Հայտարարություն՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ
21/06/2021
Հաշվի առնելով նախորդ հայտարարությունից հետո Խորհուրդ չձևավորելու և նոր մրցույթ հայտարարելու հանգամանքը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կրկին հայտարարում է մրցույթ:
Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով (0010, քաղաք Երևան, Կառավարական տուն 1 հասցեով) կամ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին (norayr.nazaryan@gov.am)՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:
Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն հակակոռուպցիոն ոլորտում գործունեության փորձառություն:
Հասարակական կազմակերպությունները հայտում նշում են այն լիազոր ներկայացուցչին, ով պետք է ներկայացնի կազմակերպությունը Խորհրդում, և ներկայացնում են իրենց ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):
Հասարակական կազմակերպությունները պետք է ներկայացնեն.
1) հայտ՝ ուղղված վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ նշելով հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (կցվում է).
2) հասարակական կազմակերպության անունից հայտ ներկայացրած անձի՝ հասարակական կազմակերպության լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.
3) հասարակական կազմակերպության՝ հակակոռուպցիոն ոլորտում փորձառությունը հավաստող փաստաթղթերը (հակակոռուպցիոն ոլորտում իրականացված ծրագրերը, ծրագրերի բովանդակությունը, իրականացման ժամանակահատվածը, ստացված արդյունքները):
Հայտերն ընդունվում են 2021 թվականի հունիսի 21-25-ը ներառյալ, իսկ առձեռն հանձնելու դեպքում՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09.30-17.30-ը:
Հայտերը ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010 515 755, norayr.nazaryan@gov.am: