Հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ թարգմանությունների կենտրոն) տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
15/02/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ թարգմանությունների կենտրոն) տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Տնօրենը ՀՀ օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և թարգմանությունների կենտրոնի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է թարգմանությունների կենտրոնի գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, թարգմանությունների կենտրոնի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Տնօրենը, թարգմանությունների կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարման շրջանակներում, ապահովում է թարգմանությունների որակյալ կատարումն ու ժամանակին ներկայացումը շահառուներին, կազմակերպում է որակի վերահսկման գործիքների և թարգմանական տեխնիկայի շարունակական զարգացման և մեթոդիկայի մշակման աշխատանքները, իրականացնում է կադրերի զարգացումը, թարգմանական, վերանայման և իրավական նույնականացման հմտությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ, կատարում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզվով կատարված թարգմանությունների երկլեզու վերանայում՝ առկա բացերը վերհանելու, կանխարգելիչ միջոցներ և թարգմանական չափորոշիչներ մշակելու նպատակով վերահսկում է թարգմանությունների հիշողության ծրագրի և եզրաբանական շտեմարանի պահպանման և արդիականացման աշխատանքները, վարում է թարգմանությունների շրջանառության էլեկտրոնային համակարգը, ապահովում է թարգմանությունների կենտրոնում աշխատանքների կազմակերպումը՝ գործող թարգմանական ստանդարտների հիման վրա:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ, չափահաս քաղաքացիները, որոնք տիրապետում են գրական հայերենին։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) համապատասխան բնագավառի (թարգմանչական գործ, լեզվաբանություն, կառավարում և այլ հարակից ոլորտներ) բարձրագույն կրթություն.
բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Հարկերի մասին», «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշում, թարգմանությունների իրականացման ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
դ) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.
ե) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով (թարգմանական) աշխատելու ունակություն.
ը) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
թ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
ժ) անգլերենի և ռուսերենի ազատ իմացություն:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում,
բ) մեկ լուսանկար՝ 3x4 չափսի,
գ) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
դ) քաղվածք` աշխատանքային գրքույկից,
ե) ինքնակենսագրություն,
զ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
է) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները,
ը) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
թ) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
ժ) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
ի) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):
Մրցույթը կկայանա 2016 թվականի մարտի 25-ին, ժամը 14:00-ին, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8):
Դիմող ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 12:30:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2016 թվականի մարտի 11-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ (հեռ. 31-93-63)։