29/04/2022

ՀՀ Արդարադատության նախարարի 2022 թվականի ապրիլի 28-ի N 211-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 211-Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«28» ԱՊՐԻԼԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 103-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի      2-րդ մասով, 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արդարադատության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի «Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու մասին» N 103-Լ հրամանով (այսուհետ՝ հրաման) հաստատված N 13 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1)   10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 « 10. Առաջին բաժնի գործառույթներն են՝

1)      դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ ներկայացված հաղորդումների ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.

2)     Նախարարի մամուլի քարտուղարից ստացված տեղեկատվության հիման վրա՝ Նախարարի հանձնարարությամբ՝ զանգվածային լրատվության միջոցների համապատասխան հրապարակումների առիթով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.

3)     Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների (գործակալությունների), ինչպես նաև Նախարարության համակարգում գործող կազմակերպությունների կողմից իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատավորի թույլ տված առերևույթ կարգապահական խախտմանն առնչվելու դեպքում, վերջիններիս կողմից Նախարարին ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ Նախարարի հանձնարարությամբ` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.

4)     մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտերի մշտադիտարկումը, ինչպես նաև դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.

5)     անհրաժեշտության դեպքում, սույն կետի 1-4-րդ ենթակետերով ներկայացված հիմքերին առնչվող դատական գործերի (ակտերի) հետ փոխկապակցված այլ դատական գործերի (ակտերի), ինչպես նաև տվյալ դատական գործում (ակտում) առկա այնպիսի հանգամանքների և հիմքերի ուսումնասիրություն, որոնք մատնանշված չեն համապատասխան հաղորդման, հրապարակման կամ ակտի մեջ.

6)    դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող այլ մարմինների կողմից ներկայացված վարույթ հարուցելու որոշումների հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.

7)     դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ պատասխանի նախագծերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, հարուցված կարգապահական վարույթը կարճելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին դիմելու վերաբերյալ Նախարարի որոշումների նախագծերի պատրաստումը, ինչպես նաև դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի այլ նյութերի նախապատրաստումը.

8)    Առաջին բաժնի կողմից իրականացվող գործառույթներին առնչվող գործերով՝ Վարչության և Նախարարության դեմ կամ նրանց կողմից ներկայացված հայցերով դատական ներկայացուցչության իրականացումը, ինչպես նաև ի թիվս Նախարարի կամ Նախարարի տեղակալի և Նախարարի կողմից լիազորված այլ անձանց՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության շրջանակներում ներկայացուցչության իրականացումը:»,

2)     20-րդ կետը լրացնել նոր 3.1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1 սույն կանոնադրության 10-րդ կետի 2-6-րդ ենթակատերով սահմանված ուսումնասիրությունների հիման վրա, ըստ անհրաժեշտության, զեկուցագրեր է ներկայացնում Նախարարին.»:

     2. Հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ