Մրցույթ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համալրման համար

02/05/2024

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համալրման նպատակով
          Թեկնածուների հայտերի ներկայացման կարգ.
          Սահմանված ձևով կազմված հայտերը թեկնածուների կողմից կարող են ներկայացվել սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ մեկշաբաթյա ժամկետում (2024 թվականի մայիսի 3-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ):
          Հայտ կարող են ներկայացնել՝
          1) իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող, և
          2) իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք:
          Հայտին կից ներկայացվում են`
          1) մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները և ինքնակենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ),
          2) կրթությունը և գիտական աստիճանը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները,
          3) հրապարակումների, գիտական աշխատությունների, մասնավորապես՝ գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, ձեռնարկների և այլ աշխատանքների լուսապատճենները և ցանկը՝ առկայության դեպքում դրանց հղումներով.
          4) հայտարարություն՝ համաձայն սահմանված ձևի.
          5) հայտարարություն՝ դատվածության բացակայության վերաբերյալ (համաձայն սահմանված ձևի).
          6) թեկնածուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր:
          Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) անհրաժեշտ է ուղարկել constitutional@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:
          Ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
          Հանձնաժողովի կազմում ներգրավումն իրականացվում է երկու փուլով:
Առաջին փուլում Խորհրդի կողմից Խորհրդի քարտուղարության միջոցով ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:
          Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում թեկնածուն դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
          Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
          Երկրորդ փուլում մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուները, որոնք բավարարում են մատնանշված չափանիշներին հրավիրվում են մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստերը դռնփակ են: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով:
          Խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ՝ բացահայտելու համար թեկնածուի բարեվարքությունը և մասնագիտական որակները:
          Մրցույթի անցկացման մանրամասները սահմանված են Խորհրդի 16.02.2022 թվականի թիվ 1 որոշմամբ:
          Թեկնածություն ներկայացրած անձանց ցանկը (անուն, ազգանուն) ենթակա է հրապարակման ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 40 53 հեռախոսահամարով:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄ