Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեկնարկում է հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման աշխատանքները

10/05/2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեկնարկում է հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման աշխատանքները:
Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ՝ 25 տարին լրացած քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:
Արդարադատության նախարարին հաստատած ուսումնական ծրագրով ուսուցման դասընթացին մասակցած լինելու պարտավորություն չունեն այն անձինք, որոնք օտարերկրյա պետությունում մասնակցել են նմանատիպ դասընթացի և ներկայացրել են համապաստխան վկայագիր, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացնում է Արդարադատության նախարարին կից խորհրդակցական մարմին հանդիսացող որակավորման հանձնաժողովը, ինչպես նաև ստորև ներկայացված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների հաշտարար հանդիսացող անձինք՝
  1. Արբիտրների լիազորված ինստիտուտ (Chartered Institute of Arbitrators)
  2. Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն (Centre of Effective Dispute Resolution)
  3. Հաշտարարների հասարակություն (The Society of Mediators)
  4. Հաշտարարության միջազգային ինստիտուտ (International Mediation Institute)
  5. Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի ակադեմիա
Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին, ով, հանրային ծառայող է, դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ, որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:
Դիմորդը որակավորման ստուգման համար հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգմանը մասնակցելու նպատակով առցանց եղանակով՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով ներկայացնում է`
  1. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
  2. դիմորդի ծանուցման հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  3. ծննդյան օրը, ամիսը, տարին,
  4. անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման ամսաթիվը.
  • գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի.
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
  • նախարարի սահմանած կարգով համապատասխան ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը, բացառությամբ այն դեպքերի, երբ «Հաշտարարության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերին համապատասխան անձը ազատված է ուսուցում անցնելու պարտականությունից, որի դեպքում դիմումին կցվում են համապատասխանաբար օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագրի պատճենը կամ Արդարադատության նախարարի N 331-Ն հրամանի հավելված 4-ով սահմանված ցանկով նախատեսված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության հաշտարար հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ՝ տրված այդ կազմակերպության կողմից,
  • նոտարական կարգով հաստատված դիմումատուի հայտարարությունը «Հաշտարարության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին,
  • որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (10.000 ՀՀ դրամ) 900005002796 գանձապետական հաշվեհամարին վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 20-ն է։
Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման առաջին` գրավոր փուլը, անցկացվելու է 2024 թվականի մայիսի 29-ին, Արադարադատության ակադեմիայում (հասցե՝ Փիրումյանների փող., 9 շենք):
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից 2022 թվականին ընդունվել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքը, որի շրջանակներում մի շարք բարեփոխումներ են կատարվել գործող կարգավորումներում, այդ թվում՝ ներդրվել է առցանց հաշտարարության հնարավորությունը, որոշ ընտանեկան գործերով նախատեսվել է պարտադիր հաշտարարություն` երաշխավորելով հաշտարարության գործածելիությունը, հեռացվել է անվճար չորս ժամ հաշտարարություն նախատեսող դրույթը՝ սահմանելով երաշխավորված վարձատրություն բոլոր գործերով, ոլորտի զարգացմանը խոչընդոտող այլ իրավակարգավորումները և հստակեցվել են օրենքով չկարգավորված որոշ հարցեր։ Հաշտարարության գործընթացն առավել հասանելի և համակարգված կազմակերպելու նպատակով ստեղծվել է e-mediation.am հաշտարարության էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն կտա առցանց եղանակով համակարգել ողջ գործընթացը։ 
 
Հաշտարարների որակավորման ստուգման կարգը Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 331-Ն հրամանով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 594052 հեռախոսահամարով: