Հայտարարություն՝ արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական երկրորդ դասընթացի մասին

03/04/2024

Հաշտարարության ոլորտի կատարելագործմանն ուղղված շարունակական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական երկրորդ դասընթացը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան: Դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Դասընթացին մասնակցությունն անվճար է:
Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 29-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական 6 ժամ տևողությամբ:
Դասընթացն իրականացվում է Արդարադատության նախարարության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հետ համագործակցաբար: Դասընթացն իրականացվելու է արտերկրից հրավիրված միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից և հաշտարարության դասընթացների համար սահմանված միջազգային չափորոշիչներին և ուսուցման ծրագրին համաձայն։ Դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել նախարարության կողմից ընտրված 20 հավակնորդները՝ հաշվի առնելով դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած հավակնորդների կրթությունը, մասնագիտական գործունեությունը, հմտությունները և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։  Դասընթացին չընդգրկված հավակնորդների ուսուցումը կիրականացվի հաջորդ փուլերի ընթացքում։ 
Դիմորդը որակավորման դասընթացի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում`
1) ազատ ոճի դիմում (պետք է ներառի կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե),
2) անձնագրի պատճենը,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
4) ինքնակենսագրական տվյալներ (CV):
Նշենք, որ արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին, ով, հանրային ծառայող է, դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ, որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում: Հետևաբար` նշված պահանջներին չբավարարող անձանց դիմումները չեն դիտարկվելու:
Դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առցանց եղանակով՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 20-ը:
Ուսուցման ծրագիրը հրապարակվելու է դասընթացի մեկնարկից առնվազն 10 oր առաջ: Դասընթացի հետ կապված տեղեկույթն ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեների միջոցով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Տեղեկացնում ենք, որ Նախարարությունը դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո տասն օրվա ընթացքում ստուգում է դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի հավակնորդներին ներկայացվող պահանջների համապատաս­խանությունը «Հաշտարարության մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև ուսումնասիրում է ինքնակենսագրական տվյալները, այդ թվում՝ նախորդող մասնագիտական գործունեությունը և ընդունում է որոշում դիմողին հաշտարարների որակավորման դասըն­թացներին մասնակցել թույլատրելու կամ մերժելու մասին։
Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը հաստատված է Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն որոշմամբ, իսկ որակավորման կարգը Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 331-Ն որոշմամբ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից 2022 թվականին ընդունվել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքը, որի շրջանակներում մի շարք բարեփոխումներ են կատարվել գործող կարգավորումներում, այդ թվում՝ ներդրվել է առցանց հաշտարարության հնարավորությունը, որոշ ընտանեկան գործերով նախատեսվել է պարտադիր հաշտարարություն` երաշխավորելով հաշտարարության գործածելիությունը, հեռացվել է անվճար չորս ժամ հաշտարարություն նախատեսող դրույթը՝ սահմանելով երաշխավորված վարձատրություն բոլոր գործերով, ոլորտի զարգացմանը խոչընդոտող այլ իրավակարգավորումները և հստակեցվել են օրենքով չկարգավորված որոշ հարցեր։ Հաշտարարության գործընթացն առավել հասանելի և համակարգված կազմակերպելու նպատակով ստեղծվել է e-mediation.am հաշտարարության էլեկտրոնային հարթակը, ինչը հնարավորություն կտա առցանց եղանակով համակարգել ողջ գործընթացը։ 
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (010)594052 հեռախոսահամարով: