21/11/2014

Հայեցակարգ քաղաքացիական օրենսգրքի տասներորդ բաժնում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Ենթակա է վերանայման և վերջնականացման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՏԱՍՆԵՐՈՐԴ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ 

 

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Մտավոր սեփականության իրավունքների հասցկացությունը և պաշտպանության եղանակները

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (Օրենսգրքի) 1-ին և 132-րդ հոդվածներում «մտավոր սեփականություն» եզրույթը սահմանվում է միայն որպես մտավոր գործունեության արդյունքների նկատամբ բացառիկ իրավունք՝ սահմանումից դուրս թողնելով քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ իրավունքները: Բացի այդ, «բացառիկ» բառի օգտագործումը սխալ է, քանզի քաղաքացիական օրենսդրությունը սահմանում է ինչպես բացառիկ, այնպես էլ ոչ բացառիկ իրավունքների ծագման հիմքերն ու իրականացման կարգը: Առաջարկվում է նաև Օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասում ներառել "մտավոր սեփականության օբյեկտ" եզրույթը, իսկ "մտավոր սեփականություն" եզրույթը փոխարինել "մտավոր սեփականության իրավունք" եզրույթով:

 

Մտավոր սեփականության իրավունքները կարող են պաշտպանվել Օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներով: Հաշվի առնելով այս բնագավառի յուրահատկություններն ու նրբությունները, Օրենսգրքի 1110-րդ հոդվածը նախատեսել է նաև այլ եղանակներ, որոնք սակայն լրացնելու կարիք ունեն: Օրինակ, գործող օրենսգրքում, հստակ չէ, թե ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնվեն իրավունքի պաշտպանության այս կամ այն եղանակի կիրառման հարցը լուծելիս: Նմանատիպ առաջարկություններ կատարվել են նաև եվրոպական փորձագետների կողմից 2009-2012թթ. ընթացքում, որոնք ևս նախատեսվում են ներառել ապագա նախագծում:

 

Հստակ ամրագրված չէ իրավատիրոջ իրավունքը՝ ցանկացած անձից (այդ թվում՝ բարեխիղճ ձեռք բերողից) պահանջել դադարեցնել մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ պատրաստված որևէ ապրանքի (կեղծ կամ կոնտրաֆակտ, հենական (պիրատական)) ՀՀ տարածքում օտարումը կամ որևէ եղանակով օգատգործումը:

 

Թեև Օրենսգրքի 1110-րդ հոդվածը սահմանում է մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ ստեղծված նյութական օբյեկտների առգրավման հնարավորություն, առգրավումն իր բնույթով կիրառելի է միայն շարժական գույքի նկատմամբ: Օրենսգիրքը նման պաշտպանություն չի նախատեսում այն իրավունքների համար, որոնց խախտմամբ ստեղծվել է ոչ թե շարժական, այլ անշարժ գույք: Չի կարգավորվում նաև այն հարցը, թե ինչպես պետք է վարվել այն կոնտրաֆակտ ապրանքների հետ, որոնք վնասակար կամ վտանգավոր են հասարակության առողջության համար: Քննարկվում է նաև ապրանքների առգրավում և ոչնչացում նախատեսելու հարցը այն դեպքերում, երբ ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապրանքից կամ փաթեթավորումից առանձնացնելն անհնար է:Բացի այդ, Օրենսգիրքը որպես առգրավման օբյեկտ սահմանում է «խախտման համար հիմք ծառայած» նյութական օբյեկտները, մինչդեռ այն պետք է վերաբերի նաև «խախտմամբ ստեղծված» նյութական օբյեկտներին: 

 

Չբացահայտված տեղեկատվություն

 

Չբացահայտված տեղեկատվության իրավական կարգավորումը տրված է Օրենսգրքի 68-րդ գլխում: Միևնույն ժամանակ, չբացահայտված տեղեկատվության պաշտպանության նախապայմանները սահմանված են Օրենսգրքի 141-րդ հոդվածում, որը վերաբերում է ծառայողական, առևտրային և բանկային գաղտնիքին: Օրենսգրքի 141-րդ հոդվածով առևտրային գաղտնիքին ներկայացվող պահանջները չափազանց հակիրճ են և լրացուցիչ կարգավորման կարիք ունեն: Ինչ վերաբերում է Օրենսգրքի 1164-րդ հոդվածին, ապա այն չբացահայտված տեղեկատվության շրջանակը սահմանափակում է միայն տեխնիկական, կազմակերպչական և առևտրային ոլորտներով, ինչը սահմանափակ է և անհրաժեշտ է ներառել բոլոր այլ ոլորտները որոնցում առկա չբացահայտված տեղեկատվությունը ևս պահպանման կարիք ունի:

 

Օրենսգիրքը նաև չի կարգավորում չբացահայտված տեղեկատվության իրավական պաշտպանության ժամկետները և դրա բացահայտման հետևանքները: Ամրագրված չէ չբացահայտված տեղեկատվությունը տնօրինողի իրավունքը՝ պահանջել դադարեցնել չբացահայտված տեղեկատվության օգտագործումը նաև բարեխիղճ ձեռք բերողից:  Օրենսգրքի 1165-րդ հոդվածի 3-րդ մասը ներկայումս դատարանին իրավունք է վերապահում չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործող բարեխիղճ ձեռք բերողին թույլատրել հետագա օգտագործումը՝ հաշվի առնելով օգտագործման վրա կատարված ծախսերը: Միջազգային փորձը այլ բան է հուշում և իրավախախտի կողմից կատարված ծախսերը, անկախ դրանց չափից, էական պայման չի համարվում հետագա օգտագործում թույլատրելու համար, քանզի այն հնարավորություն է ստեղծում չարաշահումների համար: Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  ՀՀ օրենքում: Մասնավորապես, օրենքի 16-րդ հոդվածով կարգավորվում է չբացահայտված տեղեկատվության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության հետ կապված հարաբերությունները, որոնք համահունչ չեն Օրենսգրքի կարգավորումների հետ:

 

Օրենսգրքի 1166-րդ հոդվածի բովանդակությունից պարզ չէ, թե չբացահայտված տեղեկատվության նկատմբամբ ինչպիսի իրավունքներ կարող են փոխանցվել մեկ այլ անձի: Սահմանված չեն պահանջներ այդպիսի գործարքի ձևի և բովանդակության նկատմամբ, մասնավորապես՝ գաղտնիությունը պահպանելու պահանջը և այլն:

 

Ֆիրմային անվանում

 

Օրենսգրքի 1168-րդ հոդվածի 11-րդ մասը չի հստակեցնում, թե ինչպես պետք է որոշելֆիրմային անվանումների շփոթելու աստիճան նմանության հարցը,ուստի այն լրամշակման կարիք ունի: Բացիա այդ, Օրենսգրքի 1167-րդ հոդվածը ֆիրմային անվանման իրավատիրոջը բացառիկ իրավունք է տալիս արգելելու երրորդ անձանց օգտագործել իր ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշան, բայց չի անդրադառնում ֆիրմային անվանմանը նույնականապրանքային նշաններին:

 

Օրենսգրքի և ոլորտային օրենքների հարաբերակցությունը

 

Իրավական պետության սկզբունքից բխող իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ անհրաժեշտ է Օրենսգրքի 10-րդբաժնում կատարել փոփոխություններ, քանի որ առկա են տասնյակ հոդվածներ, որոնք կրկնվում են և արդեն իսկ կարգավորված են տվյալ բնագավառը կարգավորող առանձին ընդունված օրենքներով («Ապրանքային նշանների», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների», «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների» մասին օրենքներում և այլն), որն արդյունավետ չէ մի շարք պատճառներով: Հաճախակի իրավակարգավորման և իրավակիրառ ոլորտում խնդիրներ են առաջանում, երբ միևնույն ոլորտի նույնանման դրույթներ ամրագրված են տարբեր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերում: Երբեմն էլ ոլորտը կարգավորող վերոգրյալ առանձին օրենքների վերանայումը, հաճախակի, ինքնաբերաբար, առիթ և պատճառ է հանդիսանում նաև Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությանհամար, և հակառակը: Ստեղծված իրավիճակում, ոչ միայն կատարվում է կրկնակի աշխատանք, այլև շատ դեպքերում, դրա հետևանքով առաջանում են որոշ, առաջին հայացքից ոչ ակնհայտ, հակասություններ օրենսգրքի և օրենքների միջև, որոնք ի հայտ են գալիս օրենքների կիրարկման փուլում և տարբեր խնդիրների պատճառ հանդիսանում:

 

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

Մտավոր սեփականության իրավունքների հասկացության և  պաշտպանության եղանակների մասով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝

 

  1. Օրենսգրքի 1-ին հոդվածում «մտավոր սեփականության իրավունք» արտահայտությունը սահմանել որպես մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունք(բացառիկ կամ ոչ բացառիկ): «Մտավոր սեփականության օբյեկտ» արտահայտությունն իր մեջ ներառելու է ոչ միայն մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքները, այլ նաև քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ իրավունքները: Նույն տրամաբանությունից ելնելով՝ հստակեցնել նաև Օրենսգրքի 130-րդ, 140-րդ և 1110-րդ հոդվածներում օգտագործվող եզրույթները:
  2. Հստակ ամրագրել իրավատիրոջ իրավունքը՝ ցանկացած անձից պահանջել դադարեցնել մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ պատրաստված որևէ ապրանքի (կեղծ կամ կոնտրաֆակտ, հենական (պիրատական)) ՀՀ տարածքում օտարումը կամ որևէ եղանակով օգտագործումը: Ընդ որում, այդ իրավունքը պետք է առկա լինի՝ անկախ այդ ապրանքի բարեխիղճ եղանակով ձեռք բերված լինելու հանգամանքից: Իրավատերը նաև պետք է հնարավորություն ունենա պահանջել դադարեցնել ցանկացած այլ գործողություն, որը խախտում է մտավոր սեփականության իրավունքը կամ դրա խախտման համար վտանգ է ստեղծում: 
  3. Սահմանել, որ առգրավման ենթակա են ոչ թե իրավունքի խախտման համար հիմք ծառայած, այլ խախտմամբ ստեղծված նյութական օբյեկտները (կեղծ կամ կոնտրաֆակտ ապրանքները):
  4. Նկատի ունենալով, որ առգրավման օբյեկտ կարող է լինել միայն շարժական գույքը՝ սահամանել, որ մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ ստեղծված անշարժ գույք հանդիսացող նյութական օբյեկտները ենթակա են ապամոնտաժման: Որպես այլընտրանք՝ կարող է վճարվել իրավունքը խախտելու համար համարժեք հատուցում՝պայմանով, որ վնաս չի պատճառվում հեղինակի (ստեղծագործողի) բարի համբավին կամ անվանը:
    1. Բացի մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ ստեղծված շարժական գույքի առգրավումից, որպես իրավունքների պաշտպանության եղանակ սահմանել առգրավված նյութական օբյեկտների ոչնչացումը, եթե ապացուցված է կամ հիմնավոր կասկածներ կան, որ դրանք վնասակար կամ վտանգավոր են հասարակության առողջության համար:
    2. Ապրանքների առգրավվում և ոչնչացում նախատեսել նաև այն դեպքում, երբ ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապրանքից կամ փաթեթավորումից առանձնացնելն անհնար է:
    3. Ամրագրել, որ դատարանը իրավունքի պաշտպանության որևէ եղանակ կիրառելիս պետք է հաշվի առնի տվյալ գործի բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ խախտման լրջությունն ու կիրառվելիք միջոցի համաչափությունը, կիրառվելիք միջոցի արդյունավետությունը, անհրաժեշտությունն ու տեղին լինելը տվյալ խախտման դեպքի և ապագայում նմանատիպ խախտումները կանխելու իմաստով: Դատարանը պետք է հաշվի առնի նաև հայցվորի պահանջը համարժեք դրամական փոխհատուցմամբ բավարարելու հնարավորության հարցը:

 

Չբացահայտված տեղեկատվության մասով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝

 

  1. Հստակեցնել չբացահայտված տեղեկատվության հասկացությունը՝ մանրամասն սահմանելով այն պայմանները, որոնց առկայությունը տեղեկատվությունը դարձնում է առևտրային գաղտնիք և հիմք է հանդիսանում դրա իրավական պաշտպանության համար: Համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում:
  2. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 141-րդ հոդվածը՝ հաշվի առնելով այդ հոդվածով առևտրային գաղտնիքին ներկայացվող պահանջների թերի լինելը, ինչպես նաև չբացահայտված տեղեկատվությանը վերաբերող դրույթները Օրենսգրքի 68-րդ գլխում համախմբելու նպատակահարմարությունը:

10.   «Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք» արտահայտության փոխարեն օգտագործել «չբացահայտված տեղեկատվություն» կամ «առևտրային գաղտնիք» արտահայտությունները:

11.  Չբացահայտված տեղեկատվության շրջանակը չսահմանափակել միայն տեխնիկական, կազմակերպչական, առևտրային ոլորտներով: Այն կարող է վերաբերել նաև ծառայողական (աշխատանքային), նորարարական, արտադրական, ֆինանսական, բանկային, տնտեսական և այլ ոլորտներին:

12.  Օրենսգրքի 1164-րդ հոդվածումհստակ թվարկել չբացահայտված տեղեկատվությանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես, նախատեսել, որ այդպիսի տեղեկատվությունը՝

  1. Պետք է օրինական եղանակով բացահայտված չլինի երրորդ անձանց,
  2. Պետքէ ունենա (կամ կարող է ունենալ) որոշակի տնտեսական (առևտրային) արժեք (նշանակություն)  և (կամ) օրինական եղանակով դա տիրապետողին, օգտագործողին, տնօրինողին (իրավատիրոջը) տա առևտրային որևէ առավելություն իր ներկա կամ ապագա մրցակիցների նկատմամբ,
  3. Պետք է ողջամիտ միջոցներով (եղանակներով) գաղտնի պահվի տնօրինողի կողմից,
  4. Չպետք է լինի օրինական հիմքերով տեղեկատվությունն ազատորեն ստանալու հնարավորություն:

13.  Որպես չբացահայտված տեղեկատվության պաշտպանության նախապայման սահմանել հետևյալը՝

  1. Չբացահայտված տեղեկատվությունը կամ դրա հստակ (ոչ երկիմաստ) նկարագրությունը պետք է որևէ եղանակով ամրագրված լինի որևէ կրիչի վրա,
  2. Այդ կրիչի վրա պետք է առկա լինի չբացահայտված տեղեկատվությունը տնօրինողի կողմից դրա տիրապետման ամենավաղ տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ տեղեկատվության տնօրինողին նույնականացնող տվյալները,
  3. Չբացահայտված տեղեկատվությունն ի սկզբանե դրա տնօրինողի տիրապետության տակ պետք է գտնվի օրինական հիմքերով և (կամ) չպետք է ձեռք բերված լինի օրենքի խախտմամբ:

14.  Սահմանել, որ չբացահայտված տեղեկատվությունը պահպանվում է առանց որևէ ժամկետի սահմանափակման:

15.  Հստակեցնել, որ չբացահայտված տեղեկատվությունը կամ այդ տեղեկատվության որևէ մի մաս դրա օրինական տնօրինողի կողմից, վերջինիս իմացությամբ, համաձայնությամբ կամ թույլտվությամբ բացահայտվելու դեպքում (օրինական բացահայտում) այն կորցնում է իր ուժը որպես առևտրային գաղտնիք և դառնում է հանրամատչելի տեղեկատվություն:

16.  Նախատեսել, որ առևտրային գաղտնիքն օրինական հիմքերով տնօրինող անձը պետք է իրավունք ունենա արգելելու երրորդ անձանց օգտագործել չբացահայտված տեղեկատվությունը կամ դրա որևէ մասը, եթե այն բացահայտվել և երրորդ անձանց հայտնի է դարձել առանց առևտրային գաղտնիքի օրինական տիրապետողի իմացության կամ գրավոր թույլտվության, համաձայնության (ապօրինի բացահայտում): Ընդ որում, պաշտպանության այդ եղանակը պետք է հասանելի լինի նաև այն դեպքում, երբ տեղեկատվության ապօրինի օգտագործողը բարեխիղճ ձեռք բերող է: Այդ նպատակով Օրենսգրքի 1165-րդ հոդվածի 2-ր մասում սահմանել, որ չբացահայտված տեղեկատվության տնօրինողն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից պահանջել օգտագործման, բացահայտման կամ տարածման անհապաղ դադարեցում:

17.  Ուժը կորցրած ճանաչելՕրենսգրքի 1165-րդ հոդվածի հոդվածի այն դրույթը, ըստ որի՝ դատարանը, հաշվի առնելով չբացահայտված տեղեկատվության օգտագործման վրա բարեխիղճ ձեռք բերողի կատարած ծախսերը, կարող է դրա հետագա օգտագործումը թույլատրել հատուցելի ոչ բացառիկ լիցենզիայի պայմաններով:

  1. Սահմանել, թե ով կարող է լինել չբացահայտված տեղեկատվության օրինական տիրապետող և ինչ իրավունքներ ունի այն անձը, որն ինքնուրույն ստեղծել, հայտնաբերել կամ բացահայտել է չբացահայտված տեղեկատվությունը` առանց խախտելու իրենից առաջ օրինական որևէ տնօրինողի կամ տիրապետողի իրավունք:

19.  Հստակեցնել, որ չբացահայտված տեղեկատվությունը կարող է ինչպես օտարվել, այնպես էլ օգտագործման հանձնվել այլ անձի:

20.  Սահմանել, որ չբացահայտված տեղեկատվության նկատմամբ իրավունքի փոխանցման գործարքը պետք է կատարվի գրավոր, որի բովանդակությունը պետք է լինի գաղտնի (կոնֆիդենցիալ) և հրապարակման ենթակա չլինի: Հստակեցնել, որ ինչպես տեղեկատվությունը տրամարդող, այնպես էլ ստացող անձինք պարտավոր են այն պահել գաղտնի, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ :

 

Ֆիրմային անվանումների մասով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝

 

21.  Ֆիրմային անվանման սահմանման մեջ նշել, որ այն քաղաքացիական շրջանառության մասնակիցների անհատականացման միջոց հանդիսացող այն անվանումն է, որի ներքո առևտրային կազմակերպությունը իրականացնում է իր գործունեությունը և տարբերվում այլ իրավաբանական անձանցից:

22.  Հստակեցնել, որ որպես ֆիրմային անվանում չեն կարող օգտագործվել այն անվանումները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են ՀՀ-ում պահպանվող ավելի վաղ առաջնությամբ որևէ ապրանքային նշանի՝ անկախ այն հանգամանքից, թե նման ֆիրմային անվանման օգտագործումը կհանգեցնի սպառողների մոլորեցմանը և ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից վնասներ կրելուն:

23.  Սահմանել, որ որպես ֆիրմային անվանում չեն կարող օգտագործվել այն անվանումները, որոնք կարող են շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ ՀՀ-ում կամ նրա տարածքից դուրս օգտագործվող (չգրանցված) ապրանքային նշանի նկատմամբ, որը դեռևս օգտագործման մեջ է՝ պայմանով, որ հայտը ներկայացնելիս հայտատուն գիտեր կամ կարող էր իմանալ այդպիսի ապրանքային նշանի առկայության մասին:

24.  Ֆիրմային անվանումների շփոթելու աստիճան նմանության որոշման նպատակով կիրառել ապրանքային նշանների վերաբերյալ օրենքով սահմանված կանոնները: Մասնավորապես, սահմանել, որ ֆիրմային անվանման տարբերակող անունի և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, վերջիններիս ապրանքների և (կամ) ծառայությունների անհատականացման որևէ միջոցի միջև շփոթելու աստիճան նմանությունը որոշվում է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով երկու բառային նշանների, կամ բառային և համակցված ապրանքային նշանների միջև շփոթելու աստիճան նմանությունը որոշելու կանոններով մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis):

25.  Օրենսգրքի 1168-րդ հոդվածում կատարել մի շարք այլ հստակեցումներ: Մասնավորապես, հոդվածի 8-րդ մասը պետք է արգելի որպես ֆիրմային անվանում այն անվանման օգտագործումը, որի տարբերակող նշանակության անունը՝

  1. Համընդհանուր ճանաչում ստացած արտահայտություն կամ տերմին է,
  2. Հանդիսանում կամ պարունակում է կեղծ կամ հանրությանը մոլորության մեջ գցող տեղեկություն,
  3. Հակասում է հասարակության շահերին, հակասում կամ անհարիր է մարդասիրության և համընդհանուր բարոյականության սկզբունքներին, անհարիր է ազգային և հոգևոր (կրոնական) արժեքներին:

 

Օրենսգրքի և ոլորտային օրենքների հարաբերակցության մասով առաջարկվում է՝

 

26.  Վերացնել միևնույն կամ նմանատիպ նորմերի կրկնողությունը տարբեր իրավական ուժ ունեցող ակտերում, ինչը հստակություն կմտցնի այս ոլորտի կարգավորման հարցում և կնպաստի վերոգրյալ խնդիրների լուծմանն ու կանխմանը: Մասնավորապես Օրենսգրքի 1100-րդ հոդվածում հստակեցնել, որ մտավոր սեփականությանն առնչվող և Օրենսգրքով չկարգավորված բոլոր այլ իրավահարաբերությունները (այդ թվում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների ծագման, պահպանության տրամադրման, օգտագործման, փոխանցման հիմքերը, կարգը, պայմաններն ու ժամկետները) կարգավորվում են այլ օրենքներով: Դրա հետ մեկտեղ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 1101-1109 հոդվածները, 63-67 գլուխները, 1171- 1183 հոդվածները (ընդհանուր՝ 66 հոդված):

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ, կվերացվեն գործող օրենքում տեղ գտած թերությունները և անհստակությունները, իսկ դատարանները իրավունքի պաշտպանության այս կամ այն եղանակը կիրառելիս կառաջնորդվեն օբյեկտիվ չափանիշներով: Փոփոխությունները կնպաստեն չբացահայտված տեղեկատվության (առևտրային գաղտնիքի) պաշտպանության կանոնները հստակեցնելուն: Լրացուցիչ որոշակիություն կմտցվի չբացահայտված տեղեկատվության հասկացությանը, դրա պաշտպանության եղանակներին և փոխանցմանը վերաբերող դրույթներում:Ակնկալվում է, որ կհստակեցվեն ֆիրմային անվանումների օգտագործման սահմանափակումները, հատկապես դրանց և  Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված ապրանքային նշանների նույնական կամ շփոթելու աստիճան նման լինելու դեպքերում: Կհստակեցվեն նաև շփոթելու աստիճան նմանության որոշման կանոնները: Կվերացվի միևնույն կամ նմանատիպ նորմերի կրկնողությունը տարբեր իրավական ուժ ունեցող ակտերում, ինչը հստակություն կմտցնի մտավոր սեփականության ոլորտի կարգավորման հարցում և կնպաստի հետագա օրենսդրական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

 

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

 

Առաջարկվում է քննարման առարկա դարձնել նաև մի շարք այլ հարցերի կարգավորման նպատակահարմարությունը, որոնք գտնվում են Օրենսգրքի կարգավորման դաշտից դուրս, այդ թվում՝

  • Ապրանքային նշանների նախնական գրանցում և ապրանքային նշանների օգտագործումը որպես գրանցման նախապայման,
  • Ապրանքային նշանի չօգտագործման հետևանքները,
  • Հանրահայտ ապրանքային նշանների պաշտպանությունը,
  • Ապրանքային նշաններում անձանց անունների և աշխարհագրական անվանումների օգտագործումը,
  • Արդյունաբերական նմուշները որպես ապրանքային նշան գրանցելը,
  • Որպես ապրանքային նշան այն ջեներիկ անունների գրանցումը, որոնք տարբերակիչ նշանակություն են ձեռք բերել,
  • Մտավոր սեփականության օրենսգրքի մշակման նպատակահարմարությունը: