Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ

20/12/2022

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ նաև Խորհուրդ) կազմում նոր հասարարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, հայտարարում է մրցույթ: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների 7 ներկայացուցիչ, որոնցից 2-ը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող։

1. Մրցույթին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի երեք և ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում, իսկ գործարար ոլորտի հասարակական կազմակերպությունների դեպքում՝ նաև վերջին հինգ տարիների ընթացքում ունեն գործարար ոլորտում շահերի ներկայացման երեք կամ ավելի տարվա փորձ.

2) ներկայացրել են միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում իրականացված երեք և ավելի ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամանակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն (այս պահանջը վերաբերելի չէ գործարար ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններին).

3) ներկայացրել են հասարակական կազմակերպության հաշվետվողականության և ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, պետական միջոցներից ֆինանսավորման, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակային հաշվետվություններ.

4) ներկայացրել են քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարություն.

5) ներկայացրել են հասարակական կազմակերպության աշխատակազմի վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկատվություն:

2. Հասարակական կազմակերպությունների հայտերը (այսուհետ՝ Հայտ) կարող են ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ից հունվարի 3-ը ներառյալ՝ ՀՀ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/8 հասցեով (ամեն օր ժամը 09:00-ից-18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից) կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության anti-corruption@moj.am էլեկտրոնային հասցեին՝ քսանչորսժամյա ռեժիմով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

3. Հայտերն ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010594110, 077887747, tatevik.khachatryan@moj.am:

4. Հասարակական կազմակերպությունը Հայտին կից ներկայացնում է իր կանոնադրությունը, քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարությունը, հասարակական կազմակերպության կողմից լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթը և այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն, իսկ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնելու դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված), որոնք փաստում են սույն հայտարարության 1-ին կետում նշված չափանիշներին հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

5. Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Հայտ-1

Հայտ-2