ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐ՝ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՈՎ

29/11/2024

  1. Դիմելով դատարան` Պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) պահանջել է «Բլյու Սայն» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.08.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Դատարանի 12.06.2024 թվականի «Սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը և Կոմիտեն՝ 24.500.050 ՀՀ դրամ (այդ թվում՝ Կոմիտեի կողմից ներկայացված 1.000.000 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես սույն սնանկության գործի հարուցման համար նախապես վճարված պետական տուրքի գումար) պահանջի չափով, ընդգրկվել է «Սնանկության մասին» օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի չապահովված «է» հերթում:
  1. Կոմիտեի կողմից14.07.2024 թվականինմիջնորդություն է ներկայացվել, որով վերջինս խնդրել է 24.500.050 ՀՀ դրամից 1.000.000 ՀՀ դրամը, որը Կոմիտեի կողմից դիմումը ներկայացնելիս նախապես վճարված պետական տուրքի գումարն է, առանձնացնել և ընդգրկել պահանջների ցուցակի մեկ այլ՝  «Սնանկության մասին» օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված հերթում: Դատարանի 24.07.2024 թվականի որոշմամբ միջնորդությունը մերժվել է` այն հիմնավորմամբ, որ սնանկության դիմում ներկայացնելու համար վճարման ենթակա 1.000.000 ՀՀ դրամ պետական տուրքը նախապես վճարվել է Կոմիտեի կողմից, հետևաբար՝ նշված գումարի չափով պահանջը պատկանում է պարտատեր Կոմիտեին, որպիսի պայմաններում նախապես վճարված պետական տուրքը ենթակա է ընդգրկման «է» հերթում:
  2. Միաժամանակ, պարտատեր Կոմիտեի ներկայացուցիչը 25.09.2024 թվականին Դատարան է ներկայացրել սնանկության գործով կառավարիչ Արամ Արամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն այն հիմնավորմամբ, որ սնանկության գործով կառավարիչը պարտապանի գույքի պատշաճ գույքագրում չի իրականացրել, սնանկության գործի վերաբերյալ տեղեկություններ չի տվել, նշանակել է հանդիպումներ և չի ներկայացել, տրամադրել է գործի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ստորագրված և կնքված չեն եղել, ուստի պատշաճ ապացույց չէին կարող հանդիսանալ: Դատարանը կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ սնանկության գործով կառավարիչ Արամ Արամյանի կողմից պատշաճ կարգով չեն կատարվել «Սնանկության մասին» օրենքի տարբեր դրույթներով նախատեսված լիազորությունները, ուստի վերջինիս լիազորությունները պետք է վաղաժամկետ դադարեցվեն:
Հարցադրում 1. Արդյո՞ք իրավաչափ են Դատարանի գործողությունները Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը պարտատերերի պահանջների ցուցակի՝ «Սնանկության մասին» օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով սահմանված հերթում ընդգրկելու մասով։ Հիմնավորել պատասխանը։
Դատարանի գործողություններն իրավաչափ չեն՝ հետևյալ հիմնավորմամբ:
«Սնանկության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով: Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`
«(…)
դ) դատական ծախսերը.
(…)
է) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները սնանկ ճանաչված պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված կամ պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով՝ կարճված կամ ավարտված գործով դատական ծախսերի գումարը, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.
(…):»:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
«Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետի «ա» պարբերության համաձայն՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատարաններ տրվող դիմումների, դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. սնանկության դատարան ներկայացվող դիմումների համար` բազային տուրքի 1000-ապատիկի չափով:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում հարկ է նշել, որ սնանկության գործերի վարումն իրականացվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով և Օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները սնանկության վարույթում կիրառվում են Օրենքով չկարգավորված դատավարական հարցերի նկատմամբ:
Օրենքի 82-րդ հոդվածում որպես «դ» հերթում բավարարման ենթակա պահանջ՝ նախատեսվել են «դատական ծախսերը»: Միաժամանակ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքերով դատական ծախսերի կազմում ներառվել է նաև պետական տուրքը:
Հարկադիր սնանկության դիմում դատարան ներկայացնելու համար շահագրգիռ անձը պետք է պետական տուրք վճարի: Սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված՝ դատարանի վճռով բռնագանձման ենթակա պետական տուրքի կամ դրա հատուցման գումարը, որպես չապահովված պահանջ, ընդգրկվում է պարտատերերի պահանջների ցուցակում և կարող է բավարարվել միայն համապատասխան հերթը վրա հասնելու դեպքում: Այս կապակցությամբ համեմատելով քննարկվող 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «է» կետերով սահմանված հերթերը՝ հարկ է նշել, որ ի տարբերություն «դ» հերթի, որով հստակ սահմանված են դատական ծախսերը, «է» հերթում, ի թիվս այլնի, առանձին անդրադարձ կա չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները սնանկ ճանաչված պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված կամ պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով՝ կարճված կամ ավարտված գործով դատական ծախսերի գումարներին: Հետևաբար, քննարկվող հերթը սահմանող «է» կետի կարգավորումը վերաբերում է ոչ թե տվյալ սնանկության գործով դատական ծախսերին, այլ ի թիվս այլնի՝ չապահովված պարտատերերի պահանջներ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունների ուժով սնանկ ճանաչված պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջ ներկայացնելու հիման վրա հարուցված քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված կամ կարճված (պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով) կամ ավարտված գործով դատական ծախսերի գումարին: Այսինքն, խնդրում առկա փաստերի ուժով՝ Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով սահմանված հերթը որևէ առնչություն չունի նախապես որպես պետական տուրք մուծված՝ 1.000.000 դրամի հետ:
Ամփոփելով վերոգրյալը՝ ստացվում է, որ նախապես վճարված պետական տուրքը, որը դիմող Կոմիտեի դեպքում, ըստ էության, գանձվում է որպես պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորություն, ուստի ենթակա է գրանցման և բավարարման Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթով:
Հարցադրում 2. Կարո՞ղ է արդյոք փոփոխվել պահանջների վերջնական ցուցակում գրանցված պարտատիրոջ պահանջի հերթը։ Հիմնավորել պատասխանը։
Օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝
  1. Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
1.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված միջնորդության առկայության և պարտատիրոջ կողմից սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով պահանջ ներկայացվելու դեպքում դատարանը դիտարկում է միայն այդ պահանջը:
  1. Պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`
(…):
Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը: Պահանջը ներկայացնելու ժամկետից հետո պահանջը հիմնավորող փաստաթղթեր կարող են ներկայացվել, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում նման փաստաթուղթ ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:
(...)
2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Դատարանը թերությունները վերացնելու համար սահմանում է մինչև եռօրյա ժամկետ: Թերությունները վերացվելու և դատարանի կողմից սահմանված ժամկետում պահանջը դատարան կրկին ներկայացվելու դեպքում այն համարվում է ժամկետում ներկայացված:
  1. Պահանջը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում գրանցվում է դատարանում:
  2. Պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի և նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:
  3. Սույն հոդվածի 1-ին կամ 2.1-ին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան:
  4. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, իսկ դատարանի կողմից թերությունների վերացման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում՝ այդ ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում,պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):
(...)
  1. Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:
Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
  1. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները և պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:
Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` սույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան, բացառությամբ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջների, որոնց առաջնահերթությունը սահմանված է սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասով:
  1. Եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը, ըստ անհրաժեշտության՝ փոփոխություն կատարելով պահանջի վերաբերյալ կայացված դատական ակտում:
Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:
  1. Սույն հոդվածով նախատեսված առարկությունները դրանք ներկայացնելու ժամկետի ավարտից հետո ներկայացվելու և ժամկետի բացթողումը հարգելի ճանաչվելու դեպքերում քննարկվում են դատարանի կողմից: Առարկությունները քննարկելուց հետո դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը` ըստ անհրաժեշտության փոփոխություն կատարելով պահանջի վերաբերյալ կայացված դատական ակտում:»:
Օրենքի 20-րդ հոդվածի 6-7-րդ մասերի համաձայն`
«6. Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: Որոշումների բողոքարկումը չի կասեցնում այդ որոշումներից բխող գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի, կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կասեցնում է այդ գործողությունների կատարումը, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ պարտապանի կամ պարտատիրոջ համար:
  1. Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաև առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը կարող են բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների կամ դրանց մի մասով: Որոշումը մասնակիորեն բողոքարկվելու դեպքում պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաև առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը՝ չբողոքարկված պահանջների կամ առանձին պահանջի չբողոքարկված մասով, մնում է ուժի մեջ:»:
Վկայակոչված դրույթների վերլուծության արդյունքում հարկ է նշել, որ օրենսդիրը, նախատեսելով սնանկության վարույթում պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման որոշակի ընթացակարգ, միաժամանակ սահմանել է այդ պահանջների ցուցակը հաստատելու հստակ կառուցակարգ՝ այն եզրափակելով դատարանի կողմից պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ լիազորության իրացմամբ: Ընդ որում, պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն բողոքարկվել վերաքննության կարգով:
Օրենքով նաև սահմանվել է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան նոր պահանջներ և պահանջների փոփոխություններ ներկայացնելու հնարավորություն, իսկ պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվելու դեպքում դատարանը նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը, ըստ անհրաժեշտության՝ փոփոխություն կատարելով պահանջի վերաբերյալ կայացված դատական ակտում:
 Միաժամանակ՝ գտնում ենք, որ պահանջի փոփոխությունը չի ենթադրում դրա բավարարման հերթի փոփոխություն՝ հետևյալ հիմնավորմամբ. Պարտատերերի կողմից ներկայացված պահանջների բավարարման հերթականությունն անմիջականորեն պայմանավորված է կոնկրետ պահանջի բնույթով և առանձնահատկություններով: Սնանկության վարույթի կանոնավոր ընթացքն ապահովելու նկատառումով օրենսդիրը սահմանված ժամկետում իրենց պահանջները ներկայացրած չապահովված պարտատերերին օժտել է որոշակի առավելությամբ՝ ամրագրելով, որ նրանց պահանջները ենթակա են բավարարման Օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան: Չապահովված պահանջների կազմի մեջ մտնող պահանջները ևս, ելնելով իրենց բնույթից, նախապատվություն ունեն միմյանց նկատմամբ՝ համաձայն օրենսդրի կողմից սահմանած հերթականության:
Նման պայմաններում ստացվում է, որ պահանջի փոփոխությունն իրենից ենթադրում է բացառապես պահանջի բնույթի կամ բովանդակության փոփոխությունը, որն իր հերթին կարող է հանգեցնել պահանջի բավարարման հերթի փոփոխության (բացառությամբ 85-րդ հոդվածով սահմանված դեպքերի): Մասնավորապես, պահանջի փոփոխությունը համարվում է որպես Օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջ և ենթակա է բավարարման որպես ստորադաս չապահովված պահանջ, բացառությամբ Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, ըստ որի՝ պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Այսինքն, միայն պահանջի փոփոխությունը կարող է հանգեցնել հերթի փոփոխության, այն էլ՝ Օրենքով սահմանված հերթերի հաջորդականության տրամաբանությամբ պահպանմամբ:
Միաժամանակ պահանջատիրոջ կողմից պահանջի փոփոխություն ներկայացվելու և այն պահանջների գրանցամատյանում Օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան գրանցվելու դեպքում, պարտատերերի պահանջների ցուցակում գրանցված պահանջը, որը ներկայացվել էր ի սկզբանե, այլևս ենթակա չէ բավարարման, այլ ենթակա է բավարարման միայն Օրենքի 85-րդ հոդվածի հիմքով գրանցված պահանջի փոփոխությունը՝ որպես ստորադաս չապահովված պահանջ։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարտատիրոջ պահանջը հաստատում է բավարարման մի հերթում, սակայն պարտատիրոջ գնահատմամբ իր պահանջը ենթակա էր բավարարման մեկ այլ հերթում, նման իրավիճակում անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց է վերադասության կարգով բողոքարկման ինստիտուտը, քանի որ այդ պարագայում շահագրգիռ անձը ոչ թե փոփոխում է ի սկզբանե ներկայացված պահանջի որևէ բովանդակային տարր, այլ ուղղակի համաձայն չէ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում պահանջի բնույթի վերաբերյալ դատարանի եզրահանգումների հետ, որոնց արդյունքում իր պահանջը բավարարվել է՝ իր համար ոչ բարենպաստ հերթում:
Հարցադրում 3. Արդյո՞ք իրավաչափ են Դատարանի գործողությունները սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարեցնելու մասով։ Հիմնավորել պատասխանը։
Դատարանի գործողություններն իրավաչափ չեն՝ հետևյալ հիմնավորմամբ:
Օրենքի 32-րդ հոդվածի համաձայն.
 «1. Դատարանն իր նախաձեռնությամբ պարտատերերի խորհրդի, պարտատերերի ժողովի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները, նրա որակավորումն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է, կամ նրա գործունեությունը կասեցվել է, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:
  1. Կառավարչի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի մասին որոշում կայացնելուց առաջ դատարանն այդ մասին ծանուցում է կառավարչին` առաջարկելով ծանուցումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնել իր դիրքորոշումը և միաժամանակ այդ խախտումները վերացնելու համար որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետ տրամադրելով, եթե հնարավոր է վերացնել այդ խախտումները: Սահմանված ժամկետում կառավարչի կողմից խախտումները վերացվելու և դրա վերաբերյալ դատարան համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում:
  2. Դատարանի կողմից կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում համապատասխան որոշումն անհապաղ ուղարկվում է տվյալ կառավարչին, պարտապանին և պարտատերերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: (…)»:
Տվյալ դեպքում կառավարչի գործողությունները բողոքարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան և կառավարիչը զրկված է եղել որևէ կերպ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Արդյունքում, Դատարանը չի պահպանել Օրենքի պահանջը, որի համաձայն պետք է այդ մասին ծանուցեր կառավարչին և  առաջարկեր ծանուցումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնել իր դիրքորոշումը և միաժամանակ այդ խախտումները վերացնելու համար որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետ տրամադրեր՝ խախտումները վերացնելու հնարավորության դեպքում, որից հետո միայն Դատարանը կարող էր համապատասխան որոշում կայացնել: