Հայտարարություն՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ
21/12/2021
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ
ՀՀ վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 1442-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծման գործընթացը:
Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք Խորհրդի կազմում մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև՝
1) ութերորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ, և
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ:
Ղեկավարվելով վերոնշյալով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտնում է, որ Խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր կարող են ներկայացվել հետևյալ կարգով՝
- Հայտերը ներկայացվում են Նախարարություն՝ սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ 7 օրացուցային օրվա ընթացքում:
- Որոշմանը համապատասխան՝ հայտ կարող են ներկայացնել՝
1) այն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, որոնք՝
ա. չեն մասնակցել ութերորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մանդատների բաշխմանը, և
բ. թեկնածու առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առնվազն երկու ընտրությունների.
2) այն հասարակական կազմակերպությունները՝
ա. որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և
բ. ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել:
3.Հայտին կից ներկայացվում են այն փաստաթղթերը (տեղեկություննեը), որոնք հավաստում են սույն հայտարարության 2-րդ կետով նշված պահանջներին (չափանիշներին) հայտ ներկայացնողի համապատասխանությունը: Հայտ ներկայացնողը հայտում նշում է նաև այն թեկնածուին, որին առաջարկվում է ընդգրկել Խորհրդում որպես Հայտ ներկայացողի ներկայացուցիչ, և ներկայացնում է իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), կենսագրական տվյալները (curriculum vitae), ինչպես նաև սույն հայտարարության 10-րդ կետում նշված չափանիշներին՝ թեկնածուի համապատասխանությունը հավաստող այլ տեղեկություններ և փաստաթղթեր:
4.Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել info@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:
5.Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև հայտարարությունում նշված ժամկետի ավարտը:
6.Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
7.Թեկնածուների ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Հայտատուների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է Նախարարությունը:
8.Փաստաթղթերը և դրանց կազմը թերի լինելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր) և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
9.Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
10.Երկրորդ փուլում գնահատվում է հայտ ներկայացնողի ներկայացրած թեկնածուի համապատասխանությունը Որոշմամբ նախատեսված չափանիշներին: Որոշմանը համապատասխան՝ թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի է առնվելու առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, սեռերի հավասար ներկայացվածության ապահովման անհրաժեշտությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
11.Նախարարությունը թեկնածուների ընտրությունը կատարում է հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում և ապահովում է թեկնածուների ընտրության արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Նախարարության պաշտոնական www.moj.am կայքում: