Հայտարարություն՝ Հաշտարարների որակավորման ստուգման առաջին փուլի քննական առաջադրանքների նմուշ

21/11/2023

ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ 1
  1. Ստորև ներկայացված գործընթացներից ո՞րն է հաշտարարությունը:
ա) Գործընթաց, որով երրորդ կողմը նպաստում է վեճի (կոնֆլիկտի) լուծմանը` չունենալով կողմերին լուծում պարտադրելու իրավասություն:
բ) Գործընթաց, որի ընթացքում չեզոք և անկողմնակալ երրորդ կողմը՝ վիճարկվող հարցերի փորձով, առաջարկում է լուծում, որը կողմերը կարող են մերժել:
գ) Գործընթաց, որի ընթացքում փորձագետը որոշում է տվյալ կոնֆլիկտի արդյունքը: Չեզոք երրորդ կողմի որոշումները պարտադիր են։
դ) Գործընթաց, որի ընթացքում փորձագետն իրականացնում է փաստահավաք գործունեություն՝ օգնելու կողմերին մտածել հնարավոր լուծումների մասին:
  1. Գաղտնի տեղեկատվությունը կարող է բացահայտվել հաշտարարի կողմից, եթե
ա) Գաղտնիության վերաբերյալ կողմերի միջև որևէ հստակ համաձայնություն չկա.
բ) Եթե արդարացված չի համարում այն չհրապարակելը.
գ) Առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն.
դ) Առկա է անցյալում կատարված որևէ ոչ մեծ ծանրության հանցանքի կամ արարքի մասին տեղեկություն.
  1. Փաստաբանների դերը հաշտարարության գործընթացում հետևյալն է՝
ա) Պայքարել և համոզել հաշտարարներին գործի իրավական ասպեկտների առնչությամբ.
բ) Օգնել վստահորդին համոզել հաշտարարին, որ նա իրավացի է.
գ) Օգնել վստահորդին որոշել, թե որոնք են լավագույն և վատագույն այլընտրանքային սցենարները, եթե գործը չի լուծվում հաշտարարության միջոցով.
դ) Օգնել կողմին հաշտարարության ընթացքում թաքցնել հնարավորինս շատ տեղեկատվություն.
  1. Հաշտարարի կողմից հաշտարարության բացման հայտարարությունը ներառում է՝
ա) Գործընթացում ապացույցների փոխանակման կանոնների սահմանում.
բ) Գործընթացի ժամկետների և ձևաչափի շուրջ համաձայնության գալը.
գ) Գործի ապացույցների հետազոտում.
դ) Գործի իրավական վերլուծությունների բացատրում.
  1. Ակտիվ լսելն օգնում է.
ա) Կողմերին ամրապնդել իրենց դիրքերն ու փաստարկները.
բ) Կողմերին ավելի լավ հասկանալ միմյանց տեսակետը.
գ) Հաշտարարին գործի իրավական էության վերաբերյալ արդարացի դատողություն անել.
դ) Հաշտարարին վեճի վերաբերյալ կայացնել արդարացի որոշում.
  1. Ո՞վ չի համարվում կողմի հետ փոխկապակցված հաշտարար։
ա) Կողմի կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմնի անդամը
բ) Կողմի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 50 և ավելի տոկոսին տիրապետող անձը.
գ) Կողմի կառավարման մարմնի ղեկավարը, տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամը, գլխավոր հաշվապահը (հաշվապահը), ինչպես նաև արդարադատության նախարարության կամ դատարանի կողմից նշանակման պահից վերջին մեկ տարվա ընթացքում նշված պաշտոններից ազատված անձը.
դ) Կողմի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 20 և ավելի տոկոսին տիրապետող անձը.
ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԽՆԴՐԻ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՕՐԻՆԱԿ
Դավիթն ու Անահիտն ամուսնալուծվել են մեկ տարի առաջ: Նրանք ունեն երեք տարեկան դուստր` Արմինեն։ Երեխայի խնամակալությունը հանձնված է Անահիտին, ով ապրում է ընտանիքին պատկանող տանը և Դավիթից ստանում է ամսական 200,000 դրամ ալիմենտ (ապրուստավճար)։
Տեսակցության կարգը, որ նրանք պայմանավորվել են բավականին ընդգրկուն է՝ արձակուրդների կեսը, յուրաքանչյուր ամիս՝ մեկ շաբաթ և այլընտրանքային հանգստյան օրերը։
Մի քանի ամիս առաջ Դավիթը կորցրել է աշխատանքը և այժմ հաճախում է բիզնես դասընթացների, միաժամանակ աշխատելով օրգանական արտադրանքի կոոպերատիվի ստեղծման վրա։ Չնայած ծանրաբեռնվածությանը՝ նա ամեն ինչ արել է Արմինեի հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնելու համար։ Դավիթը շատ լավ հայր է, և Անահիտը պաշտում է նրան։
Ֆինանսական առումով գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, և վերջին ամիսներին ալիմենտն Անահիտին վճարվում է ուշացումներով։ Մինչև երկու շաբաթ առաջ ամեն ինչ համեմատաբար լավ էր ընթանում, բայց մի երեկո, երբ Դավիթն Արմինեին քնեցնում էր, երեխան ասաց. «մայրիկը ընկեր ունի, բայց ես սիրում եմ քեզ, հայրիկ»։
Լսելով երեխային Դավիթը բարկացած զանգահարեց Անահիտին, իսկ վերջինս ասաց, որ հանդիպում է ինչ-որ մեկի հետ, և որ նրանք մտածում են մեկնել և մեկ տարի ապրել այլ քաղաքում, որտեղ երկուսին էլ նոր աշխատանք են առաջարկել: Քաղաքը գտնվում է 200 կմ հեռավորության վրա: Աշխատանքը հեռանկարային է, հրավիրել են ստեղծելու այն միջազգային կազմակերպության ֆինանսական բաժինը, որտեղ աշխատել է Անահիտը: Անշուշտ, երբ ամեն ինչ ավարտին հասցնի (մեկ տարի հետո), կվերադառնա բնակության վայր՝ ունենալով կարիերայի առաջընթաց։ Դուստրը կարող է դպրոց գնալ նոր քաղաքում։ Անահիտը կրթություն է ստացել կրոնական դպրոցներում և սովորել է բարձր առաջադիմությամբ, բայց Դավիթն անգամ չի ուզում լսել այդ մասին: Դավիթը չհամաձայնեց նշելով, որ թույլ չի տա Արմինեին անծանոթի հետ գնալ, այնուհետև բղավեց՝ նշելով, որ հայց կներկայացնի դատարան՝ պահանջելով իրեն հանձնել երեխայի խնամակալությունը։ Անահիտը ասաց, որ ինքը ևս հայց կներկայացնի՝ պահանջելու պակասող ապրուստավճարը։
  1. Կարծում եք հնարավո՞ր է այս գործով հաշտարարություն անել։ Ինչո՞ւ։
  2. Եթե երկու կողմերն էլ համաձայնեն՝ հաշտարարության գործընթացին կհրավիրե՞ք Անահիտի ընկերոջը։ Ինչո՞ւ։
  3. Ո՞րն է այս հաշտարարության գործընթացի թեման:
  4. Կնախաձեռնե՞ք համատեղ հանդիպում, թե՞ գործընթացը կշարունակեք ամբողջությամբ առանձին հանդիպումներով: Ինչո՞ւ:
  5. Ի՞նչ հնարավոր դիմադրությունների կարող եք հանդիպել կողմերից այս գործում: Ինչպե՞ս կհաղթահարեք դրանք:
  6. Այս կոնկրետ գործով կառաջարկե՞ք, որ փաստաբանները աջակցեն կողմերին:
  7. Եթե կողմերը հաշտարարի պաշտոնական հաշվետվություն պահանջեն, ի՞նչ կպատասխանեք։
  8. Կկիսվե՞ք կողմերի հետ Ձեր դիտարկումներով, թե ինչի շուրջ է վեճը:
  9. Կխրախուսե՞ք կողմերին կիսվել, թե որոնք են իրենց իրական մտահոգությունները: Ինչպե՞ս դա կօգնի:
  10. Ի՞նչ եք կարծում, որո՞նք են այս գործում Կողմերի ընդհանուր շահերը:                                                                                                                                                                                                                                                                                                                
1. Թեստային առաջադրանքները կարող են պարունակել «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից, ՀՀ ընտանեկան օրենսգրքից հաշտարարությանն առնչվող կարգավորումների վերաբերյալ հարցեր: