Հայտարարություն՝ Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգման մասին
09/10/2023
2023 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին տեղի կունենա անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգում (այսուհետ՝ որակավորման ստուգում):
Որակավորման ստուգմանը մասնակցելու համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի (այսուհետ՝ դիմորդ), որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և անցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հունիսի 29-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 334-Լ հրամանով հաստատված N 1 հավելվածով սահմանված՝ հոգեբանի որակավորման դասընթաց:
Դիմորդ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված հանված չէ:
Դիմորդը որակավորման ստուգմանը մասնակցելու համար անձամբ Արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան՝ Վ. Սարգսյան 3/8) է ներկայացնում՝
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն,
2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի,
3) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
4) հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած լինելու փաստը հավաստող դիպլոմը և պատճենը,
5) հոգեբանի որակավորման դասընթացներն անցած լինելու փաստը հավաստող վկայականն ու պատճենը,
6) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ դատվածության բացակայության մասին։
Փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմորդի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին:
Որակավորման ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստավորման միջոցով։
Թեստային առաջադրանքներն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն - 5 հարց.
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք - 15 հարց.
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք - 10 հարց.
4) Հոգեբանություն - 30 հարց.
5) «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա - 5 հարց.
6) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք - 5 հարց.
7) ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոններն անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ («Պեկինյան կանոններ») - 5 հարց.
8) Անչափահաս տուժողների և վկաների հարցերով արդարադատության ՄԱԿ-ի ուղեցույց - 5 հարց:
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09։30-12։30 և 14։30-17։00։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հոկտեմբերի 30-ը՝ մինչև ժամը 17:00-ն:
Որակավորման ստուգման անցկացման վայրի, oրվա և ժամի մասին դիմորդները կիրազեկվեն որակավորման ստուգման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
Դիմորդների մուտքը քննասենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:
Որակավորման ստուգմանը մասնակցելու գործընթացում դիմորդի հետ հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ վերջինիս նշած էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաղորդակցությունն ապահովող այլ միջոցներով:
Որակավորման ստուգման հետ կապված այլ վերաբերելի հարցեր կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշմամբ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (010) 59-41-01 հեռախոսահամարով։
Կից ներկայացվում է դիմումի ձևաթուղթը: