Հայտարարություն` Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների 2024 թվականի ուսուցման դասընթացի ընդունելության մասին
01/08/2024
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների 2024 թվականի ուսուցման դասընթացի ընդունելության մասին
«Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ որպես սնանկության գործով կառավարիչ կարող է որակավորվել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգին (այսուհետ՝ ուսուցման կարգ) համապատասխան իրականացնում է՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելություն, որի ավարտին դասընթացի մասնակիցներին կշնորհվի վկայագիր՝ հնարավորություն տալով մասնակցելու սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը:
Ուսուցման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը Կազմակերպություն է ներկայացնում՝
1) դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).
3) կենսագրական տվյալները ինքնակենսագրական:
Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:30-12:30 և 14:30-17:30-ն, Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:
Ուսուցման տևողությունը 77 ակադեմիական ժամ է (տե՛ս ուսուցման ծրագիրը), իսկ ուսուցման արժեքը կազմում է 185500 (մեկ հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
Ուսուցմանը մասնակցելու հավակնորդի դիմումը մերժվում է, եթե՝
1) հավակնորդի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) Հավակնորդը մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը ներառյալ չի ներկայացրել ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Հավակնորդների ցուցակը կազմելուց հետո՝ Կազմակերպությունը հավակնորդներին լրացուցիչ կտեղեկացնի այն մասին, որ՝
-
տեղեկացումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդները պետք է Կազմակերպության հետ ուսուցում անցնելու վերաբերյալ պայմանագիր կնքեն.
-
պայմանագրի կնքման փուլում հավակնորդը պարտավոր է ուսուցման կարգով նախատեսված պայմաններին համապատասխան վճարում կատարել դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսի չափով.
-
Պայմանագրի կնքման վերոնշյալ ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հաշվի առնելով պայմանագիր կնքած բոլոր հավակնորդների ընդհանուր թիվը, Կազմակերպության կողմից կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ և յուրաքանչյուր հավակնորդի մասով դասընթացի վերջնական արժեքը որոշելուց հետո հավակնորդները կտեղեկացվեն դասընթացի վերջնական արժեքի, արդեն իսկ վճարված գումարի տարբերության չափով հավելյալ վճարում կատարելու անհրաժեշտության և վճարման չափի մասին.
-
Կազմակերպության տեղեկացումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը պարտավոր է Կազմակերպության կողմից տրամադրված գանձապետական հաշվեհամարի վրա կատարել վերոնշյալ հաշվարկված հավելյալ վճարումը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով Կազմակերպություն (տե՛ս ուսուցման կարգի 13-րդ և 13.1-րդ կետերը):
Ուշադրություն՝ դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2024 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ:
Հավակնորդներին տեղեկացնում ենք, որ վերոնշյալ ուսուցման դասընթացներն տեղի են ունենալու առկա (կամ ուսուցման կարգով նախատեսված դեպքերում հեռավար) ձևով, աշխատանքային օրերին, ժամը 18:25-ից հետո (նախնական տարբերակ)՝ Երևան քաղաքում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ նախնական տարբերակ:
Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձը որպես սնանկության գործով կառավարիչ չի կարող որակավորվել, եթե`
-
դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ.
-
դիմելու օրվան նախորդող վերջին հինգ տարիների ընթացքում ճանաչվել է սնանկ.
-
դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ: