Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում անցկացնելու մասին
26/10/2021
Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացնելու մասին:
Որակավորման ստուգման համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ), բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից:
Դիմողը արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) պետք է ներկայացնի՝
1) դիմում, որտեղ պետք է նշվեն՝
ա) դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
բ) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.
գ) դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
դ) դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) 2 գունավոր լուսանկար՝ 4x6 չափսի.
3) անձնագիր.
4) բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները.
5) պետական տուրքի վճարման անդորրագիր` 20000 ՀՀ դրամի չափով՝ մուծված Ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի 900005163630 հաշվին.
6) փորձագիտական աշխատանքի ստուգման դիմաց վճարման անդորրագիր՝ 15.000 ՀՀ դրամի չափով, մուծված Ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքում արդարադատության նախարարության համար բացված 900013194056 արտաբյուջետային հաշվին:
Բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականները (դիպլոմներ) հայերեն և ռուսերեն լեզուներով չլինելու դեպքում պետք է լինի թարգմանված՝ նոտարական վավերացմամբ:
Համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները ներառում են՝
ա) պետական հավատարմագրված հաստատությունից ձեռք բերված համապատասխան լեզվին տիրապետելու մասին տեղեկանքներ կամ վկայականներ,
բ) համապատասխան լեզվի դասընթացները ավարտելու մասին վկայականներ,
գ) տվյալ օտար լեզվով բարձրագույն կամ միջնակարգ կրթության մասին վկայական (դիպլոմ),
դ) լեզվի իմացությունը հաստատելու իրավասություն ունեցող կրթական հաստատության կամ կազմակերպության կողմից տրամադրված ցանկացած փաստաթուղթ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ (naira.sedrakyan@justice.am) էլեկտրոնային փոստի հասցեին։ Փաստաթղթերը պետք է լինեն բնօրինակից գունավոր սքանավորված տեսքով՝ PDF ֆորմատով: Գունավոր լուսանկարներից մեկը կցվում է դիմումին, իսկ երկրորդը ներկայացվում է ստուգման օրը :
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի նոյեմբերի 9-ը մինչև ժամը 16.00-ն:
Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ:
Որակավորման ստուգման համար դիմողներին տրվելու են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն նախօրոք հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից: Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոցներ:
Ստուգումների արդյունքները գնահատվում են 20 միավոր համակարգով: Դրական են համարվում 17 և բարձր միավորները:
Որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ նախատեսված չեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի քարտուղար` Նաիրա Սեդրակյանին (010)59-40-57 հեռախոսահամարով: