող երկու դատավորներ պաշտոնավարում են արդեն ավելի քան տասներկու տարի, մեկի պաշտոնավարման երկրորդ ժամկետն է ընթանում, սակայն այս երկրորդ ժամկետի տասներկու տարին դեռեւս չի լրացել:
42. Իշխանություններն իրենց կողմից ներկայացված դիմումի մեջ եւ պատվիրակության հետ ունեցած հանդիպումների ընթացքում առաջ են քաշել մի շարք փաստարկներ այդպիսի մոտեցման օգտին. նախ՝ անցումային դրույթներն անցումային փուլում որեւէ կերպ չեն ապահովում Սահմանադրական դատարանի ձեւավորման նոր մոդելը: Արդյունքում, գործող Սահմանադրությամբ նախատեսված նոր մոդելը դեռեւս լիարժեք կյանքի չի կոչվել: Փոփոխություններն ընդունվել են 2015 թվականին եւ ուժի մեջ մտել 2018 թվականին: Մինչդեռ, անցումային դրույթների գործող 213-րդ հոդվածի համաձայն, դրանց վերջնական կիրարկումը հնարավոր կլինի միայն չափազանց երկարատեւ ժամանակահատվածից հետո, քանի որ գործող նախագահի՝ կենսաթոշակի անցնելու տարիքը կլրանա 2035 թվականին, իսկ մեկ այլ անդամինը՝ 2037 թվականին, այսինքն՝ փոփոխություններն ընդունելուց ավելի քան 20 տարի անց:
43. Ըստ իշխանությունների՝ մեկ այլ խնդիր է այն ակնհայտ տարբերությունը, որն առկա է մինչեւ 2015 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելը նշանակված դատավորների եւ դրանից հետո ընտրված կամ ընտրվելիք դատավորների կարգավիճակների միջեւ՝ նրանց նշանակման կարգի, նշանակող մարմինների եւ պաշտոնավարման ժամկետների առումով: Իշխանություններն այս կապակցությամբ ընդգծել են, որ ներկայումս Սահմանադրական դատարանում առկա են երեք տարբեր կատեգորիաների դատավորներ. 1995 թվականի Սահմանադրության համաձայն նշանակված դատավորներ, որոնք կարող են պաշտոնավարել մինչեւ յոթանասուն տարին լրանալը, 2005 թվականի փոփոխություններից հետո նշանակված դատավորներ, որոնք դատարանում կպաշտոնավարեն մինչեւ վաթսունհինգ տարին լրանալը, եւ 2015 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նշանակված դատավորներ, որոնք կարող են պաշտոնավարել ընդհանուր տասներկու տարի ժամկետով: Իշխանությունների դիտարկմամբ դատավորների կարգավիճակների միջեւ այս տարբերության վառ օրինակ է այն փաստը, որ նորընտիր դատավորները (ընդհանուր թվով 2 դատավոր), համաձայն գործող Սահմանադրության կանոնների, իրենց տասներկուամյա պաշտոնավարման ընթացքում չեն կարողանա իրենց թեկնածությունն առաջադրել Դատարանի նախագահի պաշտոնում:
44. Իշխանությունների ընդգծմամբ՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար, ինչը հույժ անհրաժեշտություն է Հայաստանում, այս կառույցի կազմը պետք է հնարավորինս շուտ արտացոլի գործող դրույթները, որոնք Սահմանադրական դատարանի անկախության մասով երաշխավորում են բարձր չափանիշներ: Նրանք նաեւ շեշտում են, որ Սահմանադրական դատարանի շուրջ առկա ճգնաժամը լուրջ մարտահրավերներ է ստեղծում «Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդավարության եւ իրավական պետության համար բավարար որակների» ապահովման համար:
45. Վենետիկի հանձնաժողովը վերահաստատում է, որ 2015 թվականի փոփոխություններով ներդրված՝ Սահմանադրության 7-րդ գլուխը միտված է օրենքի գերակայությամբ կառավարվող ժողովրդավարական համակարգում անկախության եւ անկողմնակալության հնարավորինս բարձր մակարդակ հաստատելուն՝ մասնավորապես Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի եւ ընտրության կարգի մասով: Խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի որակյալ երեք հինգերորդ մեծամասնությամբ դատավորների ընտրության պահանջը, եւ նրանց վերընտրվելու հնարավորության բացառումը, անկասկած, Սահմանադրական դատարանի դատավորների անկախությունը երաշխավորող կարեւոր երաշխիքներ են: Մասնավորապես, այդ երաշխիքներն ուղղված են ապահովելու, որ օրվա իշխող մեծամասնությունը հնարավորություն չունենա վերահսկելու նշանակումները եւ արդյունքում չունենա վերջնական իրավասություն Սահմանադրական դատարանի կազմի հետ կապված:
46. Սահմանադրական դատարանի դատավորների համար պաշտոնավարման սահմանափակ ժամկետի սահմանումը, ինչպես նշվել է նախկինում, նույնպես միանգամայն համահունչ է եվրոպական չափանիշներին՝ երաշխավորելով Դատարանում առավել հավասարակշռված ներկայացվածություն:
47. Հարկ է նկատել նաեւ, որ իշխող մեծամասնությունը նպատակ չունի փոխել այս բարձր ժողովրդավարական չափանիշները՝ հակադարձելով եւ հետ կանգնելով 2015 թվականի բարեփոխումների արդյունքում ունեցած ձեռքբերումներից, ինչպես նաեւ այնպիսի կանոններ ներդնել, որոնք թույլ կտան մեծամասնությանը վերահսկել նշանակումների գործընթացը: Ընդհակառակը, տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունների նպատակն է ապահովել, որպեսզի նոր դրույթներն իրագործվեն, իսկ Դատարանի կազմը հնարավորինս շուտ արտացոլի այդ դրույթներով ներդրվող ժողովրդավարական չափանիշները: Սա լեգիտիմ նպատակ է:
48. Հանձնաժողովն ընդունում է, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման եւ դրանց վերջնական իրագործման միջեւ ընկած ժամանակահատվածը, որը կարող է տեւել մինչեւ 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է, որը կհանգեցնի 2015 թվականի փոփոխությունների իրագործման խափանմանը: Ավելին, այն [Հանձնաժողովը] օրինաչափ է համարում իշխանությունների ցանկությունը՝ ապահովել Դատարանի գործող դատավորների կարգավիճակի հավասարություն՝ մասնավորապես նրանց պաշտոնավարման ժամկետների, ինչպես նաեւ ցանկացած այլ կարգավիճակային անհավասարությունների շտկման առումով, որոնք առաջացել են ստեղծված իրավիճակում: Հանձնաժողովն ուշադրություն է հրավիրում 2019 թվականին իր կողմից տրամադրված կարծիքի վրա, որում վերջինս նախապատվությունը տվել է այնպիսի համակարգի, որտեղ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե երբ են նշանակվել, ունեն հավասար կարգավիճակ:[25]
49. Սույն դիմումով առաջարկված փոփոխություններով նախատեսվում է գործող դատավորների պաշտոնավարումը սահմանել հստակ ժամկետով՝ նրանց ցմահ մանդատը փոխարինելով կենսաթոշակային տարիքի ժամկետով: Հանձնաժողովը գտնում է, որ պետք է հաշվի առնել, որ արդեն իսկ հստակ ժամկետով մանդատի կրճատմանը հանգեցնող միջոցի համեմատ, առաջարկված այս տարբերակի դեպքում դատավորների անփոփոխելիության սկզբունքին միջամտությունը շատ ավելի մեղմ է:
50. Ավելին, առաջարկվող միջոցն ուղղված է դատավորների պաշտոնավարման ժամկետների ստանդարտացմանը՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի ընդհանուր բարեփոխումը եւ բոլոր դատավորների համար մեկ ընդհանուր կանոն սահմանելուն, ինչը գալիս է փոխարինելու 2015 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահի հետ կապված՝ դատավորներին պաշտոնից կտրուկ հեռացնելու ի սկզբանե արված առաջարկին:
51. Ուստի, առկա են հիմնավոր փաստարկներ՝ հօգուտ ՀՀ իշխանությունների առաջարկած նոր մոտեցմանը:
52. Այնուամենայնիվ, ինչպես նշվել է, ցանկացած միջամտություն դատավորների անփոփոխելիության սկզբունքին ծայրահեղ խնդրահարույց է եւ պետք է հնարավորինս սահմանափակվի: Հարկավոր է գտնել այնպիսի լուծում, որը հնարավորինս հաշտեցնում է եղած հակադիր շահերը: Այս առումով Հանձնաժողովը, մասնավորապես, հաշվի է առնում, որ 2015 թվականի բարեփոխումները, իրենց բոլոր ժողովրդավարական երաշխիքներով հանդերձ, հնարավորություն չեն տալիս իշխող մեծամասնությանը վերահսկելու Դատարանին: Հանձնաժողովը նաեւ հաշվի է առնում, որ Հայաստանում առկա է օրինաչափ անհրաժեշտություն, որպեսզի նոր սահմանադրական դրույթներն իրագործվեն՝ առանց չափազանցված եւ անողջամիտ ձգձգումների:
53. Հանձնաժողովը եւս մեկ անգամ նշում է, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը կյանքի կոչելու պատշաճ տարբերակը գործող դատավորների պաշտոնավարման ժամկետի պահպանումն ու պաշտոնավարման նոր ժամկետների աստիճանական ներդրումն է՝ նորմալ փոխարինման միջոցով: Այնուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանում առկա իրավիճակը, որպես հնարավոր լուծում կարող է լինել 213-րդ հոդվածի փոփոխությունը եւ Սահմանադրական դատարանի կազմի թարմացումը՝ նախատեսելով անցումային ժամանակաշրջան: Անցումային ժամանակաշրջանը հնարավորություն կտա աստիճանական փոփոխություններ կատարել Դատարանի կազմում` խուսափելով տվյալ կառույցի անկախության կտրուկ եւ հապշտապ միջամտությունից: Իշխանությունները լավագույնս կարող են գնահատել նշված անցումային ժամանակաշրջանի տեւողությունը, եւ Հանձնաժողովն իրավասու չէ առաջարկել որեւէ հստակ ժամկետ: Այս ժամանակաշրջանի տեւողության որոշումը ենթադրում է մրցակցող երկու հանրային շահի հավասարակշռում. մի կողմից, յուրաքանչյուր դատավորի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի տեսանկյունից անցումային ժամանակաշրջանի տեւողությունը պետք է հասցվի նվազագույնի՝ խուսափելու համար դատավորների անփոփոխելիության սկզբունքի անհամաչափ միջամտությունից: Մյուս կողմից, ոչ խելամիտ եւ անհամաչափորեն երկար անցումային ժամանակաշրջանը, որն անցնում է դրված նպատակի սահմանները, կարող է խոչընդոտել սահմանադրի՝ 2015 թվականի փոփոխությունների ընթացքում արտահայտած կամքի իրագործմանը: Ուստի, կարեւոր է, որ փոփոխություններն աստիճանաբար իրականացվեն որոշակի ժամանակահատվածում, որի տեւողությունը երաշխավորում է այս հավասարակշռությունը, եւ այն, որ այս միջոցը մնա որպես բացառություն կանոնից, եւ հաջորդող կառավարությունների համար չստեղծի որեւէ վտանգավոր նախադեպ:
բ. Սահմանադրական դատարանի նախագահի վերաբերյալ
54. Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին, ապա սույն կարծիքի համար ներկայացված դիմումով պարունակվող պարզաբանումներով առաջարկվում է, որ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության դրույթների համաձայն 2018 թվականի մարտի 21-ին ընտրված, գործող նախագահի՝ որի՝ որպես դատավորի եւ որպես նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանված կարգով ավարտվում է 2035 թվականին, լիազորությունները դադարեցվեն, եւ նոր նախագահն իր գործընկեր դատավորների կողմից ընտրվի 6 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի՝ համաձայն ներկայումս գործող Սահմանադրությամբ սահմանված կարգի (166-րդ հոդվածի 2-րդ մաս): Իշխանությունները համարում են, որ այս լուծումը կհամապատասխանի նաեւ Սահմանադրության՝ դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների վերաբերյալ 215-րդ հոդվածի տրամաբանությանը, որով նախատեսվում է, որ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչեւ Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակվելը կամ ընտրվելը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:»: Պետք է շեշտել նաեւ, որ դիմումով ներկայացված առաջարկը վերաբերում է միայն որպես նախագահի լիազորությունների եւ ոչ թե նաեւ որպես դատավորի պաշտոնավարման ժամկետի դադարեցմանը:
55. Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ Եվրոպայում գոյություն ունի դատարանի նախագահների, փոխնախագահների եւ պալատների կամ պանելների նախագահների ընտրության հիմնականում երկու համակարգ: Որոշ երկրներում, ինչպիսիք են Գերմանիան կամ Ավստրիան, նախագահին եւ փոխնախագահին ընտրում են մյուս դատավորներին ընտրելու իրավասություն ունեցող մարմինները (Կառավարությունը, Խորհրդարանը): Մյուս կողմից, զգալի թվով համակարգեր, եթե ոչ դրանց մեծամասնությունը, ենթադրում են, որ նախագահին պետք է ընտրեն այդ դատարանի դատավորները: Այս ամենից վեր, նման համակարգի օրինակ է նաեւ ՄԻԵԴ-ը եւ Եվրոպական միության արդարադատության դատարանը: Սույն վերլուծության նկատմամբ կիրառելի են վերջին խմբի չափանիշները: Այս համակարգերի պարագայում ընդունելի են դատարանի նախագահների պաշտոնավարման ավելի կարճ ժամկետներ, ինչը կարող է նույնիսկ նպաստել դատավորների շրջանում ավելի շատ կոլեգիալ, քան հիերարխիկ մթնոլորտի ձեւավորմանը: Բոսնիա եւ Հերցեգովինայում, օրինակ, ուժեղ միջազգային ազդեցությամբ ձեւավորված Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ օրենսդիր մարմնի կողմից ընտրված դատավորների ռոտացիայի միջոցով՝ երեք տարի ժամկետով (Բոսնիա եւ Հերցեգովինայի Սահմանադրական դատարանի կանոնակարգի 84-րդ հոդված), ինչը նույնիսկ ավելի կարճ ժամկետ է, քան Հայաստանի դեպքում առկա ժամկետը: Հայաստանի դեպքում Սահմանադրական դատարանի նախագահը ներկայիս կանոններով պաշտոնավարելու է 17 տարի, ինչն ավելի մեծ ժամկետ է, քան անգամ նոր Սահմանադրությամբ դատավորների համար նախատեսվածը: Սա կարող է հանգեցնել նախագահի դերի գերակշռությանը եւ նպաստավոր չէ դատավորների միջեւ կոլեգիալության մթնոլորտի ձեւավորման համար:
56. Բացի այդ, Հանձնաժողովն ընդունում է նաեւ իշխանությունների այն պնդումը, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահի՝ 2005 թվականի Սահմանադրության դրույթներին համապատասխան անցկացված ընտրությունը, որը տեղի է ունեցել 2015 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ընդամենը երեք շաբաթ առաջ՝ 2018 թվականի մարտի 21-ին, հակասում է այդ փոփոխությունների ոգուն, որոնք միտված են մի կողմից` դատական համակարգի եւ Սահմանադրական դատարանի՝ Խորհրդարանից ունեցած անկախության երաշխավորմանը, մյուս կողմից` նախագահի պաշտոնում ռոտացիայի ապահովմանը: Այնուհանդերձ, նա ընտրվել է, երբ պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ նոր կանոններն ընդունված էին արդեն վաղուց: Ուստի, նրա դեպքն ամբողջովին տարբերվում է Սահմանադրության նախորդ խմբագրության համաձայն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահի դեպքից, երբ հայտնի չէր, որ վերջինիս պաշտոնավարման ժամկետը կրճատվելու է:
57. Բացի այդ, նախագահի պաշտոնավարման ժամկետի կրճատումը չի կարող միեւնույն ազդեցությունն ունենալ դատարանի անկախության վրա, ինչ բոլոր դատավորների պաշտոնավարման ժամկետների կրճատումը, եւ միջազգային ստանդարտներն այս առումով գործողությունների առավել մեծ ազատություն են տալիս: Այդ չափանիշներով տարբերակում է դրվում դատավորների դատական եւ ադմինիստրատիվ գործառույթների միջեւ: Վենետիկի հանձնաժողովն իր նախորդ կարծիքներում ընդունել է դատարանի նախագահների պաշտոնավարման ավելի կարճ ժամկետներ սահմանելու մոտեցումը՝ պայմանով, որ որպես նախագահ պաշտոնի ժամկետի ավարտը չազդի վերջինիս՝ որպես դատավոր պաշտոնավարման վրա:[26] Այնուամենայնիվ, գործնականում կարող է այնքան էլ հստակ չլինել տարանջատումը ադմինիստրատիվ գործառույթների եւ դատական գործառույթների իրականացման միջեւ, ինչպես ներկայացվել է վերը նշված՝ Բակայի գործում: Թեեւ սույն գործը բավականին տարբերվում է քննարկվող հարցից, քանի որ այն վերաբերում էր Հունգարիայի գերագույն դատարանի նախագահի՝ վեցամյա ժամկետով լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը եւ ոչ թե լիազորությունները մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալու ժամկետով սահմանափակող դրույթի ներդրմանը, ՄԻԵԴ-ը դատական անկախության տեսանկյունից խնդրահարույց է համարել այն փաստը, որ դիմումատուն հեռացվել է նախագահի պաշտոնից, թեեւ շարունակել է պաշտոնավարել որպես այդ դատարանի դատավոր: Վենետիկի հանձնաժողովը նույնպես զգուշավորություն է ցուցաբերել՝ դատարանի նախագահի լիազորությունների դադարեցումը որպես ընդհանուր բարեփոխումների մաս ընդունելիս, քանի դեռ համոզիչ պատճառներ չեն ներկայացվել:[27] Օրինաչափ եւ համոզիչ պատճառներ հաստատվելու դեպքում որպես դատարանի նախագահի լիազորությունների դադարեցմամբ պետք է, այնուամենայնիվ, հարգել իրավական որոշակիության (լեգիտիմ ակնկալիքներ) եւ համաչափության սկզբունքները:
58. Հարկ է նաեւ նշել, որ սահմանադրական դատարանների կամ գերագույն դատարանների նախագահներն ավելի հաճախ են բախման մեջ մտնում կառավարության, պետության ղեկավարի կամ խորհրդարանական խմբերի հետ, քան սովորական դատավորները: Դատարանի նախագահները հանրության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հանդես են գալիս որպես իրենց դատարանի դեմքը, եւ նրանց կապում են որոշ որոշումների հետ, որոնք կարող են վիճարկվել հանրային բանավեճերի ժամանակ կամ հավանության չարժանանալ կառավարության կողմից, չնայած որ այդ որոշումները կայացվում են դատավորների մի ամբողջ կազմի կողմից:[28]
59. Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետների, լիազորությունների եւ պարտականությունների փոփոխությունները հնարավոր են, բայց զգուշավոր մոտեցում են պահանջում: Հետեւաբար, խորհուրդ է տրվում գործող նախագահի մանդատը 213-րդ հոդվածի հնարավոր փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես դադարեցնելու փոխարեն նախատեսել անցումային ժամանակաշրջան:
Բ. Երկրորդ հարց. Եվրոպական լավագույն չափանիշների տեսանկյունից արդյո՞ք ընդունելի կհամարվի Դատարանի լիազորությունների շրջանակը փոփոխությունների՝ փոփոխման ոչ ենթակա սահմանադրական հոդվածների հետ համապատասխանության նախնական (ex ante) սահմանադրական քննությամբ սահմանափակելը եւ դրա համար հարաբերականորեն կարճ ժամկետ սահմանելը:
60. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 169-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Սահմանադրության փոփոխությունների քննություն: 168-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Այս քննության պարտադիր բնույթը հստակ արտահայտված է 169-րդ հոդվածի 2-րդ մասում, որով նախատեսվում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցերով: Սահմանադրությամբ սահմանված չեն այն չափորոշիչները, որոնք Դատարանը պետք է կիրառի սահմանադրական փոփոխությունները քննելիս:
61. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը մասնավորապես իր 86-րդ հոդվածում նախատեսում է մանրամասն կանոններ այս կարգի վերաբերյալ: Ըստ դրա՝ մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ (ընդհանուր առմամբ երկու ընթերցում է անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման ընթացակարգում) ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահն այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում եւ ուղարկում է Սահմանադրական դատարան: Հարցի քննարկումն ընդհատվում է մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը: Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է: Հակառակ դեպքում, նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:
62. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Դատարանն այս դեպքում որոշում է ընդունում կա՛մ նախագիծը Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու, կա՛մ էլ նախագիծն ամբողջությամբ կամ մասամբ Uահմանադրությանը հակաuող ճանաչելու մաuին: Միեւնույն դրույթի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիu հետո:
63. Վերոնշյալ իրավական դրույթներից հետեւում է, որ գործող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսվում է Սահմանադրական դատարանի կողմից նախնական պարտադիր եւ համակարգային քննություն նախքան սահմանադրական փոփոխությունների առաջարկն ընդունելը: Այդ իրավական դրույթները չեն սահմանափակում Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննության շրջանակը: Քննության համար նախատեսված միակ ժամկետը երեքամսյա ժամկետն է, ինչպես նշված է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասում:
64. Ավելին, Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում՝ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության կողմից բարձրացված երկու կոնկրետ հարցերին ի պատասխան Սահմանադրական դատարանի ներկայացուցիչները տեղեկացրել են պատվիրակությանն այն մասին, որ մինչ այդ պահը չի եղել Դատարանի նախադեպային որոշում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննության վերաբերյալ, եւ որ այս քննության շրջանակը սահմանափակ չէ. ներառում է Սահմանադրության՝ փոփոխման ոչ ենթակա դրույթները, ինչպես նաեւ Սահմանադրությունն ամբողջությամբ՝ հետեւաբար ներառելով նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման վերաբերյալ ընթացակարգային կանոնները:
65. «Սահմանադրական փոփոխությունների մասին» իր 2010 թվականի զեկույցում[29] Վենետիկի հանձնաժողովը տարբերակում է կատարել սահմանադրական փոփոխությունների բովանդակային դատական քննության եւ զուտ ընթացակարգային (ֆորմալ) քննության միջեւ՝ ստուգելու եւ ապահովելու համար, որ փոփոխություններն ընդունվեն սահմանված սահմանադրական ընթացակարգերին համապատասխան: Ինչ վերաբերում է ընթացակարգային քննությանը, Հանձնաժողովն այն դիրքորոշմանն է, որ սահմանադրական բոլոր համակարգերը պետք է ապահովեն ժողովրդավարական եւ դատական վերահսկողության հնարավորություն՝ ապահովելու համար, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվեն համաձայն սահմանված սահմանադրական ընթացակարգերի: Սա հարց է, որը կարող է համապատասխան կերպով քննվել դատարանում, եւ դատարանների կողմից այդպիսի ֆորմալ վերահսկողություն իրականացնելը չի խոչընդոտում սահմանադրի ինքնիշխան իրավունքներին, այլ ծառայում է ժողովրդավարության պաշտպանության գործին:
66. Սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննության առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը որդեգրել է ավելի զգուշավոր մոտեցում:[30] Համեմատական սահմանադրական իրավունքում չկան սահմանադրական դատարանների՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացում մասնակցության վերաբերյալ համընդհանուր կերպով ընդունված չափանիշներ: Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի պարտադիր նախնական քննություն հազվադեպ է իրականացվում[31], եւ թեեւ կան օրինակներ, որտեղ սահմանադրական դատարաններն ունեցել են օգտակար ներդրում, ինչը խթանել է խորհրդարանական եւ հանրային հետագա բանավեճերը եւ դրանց համար հանդես եկել որպես ուղենիշներ, կան նաեւ օրինակներ, որտեղ դատարանի նախնական ներգրավվածությունը հանգեցրել է փոփոխությունների գործընթացում ավելորդ կոշտության եւ արգելափակել քաղաքական բանավեճի հնարավորությունը:[32]
67. Հանձնաժողովի կարծիքով սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննությունը պետք է իրականացվի միայն այն երկրներում, որտեղ դա բխում է հստակ եւ արդեն ձեւավորված տեսությունից (դոկտրինից) եւ անգամ այդ դեպքում՝ շատ մեծ զգուշությամբ, թույլ տալով սահմանադրական օրենսդրին դրսեւորելու հայեցողության ազատություն։[33] Եթե սահմանադրության փոփոխությունների համար հատուկ պահանջները, ինչպիսիք են՝ ընտրված խորհրդարանականների մեծամասնությունը, ինչպես նաեւ այլ ընթացակարգային պահանջները կատարվել են, ապա դա հնարավոր չարաշահումները կանխելու համար բավարար պետք է լինի։ Նման ընթացակարգերով ընդունված սահմանադրության փոփոխությունները ընդհանուր առմամբ ունեն ժողովրդավարական լեգիտիմության շատ մեծ աստիճան, եւ դրանց մերժելուն որեւէ դատարան բացարձակ հակված չպետք է լինի։
68. Այդ իսկ պատճառով Հանձնաժողովը նախապատվություն է տալիս Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների քննությունը միայն ընթացակարգային հարցերով սահմանափակելու մոտեցմանը։ Իհարկե, ցանկալի է, որ խորհրդարանական փոքրամասնությունը հնարավորություն ունենա դիմելու Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության փոփոխությունների ընդունման ընթացակարգի պահպանման հարցով։ Սա այլ բան է, քան դատարանի կողմից ընդհանուր նախնական քննությունը։
69. Սակայն, եթե որեւէ սահմանադրությամբ, ինչպես ՀՀ Սահմանադրության դեպքում է, նախատեսվում է նախնական քննություն, այդ կանոնը, բնականաբար, պետք է հարգվի։ Սահմանադրության անփոփոխելի դրույթների հետ փոփոխությունների համապատասխանության ստուգմամբ Սահմանադրական դատարանի նախնական քննությունը սահմանափակելը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, եթե նման սահմանափակումը չի հակասում Սահմանադրության տեքստին[34]։ Դատական քննության ծավալը կախված է փոփոխման ոչ ենթակա դրույթների՝ Սահմանադրությամբ ամրագրված հասկացությունից։ Սահմանադրական «անփոփոխելիությունը» պետք է մեկնաբանվի նեղ իմաստով։ ՀՀ Սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն՝ փոփոխման ենթակա չեն Սահմանադրության միայն 1-3-րդ եւ 203-րդ հոդվածները, ինչն առաջին հայացքից բավականին սահմանափակ է թվում սահմանադրական փոփոխությունների նախնական քննության համար։ Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների կողմից հանդիպումների ընթացքում կատարված հայտարարությունն առ այն, որ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական փոփոխությունների քննությունը կարող է ընդգրկել ամբողջ Սահմանադրությունը՝ Հանձնաժողովը նախազգուշացնում է Սահմանադրական դատարանին՝ իր իսկ կողմից նախնական քննություն անցկացնելու լիազորության լայն մեկնաբանման վերաբերյալ։ Խնդրահարույց կլինի, եթե Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի սահմանադրական փոփոխությունները՝ հիմնվելով վերացական սկզբունքների վրա, որոնք թույլ կապ ունեն Սահմանադրության անփոփոխելի դրույթների հետ, կամ հիմնվելով այդ դրույթների՝ իր լայն մեկնաբանության վրա։
70. Ինչ վերաբերում է նման նախնական ընթացակարգի վերջնաժամկետին, պետք է հավասարակշռություն ապահովվի Սահմանադրությամբ ամրագրված ծավալի արդյունավետ դատական քննության եւ սահմանադրական օրենսդրի կամքի արտահայտման միջեւ (այդ թվում՝ հնարավոր արտակարգ իրավիճակում)։ Ընդունելի է թվում, որպեսզի ազգային օրենսդիրն այդպիսի հավասարակշռություն ապահովելիս հայեցողության որոշակի ազատություն ունենա, եւ նախնական քննության հարաբերականորեն կարճ՝ երկշաբաթյա ժամկետը խնդրահարույց չի թվում՝ հաշվի առնելով նաեւ այս կապակցությամբ Եվրոպայում առկա համակարգերի բազմազանությունը։
71. Իշխանությունների եւ այլ շահառուների հետ հանդիպումների ընթացքում առանձնացված հարցերից է՝ արդյոք առկա չէ շահերի բախում, որը խոչընդոտում է Սահմանադրական դատարանի դատավորների կողմից սահմանադրական փոփոխությունների քննությանն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը պետք է քննի Դատարանի դատավորների մանդատին վերաբերող սահմանադրական փոփոխությունները։ Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ պետք է ապահովվի, որ Սահմանադրական դատարանը՝ որպես Սահմանադրության գործողության երաշխավոր, գործի որպես ժողովրդավարական ինստիտուտ, եւ դատավորներին հարցի քննությունից հեռացնելը չհանգեցնի Դատարանի՝ որոշում կայացնելու անհնարինության։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունն օգտագործել ի շահ իրեն։ Համապատասխանաբար, եթե Դատարանի դատավորը գտնում է, որ իր մանդատին առնչվող սահմանադրական փոփոխությունները քննելիս իր մոտ կառաջանա շահերի բախում, ապա, 14-րդ հոդվածով սահմանված կանոնի համաձայն, նա պետք է հրաժարվի գործը քննելուց՝ ընդհանուր կանոններին համապատասխան։ Սակայն, Վենետիկի հանձնաժողովի համար կարեւոր է, որպեսզի Սահմանադրական դատարանի անկախությանը վերաբերող սահմանադրական ինստիտուցիոնալ սկզբունքները հստակ տարանջատվեն դատավորների անձնական շահերից։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը պետք է դրսեւորի ծայրահեղ ինքնազսպում՝ խուսափելու համար Դատարանին առնչվող փոփոխությունները քննելիս դատավորների անձնական շահերի գերադասման անգամ տպավորություն ստեղծելուց։
Գ. Երրորդ հարց. Արդյո՞ք Ազգային ժողովը չպետք է ունենա ավելի վաղ նշանակված, սակայն համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության հետեւանքով կասեցված հանրաքվեն չեղարկելու լիազորություն:
72. Վենետիկի հանձնաժողովը նախ նկատում է, որ Սահմանադրության 202-րդ հոդվածում նշված են այն տեքստերը, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով, եւ այն չի ներառում 213-րդ հոդվածը: Հետեւաբար, ընտրության խնդիր է. անցկացնե՞լ հանրաքվե, թե՞ ոչ: Քաղաքական բարդ իրավիճակում ուղիղ ժողովրդավարությանը դիմելը կարող է լինել վերջին միջոցը՝ որեւէ լուծման հանգելու համար, սակայն դա երկսայր սուր է, որը հազիվ թե այն դարձնի առավել նպատակահարմար սահմանադրական այնպիսի դրույթների պարագայում, որոնք միտված են նուրբ հավասարակշռություն գտնելու վերջերս բարեփոխված ինստիտուտների շտկման գործընթացում:
73. Նմանատիպ նախնական դիտարկումներից հետո Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ այն, որ լիազոր մարմնի կողմից ընդունված նորմերն ու որոշումները կարող են չեղարկվել նույն մարմնի նույն ընթացակարգով ընդունված նոր որոշմամբ, հանրային իրավունքի ընդհանուր սկզբունք է։ Իհարկե, առկա են բացառություններ, օրինակ, երբ որոշումն ստեղծում է նորմերի կիրառման կամ, առանձին դեպքերում, իրավունքների եւ պարտականությունների ընձեռնման օրինական սպասելիքներ։ Այս դեպքում նման բացառությունները վերաբերելի չեն։ Ի լրումն, այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի կողմից չքննված սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ հանրաքվեի անցկացման օրինականությունը կարող է կասկածի տակ դրվել (համեմատե՛ք 20-րդ, 21-րդ, 59-րդ եւ հաջորդող պարբերությունները), մի հանգամանք է, որը Խորհրդարանը կարող է հաշվի առնել հանրաքվեի հնարավոր չեղարկման հարցը դիտարկելիս։
V. Եզրահանգումները
74. Արդարադատության նախարարի դիմումի հիման վրա պատրաստված սույն կարծիքում Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների նախագծի համատեքստում իշխանությունների կողմից ներկայացված երեք իրավական հարցի։ Որպես այդպիսին, սույն Կարծիքը սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ վերջնական դիրքորոշում արտահայտելու նպատակ չունի, փոխարենը միտված է իշխանություններին նյութ տրամադրելուն առ այն, թե Սահմանադրական դատարանի դատավորների լիազորություններին վերաբերող ծրագրված փոփոխությունները որքանով են համապատասխանում մասնավորապես դատական իշխանության անկախության վերաբերյալ առկա եվրոպական չափանիշներին։
75. Իշխանություններն այս համատեքստում առաջադրել են երեք հարց, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների եւ նախագահի լիազորություններին, Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական փոփոխությունների նախնական քննության շրջանակին եւ քննության ժամկետին, որի ընթացքում Սահմանադրական դատարանը պետք է ավարտին հասցնի քննության ընթացակարգը, ինչպես նաեւ Խորհրդարանի՝ համավարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության հիմքով կասեցված, նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը։
76. Առաջին հարցով առաջարկվում է փոփոխել Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը՝ Սահմանադրական դատարանի դատավորների համար 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված պաշտոնավարման ժամկետը (տասներկու տարի) նախատեսելով բոլոր՝ ներառյալ այն դատավորների համար, որոնք նշանակվել են մինչեւ 2015 թվականի փոփոխությունները։ Արդյունքում, ըստ նոր կանոնների՝ դատավորները, որոնք արդեն պաշտոնավարել են 12 տարի, կդադարեցնեն պաշտոնավարումը, իսկ այն դատավորները, որոնք նշանակվել են մինչեւ 2015 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելը, սակայն պաշտոնավարել են 12 տարուց պակաս, կշարունակեն պաշտոնավարել մինչեւ պաշտոնավարման ընդհանուր 12 տարին լրանալը։ Նկատի ունենալով դատական իշխանության՝ այդ թվում՝ Սահմանադրական դատարանի անկախությունը երաշխավորելու նպատակով դատավորների պաշտոնավարման ժամկետի երաշխավորվածության հարցի կարեւորությունը՝ Հանձնաժողովը համարում է, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը կյանքի կոչելու պատշաճ ձեւ կարող է լինել գործող դատավորների պաշտոնավարման ժամկետների պահպանումը եւ նորմալ փոխարինման միջոցով ապահովելը, որ աստիճանական կերպով ներմուծվեն պաշտոնավարման նոր ժամկետները։
77. Այնուամենայնիվ, Հանձնաժողովն ընդունում է, որ օրինաչափ է իշխանությունների ցանկությունը՝ ապահովելու, որ Սահմանադրական դատարանի կազմը ողջամիտ ժամկետում արտացոլի գործող Սահմանադրության դրույթները, որոնք երաշխավորում են Դատարանի անկախության բարձր չափանիշները, ինչպես նաեւ հիմնավոր է իշխանությունների մտահոգությունը՝ կապված Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի հավասարությունն ապահովելու հետ։ Հանձնաժողովը նաեւ գտնում է, որ 2015 թվականի փոփոխությունների ընդունման եւ դրանց վերջնական իրագործման միջեւ ընկած ժամանակահատվածը բավականին երկար է եւ հանգեցնում է այդ փոփոխությունների` Սահմանադրական դատարանի անկախության հետ կապված դրական արդյունքների ապահովման ծայրաստիճան հետաձգման։
78. Այս բացառիկ հանգամանքներում Հանձնաժողովն այն կարծիքին է, որ տարբեր շահերի բախման խնդիրը վերացնելուն ուղղված հնարավոր լուծում կարող է լինել գործող 213-րդ հոդվածի փոփոխությունը՝ նախատեսելով Սահմանադրական դատարանի կազմի թարմացում՝ միաժամանակ նախատեսելով անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել Դատարանի կազմը՝ խուսափելու համար այս ինստիտուտի անկախությանը սպառնացող կտրուկ եւ հապշտապ փոփոխություններից։ Իշխանություններն առավել արդյունավետ կարող են գնահատել նման անցումային ժամանակաշրջանի տեւողությունը՝ ապահովելով մրցակցող հանրային շահերի միջեւ հավասարակշռությունը։ Կարեւոր է, որպեսզի փոփոխություններն իրականացվեն որոշակի ժամանակահատվածում աստիճանաբար եւ ապահովվի, որ այս միջոցը կիրառվի բացառության կարգով եւ հաջորդող կառավարությունների համար չստեղծի վտանգավոր նախադեպ։
79. Ինչ վերաբերում է Դատարանի նախագահին, չնայած միջազգային չափանիշներն այս կապակցությամբ գործողությունների ավելի մեծ ազատություն են տրամադրում, դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետի փոփոխությունը նույնպես պահանջում է որոշ զգուշավոր մոտեցում։ Հետեւաբար, խորհուրդ է տրվում դատարանի գործող նախագահի լիազորությունները 213-րդ հոդվածի հնարավոր փոփոխության ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դադարեցնելու փոխարեն նախատեսել անցումային ժամանակաշրջան։
80. Երկրորդ հարցի կապակցությամբ Հանձնաժողովը նշում է, որ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդհանրական նախնական քննության շրջանակը սահմանափակելը փոփոխման ոչ ենթակա դրույթների համապատասխանության ստուգմամբ, համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Դատական քննության ծավալը կախված է փոփոխման ոչ ենթակա դրույթների՝ Սահմանադրությամբ ամրագրված հասկացությունից, եւ սահմանադրությամբ նախատեսված «անփոփոխելիությունը» պետք է մեկնաբանվի նեղ իմաստով։ Հանձնաժողովը նախազգուշացնում է Սահմանադրական դատարանին՝ իր իսկ կողմից նախնական քննություն անցկացնելու լիազորության լայն մեկնաբանման վերաբերյալ, որը հիմնվում է վերացական սկզբունքների վրա, որոնք թույլ կապ ունեն Սահմանադրության անփոփոխելի դրույթների հետ, կամ հիմնվում է այդ դրույթների՝ իր լայն մեկնաբանության վրա։ Սահմանադրական դատարանը պետք է, մասնավորապես, դրսեւորի ծայրահեղ ինքնազսպում եւ Դատարանին առնչվող փոփոխությունները քննելիս խուսափի դատավորների անձնական շահերի գերադասման անգամ տպավորություն ստեղծելուց։ Նախնական քննության համար սահմանված համեմատաբար կարճ ժամկետը խնդրահարույց չէ։
81. Ինչ վերաբերում է երրորդ հարցին, ապա այն, որ իրավասու պետական մարմնի կողմից ընդունված ընդհանուր նորմերն ու որոշումները կարող են չեղարկվել նույն մարմնի նույն ընթացակարգով ընդունված նոր որոշմամբ, հանրային իրավունքի ընդհանուր սկզբունք է։ Հետեւաբար, Խորհրդարանը պետք է լիազորված լինի չեղարկելու հանրաքվե անցկացնելու վերաբերյալ իր որոշումը, որը կասեցվել էր՝ պայմանավորված համավարակի հետեւանքով հայտարարված արտակարգ դրությամբ։
82. Հանձնաժողովն ափսոսանքով է նշում, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից սույն կարծիքի ընդունման օրը Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկ, որի առաջարկությունը չի համապատասխանում սույն կարծիքում ներկայացված առաջարկություններին։
83. Վենետիկի հանձնաժողովը շարունակում է մնալ Հայաստանի իշխանությունների տրամադրության տակ՝ այս հարցի առնչությամբ հետագա աջակցություն ցուցաբերելու նպատակով:
[1] Տե՛ս CDL-AD(2005)025 Վերջնական կարծիք Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ՝ ընդունված Վենետիկի հանձնաժողովի կողմից իր 64-րդ լիագումար նիստում (2005 թվականի հոկտեմբերի 21-22), CDL-PI(2015)015 Նախնական կարծիք Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7-րդ եւ 10-րդ գլուխների վերաբերյալ, CDL-PI(2015)019 Երկրորդ նախնական կարծիք փոփոխությունների նախագծի, մասնավորապես՝ Հայաստանի սահմանադրության 8-րդ, 9-րդ, 11-16-րդ գլուխների վերաբերյալ, CDL-AD(2015)037 Առաջին կարծիք Հայաստանի Հանրապետության սահմանադրության (1-7-րդ եւ 10-րդ գլուխների) փոփոխությունների նախագծի վերաբերյալ՝ հավանության արժանացած Վենետիկի հանձնաժողովի կողմից դրա 104-րդ լիագումար նիստին (2015 թվականի հոկտեմբերի 23-24) եւ CDL-AD(2015)038 Երկրորդ կարծիք Հայաստանի Հանրապետության սահմանադրության (մասնավորապես՝ 8-րդ, 9-րդ, 11-16-րդ գլուխների) փոփոխությունների նախագծի վերաբերյալ՝ հավանության արժանացած Վենետիկի հանձնաժողովի կողմից դրա 104-րդ լիագումար նիստին (2015 թվականի հոկտեմբերի 23-24)։
[2] CDL-AD(2015)038, 49-րդ պարբերություն։
[3] CDL-AD(2015)037, 162-րդ պարբերություն։
[4] Նույն տեղում
[5] CDL-AD(2015)037, 165-րդ պարբերություն։
[6] CDL-AD(2015)037, 166-րդ պարբերություն։
[7] CDL-AD(2019)024 Համատեղ կարծիք Դատական օրենսգրքի եւ որոշ այլ օրենքների փոփոխությունների վերաբերյալ՝ ընդունված Վենետիկի հանձնաժողովի կողմից դրա 120-րդ լիագումար նիստին (Վենետիկ, 2019 թվականի հոկտեմբերի 11-12)։
[8] Հոդված 88։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.
«4. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամի եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնն առնվազն տասներկու տարի զբաղեցրած անձին նրա լիազորությունները հրաժարականի դիմում տալու միջոցով դադարելու դեպքում, անկախ նրա` օրենքով նախատեսված կենսաթոշակային տարիքը լրացած լինելու հանգամանքից, եթե պահպանվել են սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները, եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով նշանակվում է կենսաթոշակ:»։
[9] Սահմանադրության փոփոխությունների նախագիծ (P-469-05.02.2020-PI-01/0)։
[10] Հոդված 168 Սահմանադրական դատարանի լիազորությունները 2) մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.
Հոդված 169 Սահմանադրական դատարան դիմելը
2. Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:
[11] Այսինքն՝ Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ եւ 15-րդ գլուխները, ինչպես նաեւ 88-րդ հոդվածը, 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը, 90-րդ հոդվածի 1-ին մասը, 103-րդ հոդվածի 2-րդ մասը, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ եւ 155-րդ հոդվածները, ինչպես նաեւ 200-րդ հոդվածի 4-րդ մասն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով։
[12] Հետեւաբար՝ ներառյալ անցումային դրույթների 213-րդ հոդվածը։
[13] Սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 203-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:»
[14] Տե՛ս CDL-AD(2012)001, Կարծիք «Դատավորների իրավական կարգավիճակի եւ վարձատրության մասին» 2011 թվականի CLXII օրենքի եւ «Հունգարիայի դատարանների կազմակերպման եւ գործունեության մասին» 2011 թվականի CLXI օրենքի վերաբերյալ, 102-110-րդ պարբերություններ, CDL- AD(2017)031, Կարծիք «Դատական իշխանության ազգային խորհրդի մասին» օրենքը փոփոխող ակտի նախագծի, Լեհաստանի նախագահի առաջարկած «Գերագույն դատարանի մասին» օրենքը փոփոխող ակտի նախագծի եւ «Սովորական դատարանների կազմակերպման մասին» օրենքի վերաբերյալ, 44-52-րդ պարբերություններ։
[15] Տե՛ս ՄԱԿ-ի 1985 թվականի Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները, 12-րդ, 18-րդ եւ 20-րդ հոդվածներ, թիվ 32 ընդհանուր մեկնաբանություն «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի վերաբերյալ, 19-20-րդ պարբերություններ, «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի եվրոպական խարտիա, 7.1-րդ պարբերություն, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec (2010)12 հանձնարարական, 49-50-րդ պարբերություններ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 1 (2001) կարծիք, 57-րդ եւ 59-րդ պարբերություններ, CDL-AD(2016)007, Օրենքի գերակայության ստուգաթերթ, Ե.1.ա.ii։
[16] Տե՛ս Քեմփբելը եւ Ֆելն ընդդեմ Միացյալ Թագավորության [Campbell and Fell v. the United Kingdom], թիվ 7819/77, 7878/77, 80-րդ պարբերություն, Ֆրունին ընդդեմ Սլովակիայի [Fruni v. Slovakia], թիվ 8014/07, 145-րդ պարբերություն, Հենրիկ Ուրբանը եւ Ռիչարդ Ուրբանն ընդդեմ Լեհաստանի [Henryk Urban and Ryszard Urban v. Poland], թիվ 23614/08, 53-րդ պարբերություն։
[17] Համոզիչ աղբյուրի համար տե՛ս Եվրոպական միության արդարադատության դատարանի մեծ պալատի 2019 թվականի հունիսի 24-ի վճիռը C-619/18 գործով, 75-79-րդ պարբերություններ։
[18] Բական ընդդեմ Հունգարիայի, [Baka v. Hungary] 20261/12, 172-րդ պարբերություն։
[19] CDL-AD(2019)024, 58-րդ պարբերություն։
[20] Տե՛ս CDL-AD(2019)027, Ուկրաինա. Կարծիք Գերագույն դատարանը եւ դատական կառավարման մարմինները ղեկավարող իրավական դաշտի վերաբերյալ, 13-16-րդ պարբերություններ, CDL-AD(2019)014, Ռումինիա. Կարծիք Կառավարության՝ արդարադատության ոլորտի օրենքներում փոփոխություններ կատարող՝ ԿԱՀ թիվ 7 եւ ԿԱՀ թիվ 12 արտակարգ հրամանների վերաբերյալ, 14-րդ պարբերություն։
[21] CDL-AD(2019)027, Ուկրաինա. Կարծիք Գերագույն դատարանը եւ դատական կառավարման մարմինները ղեկավարող իրավական դաշտի վերաբերյալ, 13-րդ պարբերություն։ Տե՛ս նաեւ CCJE - BU(2017)11, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԴԽ) բյուրո, Զեկույց 2017 թվականին Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում դատավորների անկախության եւ անաչառության վերաբերյալ, 7-րդ պարբերություն.«Դատավորների նկատմամբ հանրային վստահությունը կարող է խարխլվել ոչ միայն իրական, առկա եւ համոզիչ կերպով պարզված խախտումների դեպքում, այլեւ եթե առկա են բավարար պատճառներ դատավորների անկախությունը եւ անաչառությունը կասկածի տակ դնելու համար»։
[22] 117-րդ հոդվածի 13-րդ կետ. սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց 70 տարին լրանալը:
[23] 215-րդ հոդվածի 1-ին մաս. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»։
[24] Թեեւ մինչեւ 2015 թվականի փոփոխությունները Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում էր Հանրապետության նախագահը՝ Արդարադատության խորհրդի առաջարկությամբ (55-րդ հոդվածի 11-րդ կետ), 2015 թվականի փոփոխություններից հետո նրանց նշանակում է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ, որը թեկնածուին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից (166-րդ հոդվածի 3-րդ մաս)։
[25] CDL-AD(2019)024, 60-րդ պարբերություն:
[26] CDL-AD(2014)021, Կարծիք «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ (Դատարանի նախագահների պաշտոնավարման ժամկետը), §§ 28-35 :
[27] Տե՛ս CDL-AD(2014)032, Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համատեղ կարծիքը ««Վրաստանի ընդհանուր իրավասության դատարանների մասին» օրգանական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, §§ 97-98:
[28] Օրինակներ են Լեհաստանի գերագույն եւ սահմանադրական դատարանների նախագահները 2015 թվականից հետո, կամ այն երկու դեպքերը, երբ դատավորները ՄԻԵԴ-ում հաջողություն ունեցած դիմումատուներ էին՝ Լիխտենշտեյնի գերագույն վարչական դատարանի նախկին նախագահը (Wille-ի գործը՝ Wille-ն ընդդեմ Լիխտենշտեյնի, թիվ 28396/95, 1999 թվականի հոկտեմբերի 28) եւ Հունգարիայի գերագույն դատարանի նախկին նախագահը (Baka-ի գործը):
[29] CDL-AD(2010)001 Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զեկույց, 194-րդ եւ հաջորդող պարբերություն եւ 225-րդ եւ հաջորդող պարբերություն
[30] Տե՛ս, օրինակ՝ CDL-AD(2016)009, Վերջնական կարծիք Ալբանիայի դատական համակարգի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, § 41:
[31] Տե՛ս, օրինակների համար՝ CDL-AD(2010)001, § 194:
[32] Տե՛ս CDL-AD(2015)045, Միջանկյալ կարծիք Ալբանիայի դատական համակարգի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, §§ 20-21, CDL-AD(2010)001, § 195:
[33] CDL-AD(2010)001, § 235:
[34] Որոշ Սահմանադրություններ, օրինակ՝ Ուկրաինայի Սահմանադրությամբ արգելվում է մարդու իրավունքների պաշտպանության ստանդարտի իջեցումը