Հայտարարություն ՀԿ-ների կողմից Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին

02/07/2018

Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  հուլիսի 2-ի՝ «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» թիվ 736-ն որոշումը՝  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին:

Հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվող թեկնածուների ցուցակը (այսուհետ` ցուցակ) հաստատվում է իրավապաշտպան գործունեություն իրականացնող առնվազն հինգ հասարակական կազմակերպության համատեղ արձանագրությամբ (այսուհետ` արձանագրություն), թեկնածուի գրավոր համաձայնության հիման վրա: Արձանագրությամբ հասարակական կազմակերպություններն իրենց կազմից ընտրում են փաստաթղթերը ներկայացնող հասարակական կազմակերպությունը։

Ցուցակին ներկայացվող պարտադիր պահանջներն են`

1) ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ թեկնածուի կենսագրական տվյալների ներկայացում,

2) տեղեկատվություն թեկնածուի կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության մասին:

Արձանագրության բնօրինակը, ցուցակում ընդգրկված անձի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուի կենսագրական տվյալների, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը հասարակական կազմակերպությունները (նրանց կազմից ընտրված հասարակական կազմակերպությունը) գրավոր դիմումով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ՝ առձեռն, փոստով (հասցե` ք. Երևան, Վ.Սարգսյան 3/8) կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստի հասցե՝ info@moj.am): 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի հուլիսի 12-ը՝ ժամը 18:00-ն:

Հասարակական կազմակերպությունների կողմից թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթերի ներկայացման դեպքում նախարարության աշխատակազմն առաջարկում  է երկօրյա ժամկետում շտկել թերությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ցուցակը, թեկնածուների կենսագրական, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության, ինչպես նաև առաջադրած հասարակական կազմակերպությունների մասին տեղեկատվության հետ միասին 5-օրյա ժամկետում հրապարակում է նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում:

Ցուցակի հրապարակումից հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնելու այլ ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառնությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների ու արժանիքների բացահայտմանը:

Հեռախոսահամար՝ 010 59 40 57: