Մեկնարկում է քննչական գործողություններին մասնակցող հոգեբանների որակավորման ստուգման փուլը

30/10/2024

Արդարադատության նախարարությունը հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգում (այսուհետ՝ որակավորման ստուգում), որը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին Արդարադատության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Հոգեբանի որակավորման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի (այսուհետ՝ դիմորդ), որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և անցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված՝ հոգեբանի որակավորման դասընթացներ:

Միևնույն ժամանակ, դիմորդ չի կարող լինել այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ:

Դիմորդն անձամբ Արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան՝ Վ. Սարգսյան 3/8) է ներկայացնում՝

1) դիմում, որտեղ պետք է նշվեն`

ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն.

2) 2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի.

3) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը.

4) հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած լինելու փաստը հավաստող դիպլոմը և պատճենը.

5) հոգեբանի որակավորման դասընթացներն անցած լինելու փաստը հավաստող վկայականն ու պատճենը.

6) դատվածություն չունենալու վերաբերյալ իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթ.

7) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու վերաբերյալ իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթ.

Փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմորդի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին:

Որակավորումն անցկացվում է գրավոր թեստավորման միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-13:00 և 15:00-17:00:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 12–ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (010) 59-41-01 հեռախոսահամարով։