05/02/2014
Հայեցակարգ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների
ՆԱԽԱԳԻԾ
արձանագրային
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հավանություն տալ՝
1) Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի:
2) Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
....-ի ....-ի նիստի
N ... որոշման
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
- I. Ներածություն
- 1. Քաղաքացիական հասարակությունը առանցքային դեր է կատարում մասնակցային ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովման, որոշումների կայացման մակարդակում հասարակական տարբեր շերտերի շահերի ներկայացման գործընթացներում, որոնք կարևորագույն նախապայմաններ են հասարակության կայուն զարգացման համար: Հանրային կառավարման, դրա թափանցիկության ապահովման և զարգացման ասպարեզում քաղաքացիական հասարակության դերի կարևորությունն աճում է ամբողջ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունում անկախության տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) ձևավորման առումով լուրջ քայլեր են իրականացվել, կան որոշակի ձեռքբերումներ:
- 2. 2009 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը, մասնավորապես, նախատեսում էր նաև ՔՀԿ-ների նկատմամբ մի շարք վերահսկողական գործիքներ: Առաջարկվող լուծումները մտահոգեցին ՔՀԿ-ների ներկայացուցիչներին: Ծագած հարցերը, ինչպես նաև նախագծում չներառված, սակայն լուծում պահանջող խնդիրները քննարկելու նպատակով ստեղծվեց ՔՀԿ-ի նախաձեռնող խումբ: Համախմբված ավելի քան 300 հասարակական կազմակերպությունների նպատակն էր մասնակցել դաշտը կարգավորող օրենսդրության մշակման աշխատանքներին և ներկայացնել առաջարկություններ:
- 3. Նշված օրենքի նախագծի մշակումից հետո տարբեր կառույցներ անցկացրեցին քննարկումներ, որոնց նպատակն էր նախ բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները, ապա առաջարկել առավել համապարփակ և ընդունելի լուծումներ: Տարբեր ՔՀԿ-ներ և կազմակերպությունների ցանցեր ամփոփեցին հանրային քննարկումների ընթացքում հնչած կարծիքները ամփոփվեցին և հիմք հանդիսացան սույն հայեցակարգի համար:
- 4. Իրականացվեցին մի շարք մասնագիտական հետազոտություններ Քաղաքացիական հասարակության ցանցի, Հանրային խորհրդի, «Գործընկերություն հանուն բաց հասարակության», «Շահույթ չհետապնդող իրավունքի բուլղարական կենտրոնի» (BCNL/ՇՀԻԲԿ), ԵՄ Խորհրդատվական Խմբի և այլ կառույցների կողմից:
- 5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումների, ինչպես նաև մասնագիտական հետազոտությունների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու տեսակետները, առաջարկում է սույն հայեցակարգը որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների ծրագիր:
- 6. ՔՀԿ-ների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների սույն հայեցակարգի (այսուհետ՝ Հայեցակարգ) գլխավոր նպատակն է ապահովել ՔՀԿ-ների բնականոն գործունեությունը և կայուն զարգացումը:
- II. Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները
- 7. Ուսումնասիրությունները և հանրային քննարկումները բարձրացրել են ՔՀԿ-ների բնականոն գործունեությանը և կայուն զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ: Ստորև ներկայացնում ենք նշված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ճանապարհները:
- 8. Քաղաքացիական հասարակության (ոչ առևտրային) կազմակերպությունների օրենսդրական դասակարգման (տեսակների) հիմնախնդիր:
8.1. ՔՀԿ-ների առկա օրենսդրական դասակարգումը և դրա արդյունքում կիրառվող սահմանափակումները ստեղծում եմ մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ գործող օրենսդրության շրջանակներում անհնար է որոշ չափանիշներով ՔՀԿ-ների հիմնադրումը: Օրինակ, օրենսդրությունը չի նախատեսում սահմանափակ մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպության ստեղծման հնարավորություն, իսկ դա գիտահետազոտական կենտրոնների (tink tank) գործունեության համար ամենահարմար կազմակերպչական-իրավական ձևն են:
8.2. Առկա իրավական կարգավորումներում գերակշռում են իմպերատիվ նորմերը, ինչը հնարավորություն չի տալիս մշակել առավել ճկուն լուծումներ և նվազեցնում է կանոնադրության դերը: Ավելին, ոչ առևտրային կազմակերպությունների առկա դասակարգման մեջ բացակայում են այնպիսի կազմակերպական իրավական ձևեր, որոնցում միաժամանակ հնարավոր կլինի միավորվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց[1]:
8.3. ՔՀԿ-ների գործունեության ժամանակ, առկա խնդիրներով պայմանավորված և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ներկայացվող բարեփոխումների շրջանակներում, առաջարկվում է ՀՀ գործող օրենսդրության վերանայում, ինչի արդյունքում օրենսդրությունը կհամապատասխանեցվի քաղաքացիական հասարակության ներկա պահանջներին և կխթանի քաղաքացիական հասարակության հետագա զարգացմանը: Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխում (Իրավաբանական անձինք)՝ վերանայելով ոչ առևտրային կազմակերպությունների տեսակները, ինչպես նաև ընդունել համապատասխան հատուկ օրենսդրություն՝ առանձին կազմակերպական-իրավական տեսակների մասով: Փոփոխությունների արդյունքում օրենսդրությունը կնախատեսի ՔՀԿ-ների երկու հիմնական տեսակ՝ միավորում և հիմնադրամ:
8.4. Միավորումը՝ շահույթ uտանալու նպատակ չհետապնդող և uտացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով օրենքով սահմանված կարգով, միավորվում են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, oտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և իրավաբանական անձինք[2]:
8.5. Հիմնադրամը՝ քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական կամ այլ հանրօգուտ նպատակներ:
8.6. ՔՀԿ-ների նման դասակարգման շնորհիվ կլուծվեն առկա մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են հասարակական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև սպորտային ֆեդերացիաների, կրթական հաստատությունների և ստեղծագործական միությունների գործունեության առանձնահատկություններով:
- 9. Կազմակերպությունների անվանումը և գրանցումը.
9.1. Չնայած վերջին մի քանի տարիների ընթացքում առկա է զգալի առաջընթաց առևտրային կազմակերպությունների գրանցման հարցում, մասնավորապես, որ գրանցումը կատարվում է մեկ պատուհանի սկզբունքով, որ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տիպային փաթեթը պատրաստվում է իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության ցանկացած գրասենյակում, որ վերացել է տարածքային տարանջատումը, այդուհանդերձ ոչ առևտրային կազմակերպությունների զգալի մասը կարող է գրանցվել միայն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության կենտրոնական ստորաբաժանումներում՝ Երևան քաղաքում: Նշված հանգամանքը խոչընդոտում է մարզերի քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը: Ավելին, ՔՀԿ-ներ գրանցելու համար հասանելի չի առցանց գրանցման համակարգը:
9.2. Անհրաժեշտ է ոչ առևտրային կազմակերպությունների համար https://www.e-register.am/ համակարգի միջոցով ստեղծել առցանց գրանցման հնարավորություն, իսկ ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության սպասարկման բաժնի բոլոր գրասենյակներում՝ փաստաթղթերի ընդունման հնարավորություն:
9.3. Նախատեսվում է սահմանել ՔՀԿ-ների անվանումները պաշտպանող օրենսդրական լուծումներ: Մասնավորապես, կազմակերպությունները չեն կարող ունենալ այնպիսի անվանում, որը շփոթության աստիճանի մոտ կլինի մեկ այլ կազմակերպության անվանմանը: Միևնույն ժամանակ, նշված նմանությունը հիմք չի լինի գրանցման մերժման համար, սակայն հիմք կարող է դառնալ այլ կազմակերպության կողմից անվան փոփոխության պահանջ ներկայացնելու համար: Կազմակերպության գրանցումը կարող է մերժվել, եթե վերջինի հիմնադիրները չեն պահպանել կազմակերպության անվանման անհատականացման օրենսդրական պահանջները:
9.4. Այսպիսով, պարզեցվում և հստակեցվում է ոչ աևտրային կազմակերպությունների պետական գրանցման վարչարարությունը՝ գրանցվող կազմակերպություններին ազատելով ավելորդ գործընթացներից և հնարավոր դարձնելով առցանց գրանցումը: Ապահովվում է կազմակերպությունների անվանումների անհատականացումը և պաշտպանությունը:
- 10. Իրավական կարգավորումների ազատականացում.
10.1. Գործող օրենսդրությունը ՔՀԿ-ների կառավարման հարցում բավականին ազատական մոտեցում է դրսևորել՝ կազմակերպության կառուցվածքի ձևավորումը թողնելով կազմակերպության կանոնադրությանը: Նման մոտեցումը արդարացված է՝ հաշվի առնելով, որ այն թույլ է տալիս կազմակերպություններին իրենց կանոնադրության միջոցով սահմանել գործունեության առանձնահատկություններին և պահանջներին առավել համապատասխանող կառուցվածք:
10.2. Սույն Հայեցակարգով առաջարկվում է վերոհիշյալ մոտեցումն ընդլայնել և ազատականացնել օրենսդրական այլ կարգավորումները: Մասնավորապես, առաջարկվում է որոշումների ընդունման կարգի, ժողովներ հրավիրելու պարբերականության հետ կապված հարցերով նախատեսել առավել ճկուն կանոնակարգում:
10.3. Իրավական կարգավորման ազատականացման և դիսպոզիտիվ նորմերի մասնաբաժնի ավելացման արդյունքում կբարձրանա կանոնադրության դերը որպես հիմնադիր իրավական փաստաթղթի, ինչը խթան կհանդիսանա ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացման համար:
- 11. Հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովում.
11.1. ՔՀԿ-ների գործունեության արդյունավետության առավել կարևոր նախապայմաններից է դրանց ֆինանսական կայունության ապահովումը: Երկարաժամկետ ֆինանսական մուտքերի ակնկալիքի պայմաններում ՔՀԿ-ները հնարավորություն կունենան կախված չլինել առանձին դոնորներից, պլանավորել և կյանքի կոչել երկարաժամկետ ծրագրեր, ինչը կհանգեցնի իրենց գործունեության որակական փոփոխության: Նշված խնդրի լուծման համար նախատեսվում են ստորեև նշված գործիքները:
11.2. Սեփական անունից առևտրային (ձեռնարկատիրական) գործունեության իրականացման հնարավորություն. Անմիջականորեն ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը ունի մեծ նշանակություն ՔՀԿ-ների ֆինանսական կայունության, ինչպես նաև դրանց բնականոն գործունեությունն ապահովելու համար: Անհրաժեշտ է վերանայել ՀԿ-ների կողմից անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակումը: Ուղղակիորեն առևտրային կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կարող է սահմանափակվել առաձնին տեսակների գործունեությունը կարգավորող իրավական ակտերով կամ կազմակերպության կանոնադրությամբ:
11.3. Ուղղակիորեն առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակման վերացումը կնպաստի, որպեսզի Հայաստանի օրենսդրությունը համապատասխանի միջազգային լավագույն փորձին: ԵԽ անդամ երկրները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության, նախատեսում են ՔՀԿ-ների առևտրային (ձեռնարկատիրական) գործունեությամբ զբաղվելու իրավունքը: Նման կարգավորումն առկա է նաև ԱՄՆ-ի և մի շարք այլ զարգացած երկրների օրենքներում: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով լավագույն միջազգային փորձը պետք է նախատեսվի, որ ՔՀԿ-ները պետք է իրավունք ունենան զբաղվել այնպիսի առևտրային գործունեությամբ, ինչը բխում է իր նպատակներից և որոնք ամրագրված են կազմակերպության կանոնադրությամբ:
11.4. Քաղաքացիական հասարակության կառույցների պետական ֆինանսավորման և դրամաշնորհների տրամադրման գործընթացների բարելավում. Հասարակական հատվածի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունն ամեն տարի ֆինանսական աջակցություն է տրամադրում հասարակական կազմակերպություններին: 2010թ. պետական բյուջեով «ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին նվիրատվության նպատակով» հատկացվել է 1.909.541.900 դրամ, 2011թ.` 1.986.069.900 դրամ, իսկ 2012թ. բյուջեով` 2.063.965.600 դրամ:
11.5. Սակայն, ինչպես վկայում են տեղական և միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները, կառավարությունը չունի հասարակական սեկտորին ֆինանսական աջակցության տրամադրման համար հետևողական քաղաքականություն, հստակ և թափանցիկ ընթացակարգ, որով կորոշվի, թե ինչպիսի ծրագրեր են ֆինանսավորվելու, ինչ մեխանիզմով և ինչքան գումար է հատկացվելու ՔՀԿ-ներին: Բացի այդ, կատարվող գործընթացների իրականացման մասին տեղեկատվությունը հասանելի չէ հանրությանը, ինչը հնարավորություն չի տալիս եզրակացություններ անել դրամաշնորհների տրամադրման արդյունավետության վերաբերյալ` տեղ թողնելով կոռուպցիոն ռիսկերի և չարաշահումների համար[3]:
11.6. Պետական բյուջեից ՔՀԿ-ներին ֆինանսական հատկացումներ տրամադրելու գործընթացը չի կարգավորվում առանձին օրենքով: Այդ գործընթացը կարգավորող իրավական ակտերն էլ («Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք, «Գնումների մասին» ՀՀ օրենք, «ՀՀ Պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգ» (ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24 N 1937-Ն որոշում), «ՀՀ պետական բյուջեից ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգ» (ՆՀ-118–Ն, 19-ը մայիսի, 2008թ.) տարբերություններ չեն սահմանում առևտրային, շահույթ հետապնդող և այդպիսի նպատակներ չունեցող ՔՀԿ-ների միջև, ինչը խիստ դժվարացնում է վերջիններիս մասնակցությունը հետազոտական, սոցիալական, կրթական, մշտադիտարկման, խորհրդատվական և նմանատպ ծրագրերին: Պատկերը նույնն է նաև միջազգային կազմակերպությունների կողմից պետական կառավարման օղակների (նախարարություններ, ԾԻԳ-եր) միջոցով ՔՀԿ-ներին հասցեագրված միջոցների տրամադրման կապակցությամբ:
11.7. ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներն աջակցություն ստանում են «Նվիրատվություններ ոչ կառավարական (հասարակական) կազմակերպություններին», «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին», «Այլ ծախսեր» և «Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր» հոդվածներով (տնտեսագիտական դասակարգում): Փորձագիտական որոշ գնահատականներով վերջին տարիներին ՀՀ պետական բյուջեից հասարակական կազմակերպություններին տրամադրված գումարի ընդհանուր չափը կազմել է տարեկան մոտ տասը միլիոն ԱՄՆ դոլար[4]:
11.8. Ոչ կառավարական կազմակերպություններին հատկացվող նվիրատվությունների ամենախոշոր շահառուն ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունն է (42,9%), որը միջոցների զգալի մասը տրամադրում է մարզական ֆեդերացիաներին, որոնք գրանցված են որպես հասարակական կազմակերպություններ: Վերոհիշյալ հոդվածներից ֆինանսավորում է հատկացվում նաև պետության կողմից հիմնադրված և/կամ կառավարվող տարբեր հիմնադրամների[5]: Սակայն թե՛ մարզական ֆեդերացիաները, թե՛ պետության կողմից հիմնադրված և/կամ կառավարվող հիմնադրամները դժվար է ՔՀԿ-ներ համարելը, քանզի դրանցում գերակայող է պետության մասնակցությունը: Ի դեպ, նշված կազմակերպությունները պետական բյուջեից միջոցներ են ստանում նաև «ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին» տողով: Այսինքն, կառավարությունն ինքը մի դեպքում այս կառույցները համարում է ՔՀԿ-ներ և հասարակական կազմակերպություններ, մեկ այլ դեպքում` պետական հատվածի մաս:
11.9. Առաջիկա տարիներին օրենսդրական բարեփոխումների համատեքստում անհրաժեշտ է հստակեցնել ՀՀ պետական բյուջեից ՔՀԿ-ներին տրվող ֆինանսական աջակցության ռազմավարությունն ու ընթացակարգերը` տարբերակելով վերջիններս շահույթ հետապնդող կազմակերպությունների համար սահմանված ընթացակարգերից և մատչելի դարձնելով դրանք ոչ կառավարական կազմակերպությունների համար: Ցանկալի է, որպեսզի պետական բյուջեից ՔՀԿ-ներին միջոցների հատկացումը իրականացվի առանձին տողով, որպեսզի ապահովվի դրանց հասցեականությունը և վերահսկման արդյունավետությունը: Պետական բյուջեում ՔՀԿ-ներին հատկացումների չափը պետք է որոշվի` ելնելով իրականացվող քաղաքականության առաջնահերթություններից: Ընդ որում, ՔՀԿ–ներին կատարվելիք հատկացումների տողի ձևավորումը պետք է կապակցված լինի յուրաքանչյուր հաջորդ տարվա բյուջեի ծրագրավորման գործընթացի հետ:
11.10. Պետական դրամաշնորհների մասին առցանց տվյալների շտեմարան. ՔՀԿ-ներին հատկացվող պետական ֆինանսավորման գործընթացի վերահսկման լավ միջոց կարող է լինել առցանց տվյալների բանկը, որտեղ կլինեն տեղեկություններ տրամադրված դրամաշնորհների, տվյալ ծրագիրն իրականացրած կազմակերպությունների մասին, կպարունակվեն հղումներ այն կայքին, որտեղ տեղադրված են դրանց տարեկան հաշվետվությունները: Կտեղադրվեն նաև հայտարարություններ իրականացվելիք դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ: Դա թույլ կտա ՔՀԿ-ներին որոնումներ կատարել ոչ թե առանձին նախարարությունների ու գերատեսչությունների կայքերում, այլ անհրաժեշտ տեղեկատվությունը գտնել մեկ տեղում:
11.11. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների՝ որպես առանձին կազմակերպական-իրավական ձևի նախատեսում և օրենսդրական կարգավորում: Որպես հիմնադրամների առանձնահատուկ տարատեսակ, առաջարկվում է սահմանել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը (ԱԿՀ): ԱԿՀ-ն հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի՝ որպես առանձին ինստիտուտի, առանձնահատկությունները կսահմանվեն օրենքով:
11.12. ԱԿՀ-ի որպես նվիրատվություն ստացած գումարի ազատ տնօրինման իրավունքը կսահմանափակվի օրենքով. ԱԿՀ-ները պարտավորված կլինեն տվյալ միջոցները ներդնել, և միայն ներդրումից ստացված շահույթը կարող են տնօրինել համաձայն իրենց կանոնադրությանը և նպատակներին: ԱԿՀ-ների մասին հայեցակարգային դրույթները տրված են 12-րդ կետում:
11.13. ԱԿՀ-ները միջազգային պրակտիկայում համարվում են քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների ֆինանսական կայունությունն ապահովող առավել գործուն միջոցներից մեկը: Նշված ինստիտուտի ներդնումը կնպաստի մշակութային և կրթական կազմակերպությունների գործունեության կայունության և արդյունավետության բարձրացմանը, քանի որ հաճախ նման կազմակերպությունների գործունեությանը խոչնդոտում է ֆինանսական միջոցների սղությունը կամ դրամական հոսքերի անկայունությունը: ԱԿՀ-ները կարող են կիրառվել առողջապահական, կրթական, համայնքային զարգացման և այլ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու նպատակով:
11.14. Ուղղակիորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի և անձեռնմխելի կապիտալի հիմնադրամների իրավական կարգավորման դեպքում ՔՀԿ-ներին հասանելի կլինեն իրենց ֆինանսական ինքնուրույնությունն ու կայունությունը ապահովող գործիքներ, ինչն էլ կերաշխավորի վերջինների գործունեության կանխատեսելիությունը, հնարավորություն կտա իրականացնել երկարաժամկետ պլանավորում և կյանքի կոչել խոշոր ծրագրեր:
- 12. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի իրավական կարգավորումը.
12.1. Օրենքով ԱԿՀ-ի նախատեսումը հնարավորություն կտա ունենալ հավելյալ գործիք՝ ուղղված ՔՀԿ-ների ֆինանսական կայունության ապահովմանը: Միևնույն ժամանակ հստակ օրենսդրական կարգավորումը կնվազեցնի հարկերից խուսափելու, փողերի լվացման և այլ չարաշահումների ռիսկերը, կապահովի գործունեության թափանցիկությունը և կխթանի մասնավոր անձանց կողմից ֆինանսական միջոցների տրամադրումը:
12.2. ԱԿՀ-ների արդյունավետության համար անհրաժեշտ է նախատեսել հետևյալ սկբունքները և ինստիտուտները՝
Ա. Նպատակային դրամագլխի անձեռնմխելիություն և փողերի լվացման բացառում. արգելվում է անմիջապես օգտագործել ԱԿՀ-ի ստեղծման և համալրման նպատակով նվիրաբերված դրամական միջոցները՝ բացառությամբ դրանց ներդրումից: ԱԿՀ-ի ինստիտուտի ներդրման սկզբնական փուլում մայր գումարը կարող է ներդրվել միայն պետական պարտատոմսերում՝ լինելով պետության ուշադրության կենտրոնում:
Բ. Թափանցիկություն. դրամագլխի հետ կապված բոլոր գրառումներն ու գործարքները հասանելի և բաց են դոնորների, աշխատողների և հասարակության բոլոր շահագրգիռ անդամների համար: ԱԿՀ-ն անցնում է տարեկան պարտադիր աուդիտ: Նվիրատուներն իրավունք ունեն ԱԿՀ-ից պաշտոնական տեղեկատվություն ստանալ դրա ձևավորման, կառավարումից ստացված եկամտի կամ վնասի չափի, կառավարումից ստացված եկամտի օգտագործման ուղղությունների վերաբերյալ:
Գ. Հրապարակայնություն. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԿՀ-ն իրավունք ունի հայտարարել դրամական միջոցների հրապարակային հավաքագրում, ինչպես նաև, որ նպատակային դրամագլխի հավաքագրումը ենթադրում է հասարակության լայն շերտերի ներգրավում կազմակերպության առաքելության իրականացման գործում անհրաժեշտ է, որ ԱԿՀ-ի վերաբերյալ տեղեկությունները հասանելի լինեն հետաքրքրված յուրաքանչյուր անձի համար: Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո ԱԿՀ-ն պետք է սահմանված հաշվետվությունը տեղադրի իր կայքում (առկայության դեպքում) և www.azdarar.am պաշտոնական հրապարակումների կայքում՝ կցելով նաև աուդիտի եզրակացությունը:
Դ. Ստեղծման նպատակների հստակություն և գործունեության ուղղությունների կայունություն. ԱԿՀ-ի կանոնադրությունը պետք է պարունակի տեղեկություններ իր նպատակների մասին: ԱԿՀ-ի շահառուները և գործունեության նպատակները կարող են փոփոխվել միայն դատարանի որոշմամբ, և միայն օրենքով սահմանված դեպքերում:
12.3. ԱԿՀ-ի գործունեության արդյունավետության ապահովման համար, անհրաժեշտ է կիրառել ճկուն ֆիսկալ գործիքներ:
Ա. Անձեռնմխելի կապիտալի համալրմանն ուղղված գումարները, անկախ գումարի չափից, պետք է նվազեցվեն համապատասխան հարկատեսակների հարկման բազաներից (եկամտային հարկի, շահութահարկի և այլն):
Բ. Անձեռնմխելի կապիտալի ներդրումից ստացված եկամուտները, երբ դրանք ուղղվում են ՔՀԿ-ների համապատսախան ծրագրեր իրականացնելու համար չպետք է ավելացվեն շահութահարկի հարկային բազային:
Գ. Անձեռնմխելի կապիտալից ստացված եկամուտներով իրականացվող գործարքները պետք է ազատվեն ԱԱՀ-ով հարկումից:
- 13. Կամավորության ինստիտուտի հստակ օրենսդրական սահմանում.
13.1. Կամավորականությունը բոլոր երկրներում միշտ եղել և մնում է քաղաքացիական ակտիվության հիմնական տարրերից մեկը: Միևնույն ժամանակ կամավորականությունը, կամավորների կատարած աշխատանքը ամեն դեպքում պետք է որևէ կերպ արձանագրվի, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծավալուն և հասարակական հնչեղության ծրագրերին: Կամավորները գործունեության համար չեն ակնկալում դրամական փոխհատուցում: Այդուհանդերձ, իրականացված ծախսերի (օրինակ տրանսպորտային ծախսեր և այլն) փոխհատուցումը, պատվոգրերի, շնորհակալական նամակների, երաշխավորագրերի տրամադրումը կարող է խթանել կամավորականության զարգացմանը:
13.2. Անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմ, որը մի կողմից կապահովի, որպեսզի ՔՀԿ-ների աշխատանքներում ընդգրկված կամավորները չհամարվեն անօրինական աշխատողներ, մյուս կողմից կբացառի իրավունքի չարաշահումը:
13.3. Այս նպատակով առաջարկվում է սահմանել կամավորական աշխատանքի մասին հայտարարագրելու կարգը և ժամկետները, կամավորներին[6] գործուղման ուղարկելու, ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև տարվա ավարտին այդ մասին ամփոփ հաշվետվություն ներկայացնելու և տեղեկությունները հրապարակելու կարգը: Համապատասխան իրավական ակտով[7] կարող է կանոնակարգվել նաև այլ հարցեր. մասնավորապես, ինչ ծավալով, ինչ կարգով և որ դեպքերում կամավորները կարող են փոխհատուցում ստանալ ճամփորդական կամ այլ ծախսերի համար, ստանալ օրապահիկ և այլն: Նշված հարցերը կարևոր են ինչպես կամավորականության խթանման, այնպես էլ ՔՀԿ-ի հաշվապահական հաշվառման և հարկերը ճիշտ հաշվարկելու տեսանկյունից:
13.4. Առաջարկվող լուծումները կապահովեն կամավորականության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, միևնույն ժամանակ կբացառեն գործատուների կողմից աշխատանքային հարաբերությունների չարաշահման, չգրանցված աշխատողներ պահելու և աշխատողների իրավունքների ոտնահարման, հարկերի վճարումից խուսափելու հնարավորությունը:
- 14. Հասարակական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հանրային վերահսկողությունը.
14.1. Ի տարբերություն առևտրային կազմակերպությունների ՔՀԿ-ների գործունեությունը հաճախ ունենում է մեծ հասարական նշանակություն և առավել կարևոր է հանրության համար: ՔՀԿ-ները հանրային կառավարման և ինքնակառավարման մաս են կազմում, ակտիվ և էական դերակատարում ունեն մի շարք ոլորտներում (կրթություն, սոցիալական ապահովում, առողջապահություն և այլն): Նշված կազմակերպությունների գործունեությունը ունի մեծ նշանակություն հասարակության լայն շրջանակների (ոչ միայն անդամների) համար, ուստի պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի ՔՀԿ-ների գործունեության, ներգրավված միջոցների, դրանց աղբյուրների և գործունեության ընդհանուր արդյունքների վերաբերյալ:
14.2. Անհրաժեշտ է մշակել հաշվետվողականության այնպիսի համակարգ, որն անհամաչափ բեռ չի ստեղծի ՔՀԿ-ների համար և օգտակար և անհրաժեշտ տեղեկություններ կտրամադրի հանրությանը և պետությանը: Այս տեղեկությունները պետք է արագ և մատչելի լինեն հանրության բոլոր անդամների համար, քանի որ ՔՀԿ-ների հաշվետվողականության նպատակները ներառում են նաև վերջինների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության իրականացումը և անհատ դոնորների ու շահառուների իրավունքների պաշտպանությունը:
14.3. ՔՀԿ-ների՝ հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է պարունակեն տեղեկություններ վերջինների անդամների քանակի, ֆինանսական միջոցների, ֆինանսավորման աղբյուրների, իրականացված ծրագրերի, շահառուների և դրանց խմբերի, պետական աջակցություն ստանալու կամ պետական ծրագրեր իրականացնելու և օրենքով սահմանված այլ հարցերի վերաբերյալ:
14.4. Օրենքում պետք է հստակորեն սահմանվեն այն տեղեկությունները, որոնք պետք է հրապարակեն առանձին տեսակի կազմակերպությունները: Մասնավորապես այն կազմակերպությունները, որոնք ծրագրեր են իրականացրել պետական (հանրային) ֆինանսական միջոցների հաշվին, ինչպես նաև ԱՄՀ-ները հանրությանը ներկայացնում են առավել մանրամասն ֆինանսական և տարեկան ծրագրային հաշվետվություններ: Միևնույն ժամանակ, ինչպես նշված է վերը, այդ կազմակերպությունների համար տարեկան աուդիտը կլինի պարտադիր:
14.5. Պետք է հստակորեն սահմանել ՔՀԿ-ների հաշվետվությունների ձևերը և բովանդակությանն առաջադրվող պահանջները, ինչպես նաև ներկայացման կարգն ու ժամկետները: Այսպես, սահմանված հաշվետվությունները պետք է հրապարակվեն www.azdarar.am պաշտոնական կայքի միջոցով՝ նպատակ ունենալով ապահովել ՔՀԿ-ների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը, ինչպես նաև բոլոր հաշվետվությունների հասանելիությունը մեկ աղբյուրից: Միևնույն ժամանակ օրենքով պետք է սահմանվեն հաշվետվություն հրապարակելու առավել բարենպաստ պայմանները:
14.6. Տարեկան հաշվետվությունները չհրապարակելը կհանգեցնի նախազգուշացման, իսկ նույն խախտումը երկու կամ ավելի անգամ կատարելու համար կնախատեսվի այլ պատասխանատվության միջոցներ (տուգանք): Որոշ դեպքերում և կազմակերպությունների որոշ տեսակների դեպքում բազմակի անգամ հաշվետվություն չհրապարակելը կարող է դիտվել որպես օրենքի պահանջների էական խախտում, ինչը կհանգեցնի ՔՀԿ հարկադիր լուծարման՝ դատարանի համապատասխան վճռի հիման վրա:
14.7. Առաջարկվող լուծումները առավել թափանցիկ կդարձնեն ՔՀԿ-ների գործունեությունը, կապահովեն հասարակության անդամների տեղեկացվածությունը առկա կազմակերպությունների, իրականացվող ծրագրերի, պետության կողմից տրամադրվող աջակցության մասին: Պետությունը հնարավորություն կունենա համապարփակ տեղեկություններ ստանալ ՔՀԿ-ների իրականացվող ծրագրերի և շահառուների մասին: Արդյունքում հնարավոր կլինի ապահովել պետական աջակցության բարձր արդյունավետությունը, առկա ռեսուրսները առավել կենտրոնացնելով հասարակական աջակցությունից դուրս մնացած և առավել կարիքավոր ոլորտներում:
- III. Օգտագործված հրապարակումների, ուսումնասիրությունների և միջազգային կազմակերպությունների հանձնարարականների ցանկ
- 15. Սույն հայեցակարգը մշակվել է հայաստանյան և միջազգային կազմակերպությունների և փորձագետների կողմից իրականացված մի շարք հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա: Հայեցակարգը մշակելիս նաև հաշվի են առնվել միջազգային կազմակերպությունների մի շարք հանձնարարականներ (recommendations): Ստորև ներկայացնում ենք սույն հայեցակարգի համար հիմք ծառայած փաստաթղթերի ամբողջական ցանկը՝
- Հանրային խորհրդի «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծ
- Քաղաքացիական հասարակության ցանցի «Հասարակական կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի» նախագիծ:
- Զեկույց՝ մշակված Լյուբեն Պանովի կողմից «Շահույթ չհետապնդող իրավունքի բուլղարական կենտրոն» (BCNL/ՇՀԻԲԿ)
- The International Journal of Not-for-Profit Law; Volume 9, Issue 3; July 2007
- Comparative Overview of European Standards and Practices in Regulating Public Participation; Katerina Hadzi-Miceva-Evans, European Center for Not-for-Profit Law
- European Union Advisory Group to the Republic of Armenia; Strengthening Civil Society and its Interaction with State Institutions; Policy Paper - DRAFT FOR COMMENTS
- EUROPEAN PRACTICES ON IMPLEMENTATION OF POLICY DOCUMENTS AND LIAISON OFFICES THAT SUPPORT CIVIL SOCIETY DEVELOPMENT; Katerina Hadzi-Miceva-Evans (Senior Legal Advisor, ECNL) with research support provided by Hanna Asipovich (Project Coordinator, ECNL), Andrea Judit Toth (Program Manager, ECNL) and Fabrice Suplisson, ICNL consultant
- Guidelines for Laws Affecting Civic Organizations; Second Edition, Revised and Enlarged OPEN SOCIETY INSTITUTE
- ՀԿ-ների գործունեության իրավական դաշտի ներկայիս վիճակը Հայաստանում
- THE ROLE OF LEGAL REFORM IN SUPPORTING CIVIL SOCIETY: AN INTRODUCTORY PRIMER International Center for Not-For-Profit Law and United Nations Development Programme; August 2009
- Правовые основы деятельности некоммерческих организаций в Центральной и Восточной Европе; Дуглас Ратцен, Дэвид Мур, Майкл Дарем
- CIVICUS CSI National Implementation Team papers:
(1) Armenian civil society: from transition to consolidation. Analytical Country Report; Yerevan 2010
(2) Armenian Civil Society: from Transition to Consolidation. Policy Action Brief; Yerevan 2010
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
....-ի ....-ի նիստի
N ... որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
հ/հ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման կատարման ժամկետը |
Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնել:
|
2014 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ընթացիկ հաշիվներ |
|
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ըստ անհրաժեշտության) ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնել:
|
2014 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ընթացիկ հաշիվներ |
|
«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնել:
|
2014 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ընթացիկ հաշիվներ |
|
Կամավորության ինստիտուտի իրավական կարգավորման մոդելի վերաբերյալ և տեխնիկական լուծումների նախնական տեխնիկական առաջադրանքի մոդելի մշակման տեղեկանք |
2014 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ընթացիկ հաշիվներ |
|
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , «Հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնել:
|
2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
|
ընթացիկ հաշիվներ |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ՔՀԿ-ների առկա օրենսդրական խնդիրները լուծելու և տվյալ ոլորտը հետագա զարգացնելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2009 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նշված նախագծում ներառված առաջարկները մտահոգեցին քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ուստի ստեղծվեց Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբ: Համախմբված ավելի քան 300 հասարակական կազմակերպությունների նպատակն էր՝ մասնակցել դաշտը կարգավորող օրենսդրության մշակման աշխատանքներին և ներկայացնել առաջարկություններ:
Օրենքի այս նախագծի մշակումից հետո տարբեր կառույցներ կազմակերպվեցին հանրային քննարկումներ, որոնց նպատակն էր բարձրաձայնել դաշտում առկա խնդիրները և առաջարկել առավել համապարփակ և ընդունելի լուծումներ: Ապա, ներկայացված առաջարկներն ու տեսակետներն ամփոփվեցին և դարձան սույն հայեցակարգի մշակման համար:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առկա դասակարգումը, և առաջին հերթին դրա արդյունքում առաջ եկող սահմանափակումները, մի շարք խնդիրներ են առաջացնում: Փաստորեն օրենսդրական կարգավորման արդյունքում անհնար է լինում որոշ չափանիշներով ՔՀԿ-ի հիմնադրումը: Օրինակ, օրենսդրությունը չի նախատեսում սահմանափակ մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման հնարավորություն, իսկ վերջինները ոչ առևտրային գիտական, գիտահետազոտական կենտրոնների (tink tank) գործունեության համար ամենահարմար կազմակերպչական-իրավական տարբերակն են: Միևնույն ժամանակ, առկա օրենսդրական կարգավորումները բավականին խիստ են, իմպերատիվ նորմերը գերակշռում են, ինչը հնարավորություն չի տալիս առավել ճկուն մշակել անհրաժեշտ կանոնադրական կարգավորումները: Ավելին, ոչ առևտրային կազմակերպությունների առկա դասակարգման մեջ բացակայում են այնպիսի կազմակերպական իրավական ձևեր, որոնցում միաժամանակ հնարավոր կլինի միավորվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության ժամանակ առկա խնդիրներով պայմանավորված և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ներկայացվող բարեփոխումների շրջանակներում առաջարկվում է ՀՀ գործող օրենսդրության վերանայում, որի արդյունքում օրենսդրությունը կհամապատասխանեցվի քաղաքացիական հասարակության ներկա պահանջներին և խնդիրներին, և կխթանի քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը: Մասնավորպես, առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գլուխ 5-ում (Իրավաբանական անձինք)՝ վերանայելով ոչ առևտրային կազմակերպությունների տեսակները, ինչպես նաև ընդունել համապատասխան հատուկ օրենսդրություն՝ առանձին կազմակերպական-իրավական տեսակների մասով:
Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Հայեցակարգի ընդունման նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն զարգացումը՝ գործող օրենսդրությունը ներկա պահանջներին համախատասխանեցնելու միջոցով:
Այսպիսով, ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, ապահովել հասարակության անդամների տեղեկացվածությունը առկա կազմակերպությունների գործունեության, իրականացվող ծրագրերի, պետության կողմից տրամադրվող աջակցության մասին:
Պետությունը հնարավորություն կունենա համապարփակ տեղեկություններ ստանալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի և կկարողանա առավել արդյունավետ օգտագործել տեղային միջամտությունների գործիքը, առկա ռեսուրսները առավել կենտրոնացնելով հասարակական աջակցությունից դուրս մնացած և առավել կարիքավոր ոլորտներում կամ բնակավայրերում: Արդյունքում, կապահովվի թափանցիկությունը և տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման արդյունավետությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ N 1
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ N 2
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
[1] Այդպիսի խնդիր առաջանում է, օրինակ, սպորտային ֆեդերացիաներում, երբ կարիք է առաջանում միավորել ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններ (սպորտային թիմերը և ակումբները կարող են ստեղծվել ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպությունների ձևով):
[2] Շահույթ չհետապնդող կազմակերպության ներքո ֆիզիկական և իրավաբանական անձանց միավորման իրավական կարգավորումներ են գործում եվրոպական մի շարք երկրներում, օրինակ, Լիտվայում (Law on associations, Law on Public Institutions), Լատվիայում (Associations and Foundations Law, Law on non-profit organizations), Բուլղարիայում (Bulgarian Non-Profit Legal Entities Act), Չեխիայի Հանրապետությունում (Act on Public Benefit Corporations), Էստոնիայում (Non-profit Associations Act):
[3] Տե՛ս Քաղաքացիական հասարակության կառույցների պետական ֆինանսավորման մեխանիզմները ՀՀ-ում: PFCS, USAID, CDPF, Երևան, 2012, էջ 5; 10:
[4] «ՀԿ-ների գործունեության իրավական դաշտի ներկայիս վիճակը Հայաստանում»: Զեկույց` մշակված Լ.Պանովի կողմից: «Շահույթ չհետապնդող իրավունքի բուլղարական կենտրոն», 2011: («Քաունթերփարթ ինտերնեյշենլ», ԱՄՆ ՄԶԳ):
[5] Օրինակ` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն կողմից 2011թ. ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակներում որպես ՔՀԿ-ներ են ներկայացվել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
[6] Սույն հայեցակարգի շրջանակներում կամավորներ հանդիսանում են այն ֆիզիկական անձինք, ովքեր չեն հանդիսանում տվյալ հասարակական կազմակերպության անդամ (վերջինների աշխատանքը a priori համարվում է կամավորական, եթե այլ բան չի ապացուցվում), այլ մասնակցում են տվյալ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին հասարակական հիմունքներով՝ սահմանված կարգի համաձայն:
[7] Կամավորության ինստիտուտը առաջարկվում է կարգավորել օրենքով: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում՝ այն առանձին օրենսդրական լուծումներին համապատասխանեցնելու նպատակով