Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական նոր խորհուրդ ձևավորելու մասին
23/12/2021
«ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Վարչապետի 11 հունիսի 2018 թվականի N 704-Լ որոշման համաձայն.
11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`
1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 25 ապրիլի 2016 N 141-Ա հրամանի 8-րդ կետի համաձայն՝ երկու տարին մեկ անգամ հասարակական խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհուրդի կազմում ընդգրկվելու համար:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝
• հասարակական կազմակերպություններ
• զանգվածային լրատվության միջոցներ
• ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ
• շահագրգիռ անձինք:
Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել Խորհրդում, եթե.
• նրանց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,
• Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի),
• Մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը,
• Ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ,
• Մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին,
• ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ
• նրանց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) Նախարարությունից:
Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա կարող են դիմում ներկայացնել խորհրդի նախագահին (նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:
Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր:
Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում (www.moj.am ):
Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2022 թվականի հունվարի 23-ը:
Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) կամ այն ուղարկել Նախարարության հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ council@justice.am: