ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՈՎ

25/12/2023

Ավտովթարի հետևանքով 10․01․2023թ․ մահացել են Անդրանիկ Համայակի Պողոսյանը ծնված 09․11․1953թ և նրա որդի Համայակ Անդրանիկի Պողոսյանը ծնված 05․12․1975թ, իսկ Անդրանիկ Համայակի Պողոսյանի հայրը՝ Համայակ Անդրանիկի Պողոսյանը ծնված 01․01․1933թ մահացել է 12․04․2023թ․:
1․ Անդրանիկ Համայակի Պողոսյանի ժառանգությունն ցանկացած հիմքով և եղանակով ընդունելու համար 15․05․2023թ․ Երևան նոտարական տարածքի նոտարին դիմում են ներկայացրել
-ՀՀ քաղաքացի Անժելա Պարգևի Պողոսյանը, ով ներկայացրել է իր անձնագիրը, հանգուցյալ Անդրանիկ Համայակի Պողոսյանի ծննդյան վկայականը, որտեղ որպես Անդրանիկ Պողոսյանի մայր նշված է Անժելա Պարգևի Պողոսյան, իսկ որպես հայր՝ Համայակ Անդրանիկի Պողոսյան, որի մահվան վկայականը նույնպես ներկայացվել է, համաձայն որի՝ վերջինս մահացել է 12․04․2023թ․, ներկայացվել է նաև Անժելա Պարգևի Պողոսյանի և Համայակ Անդրանիկի Պողոսյանի ամուսնալուծության վկայականը։
-ՀՀ քաղաքացի Ստելլա Համլետի Մարտիրոսյանը, ով ներկայացրել է իր անձնագիրը, իր և հանգուցյալ Անդրանիկ Համայակի Պողոսյանի ամուսնության վկայականը, համաձայն որի՝ նրանց ամուսնությունը գրանցվել է 02․07․2002թ․, ինչպես նաև ներկայացրել է իր և Անդրանիկ Համայակի Պողոսյանի միջև 02․07․2002թ կնքված ամուսնական պայմանագիր համաձայն որի՝ փոփոխվել է ընդհանուր սեփականության  շրջանակը սահմանելով յուրաքանչյուրի սեփականությունը՝ ամուսինների ողջ գույքի, այդ թվում՝ նրանց պարտավորությունների նկատմամբ։
-ՀՀ քաղաքացի Ազատ Անդրանիկի Պողոսյանը ծնված 18․10․1980թ, ով որդեգրված է   Անդրանիկ Համայակի Պողոսյանի կողմից, ինչը հաստատվել է նոտարին ներկայացված փաստաթղթերից։ Ազատ Անդրանիկի Պողոսյանը ներկայացրել է նաև հանգուցյալ Անդրանիկ Համայակի Պողոսյանի վերջին բնակության վայրից տեղեկանք, համաձայն որի՝ Անդրանիկ Համայակի Պողոսյանը ծնված 09․11․1953թ մինչև մահը 10․01․2023թ․ մշտապես բնակվել է Ազատ Անդրանիկի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող ք․Երևան Սայաթ Նովա 111 շենք 12 բն․ հասցեում, ներկայացվել է նաև ք․Երևան Սայաթ Նովա 111 շենք 12 բնակարանի սեփականության իրավունքի վկայականը։
-ֆրանսիայի քաղաքացի Նարինե Անդրանիկի Պողոսյանը ծնված 04․04․1977թ․ ով ներկայացրել է իր անձնագիրը, իր ծննդյան վկայականը, որտեղ որպես հայր նշված է Անդրանիկ Համայակի Պողոսյանը, ինչպես նաև տեղեկանք իր վերջին բնակության վայրից, որտեղ նշված է, որ Նարինե Պողոսյանը մինչև Անդրանիկ Պողոսյանի մահը՝ 10․01․2023թ և նրա մահից հետո  մշտապես բնակվել է Ֆրանսիա, քաղաք Լեոնում։
-Անդրանիկ Համայակի Պողոսյանի՝ 08․07․2022թ մահացած դուստր ՀՀ քաղաքացի Անահիտ Անդրանիկի Պողոսյանի չափահաս որդիներ՝ Արմեն և Արեն Համլետի Հովհաննիսյանները, ովքեր ներկայացրել են իրենց անձը և իրենց ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը։
-Անդրանիկ Համայակի Պողոսյանի՝ 10․01․2023թ մահացած որդի Համայակ Անդրանիկի Պողոսյանի չափահաս որդին՝ Արտակ Համայակի Պողոսյանը և կինը՝ Ալլա Ալեքսեյի Պողոսյանը։
2․ 25․05․2023թ Երևան նոտարական տարածքի նոտարին Անդրանիկ Պողոսյանի ժառանգությունից հօգուտ Անժելա Պարգևի Պողոսյանի հրաժարվելու դիմում է ներկայացրել Ազատ Անդրանիկի Պողոսյանը ծնված 18․10․1980թ,
3․ 17․08․2023թ․ «Իքս» վարկային կազմակերպության կողմից նույն նոտարին ներկայացվել է պարտատիրոջ դիմում պահանջ 25․000․000 ՀՀ դրամ գումարի չափով /հիմք վարկային պայմանագիրը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն առկա են/
4․ 01․01․2020թ․ ծնված Անդրանիկ Հակոբի Պողոսյանի օրինական ներկայցուցիչ Սաթենիկ Վարդգեսի Պողոսյանի կողմից 16.05.2023թ. նույն նոտարին ներկայացվել է պարտատիրոջ դիմում պահանջ 2․500․000 ՀՀ դրամ գումարի չափով /հիմք հանդիսացող փոխառության պայմանագիրը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նոտարին/
Բոլոր դիմողների ազգակցական կապը հաստատող և ժառանգական զանգվածի մեջ ներառվող գույքերի իրավունք սահմանող փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացված են, ներկայացված են նաև որպես պարտատեր հանդես գալու փաստաթղթերը:
 
Նոտարին ներկայացված գույքերի ցանկը
-500քմ ընդհանուր մակերեսով հողամաս ք Էջմիածին, նպատակային նշանակությունը՝ գյուղնշանակության։ Ձեռք է բերվել 07072010թ առուվաճառքի պայմանագրի հիման վրա։
-186 քմ ընդհանուր մակերեսով բնակարան ք Էջմիածին։ Ձեռք է բերված 21042019 նվիրատվության պայմանագրի հիման վրա։
-52քմ ընդհանուր մակերեսով բնակարանը քԵրևան Սայաթ Նովա 111 շենք 12
-«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան /պետական պարգև/ տրված 13032020թ
-07022002թկայացած աճուրդի արդյունքում գնված նկար
-Անդրանիկ Հակոբի Պողոսյանի հանդեպ ունեցած պարտավորությունները /հիմք 11112021թկնքված փոխառության պայմանագիր/
-«Իքս» վարկային կազմակերպության հանդեպ ունեցած պարտավորությունները /հիմք 12122000թ կնքված վարկային պայմանագիր/
 
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ
Հարցադրում 1 Արդյո՞ք դիմողների կողմից ժառանգությունն ընդունելու, ժառանգությունից հրաժարվելու կամ պարտատիրոջ պահանջի դիմումները նոտարին ներկայացնելիս պահպանվել են վերաբերելի կարգավորումների պահանջները։ Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում նույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով /․․․․/ :
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:
 
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, սույն խնդրում նշված Անդրանիկ Համայակի Պողոսյանի ժառանգներից մայրը՝ Անժելա Պարգևի Պողոսյանը, կինը՝ Ստելլա Համլետի Մարտիրոսյանը, որդեգրած երեխան՝ Ազատ Անդրանիկի Պողոսյանը, դուստրը՝ Նարինե Անդրանիկի Պողոսյանը, թոռները՝ Արմեն և Արեն Համլետի Հովհաննիսյանը, պարտատեր՝ Անդրանիկ Հակոբի Պողոսյանը իրականացրել են իրենց իրավունքները ՀՀ օրենսդրությանը և ՀՀ օրենքներին համապատասխան, իսկ պարտատեր հանդիսացող «Իքս» վարկային կազմակերպությունը խախտել է դիմումը նոտարին ներկայացնելու վեցամսյա ժամկետը /տես 06.12.2019թ. ՍԴՈ-1495 որոշումը/։ Ինչ վերաբերվում է Համայակ Անդրանիկի Պողոսյանի որդի՝ Արտակ Համայակի Պողոսյանի դիմումին, ապա նա չի կարող հանդիսանալ Անդրանիկ Համայակի Պողոսյանի ժառանգը, քանի որ եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Համայակ Անդրանիկի Պողոսյանի կինը՝ Ալլա Ալեքսեյի Պողոսյանը հանդիսանում է Համայակ Անդրանիկի Պողոսյանի ըստ օրենքի ժառանգ այլ ոչ թե Անդրանիկ Համայակի Պողոսյանի։
 
Հարցադրում 2 Արդյո՞ք ժառանգելու իրավունք ունի այլ երկրում ապրող և/կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ժառանգը: Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:
 
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ ժառանգ են հանդիսանում քաղաքացիները և ժառանգության ընդունումը կապված չէ ժառանգի քաղաքացիության, նրա բնակության վայրի  հետ:
 
Հարցադրում 3 Նոտարին ներկայացված գույքերից ո՞րն է մտնում ժառանգական զանգվածի մեջ։ Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես`
1) ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները.
2) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը.
3) անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները.
4) այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`
առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը.
երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը.
երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները.
չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները.
հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:
 
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ ժառանգության դեպքում տեղի է ունենում ընդհանուր իրավահաջորդություն, այսինքն` ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքի հետ միասին նրա գույքային իրավունքները և պարտականությունները ևս համապարփակ իրավահաջորդության կարգով անցնում են ժառանգությունն ընդունած ժառանգներին։ Դրա հետ մեկտեղ, օրենսդրի կողմից սահմանվել են նաև իրավահաջորդությունը բացառող սպառիչ դեպքեր:
 ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել և պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման: Հետևաբար Ժառանգական զանգվածի մեջ չեն մտնում «Իքս» վարկային կազմակերպության հանդեպ ունեցած պարտավորությունները, քանի որ պարտատիրոջ կողմից խախտվել է պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1251-րդ հոդվածի համաձայն՝ շքանշանները, մեդալները և պատվավոր կոչման կրծքանշանները, որոնց արժանացել է քաղաքացին, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ: Պարգևատրվողի մահից հետո այդ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ կապված իրավահարաբերությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձի մահվան դեպքում շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ հանձնվել թանգարաններին։
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձը չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը չի հանդիսանում ժառանգատուի սեփականությունը, այլ պետության սեփականություն է, հետևաբար ժառանգները իրավունք չունեն այն ժառանգելու և ունեն միայն այն որպես հիշատակ պահելու իրավունք:
Բացի վերը նշված պետական պարգևից և «Իքս» վարկային կազմակերպության հանդեպ ունեցած պարտավորություններից մյուս բոլոր գույքերը մտնում են ժառանգական զանգվածի մեջ։
 
Հարցադրում 4 Արդյո՞ք տարբերվում են ժառանգության իրավունքի հետևյալ երկու ինստիտուտները, այն է՝ Ժառանգությունն ընդունելու իրավունքը փոխանցելը և ներկայացման իրավունքով ժառանգելը։ Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածի համաձայն` եթե ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգության հրավիրված ժառանգը մահանում է ժառանգության բացումից հետո, չհասցնելով այն ընդունել, ապա նրան հասանելիք ժառանգությունն ընդունելու իրավունքն անցնում է նրա ժառանգներին: Մահացած ժառանգի ժառանգությունն ընդունելու իրավունքը նրա ժառանգները կարող են իրականացնել ընդհանուր հիմունքներով` նույն օրենսգրքի 1225-1228-րդ հոդվածներին համապատասխան: Որպես պարտադիր բաժին ժառանգության մասն ընդունելու ժառանգի իրավունքը չի անցնում նրա ժառանգներին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ներկայացման իրավունքով չեն կարող ժառանգել ժառանգությունից մեկուսացված կամ ժառանգատուի կողմից ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգի երեխաները:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ
-տրանսմիսիայի իրավունքով ժառանգումը տեղի է ունենում ինչպես ըստ օրենքի, այնպես էլ` ըստ կտակի, մինչդեռ ներկայացման իրավունքով ժառանգումը տեղի է ունենում միայն ըստ օրենքի:
-տրանսմիսիայի իրավունքով ժառանգելու ժառանգների շրջանակը սահմանափակված չէ, մինչդեռ ներկայացման իրավունքով ժառանգել կարող են միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ, 1217-րդ և 1219-րդ հոդվածներում ամրագրված ժառանգների զավակները:
-տրանսմիսիայի իրավունքով ժառանգելու դեպքում ժառանգը մահանում է ժառանգատուից հետո` չհասցնելով ընդունել ժառանգությունը: Մինչդեռ ներկայացման իրավունքով ժառանգելու դեպքում ժառանգը մահանում է մինչև ժառանգությունը բացվելը, այսինքն` ժառանգատուից առաջ ժառանգության տրանսմիսիայի կանոնները գործում են այն դեպքում, երբ տրանսմիտենտը մահացել է մինչև ժառանգությունն ընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու համար սահմանված ժամկետի ավարտը` չհասցնելով այն ընդունել կամ դրանից հրաժարվել:
Ժառանգը, որը հրավիրված էր ժառանգության և չհասցնելով ընդունել ժառանգությունը կամ հրաժարվել ժառանգությունից, մահանում է ժառանգությունը բացելուց հետո, քաղաքացիական իրավունքի տեսությունում անվանվում է տրանսմիտենտ, իսկ այն անձինք, որոնց փոխանցվում է ժառանգությունն ընդունելու իրավունքը` տրանսմիսսարներ:
Պարտադիր բաժնի իրավունք ուենցող ժառանգի` հատուկ սուբյեկտ լինելու հանգամանքով կտակի առկայության պայմաններում ժառանգության տրանսմիսիայի ուժով ժառանգության ընդունման իրավունքը մահացածի ժառանգներին փոխանցվելու դեպքում առկա է սահմանափակում` մահացած ժառանգի ժառանգության պարտադիր բաժնի իրավունքի փոխանցումը վերջիններիս ժառանգներին արգելվում է:
 
 
Հարցադրում 5 Ներկայացված գույքերի ո՞ր բաժնից է բաղկացած ժառանգական զանգվածը և ինչքա՞ն է կազմում յուրաքանչյուր ժառանգի բաժինը ժառանգական զանգվածում։ Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում նույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով /․․․․/ :
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:
 
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ Անդրանիկ Համայակի Պողոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ են համարվել
-մայրը՝ Անժելա Պարգևի Պողոսյանը-ժառանգական զանգվածի 2/5 բաժնով,
-կինը՝ Ստելլա Համլետի Մարտիրոսյանը-ժառանգական զանգվածի 1/5 բաժնով,
-երկու թոռը՝ Արմեն Համլետի Հովհաննիսյանը և Արեն Համլետի Հովհաննիսյանը միասին-  ժառանգական զանգվածի 1/5 բաժնով,
-դուստրը՝ Նարինե Անդրանիկի Պողոսյանը-ժառանգական զանգվածի 1/5 բաժնով,
 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ հոդվածի համաձայն՝ կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է սույն օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝
  1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
  2. Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
  3. Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:
  4. Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
  5. Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։
Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։
Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաև իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր։
 
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ ժառանգական զանգվածը բաղկացած է
- ք Էջմիածնում գտնվող 500քմ ընդհանուր մակերեսով հողամասից
- ք Էջմիածնում գտնվող 186 քմ ընդհանուր մակերեսով բնակարանից
-07022002թ կայացած աճուրդի արդյունքում գնված նկարից
-Անդրանիկ Հակոբի Պողոսյանի հանդեպ ունեցած պարտավորություններից /հիմք փոխառության պայմանագիր/
- Ինչ վերաբերում է քԵրևան Սայաթ Նովա 111 շենք 12 բնակարանին, ապա ներկայացված փաստաթղթերով այն չի պատկանել ժառանգատուին:
 
 
 
 Խնդիր 2
Քաղաքացի Սիմոն Սիմոնյանը, ով 11.02.1972 թվականից գրանցված ամուսնության մեջ է գտնվել 01.01.1952 թվականին ծնված քաղաքացի Արփի Պապոյանի հետ (հիմք՝ թիվ 444666 ամուսնության վկայական), 15.09.2012 թվականին հիմնադրված «ԱԲԳ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ նաև ՍՊԸ) իրեն պատկանող բաժնեմասը 05.06.2019 թվականին կազմված կտակով կտակել է իր որդուն՝ 18.12.1974 թվականին ծնված քաղաքացի Հայրապետ Սիմոնյանին: Կտակը վավերացվել է նոտար Սեյրան Սեյրանյանի կողմից:
«ԱԲԳ» ՍՊԸ-ի մասնակիցներ են հանդիսանում՝ քաղաքացիներ Հայրապետ Սիմոնյանը՝ 22 %, Արտակ Մուշեղյանը՝ 15 %, Ռուբեն Ռուբենյանը՝ 8 %, Սիմոն Սիմոնյանը՝ 55 %:
«ԱԲԳ» ՍՊԸ-ի կանոնադրության 8.2-րդ կետի համաձայն՝ «Ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին և իրավաբանական անձանց իրավահաջորդներին միայն ընկերության մնացած մասնակիցների միաձայն համաձայնությամբ: Բաժնեմասն անցնելու համար համաձայնություն չտալու, ինչպես նաև ժառանգի (իրավահաջորդի) բաժնեմասից հրաժարվելու դեպքում դրա արժեքի վճարումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:»:
Քաղաքացի Սիմոն Սիմոնյանը մահացել է 09.11.2020 թվականին (հիմք՝ մահվան ակտի գրանցման համար՝ 975/6455/2020, մահվան վկայականի համար` ԿԱ777111): Վերջինիս մահից հետո Հայրապետ Սիմոնյանը 21.02.2021 թվականին նոտար Սեյրան Սեյրանյանին է ներկայացրել դիմում հետևյալ բովանդակությամբ. «Ես՝ Հայրապետ Սիմոնի Սիմոնյանս, հանդիսանալով Սիմոն Սիմոնյանի որդին, վերջինիս ժառանգությունն ըստ կտակի ընդունում եմ: Խնդրում եմ տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:»:
02.03.2021 թվականին քաղաքացի Արփի Պապոյանի կողմից տրված հայտարարությամբ վերջինս հրաժարվել է ժառանգության իր բաժնեմասը ստանալուց՝ հօգուտ իր որդի Հայրապետ Սիմոնյանի:
Նոտար Սեյրան Սեյրանյանի կողմից 02.04.2021 թվականին Հայրապետ Սիմոնյանին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր (գրանցված գրանցամատյան թիվ 4545), որի համաձայն՝ ժառանգատու Սիմոն Սիմոնյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Հայրապետ Սիմոնյանը: Ժառանգական գույքը բաղկացած է «ԱԲԳ» ՍՊԸ-ի 55 տոկոս բաժնեմասից:
Հայրապետ Սիմոնյանի, Մանիկ Մանանդյանի և Ստեփան Սիմոնյանի կողմից 26.08.2021 թվականին ստորագրվել է «Պարտավորությունների ստանձնման և իրավունքների ծագման պայմանագիր»-ը, որի 4.1-րդ կետի համաձայն` Հայրապետ Սիմոնյանը պարտավորվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա 40-րդ շենքի 11 բնակարանը դրա վերանորոգումն ավարտին հասցնելուց հետո նվիրատվության եղանակով հանձնել իր կնոջը՝ քաղաքացի Մանիկ Մանանդյանին: Միաժամանակ, նույն պայմանագրի 4.2-րդ կետի համաձայն՝ Հայրապետ Սիմոնյանը պարտավորվել է Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա 40-րդ շենքի 12-րդ բնակարանը իր մահից հետո նվիրատվության եղանակով հանձնել իր որդի Ստեփան Սիմոնյանին (ծնված 25.07.1996 թվականին): Գործարքը նույն օրը՝ 26.08.2021 թվականին վավերացվել է նոտարական կարգով՝ նոտար Սեյրան Սեյրանյանի կողմից:
 
 
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ
 
Հարցադրում 1. Վերաբերելի կարգավորումների հաշվառմամբ՝ գնահատել նոտարի գործողությունների իրավաչափությունը քաղաքացի Հայրապետ Սիմոնյանին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասով: Հիմնավորել պատասխանը։
Նոտարի գործողություններն այս մասով իրավաչափ չեն՝ հետևյալ հիմնավորմամբ.
Քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
Նույն օրենսգրքի 1248-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնտեսական ընկերակցության կամ ընկերության մահացած մասնակցի ժառանգության զանգվածի մեջ մտնում է ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրային կապիտալում այդ մասնակցի բաժնեմասի արժեքի նկատմամբ իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կամ ընկերության կանոնադրությամբ:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ ժառանգության զանգվածի մեջ մտնում է ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը, որի մաս են կազմում նաև գույքային իրավունքները, այդ թվում՝ ընկերության կանոնադրային կապիտալում բաժնեմասի արժեքի նկատմամբ իրավունքը (ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում):
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին և իրավաբանական անձանց իրավահաջորդներին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նման անցումը թույլատրվում է միայն ընկերության մնացած մասնակիցների համաձայնությամբ: Սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված կարգով ու պայմաններով` բաժնեմասն անցնելու համար ընկերության մասնակիցների կողմից համաձայնություն չտալը հանգեցնում է մասնակցի ժառանգներին (իրավահաջորդներին) սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով դա վճարելու կամ դրա արժեքը հատուցելու` ընկերության պարտականությանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասը նրա ժառանգներին կամ իրավաբանական անձանց իրավահաջորդներին անցնելու համար անհրաժեշտ է ընկերության մասնակիցների համաձայնությունը, այն համարվում է ստացված, եթե ընկերության մասնակիցներին դիմելուց հետո 30 օրվա ընթացքում, կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ ժամկետներում ստացվել է մասնակիցների գրավոր համաձայնությունը, կամ ոչ մի մասնակցից չի ստացվել գրավոր մերժում:
Առկա փաստական հանգամանքներից հետևում է, որ Սիմոն Սիմոնյանը, հանդիսանալով «ԱԲԳ» ՍՊԸ-ի 55% բաժնեմասի բաժնետերը, կտակով իրեն պատկանող բաժնեմասը կտակել է իր որդի Հայրապետ Սիմոնյանին: Միաժամանակ «ԱԲԳ» ՍՊԸ-ի կանոնադրության 8.2-րդ կետով սահմանվել է, որ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին միայն ընկերության մնացած մասնակիցների միաձայն համաձայնությամբ:
Վերոգրյալ իրավակարգավորումների լույսի ներքո առկա փաստական հանգամանքները քննարկման առարկա դարձնելու արդյունքում ստացվում է, որ ՍՊԸ-ի կանոնադրությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին անցնելու համար ընկերության մնացած մասնակիցների համաձայնության պահանջ սահմանված լինելու պայմաններում նոտարի կողմից 26.08.2020 թվականին Սիմոն Սիմոնյանի՝ ՍՊԸ-ում ունեցած 55 տոկոս բաժնեմասի նկատմամբ Հայրապետ Սիմոնյանին ըստ կտակի ժառանգության վկայագրի տրամադրումը հակասել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածին և ՍՊԸ-ի կանոնադրությանը: Մասնավորապես, քննարկվող օրենքի 16-րդ հոդվածի և ՍՊԸ-ի կանոնադրության 8.2-րդ կետի ուժով ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերը կարող էին անցնել ընկերության մասնակից Սիմոն Սիմոնյանի ժառանգներին միայն ընկերության մնացած մասնակիցների միաձայն համաձայնությամբ, որպիսի համաձայնությունը կարող էր համարվել ստացված, եթե ընկերության մասնակիցներին դիմելուց հետո 30 օրվա ընթացքում ստացվեր մասնակիցների գրավոր համաձայնությունը, կամ ոչ մի մասնակցից չստացվեր գրավոր մերժում: Ընդ որում, ընկերության մասնակիցների կողմից նման համաձայնություն չտալը հանգեցնելու էր Սիմոն Սիմոնյանի ժառանգին բաժնեմասը վճարելու կամ բաժնեմասի արժեքը հատուցելու` ընկերության պարտականությանը:
Նման պայմաններում, նոտարը պետք է ՍՊԸ-ի կանոնադրության ուսումնասիրության արդյունքում պարզեր ՍՊԸ-ի մնացած մասնակիցների համաձայնության առկայությունը կամ բացակայությունը, որպիսի հարցի պարզումից հետո միայն տրամադրեր ըստ կտակի ժառանգության վկայագիր:
Հարցադրում 2. Վերաբերելի կարգավորումների հաշվառմամբ՝ գնահատել նոտարի գործողությունների իրավաչափությունը քաղաքացի Արփի Պապոյանի մասով: Հիմնավորել պատասխանը։
Քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ հոդվածի համաձայն՝ կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է սույն օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:
Քաղաքացիական օրենսգրքի 1247-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր համատեղ սեփականության մասնակցի մահը հիմք է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում նրա բաժինը որոշելու և սույն օրենսգրքի 199 հոդվածով սահմանված կարգով ընդհանուր գույքը բաժանելու կամ մահացած մասնակցի բաժինը դրանից առանձնացնելու համար: Այդ դեպքում ժառանգությունը բացվում է մահացած մասնակցի բաժնին հասանելիք ընդհանուր գույքի, իսկ գույքը բնեղենով բաժանելու անհնարինության դեպքում` նման բաժնի արժեքի նկատմամբ:
Վերոգրյալ կարգավորումների հաշվառմամբ անդրադառնալով առկա փաստական հանգամանքներին՝ հարկ է նշել, որ Սիմոն Սիմոնյանը և Արփի Պապոյանը 11.02.1972 թվականից հանդիսացել են ամուսիններ, որպիսի պայմաններում 19.09.2012 թվականին հիմնադրված ՍՊԸ-ում բաժնեմասը հանդիսացել է ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույք, ըստ այդմ՝ համատեղ սեփականություն: Հետևաբար, Արփի Պապոյանը հանդիսացել է ՍՊԸ-ում իր ամուսնու բաժնեմասի նկատմամբ համատեղ սեփականության մասնակից, որպիսի պայմաններում Սիմոն Սիմոնյանի մահը հիմք էր ՍՊԸ-ում բաժնեմասի նկատմամբ իրավունքում Արփի Պապոյանի բաժինը որոշելու և դրանից վերջինիս գույքը բաժանելու և բաժինն առանձնացնելու համար:
Մասնավորապես, Սիմոն Սիմոնյանին պատկանող ժառանգության իրավունքը չէր կարող վերաբերել ՍՊԸ-ի բաժնեմասերի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք էր բերվել Արփի Պապոյանի հետ ամուսնության ընթացքում և հանդիսանում էր ամուսինների համատեղ սեփականությունը, որպիսի պայմաններում նոտարը պարտավոր էր որոշել ՍՊԸ-ում Սիմոն Սիմոնյանի և Արփի Պապոյանի բաժինները և դրա վերաբերյալ տալ սեփականության իրավունքի վկայագիր (ՍՊԸ-ում հանգուցյալի ունեցած 55 տոկոս բաժնեմասից 1/2 (մեկ երկրորդ) բաժնի նկատմամբ Արփի Պապոյանի սեփականության իրավունքի վերաբերյալ):
 
Հարցադրում 3. Վերաբերելի կարգավորումների հաշվառմամբ՝ արդյո՞ք Արփի Պապոյանի կողմից տրված հայտարարությունը հիմք էր Հայրապետ Սիմոնյանի մասով նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրման համար։ Հիմնավորել պատասխանը։
Քաղաքացիական օրենսգրքի 1231-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել` ժառանգության պարտադիր բաժնից:
Նույն օրենսգրքի 1194-րդ հոդվածի 1-2-րդ մասերի համաձայն՝
«1.Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
  1. Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:»:
«Նոտարիատի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը նոտարը պարզում է նաև ժառանգությունում պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց շրջանակը` նախազգուշացնելով ըստ կտակի ժառանգներին օրինական ժառանգների գոյությունը թաքցնելու համար պատասխանատվության մասին:
Քննարկվող դեպքում, ժառանգատուի կինը՝ Արփի Պապոյանը վերջինիս ժառանգության բացման պահին 68 տարեկան էր, որպիսի պայմաններում, Քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ուներ իրավունք ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում (ամուսնու 55 տոկոս բաժնեմասի ½-րդ մասի կեսը): Հետևաբար, անկախ վերջինիս հայտարարության բովանդակությունից՝ նույն օրենսգրքի 1231-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կարգավորման ուժով առկա էր պարտադիր բաժնի իրավունքից հօգուտ այլ անձի հրաժարվելու արգելք: Տվյալ դեպքում, նոտարը չի կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունը և չի պարզել պարտադիր բաժին ունեցող ժառանգի առկայության կամ բացակայության հարցը, իսկ պարզելու դեպքում էլ՝ հիմք է ընդունել Արփի Պապոյանի՝ ժառանգությունից հրաժարվելու մասին հայտարարությունը, որը չի համապատասխանում Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներին, քանի որ հօգուտ այլ անձի ժառանգությունից հրաժարվելու մասով օրենսդիրը սահմանել է որոշակի արգելքներ, որոնցից մեկը վերաբերում է ժառանգության պարտադիր բաժնից հօգուտ այլ անձի հրաժարվելուն: 
Հարցադրում 4. Ինչպիսի՞ իրավակարգավորումներ պետք է կիրառելի համարվեն «Պարտավորությունների ստանձնման և իրավունքների ծագման պայմանագիր» փաստաթղթի նկատմամբ և արդյո՞ք պայմանագիրը նոտարի կողմից վավերացնելիս պահպանվել են կիրառելի իրավակարգավորումները /պայմանագրի իրավաչափությունը քննարկման առարկա դարձնել Մանիկ Մանանդյանի մասով/: Հիմնավորել պատասխանը։
Քննարկվող պայմանագրի նկատմամբ կիրառելի են նվիրատվության խոստման վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումները:
Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա'մ իրեն, կա'մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կա'մ ազատում է, կա'մ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որևէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը տրվել է պատշաճ ձևով ու պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու կամ նրան գույքային պարտականությունից ազատելու մասին պարզ արտահայտված ցանկություն:
Քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր: Իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Նշված դրույթների մեկնաբանության արդյունքում պետք է արձանագրել, որ նվիրատվության պայմանագիրը կարող է լինել նաև կոնսենսուալ, երբ մեկ կողմը (նվիրատուն) պարտավորվում է մյուս կողմին (նվիրառուին) հանձնել նվերն ապագայում (նվիրատվության խոստում): Այսինքն` նվիրատվության պայմանագրի կնքման պահը կարող է չհամընկնել այդ պայմանագրով տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցման հետ:
Քննարկման առարկա դարձնելով պայմանագիրը՝ պետք է նշել, որ այն ըստ էության միակողմանի պայմանագիր է, այն առաջացրել է պարտավորական իրավահարաբերություն, որի բովանդակությունն են կազմում` մի կողմից նվիրատուի պարտականությունը` վերանորոգումն ավարտելուց հետո որպես նվեր հանձնել այն նվիռառուին՝ իր կնոջը, և մյուս կողմից` գույքը նվիրատուից պահանջելու` նվիրառուի իրավունքը: 
Մանիկ Մանանդյանի մասով պայմանագիրն իր մեջ պարունակում է նվիրատվության խոստման բոլոր էական պայմանները: Այսպես, պայմանագրում նշված է նվիրատվության կոնկրետ առարկան` Երևանի Տիգրան Մեծ պողոտա 40-րդ շենքի 11-րդ բնակարան, նշված է նվիրառուն` Մանիկ Մանանդյանը: Նվիրատվություն իրականացնելու պարզ ցանկությունը նույնպես արտահայտված է պայմանագրով, քանի որ դրանով նվիրատուն՝ Հայրապետ Սիմոնյանը պարտավորվել է քննարկվող բակարանի վերանորոգումն ավարտելուց հետո այն նվիրատվության եղանակով օտարել Մանիկ Մանանդյանի: Նման պայմաններում պայմանագիրը նվիրառու Մանիկ Մանանդյանի մասով պետք է դիտարկել որպես նվիրատվության խոստման միակողմանի պայմանագիր, քանի որ դրանում առերևույթ առկա են նվիրատվության խոստման էական պայմանները, տրված է պատշաճ ձևով, որի ուժով էլ գործարքը վավերացվել է նոտարի կողմից:
 
Հարցադրում 5. Արդյո՞ք պայմանագիրը նոտարի կողմից վավերացնելիս պահպանվել են կիրառելի իրավակարգավորումները /պայմանագրի իրավաչափությունը քննարկման առարկա դարձնել Ստեփան Սիմոնյանի մասով/: Հիմնավորել պատասխանը։
Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նվիրատուի մահից հետո նվիրառուին նվերի հանձնում նախատեսող պայմանագիրն առոչինչ է: Նման տեսակի նվիրատվության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի` ժառանգման մասին կանոնները: Նշված դրույթով օրենսդիրը որոշակի արգելք է սահմանել նվիրատուի մահից հետո նվիրառուին նվերը հանձնելու խոստման մասով, իսկ այդպիսի պայմանագիր կնքվելու դեպքում՝ սահմանելով նաև դրա հետևանքը՝ պայմանագրի առոչինչ լինելը:
Օրենսդրի նշված պահանջի հաշվառմամբ՝ նվիրառու Ստեփան Սիմոնյանի մասով քննարկման առարկա դարձնելով պայմանագրի 4.2-րդ կետը՝ պետք է նշել, որ այն պարունակում է նվիրատուի՝ Հայրապետ Սիմոնյանի մահից հետո նվիրառուին՝ Ստեփան Սիմոնյանին Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա 40-րդ շենքի 12-րդ բնակարանը իր մահից հետո նվիրատվության եղանակով հանձնելու վերաբերյալ դրույթ, որպիսի պայմաններում, Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ մասի կարգավորման ուժով պայմանագիրը նշված մասով առոչինչ է: Հետևաբար, նոտարի կողմից վավերացված գործարքը Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթի հաշվառմամբ 4.2-րդ կետի մասով եղել է առոչինչ:
 
 
 
Խնդիր 3
 
Նոտարին են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ Վարդգես Պետրոսյանի մահվանից հետո մնացած ժառանգությունը ստանալու պահանջով:
Գործի փաստական հանգամանքներն են.
1.Վարդգես Պետրոսյանը մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 30-ին.
  1. Վարդգես Պետրոսյանը ամուսնության մեջ է գտնվել երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Լիկա Ավետիսյանի հետ՝ ծնված 1974թ.-ի օգոստոսի 28-ին, հիմք՝ ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից 05.05.2000 թվականին տրված ամուսնության վկայական:
3.Վարդգես Պետրոսյանը և Լիկա Ավետիսյանն ունեն 2 երեխա՝
- Աշոտ Վարդգեսի Պետրոսյանը, ծնված՝ 05.05.2002թ.-ին,
- Արամ Վարդգեսի Պետրոսյանը, ծնված՝ 11.12.2008թ.-ին.
4.Ըստ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված սեփականության իրավունքի վկայականի Վարդգես Պետրոսյանին  սեփականության իրավունքով պատկանում է
- ք. Երևան, Բաղրամյան 20 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը ձեռք է բերվել 08.08.2008թ.-ին տրված ըստ կտակի ժառանգության վկայագրի հիման վրա:
5.Ըստ ՀՀ ոստիկանության ՃՈ կողմից տրված սեփականության իրավունքի վկայականի Վարդգես Պետրոսյանի անվամբ գրանցված է 2005 թ. արտադրության Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2018թ.-ին առուվաճառքի պայմանագրով:
6.Ըստ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված սեփականության իրավունքի վկայականի, Լիկա Ավետիսյանի անունով գրանցված է
- ք. Երևան,  Գալշոյան փողոց 40 շենք, 26 հասցեի անշարժ գույքը, որը ձեռք է բերվել 2010թ.  առուվաճառքի պայմանագրով և
- ք. Ապարան, Մոսկովյան փողոց 256 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը, որը  ձեռք է բերվել 04.05.2000թ.-ին առուվաճառքի պայմանագրով,
7.Վարդգես Պետրոսյանը 2019թ.-ին կտակ է արել, որով իր ամբողջ գույքը կտակել է որդուն՝ Աշոտ Պետրոսյանին։
8.Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023թ.  նոյեմբերի 10-ին օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԴ/44190/10/23 վճռի համաձայն՝ Լիկա Ավետիսյանը մեկուսացվել է Վարդգես Պետրոսյանի ժառանգությունից։
  1. Աշոտ Պետրոսյանը դիմել է նոտարին ըստ կտակի, իսկ Լիկա Ավետիսյանը և Արամ Պետրոսյանը ըստ օրենքի ժառանգության վկայագիր ստանալու համար՝ պահպանելով 6-ամսյա ժամկետը.
 
 
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ
 
Հարցադրում 1 Ո՞ր գույքերն են մտնում Վարդգես Պետրոսյանի ժառանգական զանգվածի մեջ և ի՞նչ չափով: Հիմնավորել պատասխանը։
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի  1186-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգական զանգվածի մեջ մտնում է ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ հոդվածի համաձայն՝ կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է սույն օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:
Քաղաքացիական օրենսգրքի 1247-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր համատեղ սեփականության մասնակցի մահը հիմք է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում նրա բաժինը որոշելու և սույն օրենսգրքի 199 հոդվածով սահմանված կարգով ընդհանուր գույքը բաժանելու կամ մահացած մասնակցի բաժինը դրանից առանձնացնելու համար: Այդ դեպքում ժառանգությունը բացվում է մահացած մասնակցի բաժնին հասանելիք ընդհանուր գույքի, իսկ գույքը բնեղենով բաժանելու անհնարինության դեպքում` նման բաժնի արժեքի նկատմամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավակարգավորումները և համադրելով գործի փաստական հանգամանքների հետ, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Վարդգես Պետրոսյանը և Լիկա Ավետիսյանը 2000թ․ մայիսի 5-ից գտնվում են ամուսնության մեջ և համատեղ ձեռք են բերել ք. Երևան,  Գալշոյան փողոց 40 շենք, 26 հասցեում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև Մերսեդես մակնիշի ավտոմեքենան և փոխադարձ համաձայնությամբ չեն որոշել համատեղ սեփականությունում յուրաքանչյուրի մասնաբաժինը, ստացվում է, որ  նոտարի կողմից ամուսինների բաժինները որոշելուց հետո Վարդգես Պետրոսյանի ժառանգական զանգվածը բաղկացած է ք. Երևան,  Գալշոյան փողոց 40 շենք, 26» հասցեում գտնվող անշարժ գույքի և  Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի ½-ից։ Բացի այդ, հիմք ընդունելով  Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի կարգավորումն այն մասին, որ մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է, Վարդգես Պետրոսյանի ժառանգական զանգվածը կազմված է նաև  իրեն  որպես ժառանգություն անցած ք. Երևան, Բաղրամյան 20 հասցեում գտնվող անշարժ գույքից։ Այսպիսով՝ Վարդգես Պետրոսյանի ժառանգական զանգվածը բաղկացած է ք. Երևան,  Գալշոյան փողոց 40 շենք, 26» հասցեում գտնվող անշարժ գույքի ½-ից, Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի ½-ից և «ք. Երևան, Բաղրամյան 20» հասցեում գտնվող անշարժ գույքից։ Անդրադառնալով ք. Ապարան, Մոսկովյան փողոց 256 տուն հասցեում գտնվող անշարժ գույքին, ապա այն չի մտնում Վարդգես Պետրոսյանի ժառանգական զանգվածի մեջ՝ հաշվի առնելով, որ գույքը Լիկա Ավետիսյանի կողմից ձեռք է բերվել մինչ Վարդգես Պետրոսյանի հետ ամուսնության գրանցումը՝ 04.05.2000թ. և համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի՝ մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը նրա սեփականությունն է՝ հետևաբար ք. Ապարան, Մոսկովյան փողոց 256 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի միանձնյա սեփականատեր է հանդիսանում Լիկա Ավետիսյանը:
 
Հարցադրում 2 Արդյո՞ք Արամ Պետրոսյանին պետք է տրվի ժառանգության իրավունքի վկայագիր Վարդգես Պետրոսյանի ժառանգության գործի շրջանակում: Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի համաձայն՝ ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում սույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ, Օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն՝ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
1201-րդ հոդվածը սահմանում է կտակարարի իրավունքը առանց պատճառների բացատրության ժառանգությունից զրկելու ըստ օրենքի ժառանգներից մեկին կամ մի քանիսին, միաժամանակ սահմանելով, որ եթե կտակարարը ժառանգությունից զրկել է ժառանգության բացման օրը պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգին, ապա կտակը համապատասխան մասով համարվում է անվավեր: Օրենսգրքի 1194-րդ հոդվածը սահմանում է, որ  ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները։ Ներկայացված իրավակարգավորումները համադրելով գործի փաստական հանգամանքների հետ պարզ է դառնում, որ թեև ժառանգատուն իր ողջ գույքը կտակել է Աշոտ Պետրոսյանին՝ ժառանգությունից զրկելով Արամ Պետրոսյանին, սակայն հաշվի առնելով, որ վերջինս ժառանգության բացման ժամանակ եղել է անչափահաս, որպես պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ պետք է ստանա ժառանգության իրավունքի վկայագիր։
 
Հարցադրում 3 Արդյո՞ք Լիկա Ավետիսյանին պետք է տրվի ժառանգության իրավունքի վկայագիր Վարդգես Պետրոսյանի ժառանգության գործի շրջանակում։ Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի համաձայն՝ ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում սույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ, Օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն՝ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
1201-րդ հոդվածը սահմանում է կտակարարի իրավունքը առանց պատճառների բացատրության ժառանգությունից զրկելու ըստ օրենքի ժառանգներից մեկին կամ մի քանիսին, միաժամանակ սահմանելով, որ եթե կտակարարը ժառանգությունից զրկել է ժառանգության բացման օրը պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգին, ապա կտակը համապատասխան մասով համարվում է անվավեր: Օրենսգրքի 1194-րդ հոդվածը սահմանում է, որ  ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն  նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ ճանաչված ժառանգատուի ամուսինը։  Օրենսգրքի 1191-րդ հոդվածի համաձայն՝  ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգությունից մեկուսացվում են այն անձինք, ովքեր դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը, դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին կամ մահափորձ են կատարել նրանց կյանքի նկատմամբ: Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու համար հիմք են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և (կամ) վճիռը, ընդ որում նույն հոդվածը սահմանում է, որ ժառանգությունից զրկելու և մեկուսացնելու կարգավորումները տարածվում են նաև պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների վրա։ Հիմք ընդունելով վերոգրյալ իրավակարգավորումները և գործի փաստական հանգամանքները՝ պարզ է դառնում, որ թեև Վարդգես Պետրոսյանի կին Լիկա Ավետիսյանը հանդիսանում է պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ՝ հաշմանդամություն ունենալու հիմքով, սակայն հաշվի առնելով վերջինիս՝ Վարդգես Պետրոսյանի ժառանգությունից մեկուսացնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը, Լիկա Ավետիսյանը զրկված է Վարդգես Պետրոսյանի ժառանգության զանգվածից ժառանգություն ստանալու իրավունքից և Լիկա Ավետիսյանին չի կարող տրվել ժառանգության իրավունքի վկայագիր։
 
Հարցադրում 4 Եթե Արամ Պետրոսյանին պետք է տրվի ժառանգության իրավունքի վկայագիր, ապա որքա՞ն է կազմում վերջինիս ժառանգության բաժինը Վարդգես Պետրոսյանի ժառանգության գործի շրջանակում: Հիմնավորել պատասխանը։
Հաշվի առնելով 1-ից 3 հարցերի պատասխանները, Արամ Պետրոսյանի ժառանգության բաժինը որոշելու համար հիմք պետք է ընդունել հետևյալ  տվյալները․ Վարդգես Պետրոսյանի ժառանգության զանգվածը կազմված է  ք. Երևան,  Գալշոյան փողոց 40 շենք, 26» հասցեում գտնվող անշարժ գույքի ½-ից , Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի ½-ից և «ք. Երևան, Բաղրամյան 20» հասցեում գտնվող անշարժ գույքից։ Վարդգես Պետրոսյանի ժառանգներն են՝ Աշոտ Պետրոսյանը, ում ամբողջությամբ կտակվել է Վարդգես Պետրոսյանի գույքը, Արամ Պետրոսյանը, ով անչափահաս լինելու հիմքով հանդիսանում է պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ և Լիկա Ավետիսյանը, որը մեկուսացվել է ժառանգությունից և ժառանգական գործի շրջանակում ժառնագության վկայագիր չի կարող ստանալ։ Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալ տվյալները,  Քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի կարգավորումն այն մասին, որ պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում, ինչպես նաև Քաղաքացիական օրենսգրքի 1201-րդ հոդվածի կարգավորումն այն մասին, որ ըստ օրենքի հավասար հերթի ժառանգները ժառանգում են հավասար բաժիններով և հաշվի առնելով, որ օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն ժառանգատուի երեխաները առաջին հերթի ժառանգներ են՝ Արամ Պետրոսյանի ժառանգության բաժինը կլինի․
  1. ք. Երևան, Գալշոյան փողոց 40 շենք, 26» հասցեում գտնվող անշարժ գույքի ½-ի
 ¼ -րդ  մասը (Ըստ օրենքի վերջինիս ժառանգության բաժինը կլիներ վերոհիշյալ գույքի ½-ի ½–րդ մասը):
  1. Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի ½-ի ¼-րդ մասը (Ըստ օրենքի վերջինիս ժառանգության բաժինը կլիներ վերոհիշյալ գույքի ½-ի ½–րդ մասը):
  2. «ք. Երևան, Բաղրամյան 20» հասցեում գտնվող անշարժ գույքի ¼-րդ մասը (Ըստ օրենքի վերջինիս ժառանգության բաժինը կլիներ վերոհիշյալ գույքի ½–րդ մասը):
 
Հարցադրում 5Որքա՞ն է կազմում  Աշոտ  Պետրոսյանի ժառանգության բաժինը ժառանգական զանգվածում: Հիմնավորել պատասխանը։
Հաշվի առնելով 1-ից 4 հարցերի պատասխանները, Աշոտ Պետրոսյանի ժառանգության բաժինը որոշելու համար հիմք պետք է ընդունել հետևյալ տվյալները․ Վարդգես Պետրոսյանի ժառանգության զանգվածը կազմված է  ք. Երևան,  Գալշոյան փողոց 40 շենք, 26» հասցեում գտնվող անշարժ գույքի ½-ից, Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի ½–ից և «ք. Երևան, Բաղրամյան 20» հասցեում գտնվող անշարժ գույքից։ Վարդգես Պետրոսյանի ժառանգներն են՝ Աշոտ Պետրոսյանը, ում ամբողջությամբ կտակվել է Վարդգես Պետրոսյանի գույքը, Արամ Պետրոսյանը, ով անչափահաս լինելու հիմքով հանդիսանում է պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ և ով ժառանգում է Վարդգես Պետրոսյանի ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի ¼ -րդ մասը և Լիկա Ավետիսյանը, որը մեկուսացվել է ժառանգությունից և ժառանգական գործի շրջանակում ժառանգության վկայագիր չի կարող ստանալ։ Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալ տվյալները, Օրենսգրքի 1196-րդ հոդվածի կարգավորումն այն մասին, որ երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները և դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որևէ մեկին պատկանելու մասին, ինչպես նաև այն փաստը, որ Վարդգես Պետրոսյանի կտակի համաձայն Վարդգես Պետրոսյանը իր ողջ գույքը կտակում է Աշոտ Պետրոսյանին,  Աշոտ Պետրոսյանի ժառանգությունը կկազմի
1․ ք. Երևան,  Գալշոյան փողոց 40 շենք, 26» հասցեում գտնվող անշարժ գույքի ½-ի ¾ -րդ մասը,
  1. Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի ½-ի ¾ -րդ մասը և
  2. «ք. Երևան, Բաղրամյան 20» հասցեում գտնվող անշարժ գույքի ¾ -րդ մասը։
 
 
 
 
Խնդիր 4
Մարինե Սարգսի Հովհաննիսյանը Երևան նոտարական տարածքի նոտարի կողմից 07․11․2015թ․ վավերացված լիազորագրով, որպես Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանի լիազորված անձ 09․05․2019թ դիմելով Արմավիր նոտարական տարածքի նոտարին հայտնել է, որ Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանի բոլոր փաստաթղթերում, այդ թվում՝ ծննդյան վկայականում և անձնագրում  նրա անուն, հայրանուն, ազգանունը նշված է Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյան, իսկ ամուսնության վկայականում և զինվորական գրքույկում՝ Սարկիս Հովհաննեսի Հովհաննեսյան։
- Խնդրել է Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանի կնոջ ժառանգությունը ստանալու համար հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, այն է՝ հաստատել, որ Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանը և Սարկիս Հովհաննեսի Հովհաննեսյանը նույն անձն է։ Բացի վերը նշված փաստաթղթերից ներկայացվել են նաև Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանի անվամբ աշխատանքային գրքույկը, բարձրագույն կրթության վկայականը, տեղեկանք վարչական շրջանի ղեկավարից, համաձայն որի՝ Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանը նույն ինքը՝  Սարկիս Հովհաննեսի Հովհաննեսյանն է, ինչպես նաև ներկայացվել են հարևանների կողմից հայտարարություններ, որտեղ նույնպես նշված է, որ Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանը նույն ինքը՝ Սարկիս Հովհաննեսի Հովհաննեսյանն է։ Նոտարը հաստատել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանը նույն ինքը՝  Սարկիս Հովհաննեսի Հովհաննեսյանն է։
- խնդրել է նաև հաստատել իրավունք սահմանող փաստաթղթերի՝ պատկանելությունը, այն է՝ հաստատել, որ Սարկիս Հովհաննեսի Հովհաննեսյանին տրված զինվորական գրքույկը պատկանում է Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանին։ Ներկայացվել են Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանի անվամբ աշխատանքային գրքույկը, բարձրագույն կրթության վկայականը, տեղեկանք վարչական շրջանի ղեկավարից, համաձայն որի՝ Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանը նույն ինքը՝  Սարկիս Հովհաննեսի Հովհաննեսյանն է, տեղեկանք իրավասու մարմնից, համաձայն որի՝ չեն կարող կատարել զինվորական գրքույկի տվյալների ուղղում, քանի որ հիմք հանդիսացող փաստաթղթերը այրվել են, ներկայացվել է նաև զինակից ընկերների հայտարարություններն այն մասին, որ ծառայել են նրա հետ նույն զորամասում նույն ժամանակաշրջանում և անձամբ ճանաչում են ու հայտնում, որ Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանը նույն ինքը՝ Սարկիս Հովհաննեսի Հովհաննեսյանն է։ Նոտարը հաստատել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ զինվորական գրքույկը պատկանում է Սարգիս Հովհաննեսի Հովհաննիսյանին։
 
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ
Հարցադրում 1 Ո՞րն է իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար անհրաժեշտ պայմանը։ Հիմնավորել պատասխանը։
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81․1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
Վերոնշյալ նորմի վերլուծությունից բխում է, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջով նոտարին անձը դիմում է այն դեպքերում, երբ գտնում է, որ տիրապետում է կոնկրետ սուբյեկտիվ իրավունքի, այդ իրավունքը ոչ ոքի կողմից չի վիճարկվում, սակայն այն իրագործելը հնարավոր չէ և այս պարագայում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը ուղղված է անձի սուբյեկտիվ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելուն։ Նշված նորմով օրենսդիրը դիմողների համար սահմանել է պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը նոտարին ապացուցելու իրական և պարտադիր պահանջ։
 
Հարցադրում 2 Արդյո՞ք դիմողի կողմից իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության մասին փաստերի հաստատման դիմումը նոտարին ներկայացնելիս պահպանվել են վերաբերելի կարգավորումների պահանջները։ Հիմնավորել պատասխանը։
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81․1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81․1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:
 
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության մասին փաստերի հաստատման վերաբերյալ դիմումներ ընդունելիս, նոտարը պարտավոր է դիմողից պահանջել ապացույցներ այն մասին, որ այդպիսի փաստաթղթերը պատկանում են իրեն և որ դրանք տվող կազմակերպությունն ի վիճակի չէ ուղղելու դրանցում եղած սխալները, պահանջել նաև նշելու թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը։ Ինչպես նաև պահանջել օրինական ներկայացուցչից հանդես գալ պատշաճ լիազորագրով /լիազորագրի ժամկետը ավարտված է/։
 
Հարցադրում 3 Վերաբերելի կարգավորումների հաշվառմամբ՝ արդյո՞ք հիմնավոր է տվյալ  իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը նոտարի կողմից։ Հիմնավորել պատասխանը։
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81․1-րդ հոդվածի 2-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ նոտարը հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող հետևյալ փաստը՝ իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
 
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ նոտարը հաստատում է տվյալ փաստաթղթի պատկանելությունը կոնկրետ անձին, եթե ներկայացված փաստաթղթի մեջ կա անվան, ազգանվան կամ հայրանվան տարբերություն։ Նոտարը պետք է հաստատի ոչ թե սխալ գրանցված անձի և նոտարին դիմած անձի նույն անձը լինելը, այլ փաստաթղթերից մեկը նրան պատկանելու փաստը։ Ինչպես նաև օրենսդիրը արգելել է նոտարին զինվորական փաստաթղթերի պատկանելիությունը անձի հաստատելը։
 
Հարցադրում 4 Ի՞նչ իրավական հետևանքի հիմք կարող է հանդիսանալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը։ Հիմնավորել պատասխանը։
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81․1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81․1-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը կարող է օգտագործվել միայն նոտարական ակտում նշված նպատակով։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ բացառապես նոտարական ակտում նշված նպատակով իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը բավարար է իրավասու մարմինների կողմից այդ փաստը գրանցելու և իրավունքները ձևակերպելու համար։
 
Հարցադրում 5  Ի՞նչ պետք է բովանդակի իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81․1-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը պետք է բովանդակի՝
1) սույն օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները.
2) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, որը հաստատվում է տվյալ նոտարական ակտով.
3) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու կամ մերժելու հիմքերը.
4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու նպատակը:
 
 
Խնդիր 5
 
2023 թ. նոյեմբերի 10-ին նոտարին են դիմել  Մեծ Հայք   սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (հետայսու՝ Ընկերություն) տնօրեն Արտաշես Արտաշիսյանը և  ՀՀ քաղաքացի Բաբկեն Գաբրիելյանի լիազորված անձ ՀՀ քաղաքացի Անահիտ Կիրակոսյանը  ք. Երևան, Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող և Ընկերության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը Բաբկեն Գաբրիելյանին օտարելու պայմանագիր կնքելու նպատակով: Համաձայն Արտաշես Արտաշիսյանի կողմից ներկայացված տեղեկատվության Ընկերության մասնակիցներն են Սմբատ Սահակյանը՝ 50% մասնակցությամբ, Գարեգին Պետրոսյանը՝ 20% մասնակցությամբ և Լիլիթ Պողոսյանը՝ 30% մասնակցությամբ: Ընկերության կառավարման մարմիններն են՝ մասնակիցների ընդհանուր ժողովը և գործադիր մարմինը՝  տնօրենը: 2023թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ Ընկերության զուտ ակտիվների արժեքը կազմում է 150 մլն. ՀՀ դրամ: Ընկերության կանոնադրությամբ օրենքից տարբերվող կարգավորումներ նախատեսված չեն: Ընկերության տնօրենի կողմից նոտարին է ներկայացվել տնօրենի՝ 2023թ. հոկտեմբերի 10-ի թիվ 20 որոշումը՝ ք. Երևան, Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքի թույլտվություն տալու մասին, ինչպես նաև Ընկերության կանոնադրությունը: Նոտարին այլ փաստական տվյալներ չեն ներկայացվել Ընկերության վերաբերյալ: ՀՀ քաղաքացի Բաբկեն Գաբրիելյանի լիազորված անձ ՀՀ քաղաքացի Անահիտ Կիրակոսյանը ի ծնե կույր է:
 
Նոտարի վավերացմանը  ներկայացված պայմանագիրը ունի հետևյալ  բովանդակությունը.
 
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
 
          ք. Երևան                                           10.11.2023թ. /տասը նոյեմբերի երկու հազար քսաներեք/
 
«Մեծ Հայք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գտնվելու վայրի/փոստային հասցեն. Հայաստանի Հանրապետություն, քաղաք Հրազդան, Գործարանային  փողոց, թիվ 1 շենք, գրանցման համարը. 86.110.998344, գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին․19․12․2001թ․ՀՎՀՀ․ 03022525), այսուհետ՝ «Վաճառող», ի դեմս տնօրեն Արտաշես Արտաշիսյանի (ծնված՝ 1980 թվականի օգոստոսի 3-ին, անձը հաստատող փաստաթուղթ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի համար՝ 007017171,  տրված՝  8-ը հոկտեմբերի 2015 թվականին, 010-ի կողմից, հաշվառման հասցեն. «Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Չարենցի փողոց, 54), ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և
Բաբկեն Գաբրիելյանը (ծնված՝ 1973 թվականի հուլիսի 28-ին, անձը հաստատող փաստաթուղթ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի համար՝ 46 19 054062, տրված՝  8-ը նոյեմբերի 2015 թվականին, 011-ի կողմից, հաշվառված․ «ք. Երևան, Չարենց փողոց 53/1») այսուհետ՝ «Գնորդ», ի դեմս լիազորված անձ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Անահիտ Կիրակոսյանի  (ծնված՝ 1995 թվականի հունվարի 9-ին, անձը հաստատող փաստաթուղթ.  ՀՀ քաղաքացու անձնագիր. AM0317305, տրված՝ 27-ը մայիսի 2015 թվականին,  005-ի կողմից, բնակության վայրի հասցեն. «Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բադալ Մուրադյան փողոց, 12 շենք, 25 բնակարան»), ով գործում է Վաճառողի կողմից 2021 թվականի նոյեմբերի 10-ին տրված լիազորագրի հիման վրա /տրված է հասարակ գրավոր ձևով առանց գործողության ժամկետի նշման՝ լիազորող կողմի ստորագրությամբ/, մյուս կողմից, միասին անվանվելով Կողմեր, իսկ առանձին առանձին՝ Կողմ, ղեկավարվելով օրենսդրությամբ կնքեցին սույն պայմանագիրը (հետայսու՝ Պայմանագիր) հետևյալի մասին.
 
  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1.Վաճառողը պարտավորվում է  գնորդին  որպես սեփականություն հանձնել /վաճառել/ ք. Երևան, Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող  120 (հարյուր քսան) քմ ընդանուր մակերեսով  անշարժ գույքը, որի նկարագիրը տրված է 20.09.2005թ. (քսանը սեպտեմբերի երկու հազար հինգ թվական) տրված  թիվ 256795241  անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում, /այսուհետ՝ օբյեկտ/, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել և վճարել դրա դիմաց սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:
1.2. Օբյեկտի սահմանափակումները՝ գրանցված սահմանափակումներ առկա չեն, համաձայն՝  18.10.2023թ. (տասնութը հոկտեմբերի երկու հազար քսաներեք թվական) տրված ՄՏ18102023 անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի:
Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ
1.3.Վաճառողը ստորագրելով սույն պայմանագիրը, միաժամանակ հայտարարում է, որ սույն պայմանագիրը կնքելու պահին նշված օբյեկտը որևէ անձանց իրավունքներով ծանրաբեռնված չէ, կալանքի, արգելանքի տակ չի գտնվում:
1.4.Սույն պայմանագրի 1.1.կետում նշված օբյեկտի հետ փոխանցվում է նաև սույն պայմանագրի 1.1.կետում նշված հասցեում անշարժ գույքի/շենքի/տակ գտնվող հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների բաժնային սեփականության իրավունքով վաճառողին պատկանող մասը:

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
 
2.1.Կողմերի փոխադարձ համաձայնությամբ օբյեկտի գինը սահմանվել է 70,000,000 (յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ:
2.2 Կողմերը բանավոր հայտարարությամբ հավաստիացնում են, որ պայմանագրի գինը վաճառողը ամբողջությամբ կանխիկ եղանակով ստացել է գնորդից 09.11.2023 թվականին (ինը նոյեմբերի, երկու հազար քսաներեք)
 
  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

3.1.Սույն պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները՝ 40 (քառասուն) աշխատանքային օրվա ժամկետում պետական գրանցման անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման Հանրապետական մարմնի համապատասխան ստորաբաժանումում:
3.2.Մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումն սույն պայմանագիրը կատարելը հիմք չէ այդ պայմանագրի կողմերի հետ երրորդ անձանց հետ ունեցած հարաբերությունների փոփոխման համար:
3.3.Վաճառողը պատասխանատվություն է կրում օբյեկտի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ օբյեկտի թերություններն առաջացել են մինչև իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից:
3.4.Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.5.Սույն պայմանագիրը կնքված է  4 (չորս) օրինակից, որոնցից մեկ օրինակը որպես բնօրինակ պահվում է «Երևան» նոտարական տարածքի նոտարական վարույթում, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ, իսկ վերջին օրինակը տրվում է ներկայացնելու Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում՝ գրանցելու համար:
3.6.Ստորագրելով սույն պայմանագիրը կողմերը հավաստում են նաև, որ իրենք գործունակ են, մինչ սույն պայմանագիրը իրենց կողմից ստորագրելը, նոտարի կողմից իրենց է տրամադրվել դրա օրինակները, նրանց պարզաբանվել է անշարժ գույքի առուվաճառքին վերաբերող օրենսդրությամբ սահմանված բոլոր նորմերի պահանջները, որից հետո էլ սույն պայմանագիրը ստորագրել են կամավոր և իրենց համար ձեռնտու պայմաններով:

 
 
4.ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
վաճառող՝
Մեծ Հայք   սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
 
 Տնօրեն՝ Արտաշես Արտաշիսյան
-------------------------------------------------------------------------------------------- 

գնորդ՝ Բաբկեն Գաբրիելյան
Լիազորված անձ՝ Անահիտ Կիրակոսյան
 
 
 
 Հայաստանի  Հանրապետություն քաղաք  Երևան,  Երկու հազար քսաներեք թվական նոյեմբերի տասը
Սույն պայմանագիրը վավերացված է իմ՝ Հայաստանի Հանրապետության «Արաբկիր» նոտարական տարածքի նոտար՝ Գևորգ Գևորգյանիս  կողմից։  Կողմերի ինքնությունը, գործունակությունը,  ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները ստուգված են։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն` սույն պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի համապատասխան ստորաբաժանումում:
Գրանցված  է  սեղանամատյանում  թիվ 425-ով (չորս հարյուր քսանհինգ):
 
 
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ
Հարցադրում 1 Գնահատել նոտարի կողմից վավերացված պայմանագրի դրույթների համապատասխանությունը Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի պահանջներին: Հիմնավորել պատասխանը:
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին  ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն մասի պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության...: Հիմք ընդունելով Օրենքի վերոնշյալ կարգավորումները՝ պայմանագրի 3.1 կետը հակասում է օրենքի պահանջներին և կարող է հանգեցնել պայմանագրի անվավերության՝ հաշվի առնելով, որ 3.1 կետի համաձայն՝ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը կարող է իրականացվել 40 աշխատանքային օրվա ընթացքում: 
 Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին  ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքը (միասնական տեղեկանք) ուժի մեջ է 15 աշխատանքային օր: Հիմք ընդունելով օրենքի կարագավորումները և համադրելով պայմանագրի 1.2 կետում սահմանված դրույթի հետ պարզ է դառնում, որ նոտարի կողից վավերացված պայմանագրի վավերացման համար հիմք  է ընդունվել  Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքի պահանջի խախտմամբ ներկայացված միասնական տեղեկանք՝ հաշվի առնելով, որ տեղեկանքը տրվել է 2023թ. հոկտեմբերի 18-ին, այսինքն՝ պայմանագրի վավերացման պահին՝ 2023թ. նոյեմբերի 10-ին միասնական տեղեկանքը ուժը կորցրել էր: 
 
Հարցադրում 2 Վերաբերելի կարգավորումների և ներկայացված փաստական հանգամանքների հաշվառմամբ՝ գնահատել արդյո՞ք Մեծ Հայք   սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունը հիմք էին  նոտարի կողմից առուվաճառքի պայմանագրի վավերացման համար: Հիմնավորել պատասխանը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը սահմանում է խոշոր գործարքների վերաբերյալ իրավակարգավորումները: Համաձայն  օրենքի կարգավորումների՝  խոշոր է հանդիսանում այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են ընկերության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքի 25 տոկոսից ավելին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ խոշոր գործարքի այլ չափ: Խոշոր գործարք կատարելու մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ խոշոր գործարքներ կատարելու համար չի պահանջվում ընդհանուր ժողովի կամ ընկերության խորհրդի որոշումը: Համադրելով օրենսդրական կարգավորումները և գործի փաստական հանգամանքները. այն է՝ համաձայն պայմանագրի 2.1 կետի՝ պայմանագրի գինը կազմում է 70 մլն ՀՀ դրամ, իսկ գործի փաստական հանգամանքների համաձայն ընկերության զուտ ակտիվները հոկտեմբերի 10-ի դրությամբ (անշարժ գույքի առուվաճառքի գործարք կնքելու թույլտվություն տալու որոշման ընդունման պահին) կազմում են 150 մլն դրամ, այսինքն՝  գործարքը Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքի տեսանկյունից համարվում է խոշոր գործարք՝ հաշվի առնելով, որ գործարքի գինը գերազանցում է Ընկերության զուտ ակտիվների 25%-ը: Հաշվի առնելով նաև, որ փաստական հանգամանքների համաձայն Ընկերության կանոնդարությամբ օրենքից տարբերվող կարգավորումներ նախատեսված չեն կարող ենք եզրակացնել, որ խնդրո առարկա անշարժ գույքի օտարման մասին որոշումը պետք է ընդունվեր, ոչ թե Ըկերության տնօրենի, այլ  Ընկերության ընդհանուր ժողովի կողմից՝ հետևաբար տնօրենը իրավասու չէր սեփական որոշմամբ կնքելու անշարժ գույքի օտարման գործարքը:  Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել նոտարական գործողություններ կատարելու համար դիմած ֆիզիկական անձանց, նրանց ներկայացուցիչների կամ կազմակերպության ներկայացուցիչների լիազորությունները: Հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները և համադրելով գործի փաստական հանգամանքների հետ, պարզ է դառնում, որ նոտարի կողմից պատշաճ քննության չի արժանացվել Տնօրենի՝ գործարքի կնքման լիազորության հարցը և նկարագրված իրավիճակում վավերացվել է Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ գործարք:
 
Հարցադրում 3 Արդյո՞ք պայմանագիրը նոտարի կողմից վավերացնելիս պահպանվել են կիրառելի իրավակարգավորումները/պայմանագրի իրավաչափությունը քննարկման առարկա դարձնել ՀՀ քաղաքացի Անահիտ Կիրակոսյանի մասով/: Հիմնավորել պատասխանը:
Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝  եթե գործարքի կողմ է տեսողական խանգարում ունեցող անձը, ապա նոտարը բարձրաձայն ընթերցում է գործարքի բովանդակությունն ամբողջությամբ՝ առնվազն երկու վկաների ներկայությամբ։ Վկաները գործարքի վրա ստորագրություն դնելու միջոցով հաստատում են իրենց ներկայությամբ գործարքի բովանդակությունը նոտարի կողմից ընթերցված և կողմերի համար պարզաբանված լինելու փաստը։
Հիմք ընդունելով Նոտարիատի մասին ՀՀ օրենքի վերոգրյալ կարգավորումները և հաշվի առնելով, որ  համաձայն գործի հանգամանքների գործարքի կողմ հանդիսացող անձի լիազորված անձ՝ Անահիտ Կիրակոսյանը ի ծնե կույր է, նոտարի կողմից խախտվել են «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի պահաջները՝ հետևյալ հիմնավորմամբ. պայմանագրում նշում չկա այն մասին, որ նոտարը բարձրաձայն ընթերցել է պայմանագիրը կողմերի ներկայությամբ, բացի այդ պայմանագրում բացակայում է նաև նշում այն մասին, որ գործարքը վավերացվել է առնվազն երկու վկաների ներկայությամբ, ինչպես նաև պայմանագրում բացակայում են վկաների ստորագրությունը և վավերապայմանները, հետևաբար քննարկվող իրավիճակում նոտարի կողմից պայմանագիրը վավերացվել է  օրենքի պահանջների խախտմամբ:
Հարկ է նկատել, և ակնկալելի է, որ տեսողական խանգարման պատճառով անձը չի կարող նաև ստորագրել (նաև գրել իր անունը), ուստի նույն 44-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե անձը ֆիզիկական արատի, հիվանդության (…) պատճառով չի կարող ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, նրա ու նոտարի ներկայությամբ փաստաթուղթը կարող է ստորագրել այլ անձ: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը` նշելով այն պատճառները, որոնց ուժով փաստաթուղթը չէր կարող ստորագրել նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը:
Ստացվում է, որ, բացի վկաներից, այս մասին նշում չպարունակելով ևս՝ պայմանագիրը չի համապատասխանում «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին։
 
Հարցադրում 4 Վերաբերելի կարգավորումների և ներկայացված փաստական հանգամանքների հաշվառմամբ՝ արդյո՞ք ՀՀ քաղաքացի Անահիտ Կիրակոսյանի կողմից ներկայացված լիազորագիրը հիմք էր նոտարի կողմից առուվաճառքի պայմանագրի վավերացման համար: Հիմնավորել պատասխանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի համաձայն՝ նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: ՀՀ քաղաքացիական օրնսգրքի 562-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:  Համադրելով գործի փաստական հանգամանքները և քաղաքացիական օրենսդրության պահանջները՝ կարող ենք եզրակացնել, որ քաղաքացի Անահիտ Կիրակոսյանին տրված լիազորագիրը անվավեր է՝ հաշվի առնելով, որ այն տրվել է Քաղաքացիական օրենսգրքի պահանջների խախտմամբ,  այն է՝ հասարակ գրավոր ձևով նոտարական վավերացում պահանջող գործարքի կնքման նպատակով, բացի այդ  գործարքի վավերացման պահին լիազորագրի գործողության ժամկետը ավարտված է եղել՝ հաշվի առնլով, որ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի, եթե լիազորագրում գործողության ժամկետ նշված չէ, ապա այն գործում է մեկ տարի, հետևաբար 2023թ. նոյեմբերի 10-ի դրությամբ 2021թ.-ին տրված լիազորագիրը ուժը կորցրել էր և Անահիտ Կիրակոսյանը լիազորություն չուներ  Բաբկեն Գաբրիելյանի անունից կնքելու անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել նոտարական գործողություններ կատարելու համար դիմած ֆիզիկական անձանց, նրանց ներկայացուցիչների կամ կազմակերպության ներկայացուցիչների լիազորությունները:
Հիմք ընդունելով վերոգրյալ կարգավորումները և գործի փաստական հանգամանքները պարզ է դառնում, որ նոտարի կողմից պատշաճ քննության չի արժանացվել Անահիտ Կիրակոսյանի՝ գործարքի կնքման լիազորության հարցը և նկարագրված իրավիճակում վավերացվել է գործարք այնպիսի սուբյեկտի մասնակցությամբ, որը գործարքի կնքման լիազորություն չուներ:
 
Հարցադրում 5. Արդյո՞ք պայմանագիրը նոտարի կողմից վավերացնելիս պահպանվել են կիրառելի իրավակարգավորումները՝ պայմանագրի գնի վճարման կարգի մասով: Հիմնավորել պատասխանը:
Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից: 
Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ նոտարը պարտավոր է ` ...ապահովել «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը։
Համադրելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումները  պայմանագրի 2.2 կետով սահմանված դրույթի հետ, այն է՝ Կողմերը բանավոր հայտարարությամբ հավաստիացնում են, որ պայմանագրի գինը վաճառողը ամբողջությամբ կանխիկ եղանակով ստացել է գնորդից 2023թ. նոյեմբերի 9-ին, կարող ենք եզրակացնել, որ նոտարի կողմից պայմանագրի վավերացումը իրավաչափ չի եղել՝   հաշվի անելով, որ կնքվել է Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, իսկ նոտարի կողմից պատշաճ  քննության չի արժանացվել պայմանագրի վճարման կարգին վերաբերող դրույթների իրավաչափության հարցը և խախտվել է Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նոտարի վրա դրված պարտավորությունը:
Բացի այդ, «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 4-րդ կամ 5-րդ հոդվածի պահանջները չպահպանելը, (․․․), հանգեցնում է գործարքի (պայմանագրի) անվավերության: Նման գործարքը (պայմանագիրը) առ ոչինչ է: Հետևաբար, նոտարը, խախտելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նոտարի վրա դրված պարտավորությունը վավերացրել է  առոչինչ պայմանագիր: