Մրցույթ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում նոր թեկնածուներ ներգրավելու համար

10/04/2023

          Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում նոր թեկնածուներ ներգրավելու նպատակով
          2023 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի թիվ 5 որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը և հաստատվել անհատական կազմը: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ են ընտրվել Դավիթ Հակոբյանը և Ռաֆիկ Գրիգորյանը:
          Վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 111-Ա որոշման 29-րդ կետի համաձայն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարող է կազմված լինել առավելագույնը հինգ անդամից:
          Վերոգրյալի շրջանակներում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է մրցույթ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը համալրելու նպատակով:
          Թեկնածուների  հայտերի ներկայացման կարգ.
           Սահմանված ձևով կազմված հայտերը թեկնածուների կողմից ներկայացվում են սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ մեկշաբաթյա ժամկետում (2023 թվականի ապրիլի 11-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ):
          Հայտ կարող են ներկայացնել՝
          1) իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող, և
          2) իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք:
          Հայտին կից ներկայացվում են`
          1) մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները և ինքնակենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ),
          2) կրթությունը և գիտական աստիճանը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները,
          3) հրապարակումների, գիտական աշխատությունների, մասնավորապես՝ գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, ձեռնարկների և այլ աշխատանքների լուսապատճենները և ցանկը՝ առկայության դեպքում դրանց հղումներով.
          4) հայտարարություն՝ համաձայն սահմանված ձևի.
          5) հայտարարություն՝ դատվածության բացակայության վերաբերյալ (համաձայն սահմանված ձևի).
          6) թեկնածուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր:
          Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) անհրաժեշտ է ուղարկել constitutional@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:
          Ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
          Հանձնաժողովի կազմում ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում Խորհրդի կողմից Խորհրդի քարտուղարության միջոցով ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:
          Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում թեկնածուն դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
          Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
          Երկրորդ փուլում մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուները, որոնք բավարարում են մատնանշված չափանիշներին հրավիրվում են մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստերը դռնփակ են: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով:
          Խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ՝ բացահայտելու համար թեկնածուի բարեվարքությունը և մասնագիտական որակները:
          Մրցույթի անցկացման մանրամասները սահմանված են Խորհրդի 16.02.2022 թվականի թիվ 1 որոշմամբ:
          Թեկնածություն ներկայացրած անձանց ցանկը (անուն, ազգանուն) ենթակա է հրապարակման ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում:
          Հարցերի համար՝ հեռ.՝ 010594053