Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի միջազգային կարճաժամկետ փորձագետի ընտրության նպատակով հարցազրույց անցկացնելու մասին
25/04/2017
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:
Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Հիմնադրամում ունենալ միջազգային կարճաժամկետ փորձագետ:
Կատարվող աշխատանքի բնույթը
Միջազգային փորձագետն իրականացնելու է Հիմնադրամի գործունեության կայունության ծրագրի փորձաքննությունը և անհրաժեշտության դեպքում լրամշակումը:
Փորձագետին ներկայացվող պահանջները
- բարձրագույն կրթություն,
- ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ոլորտի փորձառություն,
- համակարգչային գիտելիքների իմացություն (Microsoft office),
- գրավոր և բանավոր անգլերենով հաղորդակցվելու գերազանց կարողություն,
- գիտական աստիճանի (PhD) առկայությունը կդիտարկվի որպես առավելություն:
Աշխատանքների կատարման ժամկետը և կարգը.
Աշխատանքները կատարվելու են առավելագույնը 2 ամսա ընթացքում:
Ակնկալվում է, որ միջազգային փորձագետը աշխատանքների կատարումը կսկսի ոչ ուշ քան մինչև 2017 թվականի մայիսի 30-ը:
Հաշվետվողակության պահանջներ
Միջազգային փորձագետը հաշվետու է լինելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Աշխատանքային լեզուն անգլերենն է և բոլոր փաստաթղթերը մշակվելու են անգլերենով և թարգմանվելու են հայերեն: Բոլոր հաշվետվությունները պետք է ներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարին և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:
Դիմելու ընթացակարգ և պայմանները
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. անձնագիր,
2. լուսանկար և էլեկտրոնային փոստի մասին տեղեկություն պարունակող ինքնակենսագրական (CV),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր, ԲՈՒՀ-ի տեղեկանք և այլն)
4. հիմնավորող նամակ (motivation letter), որում պետք է հստակ մատնանշվեն նախկին համանման փորձառությունը և իր կողմից կատարվելիք աշխատանքների առավել որակյալ կատարման հիմնավորումը,
5. փորձի վերաբերյալ փաստաթղթեր:
Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում միջազգային կարճաժամկետ փորձագետի ընտրության նպատակով անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարդատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում միջազգային կարճաժամկետ փորձագետի ընտրության նպատակով անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ մինչև 2017 թվականի մայիսի 26-ը ներառյալ:
Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում:
Ընտրված մասնակիցների հետ հարցազրույցը հնարավոր է նաև տեսազանգի միջոցով, ուստի, դիմելիս խորհուրդ է տրվում նշել skype կամ այլ տեսակապի հասցե: