Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է հաշտարարների որակավորման պիլոտային դասընթաց
11/10/2023
Արդարադատության նախարարությունը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ հայտարարում է հաշտարարների որակավորման պիլոտային դասընթաց, որին կարող են դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին, ով, հանրային ծառայող է, դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ, որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:
Դասընթացը կտևի մեկ շաբաթ, օրական 5 ժամ տևողությամբ և կիրականացվի 2023 թվականի նոյեմբերի 17-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում: Դասընթացին կարող են մասնակցել ինչպես առաջին անգամ հաշտարար դառնալ ցանկացող հավակնորդները, այնպես էլ մինչև օրենքի փոփոխության ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարները: Վերջիններիս դասընթացի առնվազն 80%-ին մասնակցելու դեպքում կտրամադրվի նոր որակավորման վկայագիր:
Դասընթացն իրականացվելու է արտերկրից հրավիրված միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից և հաշտարարության դասընթացների համար սահմանված միջազգային չափորոշիչներին և ուսուցման ծրագրին համաձայն։ Պիլոտային դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել նախարարության կողմից ընտրված 20 հավակնորդները՝ հաշվի առնելով դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած հավակնորդների կրթությունը, մասնագիտական փորձը, ծավալած մասնագիտական գործունեությունը, հմտությունները և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։ Դասընթացին չընգրկված հավակնորդների ուսուցումը կիրականացվի հաջորդ փուլերի ընթացքում։
Դիմորդը որակավորման դասընթացի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում`
1) դիմում (պետք է ներառի կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե),
2) անձնագրի պատճենը,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
4) ինքնակենսագրական տվյալներ (CV):
Դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առցանց եղանակով՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 10-ը, մինչև ժամը 18:00-ն:
Ուսուցման ծրագիրը հաստատվելու և հրապարակվելու է դասընթացի մեկնարկից առնվազն 10 oր առաջ: Հաշտարարի որակավորման դասընթացների հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Տեղեկացնում ենք, որ Նախարարությունը դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի հավակնորդներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը «Հաշտարարության մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև ուսումնասիրում է ինքնակենսագրական տվյալները, այդ թվում՝ նախորդող մասնագիտական գործունեությունը և ընդունում է որոշում դիմողին հաշտարարների որակավորման դասընթացներին մասնակցել թույլատրելու կամ մերժելու մասին։
Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը հաստատված է Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն որոշմամբ, իսկ որակավորման կարգը Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 331-Ն որոշմամբ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից 2022 թվականին ընդունվել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքը, որի շրջանակներում մի շարք բարեփոխումներ են կատարվել գործող կարգավորումներում, այդ թվում՝ ներդրվել է առցանց հաշտարարության հնարավորությունը, որոշ ընտանեկան գործերով նախատեսվել է պարտադիր հաշտարարություն` երաշխավորելով հաշտարարության գործածելիությունը, հեռացվել է անվճար չորս ժամ հաշտարարություն նախատեսող դրույթը՝ սահմանելով երաշխավորված վարձատրություն բոլոր գործերով, ոլորտի զարգացմանը խոչընդոտող այլ իրավակարգավորումները և հստակեցվել են օրենքով չկարգավորված որոշ հարցեր։ Հաշտարարության գործընթացն առավել հասանելի և համակարգված կազմակերպելու նպատակով ավարտին են մոտենում e-mediation.am հաշտարարության էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքները։ Հարթակը հնարավորություն կտա առցանց եղանակով համակարգել ողջ գործընթացը։
Օրենքով նախատեսվել է, որ փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Արդարադատության նախարարությունը պետք է անցկացնի հաշտարարների թեկնածուների ուսուցում և որակավորման ստուգում, իսկ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների համար` պարտադիր վերապատրաստման դասընթացներ: Պարտադիր վերապատրաստման դասընթացին մասնակցելու դեպքում հաշտարարներին տրվում է նոր որակավորման վկայագիր: Առաջին անգամ որակավորվող հաշտարարները չեն կարող մասնակցել որակավորման ստուգմանը առանց դասընթացին մասնակցության: Հիշեցնենք, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը արտոնագրված, սակայն սահմանված կարգով վերապատրաստումներին չմասնակցած հաշտարարների որակավորումն օրենքի ուժով կհամարվի դադարած: Պիլոտային դասընթացին դիմած, սակայն դասընթացին չընգրկված հավակնորդների ուսուցումը կիրականացվի հաջորդ փուլերի ընթացքում, իսկ որակավորումը կպահպանվի մինչև հաջորդ դասընթացի անցկացումը։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 594052 հեռախոսահամարով: