ԱՆ-ն սկսում է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները

05/10/2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները:

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ 25 տարին լրացած քաղաքացին, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և` 

1)անցել է նոտարական գործունեության առնվազն 1 տարվա ստաժավորում, կամ

2)անցել է առնվազն 3 ամսվա ստաժավորում, եթե ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան կամ

3)չի անցել ստաժավորում և ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան: 

Դիմորդը որակավորման ստուգման համար (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենք) նոտարի թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու նպատակով ստեղծված քննական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) քարտուղարին առձեռն ներկայացնում  է` 

1) դիմում (ձևը կցվում է), որտեղ պետք է նշվեն`

ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.

3) անձնագիրը (կամ նույնականացման քարտը) և դրա պատճենը.

4) իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորումը հավաստող վկայականը (դիպլոմը) և դրա պատճենը.

5) նոտարական գործունեության ստաժավորում անցած լինելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը, որում պետք է նշված լինեն ստաժավորման ժամկետի սկիզբը և վերջը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները, վերապատրաստման դասընթացներ անցած լինելու հանգամանքը և վերապատրաստման դասընթացների ժամերի քանակը, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված ստաժավորումը, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու պատրաստ է հանձնել որակավորման քննությունները.

6) իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթը՝ ըստ անհրաժեշտության և դրա պատճենը.

7) գիտական աստիճանի վկայականը՝ ըստ անհրաժեշտության և դրա պատճենը.

8) որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (20.000 ՀՀ դրամ) Հ/Հ՝ 900005163622 վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը: 

Դիմումը և կից փատաթղթերը հանձնելով` դիմողն ստորագրում է փաստաթղթերի հանձնումը և ընդունումը հավաստող փաստաթուղթ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հոկտեմբերի 18-ն է։ Փաստաթղթերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 17:00-ն:

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը, անցկացվելու է 2021 թվականի հոկտեմբերի 28-ին:

Գործնական խնդիրների փուլի, հարցազրույցի անցկացման ժամանակի, վայրի, ինչպես նաև նոտարների թեկնածուների որակավորման ստուգման ընթացակարգային հարցերի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին` ներկայացված էլեկտրոնային փոստով, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am):

Հետադարձ ծանուցմամբ էլեկտրոնային եղանակով ծանուցումից բացի այլ միջոցներով ծանուցումներ չեն իրականացվելու:

Դիմումների ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հանձնաժողովի քարտուղար Գայանե Կաբրիլյանցին ( հեռ՝ (010) 59-40-11):