Հայտարարություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով մինչև երեք միջազգային փորձագետների ներգրավման
04/06/2021
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով մինչև երեք միջազգային փորձագետների (այսուհետ նաև՝ փորձագետներ) ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ:
Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով (0010, քաղաք Երևան, Կառավարական տուն 1 հասցեով) կամ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին (<araksya.terteryan@gov.am>)՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:
Փորձագետի թեկնածություն կարող են առաջադրել Հայաստանի Հանրապետության հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների (այսուհետ նաև՝ հայտատուներ) կողմից: Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մեկ փորձագետի թեկնածություն:
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցող այն հայտատուները, որոնք ունեն վերջին երկու տարվա ընթացքում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության փորձ:
Խորհրդի կազմում որպես փորձագետներ կարող են ընդգրկվել այն անձինք, որոնք հակակոռուպցիոն ոլորտում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն:
Հայտատուները պետք է ներկայացնեն.
1) հայտ՝ ուղղված վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ նշելով հայտատուի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (կցվում է).
2) փորձագետի ինքնակենսագրություն (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ)՝ կցելով հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ առկայության դեպքում՝ գործատուի կողմից տրամադրված տեղեկանք).
3) փորձագետի՝ վերջին երեք տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում իրականացրած առնվազն երկու ծրագրերի (այդ թվում՝ ծրագրերի բովանդակության, իրականացման ժամանակահատվածի, ստացված արդյունքների) վերաբերյալ տեղեկատվություն.
4) փաստաթուղթ, որը կվկայի հայտատուի՝ վերջին երկու տարվա ընթացքում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության մասին.
5) միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների անունից հայտ ներկայացրած անձի՝ միջազգային կամ միջկառավարական կազմակերպության լիազորված անձ լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ.
6) Հայտարարություն՝ փորձագետի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին:
Հայտերն ընդունվում են 2021 թվականի հունիսի 7-11-ը ներառյալ, իսկ առձեռն հանձնելու դեպքում՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09.30-17.30-ը:
Հայտերը ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010 515 613, araksya.terteryan@gov.am: