Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված քննարկումների շարք

09/09/2019

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ


 ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է ՀՀ Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի» 42.2 կետով նախատեսված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ռազմավարական փաստաթղթեր) մշակման աշխատանքները:

Արդարադատության նախարարությունը Ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացը դարձնելու է առավելագույնս մասնակցային և թափանցիկ՝ հնարավորություն ընձեռելով հասարակությանն ու մասնագիտական շրջանակներին մասնակից դառնալ դրանց քննարկմանը՝ մշակման և գործողությունների իրագործման բոլոր փուլերում: Այս համատեքստում, Նախարարությունը սկսում է հանրային քննարկումների շարքը՝ ուղղված նոր Ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:

Սիրով հրավիրում ենք շահագրգիռ քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին մասնակցելու Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպվող ոլորտային առաջին հանրային քննարկմանը, որն ուղղված է լինելու կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, արդարադատության մատչելիության ապահովման բնագավառներում առկա իրավիճակի վերլուծությանը, խնդիրների քարտեզագրմանը: Քննարկումը հնարավորություն կընձեռի վեր հանել ոլորտներում առկա հիմնախնդիրները, ուրվագծել ռազմավարության հիմնական ուղղությունները և հասցեագրել դրանք Գործողությունների ծրագրում (օրակարգը կցվում է):

Քննարկումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 14:00-ին «Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցում:

Հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով խնդրում ենք մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը ձեր տվյալները (ներառյալ կազմակերպության անվանումը, մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն) ներկայացնել international@moj.am հասցեին: