ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՈՎ

26/04/2024

Խնդիր 1
2023 թվականի նոյեմբեր ամսին երկրաբանական արշավախմբի արշավներից մեկի ընթացքում, ձյունաբքի պատճառով, արշավախումբը կորել էր Աժդահակ լեռան տարածքում։ Հնգօրյա փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում խմբի անդամները հայտնաբերվել էին, սակայն նրանցից 2-ը՝ 65-ամյա ականավոր գիտնական Գևորգ Նիկողոսյանը մահացել էր արշավախմբի անդամներին հայտնաբերելուց ընդամենը մեկ օր առաջ՝ նոյեմբերի 27-ին, իսկ նրա կինը՝ Մարիամ Նիկողոսյանը մահանում է հիվանդանոցի ճանապարհին՝ նոյեմբերի 28-ին։ Արշավախմբի ղեկավարը՝ Արթուր Հակոբյանը, հայտնել էր, որ ինքը, Գևորգ Նիկողոսյանը և վերջինիս վաղեմի ընկերը՝ Արտակ Սիմոնյանը գտնվել էին նույն լեռնանցքում, այդ պահին հնարավորություն չէին ունեցել կապ հաստատել արշավախմբի մյուս անդամների հետ։ Գևորգ Նիկողոսյանը, ով  ծանր վնասվածքներ էր ունեցել, զգալով իր մոտալուտ մահը, խնդրել էր Արթուր Հակոբյանին վավերացնել իր կտակը առ այն, որ Երևան քաղաքի Աղայան փողոցի 7 շենքի 22 բնակարանը և իրեն շնորհված Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կտակում է իր վաղեմի ընկերոջը՝ Արտակ Սիմոնյանին, ով այդ օրերի ընթացքում փորձել էր անել ամեն ինչ՝ իր կյանքը փրկելու համար։ Արթուր Հակոբյանը, Երևան հասնելուն պես, Նոտարական պալատ է հանձնում Գևորգ Նիկողոսյանի կողմից կազմված, ստորագրված և իր կողմից վավերացված կտակը։ Կտակը, որպես վկա, ստորագրել էր նաև Արտակ Սիմոնյանը։ 
        Աբովյան քաղաքի բնակիչ Գևորգ Նիկողոսյանը 2020 թվականին նոտարի մոտ վավերացրել էր ևս մեկ կտակ, համաձայն որի իր ամբողջ անշարժ գույքը, ինչը կպատկաներ իրեն իր մահվան պահին, ամբողջությամբ կտակել էր իր որդուն՝ Համլետ Նիկողոսյանին։
Գևորգ Նիկողոսյանի մահվան պահին ժառանգական զանգվածը բաղկացած է.
  • Կադաստրի կոմիտեում ժառանգատուի անվամբ գրանցված Աբովյան քաղաքի Դուրյան փողոցի 5 հասցեի անշարժ գույքից, որի հողամասը ժառանգել էր իր հորից, իսկ բնակելի տունը կառուցել էին կնոջ հետ՝ միասին ամուսնության ընթացքում.
  • Կադաստրի կոմիտեում ժառանգատուի անվամբ գրանցված Երևան քաղաքի Աղայան փողոցի 7 շենքի 22 բնակարանից, որը գնել էր իր կնոջ համար՝ ամուսնության քսանամյակի կապակցությամբ.
  • ԱյԴի բանկում 2020 թվականից ներդրված 10 մլն դրամ ավանդից.
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանից
Աբովյան քաղաքի նոտարին 2023 թվականի դեկտեմբերի 30-ին, իրենց ծնողների մահից հետո առկա ամբողջ ժառանգական զանգվածի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար դիմում են ներկայացնում Գևորգ Նիկողոսյանի որդին՝ Համլետ Նիկողոսյանը, դուստրը՝ 3-րդ կարգի հաշմանդամ Անահիտ Նիկողոսյանը։ Գևորգ Նիկողոսյանի մայրը՝ Բելլա Նիկողոսյանը, ծնված՝ 1938 թվականին, դիմում է նոտարին հրաժարվելու որդուց ժառանգվող պարտադիր բաժնից՝ հօգուտ իր թոռան, ժառանգատուի դստեր՝ Անահիտ Նիկողոսյանի։ Նույն օրը Գևորգ Նիկողոսյանի մահից հետո վերջինիս կողմից կտակված գույքի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար նոտարին է դիմում նաև Արտակ Սիմոնյանը։
Համլետ Նիկողոսյանը նոտարին է ներկայացնում նոտարական կարգով վավերացրած ամուսնական պայմանագիր, որով իր ծնողները որոշել էին, որ ամուսնության ընթացքում ամուսիններից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերված և սահմանված կարգով տվյալ ամուսնու անվամբ գրանցված Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքը համարվում է տվյալ ամուսնու անձնական սեփականությունը։
Գևորգ Նիկողոսյանի և Նարինե Նիկողոսյանի ամուսնությունը գրանցվել էր ՔԿԱԳ մարմիններում 1985 թվականին։
Գևորգ Նիկողոսյանի և Նարինե Նիկողոսյանի ժառանգությունն ընդունելու դիմումով նոտարին որևէ այլ անձ օրենքով սահմանված ժամկետում չի դիմել, առկա չեն տեղեկություններ այլ ժառանգների մասին։
 
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ՝
  1. Արդյո՞ք ունի իրավաբանական ուժ արշավախմբի ղեկավարի կողմից վավերացված կտակը և Արտակ Սիմոնյանին պետք է՞ տրվի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր և ին՞չ բաժնով: Հիմնավորել պատասխանը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1208 հոդվածի՝  այն դեպքերում, երբ սույն օրենսգրքին համապատասխան կտակը կազմելիս, ստորագրելիս կամ վավերացնելիս պետք է ներկա լինեն վկաներ, այդպիսի վկաներ չեն կարող լինել, ինչպես նաև կտակարարի փոխարեն կտակը չեն կարող ստորագրել` այն անձը, ում օգտին կազմվել է կտակը կամ` արվել կտակային հանձնարարություն, այդ անձի ամուսինը, երեխաները, ծնողները:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1207 հոդվածի՝  սույն հոդվածին համապատասխան վավերացված կտակն առաջին իսկ հնարավորության դեպքում այն վավերացրած անձը պետք է ուղարկի կտակարարի բնակության վայրի նոտարին:
Համաձայն խնդրի՝ որպես վկա՝ կտակը ստորագրել է այն անձը, ում օգտին կազմվել է կտակը, իսկ արշավախմբի ղեկավարը կտակը հանձնել է ոչ թե կտակարարի բնակության վայրի նոտարին, այլ՝ Նոտարական պալատ:
Վերը նշված նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ արշավախմբի ղեկավարի կողմից վավերացված կտակը, որը վավերացվել է օրենքով սահմանված կանոնների խախտմամբ, իրավաբանական ուժ չունի և այդ կտակի հիման վրա Արտակ Սիմոնյանին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր չի կարող տրվել:
 
 
  1. Ինչպե՞ս պետք է բաժանվի Աբովյան քաղաքի Դուրյան փողոցի 5 հասցեի անշարժ գույքը: Հիմնավորել պատասխանը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185 հոդվածի 2-րդ մասի՝ ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194 հոդվածի՝ պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ծառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել ժառանգության պարտադիր բաժնից:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Աբովյան քաղաքի Դուրյան փողոցի 5 հասցեի անշարժ գույքի ժառանգությունը բաժանվում է հետևյալ կերպ.
Աբովյան քաղաքի Դուրյան փողոցի 5 հասցեի անշարժ գույքի հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը:
Անահիտ Նիկողոսյանին որպես պարտադիր բաժին՝ անցնում է Գևորգ Նիկողոսյանի 1/2 բաժնի 1/4 բաժնի 1/2 բաժինը՝ 1/16 բաժինը: Որպես ըստ օրենքի ժառանգություն՝ Մարիամ Նիկողոսյանի 1/2 բաժնի 1/2 բաժինը:
Համլետ Նիկողոսյանին  որպես ըստ կտակի ժառանգություն՝ անցնում է Գևորգ Նիկողոսյանի 1/2 բաժնի 7/16 բաժինը, որպես ըստ օրենքի ժառանգություն՝ Մարիամ Նիկողոսյանի 1/2 բաժնի 1/2 բաժինը:
 
  1. Ինչպե՞ս պետք է բաժանվի Երևան քաղաքի Աղայան փողոցի 7 շենքի 22 բնակարանը: Հիմնավորել պատասխանը:
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 29 հոդվածի առաջին մասի համաձայն՝ ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185 հոդվածի 2-րդ մասի՝ ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194 հոդվածի՝ պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ծառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել ժառանգության պարտադիր բաժնից:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝  Երևան քաղաքի Աղայան փողոցի 7 շենքի 22 բնակարանի ժառանգությունը բաժանվում է հետևյալ կերպ.
Անահիտ Նիկողոսյանին որպես պարտադիր բաժին անցնում է ամբողջ բնակարանի 1/4 բաժնի 1/2 բաժինը՝ 1/8 բաժինը:
Համլետ Նիկողոսյանին որպես ըստ կտակի ժառանգություն՝ անցնում է ամբողջ բնակարանի 7/8 բաժինը:
 
  1. Ինչպե՞ս պետք է բաժանվի ԱյԴի բանկում գտնվող ավանդը: Հիմնավորել պատասխանը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի՝ ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
ԱյԴի բանկում 10 մլն դրամ ավանդը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը:
Համլետ Նիկողոսյանին որպես ըստ օրենքի ժառանգություն՝ անցնում է Գևորգ Նիկողոսյանի 1/2 բաժնի 1/2 բաժինը:
Անահիտ Նիկողոսյանին որպես ըստ օրենքի ժառանգություն՝ անցնում է Գևորգ Նիկողոսյանի 1/2 բաժնի 1/2 բաժինը:
 
  1. Ո՞վ պետք է ժառանգի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը: Հիմնավորել պատասխանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1251 հոդվածի համաձայն՝ շքանշանները, մեդալները և պատվավոր կոչման կրծքանշանները, որոնց արժանացել է քաղաքացին, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ: Պարգևատրվողի մահից հետո այդ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ կապված իրավահարաբերությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը ժառանգման ենթակա չէ և կարող է որպես հիշատակ պահվել ժառագատուի ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ հանձնվել թանգարաններին։
 
Խնդիր 2
10․01․2023թ․ մահացել են Անդրանիկ Պողոսյանը և նրա հայրը՝ Համայակ Պողոսյանը։
 Անժելա Պողոսյանը 15․05․2023թ․ Երևան նոտարական տարածքի նոտարին դիմում է ներկայացրել իր որդի Անդրանիկ Պողոսյանի և իր ամուսին Համայակ Պողոսյանի ժառանգությունը ցանկացած հիմքով և եղանակով ընդունելու համար։ Ներկայացրել է իր անձնագիրը, հանգուցյալ որդու ծննդյան վկայականը, որտեղ որպես Անդրանիկ Պողոսյանի մայր նշված է Անժելա Պողոսյան, իսկ որպես հայր՝ Համայակ Պողոսյան, ներկայացրել է նաև Անժելա Պողոսյանի և Համայակ Պողոսյանի ամունոււթյան վկայականը, համաձայն որի նրանց ամուսնությունը գրանցվել է 11.11.1950թ։
Նույն օրը Համայակ Պողոսյանի ժառանգությունը ներկայացման իրավունքով ընդունելու համար նոտարին դիմում են ներկայացրել Անդրանիկ Պողոսյանի երեխաները՝ Ալլա և Աննա Պողոսյանները, ովքեր ներկայացրել են իրենց անձնագրերը, ծննդյան վկայականները, որտեղ որպես հայր նշված է Անդրանիկ Պողոսյան, և ներկայացրել են նաև Անդրանիկ Պողոսյանի ծննդյան վկայականը, որտեղ որպես հայր նշված է՝ Համայակ Պողոսյան, ներկայացրել են նաև Անդրանիկ  Պողոսյանի Մահվան վկայականը՝ մահացած 10․01․2023թ։
 Անդրանիկ Պողոսյանի ժառանգությունն ցանկացած հիմքով և եղանակով ընդունելու համար 15․05․2023թ․ Երևան նոտարական տարածքի նոտարին դիմում է ներկայացրել Ստելլա Մարտիրոսյանը, ով ներկայացրել է իր անձնագիրը, իր և հանգուցյալ Անդրանիկ Պողոսյանի ամուսնության վկայականը, համաձայն որի նրանց ամուսնությունը գրանցվել է 02․07․2002թ․,
 Համայակ Պողոսյանի ժառանգությունը ցանկացած հիմքով և եղանակով ընդունելու համար համար 15․05․2023թ նոտարին դիմում է ներկայացրել Գերմանիայի քաղաքացի Ազատ Պողոսյանը, ով որդեգրված է Համայակ Պողոսյանի կողմից, ինչը հաստատվել է նոտարին ներկայացված փաստաթղթերով։
25․05․2023թ Երևան նոտարական տարածքի նոտարին Համայակ Պողոսյանի ժառանգությունից հօգուտ Անժելա Պողոսյանի հրաժարվելու դիմում է ներկայացրել Գերմանիայի քաղաքացի Ազատ Պողոսյանը։
17․08․2023թ․ վարկային կազմակերպության կողմից նույն նոտարին ներկայացվել է պարտատիրոջ դիմում պահանջ 5․000․000 ՀՀ դրամ գումարի չափով /հիմք վարկային պայմանագիրը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն առկա են/
Բոլոր դիմողների ազգակցական կապը հաստատող և ժառանգական զանգվածի մեջ ներառվող գույքերի իրավունք սահմանող փաստաթղտերը ամբողջությամբ ներկայացված են, ներկայացված են նաև որպես պարտատեր հանդես գալու փաստաթղթերը:
Նոտարին ներկայացված հետևյալ գույքերը գրանցված են որպես բաժնային սեփականություն հանգուցյալ Անդրանիկ Պողոսյանի և Համայակի Պողոսյանի անվամբ
-հողամաս, որը ձեռք է բերվել  հանգուցյալների կողմից 07072010թ առուվաճառքի պայմանագրի հիման վրա։
-բնակարան, որը ձեռք է բերվել  հանգուցյալների կողմից 21042019 նվիրատվության պայմանագրի հիման վրա։
-ավտոտնակ, որը ձեռք է բերվել  հանգուցյալների կողմից 07022002թ առուվաճառքի պայմանագրի հիման վրա։
Նոտարին ներկայացվել է նաև
-«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան /պետական պարգև/ տրված 13032020թ Համայակ Պողոսյանին
-վարկային կազմակերպության հանդեպ ունեցած պարտավորությունները /հիմք 12122000թ կնքված վարկային պայմանագիր/
 
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ
1 Արդյո՞ք դիմողների կողմից ժառանգությունն ընդունելու, ժառանգությունից հրաժարվելու կամ պարտատիրոջ պահանջի դիմումները նոտարին ներկայացնելիս պահպանվել են վերաբերելի կարգավորումները։ Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով /․․․․/ :
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ սույն խնդրում նշված Անդրանիկ Պողոսյանի և/կամ Համայակ Պողոսյանի ժառանգներից Անժելա Պողոսյանը /որպես մայր և որպես կին/, Ստելլա Մարտիրոսյանը /որպես կին/, Ազատ Պողոսյանը /որպես որդեգրված երեխա/ իրականացրել են իրենց իրավունքները ՀՀ օրենսդրությանը և ՀՀ օրենքներին համապատասխան, իսկ պարտատեր հանդիսացող վարկային կազմակերպությունը խախտել է դիմումը նոտարին ներկայացնելու վեց ամսյա ժամկետը /տես 06.12.2019թ. ՍԴՈ-1495 որոշումը/։ Ինչ վերաբերվում է Անդրանիկ Պողոսյանի երեխաներ Ալլա և Աննա Պողոսյանների դիմումներին, ապա նրանք չեն կարող հանդիսանալ Համայակ Պողոսյանի ժառանգները ներկայացման իրավունքով, քանի որ եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:
 
2 Նոտարին ներկայացված գույքերից որը չի մտնում Անդրանիկ և Համայակ Պողոսյանների ժառանգական զանգվածի մեջ։ Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես`
1) ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները.
2) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը.
3) անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները.
4) այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ ժառանգության դեպքում տեղի է ունենում ընդհանուր իրավահաջորդություն, այսինքն` ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքի հետ միասին նրա գույքային իրավունքները և պարտականությունները ևս համապարփակ իրավահաջորդության կարգով անցնում են ժառանգությունն ընդունած ժառանգներին։ Դրա հետ մեկտեղ, օրենսդրի կողմից սահմանվել են նաև իրավահաջորդությունը բացառող սպառիչ դեպքեր
 ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել և պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման: Հետևաբար Ժառանգական զանգվածի մեջ չեն մտնում վարկային կազմակերպության հանդեպ ունեցած պարտավորությունները, քանի որ պարտատիրոջ կողմից խախտվել է պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1251-րդ հոդվածի համաձայն՝ շքանշանները, մեդալները և պատվավոր կոչման կրծքանշանները, որոնց արժանացել է քաղաքացին, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ: Պարգևատրվողի մահից հետո այդ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ կապված իրավահարաբերությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձի մահվան դեպքում շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ հանձնվել թանգարաններին։
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձը չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը չի հանդիսանում ժառանգատուի սեփականությունը, այլ պետության սեփականություն է, հետևաբար ժառանգները իրավունք չունեն այն ժառանգելու և ունեն միայն այն որպես հիշատակ պահելու իրավունք:
Վերը նշված պետական պարգևը և վարկային կազմակերպության հանդեպ ունեցած պարտավորությունները չեն մտնում ժառանգական զանգվածի մեջ։
 
3 Արդյո՞ք սույն խնդրում նկարագրված է Ժառանգությունն ընդունելու իրավունքը փոխանցելը կամ ներկայացման իրավունքով ժառանգելը։ Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածի համաձայն` եթե ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգության հրավիրված ժառանգը մահանում է ժառանգության բացումից հետո, չհասցնելով այն ընդունել, ապա նրան հասանելիք ժառանգությունն ընդունելու իրավունքն անցնում է նրա ժառանգներին: Մահացած ժառանգի ժառանգությունն ընդունելու իրավունքը նրա ժառանգները կարող են իրականացնել ընդհանուր հիմունքներով` նույն օրենսգրքի 1225-1228-րդ հոդվածներին համապատասխան: Որպես պարտադիր բաժին ժառանգության մասն ընդունելու ժառանգի իրավունքը չի անցնում նրա ժառանգներին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ
-տրանսմիսիայի իրավունքով ժառանգելու դեպքում ժառանգը մահանում է ժառանգատուից հետո` չհասցնելով ընդունել ժառանգությունը: Մինչդեռ ներկայացման իրավունքով ժառանգելու դեպքում ժառանգը մահանում է մինչև ժառանգությունը բացվելը, այսինքն` ժառանգատուից առաջ ժառանգության տրանսմիսիայի կանոնները գործում են այն դեպքում, երբ տրանսմիտենտը մահացել է մինչև ժառանգությունն ընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու համար սահմանված ժամկետի ավարտը` չհասցնելով այն ընդունել կամ դրանից հրաժարվել:
Տվյալ դեպքում առկա չէ ոչ տրանսմիսիայի իրավունքով ժառանգելու դեպք, ոչ էլ՝ ներկայացման իրավունքով։ Միաժամանակ մահացած ճանաչվելու դեպքում ժառանգությունը բացվում է հանգուցյալներից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները։
 
4 Նոտարին ներկայացված յուրաքանչյուր գույքում նշել Անդրանիկ Պողոսյանի ժառանգական զանգվածի չափը և յուրաքանչյուր ժառանգի բաժինը Անդրանիկ Պողոսյանի ժառանգական զանգվածում։ Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ Անդրանիկ Պողոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ են համարվել
-մայրը՝ Անժելա Պողոսյանը-ժառանգական զանգվածի 1/2 բաժնով,
-կինը՝ Ստելլա Մարտիրոսյանը-ժառանգական զանգվածի 1/2 բաժնով,
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ հոդվածի համաձայն՝ կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է սույն օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝
  1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
  2. Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ ժառանգական զանգվածը բաղկացած է
- հողամասի ¼ բաժնից
- բնակարանի ½ բաժնից
- ավտոտնակի ½ բաժնից
 
5 Նոտարին ներկայացված յուրաքանչյուր գույքում նշել Համայակ Պողոսյանի ժառանգական զանգվածի չափը։ Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ Համայակ Պողոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ է համարվել
-կինը՝ Անժելա Պողոսյանը-ժառանգական զանգվածի 1 բաժնով,
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ հոդվածի համաձայն՝ կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է սույն օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝
  1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
  2. Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ ժառանգական զանգվածը բաղկացած է
- հողամասի ¼ բաժնից
- բնակարանի ½ բաժնից
- ավտոտնակի 1/4 բաժնից
 
 
 
Խնդիր 3
 
2023թ. ապրիլի 22-ին Կենտրոն նոտարական տարածքի նոտար Վ. Ասատրյանին են դիմել ՀՀ քաղաքացիներ Սուրեն Հարությունյանը և Սաթենիկ Աբրահամյանը ք. Երևան, Աբովյան 28ա շենք, թիվ 4 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու նպատակով: Սուրեն Հարությունյանի /Վաճառող/ կողմից ներկայացվել է ՀՀ կադաստրի  կոմիտեի կողմից՝ 19.04.2023թ.  տրված ՄՏ18102023 անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն որի օբյեկտի նկատմամբ  գրանցված  են հետևյալ սահմանափակումները.
  1. ԱԲԳ փակ բաժնետիրական ընկերության գրավի իրավունք և
  2. Նարինե Բաբկենյանի վարձակալության իրավունքը:
Վաճառողի կողմից ներկայացվել է նաև ՀՀ Կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 14.07.2006թ-ի տրված թիվ 2047834 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական՝ համաձայն որի Կենտրոն համայնքի ք.Երևան, Աբովյան փողոցի, 28ա շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ գրանցված է Սուրեն Հարությունյանի սեփականության իրավունքը: Պայմանագրի Կողմերի կողմից ներկայացվել են նաև ՀՀ ռեզիդենտությունը հավաստող փաստաթղթեր և ՀՀ քաղաքացու վավերականության ժամկետում գտնվող անձը հաստատող փաստաթղթեր: Նոտարը կողմերից այլ փաստաթղթեր չի պահանջել:
 22.04.2023թ. նոտարը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, վավերացրել է ք. Երևան, Աբովյան 28ա շենք, թիվ 4 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
Պայմանագրի 4-րդ՝ Պայմանագրի գինը և վճարման կարգը հոդվածը սահմանում է.
4.1 Կողմերի փոխադարձ համաձայնությամբ օբյեկտի գինը սահմանվել է 150,000 (հարյուր հիսուն հազար) ԱՄՆ  դոլլար:
4.2 Կողմերը հավաստիացնում են, որ պայմանագրի գնի 50.000 (հիսուն հազար)  ԱՄՆ դոլլարը որպես կանխավճար վաճառողը կանխիկ եղանակով ստացել է գնորդից 21.04.2023 թվականին (քսանմեկը ապրիլի, երկու հազար քսաներեք), իսկ 100.000 (հարյուր  հազար)  ԱՄՆ դոլլարը գնորդը վաճառողին կփոխանցի մինչև սույն պայմանագրից ծագած գույքային իրավունքերի պետական գրանցումը՝ փոխանցելով վաճառողի՝ ՕՄՓ ՓԲԸ  բանկում բացված թիվ 005525563652356 հաշվարկային հաշվին:
Կողմերի կողմից  պայմանագրով սահմանվել է նաև, որ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից դադարում է ՀՀ քաղաքացի Նարինե Բաբկենյանի վարձակալության իրավունքը  ք. Երևան, Աբովյան 28ա շենք, թիվ 4 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ:
 
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ
  1. Արդյո՞ք պայմանագիրը նոտարի կողմից վավերացնելիս պահպանվել են կիրառելի իրավակարգավորումները /պայմանագրի իրավաչափությունը քննարկման առարկա դարձնել գրավի իրավունքի իրավակարգավորումների շրջանակում/: Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածը սահմանում է գրավատուի իրավունքը տնօրինելու գրավի առարկան:  238-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Գրավատուն իրավունք ունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց օգտագործման, կամ տնօրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև օրենսդիրը չի արգելել գրավատուին որևէ կերպով տնօրինելու գրավի առարկան, սակայն սահմանել է որոշակի սահմանափակումներ նախատեսելու հնարավորություն՝ օրենքով կամ պայմանագրով:  Հաշվի առնելով, որ գործի փաստական հանգամանքների համաձայն առուվաճառքի առարկան հանդիսացել է գրավի առարկա, նոտարի կողմից պատշաճ ուսումնասիրություն չի իրականացվել պարզելու արդյո՞ք Վաճառողը ուներ իրավասություն գրավի առարկան օտարելու: Վաճառողի իրավասությունը պարզելու նպատակով՝ նոտարը կարող էր վաճառողից պահանջել ներկայացնելու իր և ԱԲԳ փակ բաժնետիրական  ընկերության  միջև կնքված գրավի պայմանագիրը՝ հաշվի առնելով, որ Գրավատուի և Գրավառուի միջև կնքված պայմանագրով կարող էր Գրավատուի՝ գրավի առարկան օտարելու իրավունքը սահմանափակված լինել: Այսպիսով,  նոտարի կողմից խախտվել է Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 40 և 41-րդ հոդվածի պահանջները՝ մասնավորապես նոտարի կողմից պատշաճ ուսումնասիրության չի արժանացել Վաճառողի՝ գույքը օտարելու լիազորության հարցը և չեն պահանջվել գույքի նկատմամբ իրավունքների փոփոխություն սահմանող անհրաժեշտ փաստաթղթերը՝ խնդրո առարկա իրավիճակում գրավի իրավունքը կարգավորող  պայմանագիրը կամ համաձայնագիրը:  Նոտարի կողմից պատշաճ չեն ուսումնասիրվել գրավի առարկային վերաբերող իրավակարգավորումները, ինչը կարող է հանգեցնել պայմանագրի անվավերության:
 
  1. Արդյո՞ք առկա փաստական հանգամանքների շրջանակում իրավաչափ է նոտարի կողմից վավերացվող պայմանագրում արտարժույթով գնանշում կատարելը: Հիմնավորել պատասխանը։
Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքը կարգավորում է ՀՀ-ում արտարժույթով գործարքների կատարման հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով նախատեսված դեպքերից է օրինակ, երբ պայմանագրի կողմերից մեկը ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող անձ է:  Համադրելով գործի փաստական հանգամանքները օրենսդրական պահանջների հետ հանգում ենք այն եզրակացության, որ խնդրո առարկա պայմանագրում գնանշումը պետք է կատարվեր ՀՀ դրամով՝ հաշվի առնելով, որ կողմերը հանդիսացել են ՀՀ ռեզիդենտներ: Նոտարի կողմից խախտվել է Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի պահանջները:
 
  1. Արդյո՞ք իրավաչափ է պայմանագրի 4.2 կետը: Հիմնավորել պատասխանը։
Պայմանագրի 4.2-րդ կետի նկատմամբ ևս  կիրառելի են Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի կարգավորումները, որոնք խախտվել են, բացի այդ խախտվել են  Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքի պահանջները: Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքի համաձայն 1․ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր նախատեսված չեն, ինչպես նաև ֆիզիկական անձանց միջև 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով։
Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն նոտարը պարտավոր է` ...ապահովել «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը։
Համադրելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումները  պայմանագրի 4.2 կետով սահմանված դրույթի հետ, այն է՝ Կողմերը հավաստիացնում են, որ պայմանագրի գնի 50.000 ԱՄՆ դոլլարը որպես կանխավճար վաճառողը կանխիկ եղանակով ստացել է գնորդից 21.04.2023 թվականին, կարող ենք եզրակացնել, որ նոտարի կողմից պայմանագրի վավերացումը իրավաչափ չի եղել՝   հաշվի անելով, որ կնքվել է Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ և  նոտարի կողմից պատշաճ  քննության չի արժանացվել պայմանագրի վճարման կարգին վերաբերող դրույթների իրավաչափության հարցը և խախտվել է Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նոտարի վրա դրված պարտավորությունը:
Բացի այդ, «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 4-րդ կամ 5-րդ հոդվածի պահանջները չպահպանելը, (․․․), հանգեցնում է գործարքի (պայմանագրի) անվավերության: Նման գործարքը (պայմանագիրը) առ ոչինչ է: Հետևաբար նոտարը՝ խախտելով Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նոտարի վրա դրված պարտավորությունը վավերացրել է  առոչինչ պայմանագիր:
 
  1. Արդյո՞ք իրավաչափ է նոտարի կողմից վավերացված պայմանագիրը վարձակալության իրավունքի իրավակարգավորումների շրջանակում: Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 664-րդ հոդվածը կարգավորում է բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեպքում վարձակալության իրավունքի դադարման կամ փոփոխման իրավահարաբերությունները: 664-րդ հոդվածը սահմանում է՝ Զբաղեցված բնակելի տարածության նկատմամբ վարձակալության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը հիմք չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Այդ դեպքում նոր սեփականատերը վարձատու է դառնում նախկինում կնքված վարձակալության պայմանագրի պայմաններով  Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 664-րդ հոդվածի կարգավորումները և դրանք համադրելով գործի փաստական հանգամանքների հետ պարզ է դառնում, որ նոտարի կողմից վավերացված պայմանագրի այն հոդվածը, որ սահմանում է  Նարինե Բաբկենյանի  վարձակալության իրավունքի դադարեցում  առուվաճառքի պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ոչ իրավաչափ է և հակասում է Քաղաքացիական օրենսգրքի 664-րդ հոդվածին, քանի որ օրենքով սեփականատիրոջ փոփոխման պարագայում վարձակալության իրավունքի դադարեցում նախատեսված չէ:
 
  1. Արդյո՞ք գրանցված վարձակալության իրավունքի առկայությունը խոչընդոտ էր, որպեսզի նոտարի կողմից վավերացվեր անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  163-րդ հոդվածը կարգավորում է սեփականության իրավունքի բովանդակությանը վերաբերող իրավահարաբերությունները։ Համաձայն 163-րդ հոդվածի 1-ին կետի  սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնօրինման իրավունքի իրացման ձևերից մեկը անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելու իր իրավունքն է։ Համաձայն Օրենսգրքի 3-րդ հոդվածի քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:  Նույն հդովածը սահմանում է նաև, որ անձանց քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով։ Հիմք ընդունելով սեփականության իրավունքին վերաբերող քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ կարգավորումները և հաշվի առնելով, որ օրենքով արգելված չէ օտարել այն անշարժ գույքը, որը ծանրաբեռնված է վարձակալության իրավունքով, կարող ենք եզրակացնել, որ վարձակալության իրավունքով ծանրաբեռնված լինելը խոչընդոտ չի կարող հանդիսանալ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու  և նոտարի կողմից վավերացնելու համար։ 
 
 
 
Խնդիր 4
 
06.06.2023թ. Էջմիածին քաղաքի նոտար Պողոս Աբրահամյանին են դիմել քաղաքացիներ  Կարեն Հակոբյանը և  Անահիտ Ասատրյանը իրենց ամուսնության ընթացքում ծնված երեխաների ապրուստը հոգալու համար ալիմենտային համաձայնություն կնքելու նպատակով:
Երեխաներն են  Դավիթ Հակոբյանը՝ ծնված 23.03.2018թ.-ին  և  Պետրոս Հակոբյանը՝ ծնված 01.10.2015թ.: Համաձայն  ներկայացված փաստաթղթերի Կարեն Հակոբյանի ամսական եկամուտը կազմում է 600.000 ՀՀ դրամ, այլ եկամուտներ չունի, վերջինս ապրում է միայնակ իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանում:
 
Ալիմենտային համաձայնություն
 
ՀՀ, ք. Երևան                                                                        06.06.2023թ.
 
Քաղաքացի Անահիտ Ասատրյանը (անձնագիր՝ ..., բնակության վայր՝ ...), (այսուհետ՝ կին) և քաղաքացի Կարեն Հակոբյանը (անձնագիր՝ ..., բնակության վայր՝ ...), (այսուհետ՝ ամուսին), պայմանավորվեցին կնքել սույն համաձայնությունը հետևյալի մասին՝
  • Սույն համաձայնությամբ կինն ու ամուսինը սահմանում են երեխաների համար վճարվող ալիմենտի չափը, վճարման կարգն ու պայմանները:
  • Սույն համաձայնությամբ ամուսինը պարտավորվում է ալիմենտ վճարել 01.10.2015թ.-ին ծնված Պետրոս Հակոբյանի և 23.03.2018թ.-ին ծնված Դավիթ Հակոբյանի համար՝ ապրուստը հոգալու նպատակով:
  • Համաձայնության 1.2-րդ կետում նշված երեխաների համար վճարվող ալիմենտի չափը կազմում է ամուսնու ամսական վաստակի (այլ եկամուտի) մեկ քառորդը՝ 150.000 ՀՀ դրամ:
  • Ալիմենտի վճարումն իրականացվում է ամսական կտրվածքով:
  • Ալիմենտի գումարը փոխանցվում է Անահիտ Ասատրյանի՝ ՕՄՓ ՓԲԸ բանկում բացված թիվ 1233333554486 հաշվարկային հաշվին մինչև յուրաքանչյուր հաջորդող ամսվա 5-ը:
  • Ամուսինը պարտավոր է կնոջը հայտնել իր բնակության հասցեի փոփոխության մասին ոչ ուշ, քան փոփոխությունից հետո եռօրյա ժամկետում:
  • Կինը պարտավոր է հայտնել բանկային հաշվեհամարի փոփոխության մասին ամուսնուն նման փոփոխությունից հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:
  • Ամուսինն իրավունք ունի միակողմանիորեն ցանկացած պահի փոփոխություն կատարելու սույն համաձայնագրում և ավելացնելու ալիմենտի չափը:
  • Երեխաների տասնվեց տարին լրանալուց հետո ալիմենտ ստանալու իրավունքը փոխանցվում է կնոջը:
  • Սույն համաձայնությունն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից:
  • Ամուսինը խոստանում է  երեխաների 18 տարեկանը լրանալուց հետո վերջիններիս  նվիրել իրեն  պատկանող ողջ գույքը:
  • Համաձայնությունը կազմվում է երեք օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկակական օրինակ, մյուս օրինակը պահվում է նոտարական գործում:
 
 
ԱՄՈՒՍԻՆ --------------------          ԿԻՆ       ------------------------------------------
 
Տվյալներ------                    Տվյալներ------    
Ստորագրություն---------             Ստորագրություն------
 
Նոտարի մակագրություն, կնիք և ստորագրություն
 
 Մեկ ամիս անց կողմերը մոտենում են նույն նոտարին և խնդրում պայմանագրի 1.5-րդ կետում կատարել ուղղում և յուրաքանչյուր հաջորդող ամսվա 5-ը բառերը փոխարինել յուրաքանչյուր հաջորդող ամսվա 15-ը բառերով ՝ հաշվի առնելով, որ փոխվել է ամուսնու աշխատանքային պայմանագիրը և վերջինիս աշխատավարձը այսուհետ փոխանցվելու է մինչև յուրաքանչյուր հաջորդող ամսվա 10-ը:  
 
 
 
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ
  1. Արդյո՞ք պայմանագիրը նոտարի կողմից վավերացնելիս պահպանվել են կիրառելի իրավակարգավորումները /պայմանագրի իրավաչափությունը քննարկման առարկա դարձնել ալիմենտային վճարի չափին վերաբերող իրավակարգավորումների շրջանակում/: Հիմնավորել պատասխանը։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածը սահմանում է ծնողների պարտավորությունը պահել իրենց երեխաներին՝ տրամադրել ապրուստի միջոց։ Նույն հոդվածը սահմանում է ծնողների իրավունքը ինքնուրույն որոշելու երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները։ Այդ պայմաններից մեկն էլ ալիմենտի չափն է, որը համաձայն օրենսգրքի 91-րդ հոդվածի ծնողները որոշում են ինքնուրույն, սակայն  հաշվի առնելով երեխայի լավագույն շահը պաշտպանելու կարևորությունը օրենսդիրը սահմանել է ալիմենտային համաձայնություն կնքելիս  ալիմենտի նվազագույն  չափի վերաբերյալ պարտադիր պահանջներ։ Այսպես 91-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ երեխաների համար որոշվող ալիմենտի չափը չի կարող պակաս լինել նրանց համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափից: Օրնեսգրքի 69-րդ հոդվածը սահմանում է դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը։ 69-րդ հոդվածի համաձայն՝ 2 երեխաների դեպքում ալիմենտի ամսական վճարը պետք է լինի ծնողների վաստակի 1/3-րդը։ Համաձայն գործի փաստական հանգամանքների երեխաների հոր ամսական վաստակը կազմում է 600․000 ՀՀ դրամ, հետևաբար ալիմնետային վճարը պետք է լինի ամսական ոչ պակաս քան 200․000 ՀՀ դրամը։ Հիմք ընդունելով օրենքի կարգավորումները և համադրելով գործի փաստական հանգամանքների հետ պարզ է դառնում, որ ալիմենտային համաձայնությունում ալիմենտի չափը սահմանող հոդվածը հակասում է Ընտանեկան օրենսգրքի իրավակարգավորումներին և ոչ իրավաչափ է։
  1. Արդյո՞ք իրավաչափ է համաձայնագրի 1.8-րդ կետում սահմանված ամուսնու իրավունքը: Հիմնավորել պատասխանը։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը միակողմանիորեն փոփոխել կամ լուծել չի թույլատրվում: Կողմերի գույքային և ընտանեկան դրության էական փոփոխությունների, ինչպես նաև ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության փոփոխման կամ լուծման վերաբերյալ անհամաձայնության դեպքում շահագրգիռ կողմն այդ համաձայնության փոփոխման կամ լուծման հայցով դատարան դիմելու իրավունք ունի: Ալիմենտ վճարելու համաձայնության փոփոխման կամ լուծման հարցը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել կողմերի` ուշադրության արժանի ցանկացած շահ: Հիմք ընդունելով վերոգրյալ կարգավորումները պարզ է դառնում, որ համաձայնագրի 1․8-րդ կետով սահմանված ամուսնու իրավունքը միակողմանիորեն ցանկացած պահի փոփոխելու պայմանագիրը, նույնիսկ ալիմենտային վճարը ավելացնելու նպատակով, հակասում է օրենսգրքի պահանջներին և ոչ իրավաչափ է։  
  1. Արդյո՞ք իրավաչափ է ալիմենտ ստանալու իրավունքը կնոջը փոխանցելու մասին համաձայնագրային կարգավորումը: Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդվածը սահմանում է այն իրավունքների շրջանակը, որոնք որևէ կերպ չեն կարող փոխանցվել այլ անձի։ Այդ իրավունքների շարքին է պատկանում անձի ալիմետի իրավունքը, մասնավորապես՝ 398-րդ հոդվածի համաձայն պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված իրավունքների` ներառյալ ալիմենտի և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջների, անցնելն այլ անձի չի թույլատրվում: Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդվածի կարգավորումները պարզ է դառնում, որ  ալիմենտային համաձայնության 1․9-րդ կետը հակասում է օրենսգրքի կարագավորումներին և երեխաների ալիմենտային իրավունքի փոխանցումը կնոջը  ոչ իրավաչափ է։
  1. Արդյո՞ք երեխաներին գույք նվիրելու վերաբերյալ ամուսնու խոստումը համապատասխանում է քաղաքացիական օրենսդրության կարգավորումներին:  Հիմնավորել պատասխանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը նախատեսում է նվիրատվության խոստում տալու իրավական հնարավորություն, մասնավորապես՝ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որևէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը տրվել է պատշաճ ձևով ու պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու կամ նրան գույքային պարտականությունից ազատելու մասին պարզ արտահայտված ցանկություն:  Օրենսդիրը նախատեսելով նվիրատվության խոստում տալու հնարավորությունը՝ միաժամանակ այդ խոստմանը իրավական ուժ տալու համար սահմանել է որոշակի պահանջներ, այն է՝ խոստումը պետք է պատշաճ ձևակերպված լինի, պարունակի կոնկրետ անձին գույք նվիրելու պարզ արտահայտված ցանկություն։ Բացի վերոգրյալ պահանջներից՝ 594-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ որպեսզի նվիրատվության խոստումը իրավական ուժ ունենա այն, ի թիվս վերոգրյալ պահանջների, պետք է նաև պարունակի նվիրատվության կոնկրետ առարկային վերաբերող տվյալներ, և եթե խոստումը վերաբերում է  անձի կողմից իր ամբողջ գույքը կամ դրա մի մասը նվիրելու` առանց գույքի, իրավունքի կամ պարտականությունից ազատելու տեսքով նվիրատվության կոնկրետ առարկան նշելու, ապա այն առոչինչ է: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ եզրահանգում ենք, որ երեխաներին գույք նվիրելու վերաբերյալ ամուսնու՝ համաձայնագրում ձևակերպված խոստումը առոչինչ է, քանի որ այն չի պարունակում տվյալներ նվիրատվության կոնկրետ առարկայի մասին։
 
  1. Ներկայացված փաստական հանգամանքների շրջանակում արդյո՞ք նոտարը իրավասու է կատարելու ուղղում համաձայնագրում: Ինչպե՞ս է կատարվում թվի մեջ թվանշանի և բառի մեջ տառի ուղղումը: Հիմնավորել պատասխանը:
Նոտարիատի մասին ՀՀ օրենքը սահմանում է անհրաժեշտության դեպքում նոտարի կողմից վավերացված փաստաթղթերում ուղղում կատարելու նոտարի իրավունքը։
Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն՝ նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական, տեխնիկական, տպագրական սխալները կամ վրիպակները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը և բովանդակությունը: Ուղղումները պետք է կատարվեն այնպես, որ բոլոր սխալները և ուղղումները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: 
45-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ փաստաթղթում  ուղղում կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն լինի լեզվական կամ տեխնիկական կամ տպագրական սխալ կամ վրիպակ, այսինքն՝ կողմերը ցանկացած լինեն փաստաթղթում նշել մի բան, սակայն տեխնիկական պատճառներով  մեկ այլ բան գրվի: Ընդ որում ուղղում կատարելու համար ամենակարևոր պայմաններից մեկն այն է, որ ուղղման արդյունքում չպետք է փոխվի փաստաթղթի բովանադակությունը: Գործող փաստական հանգամանքներում, թեև առաջին հայացքից ալիմենտային վճարի փոխանցման ամսաթվի փոփոխությունը չի ազդում համաձայնագրի ընդհանուր էության և  բովանդակության վրա, սակայն այն չի տեղավորվում օրենսդրորեն ամրագրված ուղղման համար անհրաժեշտ պարտադիր պայմանների շրջանակում: Հաշվի առնելով, որ կողմերը համաձայնագիրը վավերացնելու պահին նպատակ են ունեցել  ալիմենտի վճարման համար սահմանել  յուրաքանչյուր ամսվա հենց 5-ը և հետո ամուսնու աշխատանքային պայմանագրի փոփոխության արդյունքում ցանկանում են փոփոխել նաև ալիմենտային վճարման ամսաթիվը, այն չի կարող դիտարկվել որպես ի սկզբանե կատարված սխալ կամ վրիպակ: Գործող փաստական հանգամանքներում այն համաձայանգրի կետի փոփոխություն է և նոտարը իրավասու չէ այն ձևակերպելու որպես ուղղում: Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը սահմանում է, որ  վավերացված կամ հաստատված փաստաթղթերում թվի մեջ թվանշան կամ բառի մեջ տառ բաց թողնված լինելու կամ թիվը կամ բառը սխալ գրված լինելու դեպքերում դրանք վերցվում են օղակի մեջ, և գրվում է լրիվ ճիշտ թիվը կամ բառը: Ուղղումները ծանոթագրվում են նոտարի կողմից:
 
 
 
 
 
  ԽՆԴԻՐ 5
  1. Կարեն Մանգասարյանին սեփականության իրավունքով պատկանում են Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 14 շենքի թիվ 41 բնակարանը (այսուհետ՝ Բնակարան), Երևան քաղաքի նույն փողոցի նույն շենքի թիվ 11 հասցեի գույքը (նպատակային նշանակությունը՝ հասարակական տարածք, այսուհետ՝ Օբյեկտ) և ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս գյուղի թիվ 01-078-805-001 կադաստրային ծածկագրով 0.26 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (այսուհետ՝ Հողամաս): Միաժամանակ, Կարեն Մանգասարյանին և իր եղբայրներ Արման և Արտակ Մանգասարյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (հավասար բաժիններով) պատկանում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի Կարմրաշեն գյուղի 10-003-0787-0004 կադաստրային ծածկագրով 3 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (այսուհետ՝ Բաժնային հողամաս):
  2. Կարեն Մանգասարյանի (վարձատու) և Աննա Արսենյանի (վարձակալ) միջև 09.09.2022 թվականին Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում կնքվել է Բնակարանի վարձակալության պայմանագիրը (Քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասին և Կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշման պահանջներին համապատասխան)՝ 6 ամիս ժամկետով, ամսական 150.000 ՀՀ դրամ վարձավճարով: Այնուհետև, կողմերի համաձայնությամբ որոշվել է ինչպես 6 ամսով երկարաձգել վարձակալության պայմանագրի ժամկետը, այնպես էլ 20.000 ՀՀ դրամով ավելացնել վարձավճարը, որպիսի փոփոխությունները պայմանագրում կատարելու նպատակով կողմերը դիմել են նոտար Սիմոն Կարապետյանին: Արդյունքում, նոտարի կողմից 09.03.2023 թվականին վավերացվել է վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագիրը:
  3. Կարեն Մանգասարյանի (վաճառող) և Աննա Արսենյանի (գնորդ) միջև 21.07.2023 թվականին կնքվել և նոտարական կարգով վավերացվել է (նոտար Սիմոն Կարապետյան) թիվ 5562 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, որի համաձայն՝ վաճառողը վաճառում, իսկ գնորդը ձեռք է բերում Օբյեկտը:
  4. Օբյեկտի նկատմամբ գրանցվել է Աննա Արսենյանի սեփականության իրավունքը (հիմք՝ սեփականության իրավունքի թիվ 8357171 վկայական):
  5. Օբյեկտի առուվաճառքի պայմանագրի կողմերը 28.08.2023 թվականին դիմել են նոտար Սիմոն Կարապետյանին՝ խնդրելով նշված պայմանագրում կատարել ուղղում և Օբյեկտի նպատակային նշանակությունը հասարակական տարածքից փոխել խորդանոցի, որպիսի ուղղումը նոտարի կողմից կատարվել է:
  6. Կարեն Մանգասարյանը նոտար Սիմոն Կարապետյանին 07.09.2023 թվականի դիմումով խնդրել է վավերացնել Բաժնային հողամասից իր եղբայր Արտակ Մանգասարյանի բաժինն իրեն նվիրելու մասին պայմանագիրը: Դիմումին կից, ի թիվս այլնի, ներկայացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18013030-09-0077 վկայականը, Բաժնային հողամասի վերաբերյալ միասնական տեղեկանքը: Նոտարի 08.09.2023 թվականի գրավոր որոշմամբ «Նոտարիատի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով մերժվել է նոտարական գործողության կատարումն այն հիմնավորմամբ, որ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, դիմումով խնդրարկվել է վավերացնել անշարժ գույքի օտարման՝ նվիրատվության պայմանագիր սեփականատերերից միայն մեկի բաժնի նկատմամբ՝ առանց մյուս մասնակիցների համաձայնության:
  7. Միաժամանակ, Կարեն Մանգասարյանը 10.11.2023 թվականին դիմել է նոտար Սիմոն Կարապետյանին՝ խնդրելով վավերացնել իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.26 հա Հողամասը քաղաքացի Համազասպ Հարոյանին օտարելու վերաբերյալ գործարքը, իսկ դիմումը մերժելու դեպքում տրամադրել գրավոր մերժում: Դիմումին կից ներկայացվել են Հողամասի նկատմամբ իրավունքի գրանցման վկայականը, անձը հաստատող փաստաթղթերը: Նոտարի կողմից 14.11.2023 թվականին կայացված մերժման որոշմամբ դիմումը մերժվել է՝ անհրաժեշտ փաստաթղթերի լիարժեք չլինելու հիմքով:
 
 
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ
  1. Վերաբերելի կարգավորումների հաշվառմամբ՝ գնահատել նոտարի գործողությունների իրավաչափությունը վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասով:
Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 299-րդ հոդվածի համաձայն՝
« (…) 3. Գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է`
1) սույն օրենսգրքում նշված դեպքերում.
2) կողմերից որևէ մեկի պահանջով, թեկուզև օրենքով տվյալ տեսակի գործարքների համար այդ ձևը չի պահանջվում:
  1. Սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում սույն օրենսգրքի (…) 610, (...) հոդվածներով նախատեսված, (…) պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:»:
Կառավարության 22.12.2011 թվականի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 1851-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի համաձայն՝ Հավելվածով հաստատվում են նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը: Նշված պայմանագրերի շարքին, ի թիվս այլնի, դասվում են անշարժ գույքի, շենքի կամ շինության, բնակելի տարածության, այդ թվում՝ անշարժ գույքի ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրերը:
Օրենսգրքի 610-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
«1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:
  1. Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:»:
Օրենսգրքի 468-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:
Անշարժ գույքի, շենքի կամ շինության, բնակելի տարածության վարձակալության պայմանագրերի համար նոտարական վավերացման պահանջը պարտադիր չէ բոլոր այն դեպքերում, երբ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կնքվել է Քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմաններին համապատասխան (Որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխանություն՝ առանց լրացուցիչ այլ պայմանների ներառման, ինչպես նաև պայմանագրի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչում Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքին համապատասխան):
Անհրաժեշտ է նաև նշել, որ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնության կնքումը նույն ձևով, ինչով պայմանագիրը,  Քաղաքացիական օրենսգրքի պահանջն է:
Քննարկվող դեպքում վարձակալության պայմանագիրը կնքվել է առանց նոտարական վավերացման՝ հիմք ընդունելով նշված Որոշման պահանջները: Որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնությունը ներառված չէ Որոշմամբ նախատեսված օրինակելի ձևերի շարքում, ինչից բխում է, որ առկա չէ հնարավորություն քննարկվող համաձայնագիրը ևս Որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան առանց նոտարական վավերացման կնքելու մասով: Մյուս կողմից, Օրենսգրքի 468-րդ հոդվածի կարգավորման հաշվառմամբ՝ վարձակալության պայմանագրի փոփոխման համաձայնությունը պետք է կնքվի այն ձևով, ինչով պայմանագիրը, այսինքն, տվյալ պարագայում՝ առանց նոտարական վավերացման:
Այնուամենայնիվ, հարկ է հաշվի առնել, որ նոտարները պետք է առաջնորդվեն «Նոտարիատի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, որի համաձայն՝ գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու վերաբերյալ գործարքները վավերացնում է հիմնական գործարքը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի: Մինչդեռ, քննարկվող դեպքում հիմնական գործարքը չի վավերացվել նոտարական կարգով, քանի որ կնքվել է Որոշմամբ նախատեսված օրինակելի ձևով՝ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքին համապատասխան, որպիսի պարագայում առկա էին «Նոտարիատի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով (նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե` նոտարական գործողության կատարումը հակասում է օրենքին, իրավական այլ ակտերին կամ կազմակերպության կանոնադրությանը) նոտարական գործողության կատարումը մերժելու հիմքեր:
 
  1. Վերաբերելի կարգավորումների հաշվառմամբ՝ գնահատել նոտարի գործողությունների իրավաչափությունը Օբյեկտի առուվաճառքի պայմանագրում ուղղում կատարելու մասով։
Նոտարիատի մասին օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լիազորում է նոտարին ուղղել իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական, տեխնիկական, տպագրական սխալները կամ վրիպակները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը և բովանդակությունը, իսկ նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ մերժել նոտարական գործողության կատարումը, եթե նոտարական գործողության կատարումը հակասում է օրենքին: Գործող կարգավորումներով խորդանոցը բնակելի նպատակային նշանակության օժանդակ շինություն է, իսկ հասարակական նշանակության շինությունները ամբողջությամբ տարբերվում են բնակելի շենքերից իրենց նշանակությամբ (ըստ Կառավարության 15.04.2021 թվականի N 600-Ն որոշմամբ հաստատված շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու և այաստանի հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի n 757-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման):
Նման պայմաններում, անկախ այն հանգամանքից, թե պայմանագրի առարկա գույքն իրականում ինչ նպատակային նշանակության է, նոտարն իրավասու չէր փոխելու դրանց նշանակությունը առուվաճառքի պայմանագրում, քանի որ նշվածը Նոտարիատի մասին օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանգեցնում է գույքի նկարագրի բովանդակային փոփոխության: Նոտարը, հիմք ընդունելով Նոտարիատի մասին օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, պետք է մերժեր ուղղում կատարելու վերաբերյալ դիմումը՝ պատճառաբանելով, որ իրավասու է ուղղել բացառապես լեզվական և տպագրական սխալները, մինչդեռ օբյեկտի նպատակային նշանակության փոփոխությունը բովանդակային է: Նման փոփոխության պայմանագրի կողմերը կարող էին հասնել միայն օրենքով սահմանված եղանակներով:
  1. Վերաբերելի կարգավորումների հաշվառմամբ՝ գնահատել նոտարի գործողությունների իրավաչափությունը Բաժնային հողամասի նվիրատվության գործարքի վավերացումը մերժելու մասով:
Օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
Օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած կարգով:
Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով սույն օրենսգրքի 195 հոդվածում նախատեսված կանոնները:
Օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:
Բաժնային սեփականության իրավունքի դեպքում մի քանի անձանց պատկանող գույքի տիրապետումը, օգտագործումն ու տնօրինումը պետք է իրականացվի բոլոր մասնակիցների՝ սեփականատերերի կողմից: Օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը բաժնային սեփականության մասնակցին հնարավորություն է տալիս ինքնուրույն տնօրինել իր բաժինը (հատուցելի օտարման դեպքում՝ որոշակի կանոների պահպանմամբ): Ի տարբերություն ընդհանուր համատեղ սեփականության, որտեղ բաժինները որոշված չեն, բաժնային սեփականության դեպքում սեփականատերերից յուրաքանչյուրը կարող է տնօրինել սեփականության իրավունքի իր բաժինը առանձին՝ անկախ մյուս սեփականատերերի համաձայնության առկայությունից:
Վերոնշյալից բխում է, որ բաժնային սեփականության դեպքում սեփականատերերից յուրաքանչյուրը կարող է նվիրել սեփականության իրավունքի իր բաժինը՝ անկախ մյուս սեփականատերերի համաձայնության առկայությունից: Այսինքն, բաժնային սեփականության մասնակցի բաժնի նվիրատվության պայմանագիր կնքելու համար մյուս սեփականատերերի համաձայնությունը չի պահանջվում:
Վերոգրյալ իրավակարգավորումները և դրանց վերլուծությունը կիրառելով առկա փաստերի նկատմամբ՝ գալիս ենք եզրահանգման, որ նոտարի կողմից բաժնային սեփականության մասնակցի բաժնի նվիրատվության պայմանագիր վավերացնելը մերժվել է ոչ իրավաչափորեն, քանի որ տվյալ նոտարական գործողությունը կատարելու համար պահանջվել են օրենսդրությամբ չնախատեսված համաձայնություններ, իսկ մերժման հիմքում դրվել է այդ համաձայնությունները չներկայացնելու հանգամանքը:
  1. Արդյո՞ք նոտարն իրավաչափ կգործեր Բաժնային հողամասը օտարելու վերաբերյալ գործարքը վավերացնելու դեպքում, եթե Արտակ Մանգասարյանի կողմից Բաժնային հողամասի իր բաժինն օտարելու նախընտրելի եղանակ ընտրվեր ոչ թե նվիրելու, այլ վաճառելու եղանակը, իսկ բաժինը գնելու համար նախընտրելի գնորդ դիտարկվեր ոչ թե բաժնային սեփականության մասնակից Կարեն Մանգասարյանը, այլ որևէ երրորդ անձ:
Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել՝ պահպանելով նույն օրենսգրքի 195-րդ հոդվածում նախատեսված կանոնները:
Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:
Նշված հոդվածներից հետևում է, որ բաժնային սեփականության մասնակիցները բաժնային uեփականության ներքո գտնվող գույքը տնoրինելու, այդ թվում՝ բաժնային uեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու իրավունք ունեն: Ընդ որում, եթե բաժնային սեփականության մասնակիցն իր բաժինը վաճառում է երրորդ անձի, ապա բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն:
Օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բաժինը վաճառողը պարտավոր է իր բաժինը երրորդ անձի վաճառելու մտադրության մասին գրավոր տեղեկացնել բաժնային սեփականության մյուս մասնակիցներին` նշելով գինը և վաճառքի մյուս պայմանները: Եթե բաժնային սեփականության մյուս մասնակիցները հրաժարվում են վաճառվող բաժինը գնելուց կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չեն բերում ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամսվա, (...) ընթացքում, վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառել ցանկացած անձի:
Քննարկվող մասի կարգավորումից պարզ է դառնում, որ բաժինը վաճառողի կողմից մինչև երրորդ անձի այն վաճառելու իրավունք ձեռք բերելը պետք է ձեռնարկվեն որոշակի գործողություններ, այն է՝ բաժինը երրորդ անձին վաճառելու մտադրության մասին բաժնային սեփականության մյուս մասնակիցներին գրավոր տեղեկացում՝ նշելով գինը և վաճառքի մյուս պայմանները, իսկ բաժնային սեփականության մյուս մասնակիցների կողմից ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում վաճառվող բաժինը գնելուց հրաժարվելու կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չբերելու դեպքում նոր միայն վաճառողի համար կծագի իր բաժինը ցանկացած անձի վաճառելու իրավունքը:
«Նոտարիատի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Նոտարը նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջում է ներկայացնել տվյալ նոտարական գործողություններ կատարելու համար օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ լիազորություններ, թույլտվություններ, համաձայնություններ կամ օրենքից ու իրավական այլ ակտերից բխող փաստաթղթեր:»:
Նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լիազորում է նոտարին մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է օրենքին:
Քննարկվող կարգավորումների հաշվառմամբ անդրադառնալով առկա փաստերին՝ գալիս ենք եզրահանգման, որ Արտակ Մանգասարյանի կողմից Բաժնային հողամասի իր բաժինը երրորդ անձի վաճառելու մտադրություն ունենալու և այդ դեպքում բաժնեմասի առուվաճառքի գործարքը վավերացնելու դիմում նոտարին ներկայացնելու դեպքում նոտարը առաջնորդվելով «Նոտարիատի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ նախ պետք է պարզեր՝ արդյոք դիմողի կողմից պահպանվել են Քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-2-րդ մասերի պահանջները և միայն դրա վերաբերյալ հավաստիանալու արդյունքում վավերացներ քննարկվող գործարքը:
  1. Վերաբերելի կարգավորումների հաշվառմամբ՝ գնահատել նոտարի գործողությունների իրավաչափությունը Հողամասի օտարման գործարքի վավերացումը մերժելու մասով:
«Նոտարիատի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Նոտարը նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջում է ներկայացնել տվյալ նոտարական գործողություններ կատարելու համար օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ լիազորություններ, թույլտվություններ, համաձայնություններ կամ օրենքից ու իրավական այլ ակտերից բխող փաստաթղթեր:
Գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման մասին գործարքները վավերացնելու համար նոտարը պարտավոր է պահանջել ապացույցներ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին, ինչպես նաև կարող է պահանջել գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ ապացույցներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լիազորում է նոտարին մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է օրենքին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում դիմողի պահանջով նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը:
Օրենսգրքի 561-րդ հոդվածի համաձայն՝ վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք:
Օրենսգրքի նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ անշարժ գույքի օտարման գործարքը (առուվաճառքի պայմանագիրը) անձանց համաձայնությունն է քաղաքացիական իրավահարաբերությունների առաջացման, փոփոխման կամ դադարման մասին, մասնավորապես` առուվաճառքի պայմանագրի կնքման և դրան հաջորդող որոշակի գործողությունների ուժով առուվաճառքի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ դադարում է վաճառողի իրավունքը և ծագում (առաջանում) է գնորդի իրավունքը:
 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Նույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` միասնական տեղեկանքում պետք է նշվեն դրա տրամադրման պահին տվյալ անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցման մատյանում գրանցված բոլոր իրավունքները և սահմանափակումները, ինչպես նաև գրանցման մատյանում գույքի վերաբերյալ գրառված այլ տեղեկությունները: Միասնական տեղեկանքը գործարքներ կնքելու համար միակ փաստաթուղթն է, որով հավաստվում են սույն մասում ներկայացված տեղեկությունները, և որը պարտադիր է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործարքների վավերացման համար, (…):
Միասնական տեղեկանք տրամադրվում է միայն անշարժ գույքի այն միավորների վերաբերյալ, որոնց նկատմամբ իրավունքները գրանցվել են 1998 թվականի մարտի 1-ից հետո: Միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր: (…):
Վերոգրյալ նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը միասնական տեղեկանքը դիտել է որպես անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներ վավերացնելու (կնքելու) համար միակ փաստաթուղթը, որով հավաստվում են տվյալ անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցման մատյանում գրանցված բոլոր իրավունքները և սահմանափակումները, ինչպես նաև գրանցման մատյանում գույքի վերաբերյալ գրառված այլ տեղեկությունները: Այսինքն` վերոնշյալ գործարքները, այդ թվում` անշարժ գույքի օտարման գործարքը, վավերացնելու (կնքելու) համար միասնական տեղեկանք ներկայացնելն օրենսդիրը դիտել է որպես պարտադիր պայման:
Քննարկվող դեպքում թեև դիմումին կից ներկայացվել է Հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը, այն միայն հիմք է հանդիսանում անձի իրավունքի առկայության փաստը հաստատելու համար, դրանով չեն հաստատվում իրավունքի փոխանցման գործարք կնքելու համար անհրաժեշտ մյուս տեղեկությունների, այդ թվում նաև՝ այն տեղեկատվության առկայությունը, որ բացակայում է տվյալ գույքի նկատմամբ որևէ գրանցված սահմանափակում: Այսինքն՝ միայն անձի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի առկայությունը բավարար չէ իրավունքի փոխանցման գործարքի կնքման համար, քանի որ դրանով կարող են խախտվել այլ անձանց՝ օրենքով պաշտպանվող իրավունքները: Մյուս կողմից, քննարկվող դեպքում նոտարի կողմից «Նոտարիատի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան դիմողից միասնական տեղեկանք ներկայացնելու պահանջ չի ներկայացվել, որպիսի պայմաններում թեև դիմումին կից ներկայացված փաստաթղթերի համակցության պայմաններում առկա է եղել նոտարական գործողության մերժման հիմք, նոտարը զրկված չէր նշված օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան դիմողից պահանջել ներկայացնելու միասնական տեղեկանք, իսկ այն ներկայացնելուց հրաժարվելու դեպքում մերժել պահանջվող նոտարական գործողության կատարումը: