Հայտարարություն՝ «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին»
23/02/2024
Հավելված N 1
Արդարադատության նախարարի
2024 թվականի փետրվարի 23-ի
N 114-Լ հրամանի
«Հավելված N 1
Արդարադատության նախարարի
2022 թվականի հունիսի 29-ի
N 331-Լ հրամանի
Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման դասընթացների բովանդակություն եվ դրանց անցկացման ծրագրեր
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածով սահմանվում են անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների (այսուհետ սույն կարգում՝ ունկնդիր) որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը:
- Ունկնդիրների որակավորման դասընթացը նրանց՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին որպես հոգեբան ներգրավելու համար, օրենսդրությունից բխող մասնագիտական խնդիրների հաջող իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ մասնագիտական որակների ձևավորման համար նախատեսված ուսուցման իրականացումն է:
- Ունկնդիրների որակավորման դասընթացի հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից:
- Ուսումնական դասընթացի մեկ ակադեմիական ժամի արժեքը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների վերապատրաստման մեկ ակադեմիական ժամի համար նախատեսված նախահաշվային արժեքի կրկնապատիկը:
- Ունկնդիրների որակավորման դասընթացն անցկացվում է առնվազն երկու տարին մեկ անգամ։ Որակավորման դասընթացը կարող է անցկացվել առավել հաճախ՝ հիմք ընդունելով որակավորված հոգեբանների անհրաժեշտ քանակի և գործունեություն ծավալող հոգեբանների ծանրաբեռնվածության մասին տվյալները, այդ թվում՝ ըստ մարզերի կամ Երևան քաղաքի։
- Ունկնդիրների որակավորման դասընթացն անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ուսումնական հաստատություն):
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) վերահսկում է ունկնդիրների որակավորման դասընթացների ընդհանուր գործընթացը:
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Որակավորման դասընթացի ընդհանուր տևողությունն առնվազն 6 շաբաթ է:
- Որակավորման դասընթացը բաղկացած է հաջորդող հետևյալ փուլերից՝
- դասախոսություններ, որոնք կազմակերպվում են երկու շաբաթվա ընթացքում,
- ուսումնական պրակտիկա, որը տևում է երկու շաբաթ,
- դասախոսություններ և գործնական պարապմունքներ, որոնք կազմակերպվում են երկու շաբաթվա ընթացքում:
- Սույն հավելվածի 9-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դասախոսություններն ու գործնական պարապմունքները չեն կարող պակաս լինել 120 ակադեմիական ժամից, իսկ սույն հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պրակտիկայի տևողությունը չի կարող պակաս լինել 10 աշխատանքային օրից:
- Մեկ ակադեմիական ժամի տևողությունը 40 րոպե է:
- Որակավորման դասընթացի պրակտիկան իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային մարմիններում (համաձայնությամբ):
- Ունկնդիրների որակավորման դասընթացների դասախոսությունները և գործնական պարապմունքներն ներառում են հետևյալ թեմաները՝
- երեխաների, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբանական առանձնահատկությունները,
- երեխաների, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հետ տարվող աշխատանքների հոգեբանական հիմքերը, ինչպես նաև աղջիկների ու կանանց նկատմամբ բռնությունների դեպքերի առանձնահատկությունները,
- երեխայի իրավունքների միջազգային իրավական կարգավորումները,
- անչափահասների արդարադատությանը և արդարադատության գործընթացին անչափահաս մեղադրյալների, տուժողների ու վկաների մասնակցությանը վերաբերող միջազգային չափանիշները,
- անչափահասների արդարադատության սահմանադրաիրավական հիմքերը և Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի՝ անչափահասին, անգործունակին կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին առնչվող կարգավորումները,
- ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավական չափանիշներն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները,
7) դատավարական գործընթացներում հոգեբանի դերը։
- 14. Որակավորման դասընթացի կազմակերպման նպատակով՝ ուսումնական հաստատությունը և նախարարությունն իրենց պաշտոնական ինտերնետային կայքէջերում տեղադրում են հայտարարություն՝ նշելով որակավորման դասընթացին մասնակցելու համար դիմումի ներկայացման վերջնաժամկետը, դիմում ներկայացնելու վայրը և այլ անհրաժեշտ տեղեկություններ։
- Որակավորման դասընթացին կարող է մասնակցել այն անձինք, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին։
- Որակավորման դասընթացին մասնակցելու համար ունկնդիրը ուսումնական հաստատություն է ներկայացնում՝
1) դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) հոգեբանի մասնագիտությամբ համապատասխան կրթություն ստացած լինելու փաստը հավաստող դիպլոմի պատճենը.
5) 2 գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի,
6) դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում հոգեբանի առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը հավաստող տեղեկանք կամ գործատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր:
- Դիմում ներկայացնելիս դիմողը տրամադրում է նաև պատճեններով ներկայացված փաստաթղթերի բնօրինակները։ Պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են դիմողին։
- Ուսումնական հաստատությունը դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին դիմողի համապատասխանությունը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը, սույն հավելվածի 16-րդ կետին համապատասխանությունը, որոնց հաստատումից հետո թույլատրում է դիմողին մասնակցել դասընթացի մասնակիցների ընտրության հարցազրույցին։ Որակավորման դասընթացի մասնակիցների ընտրության հարցազրույցին մասնակցել չի թույլատրվում, եթե՝
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) դիմողը չի բավարարում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված որևէ պահանջի.
3) դիմողը հայտարարության մեջ նշված ժամկետում չի ներկայացրել որակավորման դասընթացին մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
- Հարցազրույցն անցկացվում է սույն հավելվածի 18-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Հարցազրույցն անցկացնում է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ Նախարար)՝ յուրաքանչյուր որակավորման դասընթացի համար համապատասխան հայտարարությունը հրապարակելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հանձնաժողովը կազմված է 5 անդամից, որոնցից մեկը նշանակվում է նախարարության, երկուսը՝ ուսումնական հաստատության ներկայացուցիչներից, երկուսը՝ որակավորման դասընթացները վարող դասախոսների կազմից: Նախարարության ներկայացուցիչն ի պաշտոնե հանձնաժողովի նախագահն է, իսկ հանձնաժողովի քարտուղարին նշանակում է նախարարը՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված՝ ուսումնական հաստատության ներկայացուցիչների կազմից: Հարցազրույցը կարող է անցկացվել, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն 3 անդամ։ Հանձնաժողովի նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նրան փոխարինում է ուսումնական հաստատության՝ հանձնաժողովի քարտուղար չհանդիսացող անդամը։
- Հարցազրույցի ժամանակ ստուգվում են դիմողի մասնագիտական գիտելիքները և գործնական իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը։ Յուրաքանչյուր դիմողի հարցազրույցն անցկացվում է առանձին։ Հարցազրույցը կարող է ձայնագրվել դիմողի պահանջով։
- Հարցազրույց անցկացնող հանձնաժողովը մինչ հարցազրույցի անցկացումը յուրաքանչյուր դիմողի համար կազմում է հարցազրույցի գնահատման թերթեր՝ հանձնաժողովի անդամների հաշվարկով: Հանձնաժողովի կողմից գնահատումն իրականացվում է տոկոսային համակարգով: Դիմողի հետ հարցազրույցի ավարտից հետո գնահատման արդյունքներն ամփոփվում են ընդհանուր արդյունքով, որը հանձնաժողովի բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ ստացվող «Դրական» կամ «Բացասական» գնահատականն է: «Դրական» կամ «Բացասական» գնահատականը որոշվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
- Հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո հարցազրույցի մասնակիցները հրավիրվում են քննասենյակ, և տեղում հայտարարվում են հարցազրույցի արդյունքները։
- Հարցազրույցի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել նախարարին՝ հարցազրույցի փուլի ավարտից հետո՝ երկու ժամվա ընթացքում։ Նախարարը բողոքները քննում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում բողոքի քննությանը կարող են հրավիրվել հանձնաժողովի անդամները։ Բողոքի քննության ընթացքում նախարարը վերջիններից կարող է ստանալ բանավոր կամ գրավոր պարզաբանումներ՝ հարցազրույցի ընթացքում դիմողի տված պատասխանի վերաբերյալ։
- Բողոքի քննության արդյունքում նախարարն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) հարցազրույցի արդյունքը դիմողի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
2) հարցազրույցի արդյունքը դիմողի վերաբերյալ փոփոխելու մասին:
- Հարցազրույցի փուլը հաղթահարած դիմողները որպես ունկնդիր մասնակցում են որակավորման դասընթացին։ Ունկնդիրների հաշվառումն իրականացնում է ուսումնական հաստատությունը:
- Որակավորման դասընթացներն իրականացվում են նվազագույնը 10 և առավելագույնը 35 ունկնդիրներից կազմված խմբերի համար։
- Ունկնդիրների հաշվառման մատյանի ձևերը, դասացուցակն ու որակավորման դասընթացի իրականացման հետ կապված կազմակերպչական բնույթի այլ փաստաթղթերը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:
- Եթե ունկնդիրը որակավորման դասընթացի՝ դասախոսությունների և գործնական պարապմունքների ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում այլ ունկնդիրների կամ դասընթացավարների կամ ուսումնական հաստատության այլ աշխատողների նկատմամբ, չի կատարում դասընթացավարի կամ ուսումնական հաստատության այլ աշխատողի օրինական պահանջներն ու ուսումնագործնական առաջադրանքները, արհեստական խոչընդոտներ է ստեղծում դասընթացների իրականացման ընթացքում կամ ցանկացած այլ ձևով խախտում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները, ապա ունկնդիրը հեռացվում է որակավորման դասընթացներից և համարվում է որակավորման դասընթացը չանցած:
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
- Ուսումնական հաստատության տնօրենը որակավորման դասընթացը սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ Նախարարի հաստատմանն է ներկայացնում որակավորման դասընթացների ծրագիրը:
- Նախարարը որակավորման դասընթացի ծրագիրը հաստատում է այն ներկայացնելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Որակավորման դասընթացի ծրագիրը պետք է ներառի դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, դրանց ընդհանուր ժամաքանակը, ինչպես նաև դրանց և ուսումնական պրակտիկայի անցկացման ժամանակացույցը:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Որակավորման դասընթացների առաջին փուլի դասախոսությունների 80 տոկոս և ավելիին մասնակցած ունկնդիրների տվյալները 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ուսումնական հաստատության տնօրենը տրամադրում է Նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ ունկնդիրների պրակտիկան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային մարմիններում կազմակերպելու նպատակով:
34. Պրակտիկայի իրականացման ընթացքում ունկնդիրները վարում են պրակտիկայի օրագիր, որտեղ պրակտիկայի յուրաքանչյուր օրվա կատարված աշխատանքը նշվում և ամփոփվում է պրակտիկայի ղեկավարի ստորագրությամբ: Պրակտիկայի օրագրի ձևը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:
- Ունկնդիրների պրակտիկան ավարտվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, պրակտիկայի ղեկավարները տալիս են ունկնդիրների պրակտիկայի հիմնավորված բնութագիր, որը լինում է «Դրական» կամ «Բացասական»: Ունկնդիրները պրակտիկայի բնութագիրը ստանալու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն ներկայացնում են ուսումնական հաստատության տնօրենին:
- Ունկնդիրները համարվում են որակավորման դասընթացի պրակտիկա անցած, եթե պրակտիկայի ղեկավարը նրանց տվել է «Դրական» բնութագիր: Պրակտիկայի արդյունքում «Բացասական» բնութագիր ստանալու դեպքում ունկնդիրը չի կարող մասնակցել որակավորման դասընթացի վերջին փուլին։
- Պրակտիկայի փուլն անցնելուց հետո ունկնդիրը ներգրավվում է որակավորման վերջին փուլին՝ դասախոսություններին և գործնական պարապմունքներին, որից հետո ստանում է դասընթաց անցնելու մասին վկայագիր:
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
- Որակավորման դասընթացն ավարտելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, դասընթաց անցած ունկնդիրներին տրվում է վկայագիր, որը հավաստում է ունկնդրի կողմից անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ ուսուցումն անցած լինելը:
- Որակավորման դասընթացն անցած չեն համարվում այն ունկնդիրները, որոնք ունեցել են անցկացված դասընթացների ակադեմիական ընդհանուր ժամերից 30 և ավելի տոկոս բացակայություն:
- Վկայագիրը տրվում է երեք տարի ժամկետով:
- Վկայագրում նշվում են`
1) ունկնդրի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).
2) անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
3) վկայագրի համարը.
4) վկայագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը:»։
- Վկայագիրը տրվում է մեկ օրինակից, որը վավերացվում է ուսումնական հաստատության տնօրենի կամ նրան փոխարինող անձի ստորագրությամբ՝ ուսումնական հաստատության կնիքով:
- Վկայագրերի հաշվառումն իրականացնում է ուսումնական հաստատությունը:
- Ուսումնական հաստատության կողմից վարվում է վկայագիր ստացած անձանց գրանցամատյան, որում պետք է նշվեն`
1) վկայագրի համարը.
2) վկայագիր տալու օրը, ամիսը, տարեթիվը.
3) ունկնդրի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).
4) վկայագիր ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
- Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, իսկ գրանցամատյանը կնքվում է ուսումնական հաստատության կնիքով:
- Ուսումնական հաստատությունը որակավորման դասընթացի ավարտին վկայագիր ստացած անձանց ցանկը (գրանցամատյանի քաղվածքը) ներկայացնում է նախարարություն:
- Վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում ուսումնական հաստատությունը դրա կրկնօրինակը թեկնածուին տալիս է համապատասխան դիմում ներկայացվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Անձը դիմումի հետ մեկտեղ ներկայացնում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
- Վկայագրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը, իսկ վկայագրի համարը և այն տալու օրը, ամիսն ու տարեթիվը չեն փոփոխվում։
- Վկայագիր ստացած անձի անվան, ազգանվան, հայրանվան, անձը հաստատող փաստաթղթի տվյալների փոփոխման դեպքում տվյալ անձն այդ փոփոխության կատարման օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ուսումնական հաստատություն` նոր վկայագիր ստանալու համար: Այս դեպքում փոփոխություն կատարված վկայագրի վերին աջ անկյունում կատարվում է «Փոփոխություն» նշագրումը, իսկ վկայագրի համարը և այն տալու օրը, ամիսն ու տարեթիվը չեն փոփոխվում:»։
Հավելված N 2
Արդարադատության նախարարի
2024 թվականի փետրվարի 23-ի
N 114-Լ հրամանի
«Հավելված N 2
Արդարադատության նախարարի
2022 թվականի հունիսի 29-ի
N 331-Լ հրամանի
Կ Ա Ր Գ
ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
- Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանի որակավորման (այսուհետ՝ որակավորում) ստուգման համար նախատեսված թեստերը (այսուհետ՝ թեստեր) կազմելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ՝ ստորաբաժանում) յուրաքանչյուր որակավորման ստուգման մասին հայտարարությունը հրապարակվելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչև որակավորման ստուգմանը նախորդող 3-րդ աշխատանքային օրը, էլեկտրոնային համապատասխան ծրագրում մուտքագրում են հարցեր հետևյալ հարաբերակցությամբ.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ առնվազն 10 հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք՝ առնվազն 30 հարց,
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք՝ առնվազն 20 հարց,
4) Հոգեբանություն՝ առնվազն 60 հարց,
5) «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա՝ առնվազն 10 հարց,
6) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք՝ առնվազն 10 հարց,
7) ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոններն անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ («Պեկինյան կանոններ»)՝ առնվազն 10 հարց,
8) «Անչափահաս տուժողների և վկաների մասնակցությամբ արդարադատության հարցերով» ՄԱԿ-ի ուղենիշներ՝ առնվազն 10 հարց:
- Որակավորման յուրաքանչյուր դասընթացի ունկնդիրներին վկայագրեր տրամադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում որակավորման դասընթացների սահմանված թեմաների շրջանակներում և որակավորված հոգեբանի մասնագիտական գործունեությանն առնչվող կարգավորումների վերաբերյալ որակավորման տվյալ դասընթացի դասավանդման շրջանակներում օգտագործված նյութերը, որոնք կարող են հաշվի առնվել սույն կարգի 1-ին կետով նախատեսված հարցերը կազմելիս։
- Որակավորման ստուգման օրը՝ այն սկսելուց առնվազն մեկ ժամ առաջ, ստորաբաժանման աշխատակիցը էլեկտրոնային համապատասխան ծրագրի միջոցով սույն կարգի 1-ին կետին համապատասխան ձևավորված հարցերի բազայից գեներացնում է որակավորման ստուգման թեստային առաջադրանքի երկու տարբերակ՝ տպելով դրանք հավասար օրինակներով՝ ըստ ստուգման մասնակիցների քանակի։ Կենտ թվով դիմորդների առկայության դեպքում ևս տարբերակները տպվում են հավասար քանակով, ստուգման ժամանակ չբաշխված առաջադրանքը պարունակող ծրարը վերադարձվում է որակավորման հանձնաժողովին։»։
Հավելված N 3
Արդարադատության նախարարի
2024 թվականի փետրվարի 23-ի
N 114-Լ հրամանի
«Հավելված N 3
Արդարադատության նախարարի
2022 թվականի հունիսի 29-ի
N 331-Լ հրամանի
ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀՈԳԵԲԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածով սահմանվում են անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող որակավորված հոգեբանի (այսուհետ՝ որակավորված հոգեբան)՝ առնվազն երեք տարին մեկ անգամ վերապատրաստում (այսուհետ՝ վերապատրաստում) անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը:
- Վերապատրաստման նպատակը որակավորված հոգեբանի շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելն է՝ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների, գործնական հմտությունների և պատրաստվածության կատարելագործման և բարձրացման միջոցով:
- Որակավորված հոգեբանի վերապատրաստումն իրականացվում է վճարովի հիմունքներով։
- Վերապատրաստումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) կողմից:
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) վերահսկում է որակավորված հոգեբանների վերապատրաստման ընդհանուր գործընթացը:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Որակավորված հոգեբանները ենթակա են պարտադիր վերապատրաստման՝ առնվազն երեք տարին մեկ անգամ։ Վերապատրաստման անցկացման ժամանակացույցը որոշում է նախարարությունը:
- Վերապատրաստումն անցկացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Վերապատրաստման ժամկետը չի կարող պակաս լինել 24 ակադեմիական ժամից: Մեկ ակադեմիական ժամի տևողությունը 40 րոպե է:
- Վերապատրաստման դասընթացների ընթացքում պետք է առնվազն դասավանդվեն որակավորված հոգեբանի մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների ու կարողությունների կատարելագործմանը վերաբերող արդիական թեմաներ:
- Վերապատրաստում անցնող որակավորված հոգեբանն ուսումնական հաստատություն է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:
- Եթե որակավորված հոգեբանը վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում այլ որակավորված հոգեբանների կամ դասախոսների կամ ուսումնական հաստատության այլ աշխատողների նկատմամբ, չի կատարում դասախոսի կամ ուսումնական հաստատության այլ աշխատողի օրինական պահանջներն ու ուսումնագործնական առաջադրանքները, արհեստական խոչընդոտներ է ստեղծում դասընթացների իրականացման ընթացքում կամ ցանկացած այլ ձևով խախտում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները, ապա ուսումնական հաստատության տնօրենը հեռացնում է այդ որակավորված հոգեբանին վերապատրաստման դասընթացից:
- Վերապատրաստում անցնող որակավորված հոգեբանների հաշվառման մատյանի ձևերը, ստուգարքի թեստավորման հարցերի ցանկը, դասացուցակն ու վերապատրաստման դասընթացների իրականացման հետ կապված այլ կազմակերպչական բնույթի փաստաթղթերը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ, ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
- Եթե տվյալ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել վերապատրաստում, ապա ուսումնական հաստատությունը մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը նախարարի հաստատմանն է ներկայացնում ընթացիկ տարվա վերապատրաստման ծրագիրը, այդ թվում՝ վերապատրաստման ժամանակացույցը, դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակը։ Նախարարը վերապատրաստման ծրագիրը հաստատում է այն ներկայացնելու օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- Վերապատրաստման ծրագրերը հաստատվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնական հաստատությունը ծանուցում է որակավորված հոգեբաններին վերապատրաստման անցկացման մասին։ Վերապատրաստմանը մասնակցելու ցանկության դեպքում որակավորված հոգեբանը համապատասխան ծանուցումը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հայտնում է ուսումնական հաստատությանը, վերջինիս հետ կնքում է վերապատրաստում անցնելու համար համապատասխան պայմանագիր և ուսումնական հաստատության տրամադրած բանկային հաշվեհամարին կատարում է վերապատրաստման դասընթացներին մասնակցության համար նախատեսված վճարը, որի չափը որոշվում է սույն հրամանի 1-ին հավելվածի 4-րդ կետով նախատեսված կարգով։
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՍՏՈՒԳԱՐՔԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
- Վերապատրաստման ավարտին որակավորված հոգեբանը հանձնում է ստուգարք, որի նպատակը վերապատրաստում անցնող որակավորված հոգեբանի ուսուցման արդյունավետության գնահատումն է: Ստուգարքի արդյունքում որակավորված հոգեբանը ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական:
- Վերապատրաստման ստուգարքն անցկացվում է թեստավորման միջոցով. ստուգվում է որակավորված հոգեբանին վերապատրաստման դասընթացի ընթացքում մատուցված տեսագործնական գիտելիքների յուրացման մակարդակը:
- Վերապատրաստման ստուգարքի գնահատականը համարվում է դրական, եթե որակավորված հոգեբանը թեստային առաջադրանքների 30 հարցից 22 կամ ավելի հարցին ճիշտ է պատասխանել։ Նշված չափանիշներից պակաս արդյունքը համարվում է բացասական գնահատական:
- Ստուգարքի կազմակերպման և անցկացման համար ստեղծվում է համապատասխան հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով): Հանձնաժողովի կազմը հաստատում է նախարարը՝ յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի համար՝ ոչ ուշ, քան վերապատրաստման սկսման օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը: Հանձնաժողովը կազմված է 5 անդամից, որոնցից երեքը նշանակվում են նախարարության ներկայացուցիչներից, իսկ երկուսը նշանակվում են ուսումնական հաստատության մասնագետներից: Հանձնաժողովի նախագահին և քարտուղարին նշանակում է նախարարը՝ հանձնաժողովի կազմից:
- Որակավորված հոգեբանը ստուգարքին ներկայանում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով:
- Վերապատրաստման ստուգարքին չի կարող մասնակցել վերապատրաստման դասընթացների ընդհանուր ժամաքանակի 20 տոկոսից ավելի բացակայած որակավորված հոգեբանը:
- Որակավորված հոգեբանը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, հայրանունը, ազգանունը և ներկայացնելով իր անձը հաստատող փաստաթուղթը:
- Որակավորված հոգեբաններին արգելվում է իրենց հետ գնահատման սենյակ բերել պայուսակ, թուղթ, գրիչ կամ այլ նյութ, հեռահաղորդակցման և համակարգչային սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոս, ձայնագրիչներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ կամ այլ սարքավորումներ:
- Թեստավորումն անցկացվում է այդ նպատակով կազմված ամփոփաթերթերի միջոցով, որոնք ուսումնական հաստատության համապատասխան մասնագետը որակավորված հոգեբանների թվին համապատասխան կնքված մեկական օրինակով հանձնում է հանձնաժողովի նախագահին: Ամփոփաթերթը կազմված է հիմնական և կտրվող մասերից, որոնք պարունակում են ծածկաշերտով միևնույն ծածկագիրը:
- Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը հարցաշարից համակարգչի միջոցով պատահականության սկզբունքով ընտրում է հարցեր և կազմում է 30 թեստային առաջադրանքից բաղկացած թեստեր:
- Հանձնաժողովի քարտուղարը որակավորված հոգեբաններին պարզաբանում է թեստավորման անցկացման հետ կապված կազմակերպչական բնույթի հարցերը, որից հետո տրամադրում է ամփոփաթերթ և գրիչ։
- Որակավորված հոգեբանն ամփոփաթերթի կտրվող մասում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և գցում է կտրոնների համար նախատեսված՝ թափանցիկ և կնքված արկղի մեջ: Որակավորված հոգեբանին արգելվում է ջնջել ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը: Ջնջելու կամ այլ կերպ վնասելու դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր:
- Որակավորված հոգեբանները թեստավորման ժամանակ կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքները. Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
- Թեստերը կազմված են միայն վերապատրաստման դասընթացների ընթացքում դասավանդված նյութից՝ ներառելով հարցեր դասավանդված բոլոր թեմաներից:
- Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքները որակավորված հոգեբաններին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը:
- Որակավորված հոգեբանը թեստավորման փուլի սկզբի հայտարարումից հետո ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է «X» նշում` ընտրելով մեկ, իր կարծիքով, ճիշտ պատասխանը:
- Թեստավորման ընթացքում որակավորված հոգեբաններին արգելվում է աղմկել, ծխել, միմյանց հետ հաղորդակցվել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին (բացառությամբ կազմակերպչական և տեխնիկական հարցերի), ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե որակավորված հոգեբանը դուրս է գալիս սենյակից, ապա նրա աշխատանքը համարվում է դադարեցված:
- Որակավորված հոգեբանը թեստավորման առաջադրանքում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս: Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ: Ամփոփաթերթի վրա նույնականացնող ցանկացած նշում կատարելու դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր։
- Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո որակավորված հոգեբանը թեստային առաջադրանքը հանձնում է հանձնաժողովի քարտուղարին, ամփոփաթերթի բնօրինակը տեղադրում է թափանցիկ և կնքված արկղի մեջ, դրա կրկնօրինակը տրամադրվում է իրեն, և նա դուրս է գալիս սենյակից:
- Թեստավորման առաջադրանքները կատարելու համար հատկացվում է 90 րոպե:
- Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ որակավորված հոգեբաններին հիշեցնում է առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին:
- Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հայտարարում է դրա մասին, որից հետո որակավորված հոգեբանները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած որակավորված հոգեբանի աշխատանքը գնահատվում է 0 միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա:
- Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի առկայությունը և վնասված չլինելը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերը` կազմելով համապատասխան արձանագրություն: Կտրոններ պարունակող արկղը բացվում է միայն առաջադրանքները ստուգելուց հետո՝ որակավորված հոգեբանների ներկայությամբ։
- Հանձնաժողովն աշխատանքները ստուգում է թեստային առաջադրանքի ճիշտ պատասխանները պարունակող ձևանմուշի միջոցով: Յուրաքանչյուր որակավորված հոգեբանի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը:
- Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն սխալ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, ոչ մի պատասխան չնշելը, ինչպես նաև ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:
- Ստուգարքին մասնակցած բոլոր որակավորված հոգեբանները ստուգման աշխատանքների ավարտից հետո հրավիրվում են սենյակ: Արդյունքները հրապարակելու նպատակով բացվում է որակավորված հոգեբանների անունները պարունակող կտրոնների արկղը` կտրոնները տրամադրելով համապատասխան որակավորված հոգեբաններին: Դիմորդներից յուրաքանչյուրը ջնջում է իրեն տրամադրված կտրոնի վրա առկա անթափանց ծածկաշերտը` իրեն հատկացված համարին ծանոթանալու նպատակով: Այնուհետև հանձնաժողովի քարտուղարը ջնջում է ստուգված ամփոփաթերթերի վրա փակցված անթափանց ծածկաշերտերը` հայտարարելով յուրաքանչյուր ամփոփաթերթին համապատասխանող ծածկագիրը: Մասնակիցներին տրամադրված կտրոնի վրա առկա ծածկագրի և ամփոփաթերթի վրա առկա և հրապարակված ծածկագրի համապատասխանեցման միջոցով իրականացվում է աշխատանքների հեղինակների նույնականացումը` հայտարարելով նրանց ստացած միավորների քանակը: Արդյունքները հրապարակելուց հետո կազմվում է հանձնաժողովի արձանագրություն, որը պետք է տեղեկություններ պարունակի յուրաքանչյուր մասնակցի ստացած միավորի մասին: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի՝ աշխատանքները ստուգած բոլոր անդամները:
- Թեստավորմանը մասնակցած, սակայն արդյունքների ամփոփմանը չներկայացած որակավորված հոգեբաննների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր որակավորված հոգեբանի հավաքած միավորները:
- Հանձնաժողովը միավորները հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:
- Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 41-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
- Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում որակավորված հոգեբանի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
- Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել որակավորված հոգեբանի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլոր որակավորված հոգեբանների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
- Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ որակավորված հոգեբանի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է որակավորված հոգեբանի պահանջը` ճիշտ հաշվարկելով թեստավորման արդյունքները:
- Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում և կնիքվում են` արխիվացման նպատակով ուսումնական հաստատությանը հանձնելու համար:
- Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքների բացակայության դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 42-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն առաջադրանքի 30 հարցից 22 միավորից պակաս ճիշտ պատասխան ունեցող որակավորված հոգեբանի գնահատականը համարում է բացասական, իսկ 22 կամ ավելի միավոր ստացած որակավորված հոգեբանինը՝ դրական:
- Որակավորված հոգեբանը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:
- Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո ուսումնական հաստատության տնօրենին է փոխանցում որակավորված հոգեբանների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը:
- Ստուգարքից հարգելի պատճառով բացակայած որակավորված հոգեբանների համար մինչև պարտադիր վերապատրաստում անցնելու համար սահմանված առնվազն 3 տարին լրանալը կազմակերպվում է լրացուցիչ ստուգարք։
- Որակավորված հոգեբանը համարվում է վերապատրաստում չանցած, եթե՝
1) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին.
2) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական՝ «չստուգված» գնահատական:
- Ուսումնական հաստատության կողմից վերապատրաստում անցնելու դեպքում որակավորված հոգեբանին տրվում է համապատասխան վկայական, իսկ չանցնելու դեպքում՝ համապատասխան տեղեկանք: Վերապատրաստում անցած որակավորված հոգեբանին տրվող վկայականի ձևը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:
53. Վերապատրաստման արդյունքում ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի կամ վկայականի պատճենը կցվում է որակավորված հոգեբանի՝ նախարարությունից ուսումնական հաստատությանը փոխանցված անձնական գործին: Վերապատրաստման արդյունքներն ուսումնական հաստատությունը ներկայացնում է նախարարին։»։