Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնելու մասին

29/08/2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:

 Հիմնադրամում առկա է Հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոն:

 

Պաշտոնի անվանումը

Հիմնադրամի տնօրեն

 

Աշխատանքային  պարտականությունները և իրավասության շրջանակը

Հիմնադրամի տնօրենը  հանդիսանում է Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը՝ հաշվետու լինելով Հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) և Խորհրդի նախագահին (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին): Հիմնադրամի տնօրենը  ղեկավարում է  Հիմնադրամը՝ Հիմնադրամի կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում՝ ելնելով Խորհրդի որոշումներից և Հիմնադրամի շահերից: Հիմնադրամի տնօրենի իրավասության ներքո ընդգրկված են Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը:

          Ներկայացվող պահանջները

1. Կրթություն

Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա բուհերում իրավագիտության մագիստրոսի որակավորում: Ընդ որում, վերը նշված որակավորման ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում պետք է իրականացված լինի օրենքով սահմանված կարգով: Իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի առկայությունը ցանկալի է:

2. Մասնագիտական փորձ

Առնվազն 4 տարվա մասնագիտական փորձ:

3. Օտար լեզվի իմացություն

Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:

 

Վարձատրությունը

Հիմնադրամի տնօրենի ամսական վարձատրությունը կազմում է 850 000 - 950 000 (ութ հարյուր հիսուն հազարից ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, որը ներառում է հարկերը և պարտադիր այլ վճարները:

 

Դիմելու ընթացակարգ և պայմաններ 

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,  

2.լուսանկար և կոնտակտային տվյալներ պարունակող ինքնակենսագրական (CV),

3. կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր և այլն),

4.աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիր և այլն),

5. երաշխավորագիր (ցանկության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել info.legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ «Subject» մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:  

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ:

Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում: 

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: